×


Կոմիտասի անվան պանթեոնում կտեղադրվի Ջիվան Գասպարյանի կիսանդրին

Ականավոր դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան առաջին տարելիցին՝ հուլիսի 6-ին, Կոմիտասի անվան պանթեոնում, որտեղ ամփոփվել է երաժշտի մարմինը, կբացվի դուդուկահարի կիսանդրին: Քանդակի հեղինակը քանդակագործ Ալեքսան Բաբայանն է:

Ջիվան Գասպարյանի թոռը՝ դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, չի բացառվում, որ կնվագի կիսանդրու բացմանը՝ փորձելով շնորհակալություն հայտնել իր պապին. «Պապս ասում էր՝ կարեւոր է, թե ինչպես մարդ կհեռանա կյանքից: Ուրախ եմ, որ նա վերջին հանգրվանը գտավ պանթեոնում, որտեղ շատ մեծեր են թաղված»:

Ջիվան Գասպարյանին նվիրված մի շարք միջոցառումներ, համերգային ծրագրեր եւ այլ նախաձեռնություններ կանցկացվեն Հայաստանում եւ արտերկրում: Սեպտեմբերին Ջիվան Գասպարյան կրտսերը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է, համերգային ծրագրով կներկայանա Երեւանում:


Երիտասարդ դուդուկահարը հորը կորցրել է տասը տարի առաջ: Ասում է՝ պապու կորուստը նման էր երկրորդ անգամ հայր կորցնելուն. «Քսան տարի Ջիվան Գասպարյանի հետ շրջագայել եմ աշխարհում: Նա ասում էր, որ ինձ մարդկանց ներկայանալու հնարավորություն է ընձեռում եւ վստահ է, որ կարող եմ ըստ արժանվույն հանդես գալ, հակառակ դեպքում չէր բարդացնի իմ կյանքը: Ասում էր՝ պետք է կամ լավը լինել, կամ չնվագել առհասարակ: Դա ինձ համար մեծ պատասխանատվություն էր: Նրա վստահությունն ինձ ոգեւորում էր, թեւեր էր տալիս»:

Ջիվան Գասպարյան կրտսերին հաճախ են հարցնում, թե պապու անունն իրեն չի՞ խանգարում: Զարմանում է, թե ինչու այն պետք է խանգարի: Նրա խոսքով՝ Ջիվան Գասպարյանի անունն ու ազգանունն իր համար դռներ են բացում, ձեռքերի վրա են ընդունում իրեն, քանի որ պապը ոչ միայն հրաշալի երաժիշտ էր, այլեւ հրաշալի մարդ:

Ջիվան Գասպարյան կրտսերն իր ընկերոջ՝ դաշնակահար Սաշա Շլեյնի հետ ալբոմ է թողարկել՝ նվիրված Ջիվան Գասպարյանին: Այն կոչվում է «Devotion» (Նվիրվածություն): Երաժիշտները հետաքրքիր գործիքավորմամբ են ներկայացրել հայկական ստեղծագործությունները:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին