×


«Մաեստրոն կողմ է նոր մտքերին»․ Ազգային ակադեմիական երգչախմբի 85-ամյակի համերգն ու առաջիկա մեծ ծրագրերը

«Համոզված կարելի է ասել՝ հազիվ թե մենք երբեւէ հանդիպել ենք խմբերգային արվեստի այսպիսի պրոֆեսիոնալ մակարդակի։ Թվում է, թե Հովհաննես Չեքիջյանի ձեռքերը հպվել են մարդկային ձայնի դեռեւս չհայտնագործված մի գործիքի»,- լատվիացի երաժիշտ, կոմպոզիտոր եւ երաժշտագետ Օլգերդ Գրավիտիսի խոսքն է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի եւ դրա գեղարվեստական ղեկավար, դիրիժոր, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի մասին։ Այսպիսի տասնյակ խոսքեր կարելի է մեջբերել հայ եւ արտասահմանցի մեծանուն գործիչների կողմից, քանզի երգչախումբն իր երկարամյա գործունեության ընթացքում հասցրել է նվաճել համաշխարհային ամենամեծ բեմերը, համագործակցել ամենահայտնի նվագախմբերի, երաժիշտների ու մենակատարների հետ։ Իսկ երեկ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը նշում էր հիմնադրման 85-ամյակը։

«Արամ Խաչատրյան» համերգասրահի լեփ-լեցուն դահլիճում երգչախմբի հետ ելույթ ունեցավ նաեւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Որպես մենակատարներ հանդես եկան հայտնի տենորներ Պերճ Քարազյանը, Հայկ Թոնգուրյանը եւ Արսեն Սողոմոնյանը։ Երեկոյի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Վերդիի, Մոցարտի, Մասկանյիի աշխարհահռչակ ստեղծագործությունները։


«Մեր երգչախմբի երգացանկը շատ մեծ է՝ կտավի նմանվող այսպիսի մեծ գործեր, ռեքվիեմներ, օպերային կատարումներ, ինչո՞ւ ոչ, հենց օպերային ներկայացումներ․․․ Այնպես որ, ամբողջ աշխարհում այսպիսի նվագախմբի կարիք կա, եւ թող անհամեստ չհնչի, բայց իսկապես տարածաշրջանում նման երգչախումբ չկա։ Ընդհանրապես շատ քիչ երկրներ հիմա կարող են իրենց թույլ տալ այսպիսի շքեղություն ունենալ։ Մենք շատ նոր ծրագրեր ունենք, որոնք նախորդ երկու տարիներին չկարողացանք իրագործել՝ հասկանալի պատճառներով։ Այժմ պիտի փորձենք նախ՝ այդ ծրագրերը կյանքի կոչել, ապա` առաջ գնալ։ Նպատակ ունենք հանդես գալ ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում եւ արտասահմանում»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշեց երգչախմբի տնօրեն Դավիթ Թերզյանը։


Նա պատմեց՝ ամեն համերգից առաջ շատ լուրջ ու ծանր աշխատանք են կատարում. «Եթե մեր ունկնդիրը ցանկություն ունենա, որ մենք կարողանանք շարունակել գործունեությունը, պիտի հնարավորություն տա իր ներկայությամբ ու ներդրած միջոցներով, որովհետեւ միայն հրավիրատոմսերով մենք մեծ ֆինանսական դժվարությունների առաջ կկանգնենք»։


Խոսելով առաջիկա նախագծերի մասին՝ երգչախմբի տնօրենն ասաց, որ իրենք աշխատում են նաեւ ժամանակակից ստեղծագործությունների ուղղությամբ, դեմ չեն իրենց կատարմամբ ներկայացնել նույնիսկ դասական դարձած ռոք գործեր, հայկական ու արտասահմանյան ֆիլմերի սաունդթրեքեր եւ այլն․ «Ծրագրեր կան, պետք է առաջ գնանք եւ իրականացնենք բոլորը՝ ի պատիվ մեր մաեստրոյի, որն ամեն նոր մտքի հետ համաձայն է, կողմ է թարմ մոտեցումներին եւ պատկերացրեք՝ տեղյակ է այդ ամենին ու շատ սիրում է»։


Իսկ տոնական համերգը լի էր անակնկալներով, հանդիսատեսն առանձնակի ոգեւորությամբ էր ընդունում Հովհաննես Չեքիջյանի ելույթները, որոնց կարոտով է սպասում ամեն անգամ։ Մեծ երաժիշտների ու կատարողների տանդեմը դեռ երկար կհիշվի եւ շուտով հասանելի կլինի նաեւ այն մարդկանց, որոնք ներկա չեն եղել համերգին․ երեկոյի ողջ ընթացքը տեսաձայնագրվում էր (ռեժիսոր՝ Արթուր Սահակյան)՝ հեռուստատեսությամբ ցուցադրելու նպատակով։ Դավիթ Թերզյանն ասաց՝ պատրաստ են տեսագրությունն անվճար տրամադրել այն հեռուստաընկերությանը, որը ցանկություն կհայտնի ցուցադրել համերգը։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին