×


Բնական խոտով հագուստները եւ աղի շերտերում արված ցուցադրությունը

Փարիզում տղամարդկանց աշուն-ձմեռ նորաձեւության շաբաթվա ընթացքում հետաքրքիր ու բացառիկ ցուցադրություններ եղան: Միլանյան շաբաթի ավարտից անմիջապես հետո նորաձեւության սիրահարները տեղափոխվել էին Փարիզ: Առաջին ցուցադրությունը Airei-նն էր: Տեսարանը բավական մռայլ էր՝ մոդելները հայտնվեցին մթությունից՝ կտորով ծածկված դեմքերով ու անսովոր աքսեսուարներով: Տեսարանը զարմանալի կարող էր թվալ միայն ապրանքանիշը չիմացողների համար:


Givenchy-ն որոշեց զարմացնել ոչ միայն հագուստով, այլ նաեւ շոուով: Մոդելներն անցնում էին ծխի քուլաների միջով, իսկ հենց հարթակը լցված էր ջրի բարակ շերտով: Ցուցադրությունն էլ, հավաքածուն էլ բավական տպավորիչ էին:



Վերոնիկ Նշանյանն արդեն 25 տարուց ավելի է՝ գլխավորում է Hermès-ի տղամարդկանց հագուստների բաժինը, բայց նոր գաղափարների պակաս նա երբեք չի ունենում: 2023 թվականի հավաքածուն առատ է ամառային կիսատաբատով կոստյումներով ու ծովային թեմաներով վերնաշապիկներով, որոնք թեթեւություն ու անհոգություն են բերում իրենց հետ: Գերակշռում էին ծիրանագույնը, մանուշակագույնը, լազուրն ու խամրած դեղինը:



Յուրահատուկ էին Loewe-ի ներկայացրած հագուստներն ու կերպարները, որոնք դիզայներ Ջոնաթան Անդերսոնը պատել էր իսկական խոտով: Տեխնոլոգիան մշակել է Պաուլա Ուլարգին, որի հետ էլ ստեղծել են տղամարդկանց համար նախատեսված հագուստը: Որպեսզի խոտը աճի հենց հագուստի վրա, 20 օր հատուկ խնամք են տարել:

Բույսերով նրանք պատել են երկար վերարկուն, հուդին, սպորտային տաբատն ու կոշիկները: Դժվար է ասել՝ առօրյայում նման կերպ հնարավոր է քայլել, բայց տեսքից այն պարզապես հիացնող էր:



Christian Louboutin-ն էլ 2023-ի գարուն-ամառ հավաքածուով ջնջել է տղամարդկանց նորաձեւության մասին պատկերացումները: Նա ներկայացրել է բարձրակրունկ ու հաստ ներբաններով կոշիկներ: Նոր հավաքածուն կոչվում է Dune: Լաբուտենն արդեն երկար տարիներ է՝ փորձարկումներ է անում տղամարդկանց կերպարների հետ՝ հնարավորինս հեռանալով ավանդականից:


Պանդեմիայի օրից սկսած` Էդի Սլիմանը ցուցադրություններ չի անցկացրել, դրա փոխարեն Celine-ը ֆիլմեր էր ներկայացնում: Այս տարի բրենդը ցուցադրված էր Փարիզում: Palais de Tokyo շոուի ժամանակ գերակշռում էին Էլվիս Փրեսլիի ոճից ոգեշնչված հագուստները: Դիզայները երգչի մեծ երկրպագու է ու իր շանը հենց նրա անունով է կոչել:


Դրիս վան Նոտենը համանուն բրենդի հավաքածուն ստեղծելիս ուսումնասիրել է 2-րդ hամաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայի ու 1980-ական թվականներին  Անգլիայում տղամարդկանց կրած զգեստները: Հավաքածուի նորարարությունը կոստյումի վրայից հաստ տրիկոտաժե գոտին էր:


Դեռ հայտնի չէ, թե ով կզբաղեցնի Louis Vuitton-ի տղամարդկանց հագուստի ստեղծագործական տնօրենի պաշտոնը: Այս հավաքածուն վերջինն էր, որը կյանքից հեռացած Վիրջիլ Աբլոյի մտահղացմամբ էր: Իսկ նա կարծում էր, որ բոլորս պետք է վերագտնենք մեր մանկական գիտակցությունը:

Դրա համար կոստյումների վրա ինքնաթիռներ էին, վերարկուների վրա՝ վառ կոնստրուկտորից գոտի, թեւերի վրա արված մեծ ասեղնագործությունները պլաստիլինից աշխատանքներ էին հիշեցնում, իսկ պայուսակները տնակների ու մեքենաների տեսքով էին:



Ցուցադրություններն աստղաշատ են եղել, տարբեր երկրներից են հյուրեր ժամանել՝ նոր հավաքածուներն առաջին շարքերից դիտելու համար, նրանց թվում էին Ջեյք Ջիլենհոլը, Ռամի Մալեքը, Նաոմի Քեմփբելը, Քենդրիկ Լամարը, Օդրի Տատուն, Ջեսիկա Բիելն ու Ջասթին Թիմբերլեյքը, Կարլա Բրունին, Դեւիդ Բեքհեմը:

Ի դեպ, նրա կինն էլ՝ Վիկտորիա Բեքհեմը, Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին ներկա էր Jacquemus-ի հերթական ցնցող ցուցադրությանը: Հյուրերի թվում էին նաեւ Վենսան Կասելն ու Թինա Կունակին:



Այն անցել է սպիտակ ավազով պատված Արլեում, որտեղ գտնվում է Կամարգ արգելոցը: Աղի հանքերի շերտերի միջեւ դիզայները պոդիում էր սարքել, որով էլ քայլում էին մոդելները:

«Հավաքածուն ստեղծելիս մի կպչուն միտք ունեի՝ ամեն ինչ նորից սկսել, սպիտակ էջից»,- խոստովանել է նա:

Հավաքածուն կրում է խորհրդանշական Le Papier անվանումը, քանի որ այն ստեղծելիս որպես հիմք եղել են թղթի մաքուր էջն ու Ալբերտո Ջակոմետիի քանդակները:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW