×


Միմյանց գլխին «օյիններ» անող զույգը. Ռայան Ռեյնոլդս ու Բլեյք Լավլի

Ռայան Ռեյնոլդսն ու Բլեյք Լավլին ոչ միայն ամենագեղեցիկ զույգերից են համարվում, այլ նաեւ ամենահումորովն են: Նրանք առիթը բաց չեն թողնում՝ կատակելու եւ հետեւորդներին զվարճանքի մասնակիցը դարձնելու: Այս տարի զույգը նշում է համատեղ կյանքի 10-ամյակը, ինչի առիթով հիշելու ենք նրանց արտակարգ սիրո պատմությունը:

Ծանոթությունը

Ռայանն ու Բլեյքը ծանոթացել են 2010 թվականին՝ «Կանաչ լապտեր» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որի գլխավոր դերերում էին: Երկուսն էլ այդ ժամանակ ազատ չէին. Ռեյնոլդսն ամուսնացած էր Սկարլեթ Յոհանսոնի հետ, իսկ Լավլին սիրավեպ ուներ Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ: Դժվար է ասել, թե արդյոք այն ժամանակ հավանել են միմյանց, թե ոչ, բայց հենց միայնակ են մնացել, միանգամից սկսել են հանդիպել:

Երկար ժամանակ դերասանները հերքում էին այդ փաստը, սակայն այն, թե ինչպես են միմյանց նայում հանրային միջոցառումների ժամանակ ու խոսում իրար հետ, արդեն շատ բան էր բացահայտում: Կային նաեւ կարծիքներ, թե իրականում նրանք պարզապես թեժացնում են իրենց նկատմամբ հետաքրքրությունը, որպեսզի ֆիլմն ավելի շատ դիտումներ ունենա:


Ամուսնությունը

Ռեյնոլդսի եւ Լավլիի հարաբերությունները բռնկվեցին շատ արագ: Մի քանի ամիս անց արդեն առաջին համատեղ բնակարանը գնեցին, իսկ 2012 թվականի սեպտեմբերին գաղտնի ամուսնացան շատ գեղեցիկ վայրում՝ Հարավային Կալիֆորնիայում գտնվող Boone Hall Plantation կալվածքում: Հյուրերի թվում միայն ամենամտերիմ 35 ընկերներն էին:

Բլեյքը հարսանիքին կրում էր Marсhesa բրենդի զգեստ, որի հետ կապված պատմություն նա բացահայտել է տարիներ անց: Դերասանուհին անկեղծացել է, որ հարսանիքին այնքան տարված է լսել ելույթ ունեցող Ֆլորենս Ուելչին, որ չի էլ նկատել՝ ինչպես է բենգալյան կրակով այրել զգեստն ու անցք առաջացրել: Անչափ տխրել է, բայց օգնության է հասել ամուսինը:

«Ռայանն ասաց՝ մի՞թե հրաշալի չէ: Զարմացած հարցրի՝ ի՞նչը: Նա նայեց զգեստին ու ավելացրեց. «Դու ընդմիշտ կհիշես այն պահը, երբ Ֆլորենսը երգում էր: Այն հավերժ կմնա քեզ հետ»: Հիմա այդ անցքը զգեստի ամենասիրելի հատվածն է ինձ համար»,- հուզված պատմել է նա:

Մեղրամիսն անցկացրել են Աֆրիկայում, սակայն մի քանի օր անց Ռայանը ձանձրացել է ու կնոջը տարել հարազատ Կանադա: Նրանք 30 աստիճան տաքից անմիջապես հայտնվել են 40 աստիճան ցրտում: Ամուսնու խենթությանը Լավլին ըմբռնումով է մոտեցել, կարեւորը նորից հիշելու բան են ունեցել:


Ամուսնանալուց հետո էլ բավական գաղտնի են պահում անձնական կյանքը. Ռեյնոլդսը այսպես է հումորով բացատրել. «Չէի ասի, թե հատուկ ենք անում: Պարզապես, եթե խնդրեն՝ նկարագրեմ մեր հարաբերությունները, ապա բառերը չեն կարողանա փոխանցել իմ իրական զգացմունքները»:

Երեխաները

Դերասանները մեծացել են բազմազավակ ընտանիքներում. Ռայանը 3 եղբայր ունի, իսկ Բլեյքն ամենափոքրն է 5 երեխաներից: Միանգամից են որոշել, որ իրենք էլ շատ երեխաներ են ցանկանում:

2014-ին ծնվել է նրանց ավագ դուստրը, որին Ջեյմս անունն են տվել: Նրանք, հավանաբար, որոշել են շարունակել ավանդույթը, չէ՞ որ Բլեյքն էլ տղամարդու անուն է:

«Երեխան տարօրինակ զգացողություն է նվիրում, երբ մահացու հոգնած եք ու ամենաերջանիկը միաժամանակ: Հայր լինելն ամենաերջանիկ բանն է: Դե, իհարկե, չհաշված այն հիանալի տարիները, որոնք ես անցկացրել եմ առանց երեխաների»,- հումորով խոստովանել էր Ռեյնոլդսը:



2 տարի անց ծնվել է մյուս դուստրը՝ Ինեսը, իսկ 2019-ին՝ Բեթին: Աղջիկներին դերասանները ցույց են տվել միայն 2016-ին՝ Փառքի ճեմուղիում Ռեյնոլդսի անվանական աստղի բացման ժամանակ: Ընդ որում, նրանք խոստովանել են, որ երազում են 5-6 փոքրիկներ ունենալու մասին:

Սերը նաեւ զվարճալի է

Հումորի զգացումն ու միմյանց հետ տարատեսակ կատակներն ամենառոմանտիկն են Ռեյնոլդ-Լավլի զույգի կյանքում: Հենց այդ ամենն է նաեւ նրանց հարաբերություններն այդքան յուրահատուկ դարձնում: Սոցցանցերում ու հարցազրույցների ժամանակ նրանց փոխադարձ խայթոցները ցույց են տալիս, որ սերը կարող է նաեւ այդպիսին լինել:

Ահա թե ինչպես է դերասանը շնորհավորել կնոջը մայրերի օրվա առիթով. «Երբեք չէի կարող պատկերացնել, որ օդանավակայանի զուգարանում եղած սեքսը սրան կհանգեցնի: Կամ դու ինչպես վարձկաններ կգնես, որպեսզի ինձ բերման ենթարկեն: Ամեն դեպքում բախտս բերել է օգտվել արեւի լույսից, որը դու սփռում ես մեզ վրա: Շնորհավոր տոնդ, իմ սեր»:


Իսկ ահա այս լուսանկարով, որտեղ Բլեյքը կիսատ է երեւում, նա շնորհավորել է կնոջ 30-րդ տարեդարձը: Առհասարակ Ռեյնոլդսը սովորություն ունի Բլեյքի տարեդարձերին նրա զվարճալի ու չստացված նկարները հրապարակել:

Բլեյքն էլ հետ չի մնում ամուսնուց ու հիանալի կերպով գտնում է նրան պատասխանելու ձեւը: Երբ եկել է Ռեյնոլդսի տարեդարձի օրը, նա ամուսնու կիսատ նկարն է տեղադրել ընկերոջ՝ Ռայան Գոսլինգի հետ ու գրել. «Շնորհավոր տարեդարձդ, փոքրիկ»:


Time ամսագրի «100 ամենաազդեցիկ մարդկանց» ցանկում Ռայանի ընդգրկվելու առիթով էլ դահլիճից նկար է հրապարակել ու գրել. «Շնորհավորում եմ իմ կյանքի ամենաազդեցիկ մարդուն: Լավագույնն ես, որին ես ճանաչում եմ: Արժանի ես նման պատվի: Միայն թե ամուսինս քեզ չծածկեր այս նկարում: Ներիր, Ջոն Լեջենդ»:



Իսկ հայրերի օրվա առիթով նրա շնորհավորանքը ստիպում է ծիծաղել մինչեւ հիմա. «Այն օրից, երբ ծնվել է մեր փոքրիկը, սրտով էի զգում, որ դու, ամենայն հավանականությամբ, նրա հայրն ես»:

Համավարակի ժամանակ էլ Լավլին ցույց է տվել, թե ինչպես է ամուսինն արտակարգ դրության ընթացքում ներկում իր մազերը:

View this post on Instagram

A post shared by Blake Lively (@blakelively)



Ռայանը ներկա է եղել կնոջ ծննդաբերությանն ու այնտեղ էլ հասցրել աչքի ընկնել: Մի անգամ նա նվագել է Մարվին Գեյի Let's Get It On երգը: «Բժիշկն այնպես էր ծիծաղում, որ մտածում էի՝ հիմա երեխայիս վայր կգցի»:

Կատակներից բացի, նրանք իրար իսկապես շատ են գնահատում ու սիրում: Ռեյնոլդսը խոստովանում է, որ կինը նրա համար մեն ինչ է՝ սիրուհի, լավագույն ընկեր, անձնական ոճաբան:

«Առանց կնոջս հավանության տնից դուրս չեմ գալիս: Բոլոր միջոցառումների ժամանակ հագուստս նա է վերահսկում: Վերջերս նրա թույլտվությամբ նարնջագույն փողկապ եմ կապել, այլապես չէի համարձակվի»:

Ռեյնոլդս

Բլեյքին հանդիպել եմ տիեզերքի ամենամութ ծալքում, որը կոչվում էր «Կանաչ լապտեր»: Ընկերներ էինք ու գործընկերներ, կապը պահում էինք: Իսկ երբ երկուսս էլ արդեն ազատ էինք, սկսեցինք խաղ խաղալ՝ «Արի քեզ զույգ գտնեմ» ծածկագրով: Գնացինք կրկնակի ժամադրության, բայց երկուսիս զույգերն էլ անհետաքրքիր էին: Մոռացանք նրանց մասին ու միասին էինք խոսում եւ կատակում, ասես հրավառություն լինեինք: Հետո պարեցինք միասին ու դրանից հետո պարզ էր, որ պարզապես ընկերներ չենք:


Հետո այնպես ստացվեց, որ միասին Բոստոն պետք է գնայինք, ու գնացքում պարզապես աղաչում էի, որ քնի հետս: Մեկ շաբաթ անց որոշեցի, որ միասին պետք է տուն գնենք, ու այդպես էլ արեցինք:

Մի շատ կարեւոր կանոն ունենք՝ երկուսս միաժամանակ չենք նկարահանվում: Եթե մեկն աշխատում է, մյուսը պարտադիր տանն է, որպեսզի երեխաները միայնակ չմնան: Իսկ եթե հանկարծ բոլորս ազատ ենք, սիրում ենք ճանապարհորդել:

Լավլի

Մեր առաջին ծանոթության ժամանակ Ռայանն ինձ թվաց գրավիչ, շատ կենսուրախ ու հումորի աննկարագրելի զգացումով: Որպես դերասանի՝ նրան սիրահարվեցի հենց այդ նկարահանումների ժամանակ: Հետո պարզվեց, որ այդ սերն ընդմիշտ էր:


Նրան այնքան եմ սիրում, հատկապես, երբ կատակում է Թվիթերում: Միշտ եմ սիրում, բայց այդ պահերին՝ առանձնահատուկ: Հենց այդ պահերին եմ ներսումս թիթեռնիկներ զգում: Կյանքում էլ նա իմ ընկերն է, հենց դրանում է մեր երջանկության գաղտնիքը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին