×


Մհեր Մկրտչյանը` ոճային, իմպրովիզներով ու իմաստուն մտքերով

1930 թվականի հուլիսի 4-ին Գյումրիում ծնվել է հայկական կինոյի ու բեմի ամենավառ, խարիզմայով ու սիրված դերասան Մհեր Մկրտչյանը: Նրա տարեդարձը եւս մեկ հիանալի առիթ է մեծարելու անվանի դերասանին, հիշելու նրա կյանքի հետաքրքիր դրվագներն ու յուրահատուկ մտքերը: Չենք խոսելու կյանքի տխուր պահերի, կորուստների եւ մահվան մասին, BRAVO.am-ի անդրադարձում Ֆրունզիկն իր պես արեւային ու պայծառ է:

Նկարիչ դերասանը

Փոքր տարիքում Ֆրունզիկը լավ էր նկարում, ու հայրը շատ էր ցանկանում, որ նկարիչ դառնա: Սակայն 10 տարեկանում տղան տարվեց թատրոնով, սկսեց խմբակ հաճախել եւ հարեւանների համար ներկայացումներ բեմադրել: Դեռ այն ժամանակ համոզված էին, որ նա մեծ դերասան է դառնալու:


1945 թվականին դպրոցն ավարտելուց անմիջապես հետո աշխատանքի անցավ, նախ տեքստիլ կոմբինատի ակումբում էր աշխատում, ապա կինոմեխանիկի օգնական էր: Այդ ժամանակ նա մեծ հաճույքով խաղում էր տեղի խմբակում, ապա մեկ տարի սովորեց Գյումրու դրամատիկական թատրոնի ստուդիայում, 1947-ին ընդգրկվեց թատերախմբում: 1951-1956 թվականներին սովորել է Երեւանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտում, ապա տեղափոխվել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն:

Առաջին դերերը

Նորամուտը կինոյում նշել է 1956 թվականին, նա նկարահանվել է աննշան դերում «Սեւանա լճի գաղտնիքը» ֆիլմում: Մոնտաժի արդյունքում ֆիլմում մնացել է միայն Ֆրունզիկի ոտքը:

Թեեւ նրա կինոկարիերան նոր էր սկսվում, բայց թատրոնում իսկական աստղ էր: Այդ ժամանակ հանդիսատեսը գնում էր ներկայացումներ նայելու հենց դերասանի համար: Ամբողջական նորամուտը կինոյում ստացվեց 1960 թվականին՝ «Նվագախմբի տղաներ»-ում, որում նա ուրախ երաժիշտ Արսենի դերում էր: Դրան հաջորդեց 5 տարվա դադար, այդ ընթացքում ոչ մի ֆիլմում չնկարահանվեց: 1965-ին Ֆրունզիկը խաղաց Գերոգի Դանելիայի «33»-ում, որն արգելվեց ցուցադրել:


Դրանից մեկ տարի անց էկրաններ բարձրացած «Կովկասի գերուհին» դերասանին անսահման ճանաչում բերեց: Մկրտչյանը Խորհրդային Միության լավագույն կատակերգու դերասաններից էր համարվում:

Երկու անունները

Մկրտչյանը 2 անուն ուներ՝ Մհեր, այդպես նրան տանն էին կոչում, եւ պաշտոնականը՝ Ֆրունզե, որը քաղաքացիական պատերազմի հերոս Միխայիլ Ֆրունզեի պատվին էր: Նրա կրտսեր եղբայր Ալբերտը պատմել է, որ դերասանի անձնագրերից մեկում Ֆրունզե Մկրտչյան էր նշված, մյուսում՝ Մհեր Մկրտչյան:

Մհեր նրան սկսել են կոչել Բեյրութում, որտեղ հյուրախաղերի էր մեկնել: Սփյուռքահայերը նրան նմանեցրել են արեւի, իսկ Միհրն, ինչպես գիտենք, հին հայկական դիցարանում լույսի եւ մաքրության աստվածն էր:

Մեծ քիթը

Չնայած իր մեծ քթին՝ Մկրտչյանը երբեք չէր ամաչում իր արտաքինից: Փոքր տարիքում նրան անգամ «Քիթ» անունով էին դիմում:  


Բայց Ֆրունզիկը երբեք էլ չէր անհանգստանում մեծ քթի պատճառով, նրան հետաքրքրում էր, թե մյուսների քթերն ինչու են այդքան փոքր: Դրա համար էլ նա հաճախակի էր կատակներ անում իր քթի մասին, անեկդոտներ պատմում: Այնպես որ, ժամանակի ընթացքում նրա գործընկերները սկսեցին էլ ուշադրություն չդարձնել նրա մարմնի այդ մասին:

«Մանուկ տարիքում Ֆրունզիկը անօգնական էր, շատ նիհար էր ու մեծ քթով, նրա վրա բոլորը ծիծաղում էին: Բայց հետո պարզվեց, որ Աստված նրան մեծ դերասանական տաղանդ է տվել: Նա ամբողջ կյանքն էլ այդպես ապրեց՝ ուրախ էր եւ տխուր միաժամանակ: Ու ողջ ԽՍՀՄ-ը նրան պաշտում էր իր տաղանդի համար»,- պատմել է եղբայրը՝ Ալբերտ Մկրտչյանը:
Իմպրովիզները

Մհեր Մկրտչյանը իմպրովիզների վարպետ էր, որտեղ էլ խաղար, իր անկրկնելի հետքն էր թողնում: Ահա թե ինչ է հիշել «Միմինո» ֆիլմի մասին «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ գավաթակիր ու չեմպիոն Լեւոն Իշտոյանը.


«Ֆրունզիկն ու ես Փակ շուկայի մոտ էինք ապրում ու շատ մտերիմ էինք: Երկուսս էլ հաճախ էինք բացակայում քաղաքից, բայց մեր հանդիպումները միշտ շատ ջերմ էին լինում: Մեր մի հանդիպման ժամանակ էլ ասաց, որ նկարահանվել է մի ֆիլմում, որտեղ հիշատակել է իմ մասին. «Այնպես եմ քեզ մեծարել, կտեսնես»: Նա ինձ պատմեց ֆիլմի ողջ սյուժեն ու առավել մանրամասն խոսեց այդ դրվագի մասին, որ ինքն իմպրովիզ է արել ու ասել. «Իշտոյանա վիդիտ (Իշտոյանին է տեսնում)»: Այդ դրվագն այնքան է դուր եկել ռեժիսորին, որ նա համբուրել է Մկրտչյանին ու ասել, որ ֆիլմը հաստատ սիրվելու է»:



Սա ընդամենը մեկ դրվագ է դերասանի արած իմպրովիզներից, բայց դրանք բազմաթիվ են եղել նաեւ «Միմինոյի» այլ դրվագներում, «Մեր մանկության տանգո»-ում, «Տղամարդիկ»-ում, «Եռանկյունի»-ում ու էլի տարբեր աշխատանքներում:

Ժողովրդական սերը

Ասում են, որ Ֆրունզիկը Հայաստանում հանգիստ կարող էր ապրել առանց գումարի ու փաստաթղթերի: Նրանք այնքան էին սիրում, որ պատրաստ էին շուկաներում ու խանութներում ամեն ինչ անվճար տրամադրել: Իսկ անձնագրի փոխարեն նրան ամենուր ճանաչում էին իր տխուր աչքերի ու յուրահատուկ արտաքինի շնորհիվ:

Ոճային Ֆրունզիկը

1972 թվականին էկրաններ բարձրացավ Էդմոնդ Քեոսայանի «Տղամարդիկը»՝ հավատարիմ ընկերության ու սիրո մասին: Անկրկնելի ընկերների քառյակը մինչ օրս էլ շարունակում է սիրված ու հետաքրքիր լինել:


Առհասարակ «Տղամարդիկ» ֆիլմը հին երեւանյան յուրահատուկ կոլորիտ ունի, երեւում են քաղաքի գույները, նորաձեւությունը, գեղեցիկ երիտասարդությունը: Ֆիլմում տեսնում ենք լրիվ այլ Ֆրունզիկի՝ ոճային, մի քիչ կնամոլ, մի քիչ վախկոտ, դե բարձրությունից, բայց հանուն ընկերոջ ամեն ինչի պատրաստ: Մկրտչյանի ակնոցներն ու հագուկապն այդ կերպարում պարզապես հիացնում են:



Մտքերը

Լավ կոշիկ կկարեի, թե թատրոնի չափ սիրեի, լավ գյուտեր կհորինեի, թե թատրոնի չափ սիրեի, մսագործ էլ որ լինեի, ատաղձագործ էլ որ լինեի, հանցագործ էլ որ լինեի, պոեմներ կհորինեի, թատրոնի չափ թե սիրեի:

Դերասանր ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ կա ե՛ւ լաց կա, ե՛ւ ծիծաղ, ե՛ւ հումոր։ Կյանքն ամեն րոպե, ամեն վայրկյան թատրոն է։

Թատրոնը դերասանի կինն է, կինոն՝ սիրուհին, ուր էլ գնաս՝ տուն ես վերադառնալու:

Թատրոնը աղոթելու տեղ է, այն Աստծո հետ խոսելու ձեւ է:

Կյանքր, բնությունն ու մարդն է իմ թեման, իմ աղբյուրր ստեղծագործական, եւ ես պիտի խտացնելով, նրան գեղարվեստական կերպար տալով՝ վերցնեմ եւ վերադարձնեմ ժողովրդին։

Դերասանական արվեստի ամենամեծ գործիքր աչքերն են, աչքերր։

Տաղանդավոր մարդր չարիք է, որովհետև շրջապատում միջակություն է, քեզ չեն հավատում։


Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են, կարծում եմ դա այն պատճառով է, որ ես էլ նրանց եմ շատ սիրում: Բոլորին ու ամեն մեկին մեկ առ մեկ:

Լիաթոք ծիծաղ եմ ցանկանում ձեզ, լուսավոր ժպիտ եւ մեծ նվիրվածություն` դեպի թատրոնը, կինոն, արվեստը:

Հայրենիքի զգացողությունը պահեք ձեր մեջ, ինչպես սերն եք պահում ձեր սրտում, հոգով ու սրտով կապված մնացեք հող ու ջրին, հոգեւոր հարստությանը, ծննդավայրին:
Երբեմն մեկ հայացքում շատ ավելի իմաստ կա, քան հազարավոր բառերում:

Կարծում եմ՝ տգեղ է մարդկանց սովորեցնել, պետք է միայն օգնել նրանց, բայց որ նա այդ մասին ոչինչ չիմանա:

Գիտեմ, թե ինչու են աշխարհին տիրում անտաղանդները, նրանք չեն խմում ու առավոտից զբաղվում են իրենց կարիերայով:


Տղամարդիկ չեն արտասվում, նրանք տխրում են:

Երբ ես ծնվեցի, բոլորը ծիծաղում էին, իսկ ես լացում: Երբ ես մահանամ, բոլորը կլացեն, իսկ ես կծիծաղեմ:

Միշտ մտածել եմ, որ մեռնեմ` դրոշակ կդառնամ, անկուսակցական դրոշակ, որը վարակված է բոլորի ու ամեն ինչի հանդեպ սիրով, որը օդի հետ շփվելիս մաշվում է, մանանա դառնում ու եթերից ցողում մարդկանց:

Իսկ դե վերջում մի քիչ տրամադրություն Մհեր Մկրտչյանից՝



Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին