×


Լուսանկարը՝ facebook.com/SummeetDance

VR պարային ներկայացում, ելույթներ մարզերում. ինչպիսին է այս տարվա SUMMEET-ը

Երեւանում կրկին պարային անցուդարձ է. հունիսի 24-ից հուլիսի 2-ն անցկացվում է SUMMEET ժամանակակից պարի երկրորդ միջազգային ամառային փառատոնը։ Այս տարի մայրաքաղաքի հինգ հարթակներներից բացի, ժամանակակից պարի շուրջ միավորվելու են Լոռվա մարզի Դեբետ եւ Դսեղ գյուղերը, ինչպես նաեւ Ձորաղբյուրի Տիգրան Ձիթողցյանի արվեստանոցը։

Լրագրողների հետ հանդիպմանը ԵՊԿ Օպերային ստուդիայի տնօրեն, փառատոնի համահիմնադիր Հայկ Վարդանյանը նշեց, որ SUMMEET միջազգային փառատոնի առաքելությունն է տարեցտարի վերածվել մի այնպիսի հարթակի, որը հայաստանյան ժամանակակից պարը դուրս կբերի համաշխարհային ասպարեզ։

«Այսօր մոտ 10 հայ խորեոգրաֆ իրենց աշխատանքները կներկայացնեն տարբեր հարթակներում: Փառատոնը հայ արտիստներին եւ պարուսույցներին կծանոթացնի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներին եւ պարային ընկերություններին։ Կարեւոր են նաեւ վարպետաց դասերը, որոնք կանցկացնեն հրավիրյալ մասնագետները՝ ոլորտի մարդկանց համար փորձի փոխանակման լավ հնարավորություն ստեղծելով»,- նշեց Վարդանյանը:


Այս տարի փառատոնի առանձնահատկությունը նորագույն տեխնոլոգիաների կիրառումն է՝ Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է VR պարային ներկայացում։ Հատուկ այս նպատակով Գերմանիայից Հայաստան է ժամանել հանրահայտ պարուսույց Ֆաբիան Պրիովիլը, որը տարբեր երկրներում նման նախագծերի իրականացման մեծ փորձ ունի։

«Արդեն 5 տարի է, ինչ աշխատում եմ VR խորեոգրաֆիայի կառուցվածքի վրա, որի մոտեցումները նույնն են, բայց ամեն անգամ ստեղծվում են յուրահատուկ տարածքներում՝ հիմնվելով տարածքի ինքնատիպության վրա։ Կներկայացնեմ իմ 12 մեգաբայթ վայրկյանով նոր ներկայացումը, որը տեղեկատվության հավաքագրման մասին է։ Հիմա տարբեր սոցիալական հարթակների միջոցով բոլորի մասին տեղեկություն է հավաքվում անխնա։ Ես խորեոգրաֆիայով ցույց եմ տալիս, թե այդ գործընթացն իրենից ինչ է ներկայացնում: Այս տարի փառատոնի շարժիչ ուժն են նորագույն տեխնոլոգիաները: Խաղացանկում ունենք ներկայացումներ VR տեխնոլոգիաների, 3D պրոեկցիաների, ինչպես նաեւ QR կոդերի կիրառմամբ»,- նշեց պարուսույցը։


Հայաստանում Ֆաբիանը համագործակցում է Balmanukyan Dance Project-ի եւ ARLOOPA ընկերության հետ։ Նախագծի աջակիցն է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, որտեղ փառատոնի օրերին հասանելի կլինի VR ներկայացումը («Սասունցի Դավիթ» սրահ, մուտքը ազատ է բոլոր ցանկացողների համար): Մարդիկ կրելով հատուկ ակնոցներ` տեղափոխվում են վիրտուալ իրականություն, որտեղ նրանց այլ ապրումներ են սպասվում։ Փառատոնի համար ստեղծված VR պարային ներկայացումը ստեղծելիս հիմնվել են Արտաշես Հովսեփյանի որմնաքանդակի վրա։

Փառատոնի պրոդյուսեր, «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Էռնա Ռեւազովան նկատեց. «Չնայած այն բարդ իրավիճակին, որն այսօր ստեղծվել է աշխարհում, SUMMEЕT-ը շարունակում է կապել Հայաստանն՝ իր ժամանակակից պարի կենդանի եւ անընդմեջ փոխվող աշխարհով մեծ աշխարհի, մասշտաբային նախագծերի եւ մեծ նպատակների հետ»։


Գերմանիայից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից եւ Ռուսաստանից եկած պարային ընկերությունները կներկայացնեն իրենց նախագծերը։ Կազմակերպիչների խոսքով՝ փառատոնի մարգարիտն է հայկական ցուցադրությունը, որն ի մի է բերում հայ ժամանակակից պարուսույցների լավագույն աշխատանքները։ Հատուկ փառատոնի համար վերականգնվել է Արինա Արարատյանի՝ դեռեւս 2005-ին բեմադրված «Գարնան սպասումով» պարային ներկայացումը։

«Անցյալ տարի մենք աշխատեցինք համախմբել անխտիր բոլոր պարուսույցներին, ովքեր ամռանը գերադասեցին մնալ Երեւանում եւ ստեղծագործել։ Այս տարի ընտրությունը շատ ավելի խիստ էր. աշխատում էինք զտել հենց այն նախագծերը, որոնք համապատասխանում են միջազգային փառատոնի ձեւաչափին։ Փոխարենն ունենք շատ ավելի ավարտուն եւ նոր ժանրեր ուսումնասիրող աշխատանքներ»,- ասաց հայկական ցուցադրության պատասխանատու Արման Բալմանուկյանը։

ԵՊԿ Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար, անվանի երգչուհի Հասմիկ Պապյանը նշեց՝ պետք է փորձենք ետ չմնալ համաշխարհային զարգացումներից նաեւ ժամանակակից պարի ասպարեզում՝ բերելով թարմություն, նոր շունչ, ճաշակ եւ մտածողություն. «Վստահ եմ, որ կհաջողենք»:


Նոր տեխնոլոգիաներից բացի, փառատոնը յուրացնում է նաեւ նոր ժանրեր, մասնավորապես՝ հանրային վայրերում բեմադրվող եւ տարածության հետ աշխատող Site-specific պերֆորմանսը։ Ազնավուրի հրապարակում երեւանյան հանդիսատեսը կտեսնի Ballrider Vaggi-ի՝ պարի եւ սպորտի սահմանագծին ստեղծված յուրահատուկ կատարումը։ Փառատոնի մասնակիցների մեկ այլ site-specific ներկայացում կցուցադրվի Տիգրան Ձիթողցյանի ստուդիայում (Ձորաղբյուր)՝ ազդարարելով հանրահայտ նկարչի բաց արվեստանոցի նոր սեզոնը։

Այս անգամ եւս SUMMEET-ն առանձին ծրագրով ներկայացնում է կինոպարը (Screendance)։ ՀԲԸՄ դահլիճում ցուցադրվելու է Conny Janssen Danst պարային ընկերության (Նիդեռլանդներ) «FRAMED» ֆիլմ-ներկայացումը։


Ոլորտի մասնագետների համար փառատոնի գրեթե բոլոր օրերին գործելու են հրավիրված մասնագետների՝ ժամանակակից պարի եւ ջազային պարի դասարանները Պարարվեստի պետական քոլեջում։ Իսկ նրանք, ովքեր նախընտրում են լսել, ոչ թե շարժվել, կարող են այցելել պարարվեստի տարբեր ոլորտներին նվիրված դասախոսություններ Միրզոյան գրադարանում։

Փառատոնի կազմակերպիչներն են «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը, Երեւանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիան, Balmanukyan Dance Project պարային ընկերությունը եւ Սանկտ Պետերբուրգի Open Look միջազգային փառատոնը։ Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին