×


«Էլվինան սիրում էր էքսպերիմենտներ». Գրիշա Աղախանյանը եւ Կարինա Առուստամյանն անակնկալ ունեն

Գրիշա Աղախանյանը եւ Կարինա Առուստամյանն այսօր կներկայացնեն «Առանց սեր չկա գարուն» երգի տեսահոլովակը, որը Էլվինա Մակարյանի եւ Գրիշա Աղախանյանի զուգերգի վերամշակված տարբերակն է։ BRAVO.am-ը չէր կարող անտարբեր լինել «հոգու» երգչուհու ժառանգության հանդեպ։ Երգի նոր մատուցման, տեսահոլովակի ուղերձի մասին խոսեցինք Կարինայի եւ Գրիշայի հետ։

Կարինան ոգեւորությամբ նշեց, որ շատ է գնահատում Էլվինա Մակարյանի արվեստը, այն հոգեհարազատ է իրեն։ Ի լրումն՝ շատերը նկատում են երգչուհիների ձայնային ելեւէջների նմանությունը։ Դուետը միասին կատարելուց հետո երաժիշտները հասկացել են, որ այն անպայման պետք է կյանքի կոչվի. «Ես նաեւ Գրիշայի մեծ երկրպագու եմ եղել եւ միասին երգելու գաղափարն իմն է, իսկ արագ արձագանքն ու նախաձեռնության սկիզբը՝ Գրիշայինը»։


Երգչուհին շեշտեց, որ այս գործն իր համար նշանակալից է. «Կարծես Էլվինայի հետ դուետ երգեի։ Նա երգում է այն, ինչ ես իրոք ուզում եմ լսել, բայց նա այլեւս չկա։ Իր երգերը կարծես նաեւ ինձ համար գրված լինել։ Շատ եմ ափսոսում, որ անձամբ ճանաչելու հնարավորություն չեմ ունեցել։ Կուզեի թեկուզ հինգ րոպե իր հետ խոսել»։


Աշխատանքն առաջինը գնահատել է Արման Աղաջանյանը, ով զբաղվում է վաստակաշատ երգչուհու թողած երաժշտական ժառանգությամբ։ Գրիշա Աղախանյանը նշեց, որ մերօրյա երիտասարդությունը բավական հաղորդակից է Էլվինայի արվեստին, նրա երգերը սիրված են ու գնահատված։ Այն հարցին, թե իր կարծիքով՝ արդյոք Էլվինային դուր կգար երգի նոր մշակումը, Գրիշան դրական պատասխանեց՝ հավելելով. «Նա սիրում էր էքսպերիմենտներ, փոփոխություններ։ Երգն էլ ի սկզբանե սիրված էր, ինձ թվում է՝ այս տարբերակով էլ կսիրեն»։

Կադրը՝ «Առանց սեր չկա գարուն» տեսահոլովակից


Տեսահոլովակը սիրառատ, բայց մինիմալիստական աշխատանք է, որը չի շեղում ուշադրությունը երգից։ Այն ներկայացնում է սիրահարների. «Փորձել ենք շատ դերասանների չներառել, հերոսների մեծ մասն իրական սիրող զույգեր են։ Նպատակը իրական սիրո ապրումներ ցույց տալն է։ Մենք կենտրոնացել ենք հենց երգի վրա։ Էլվինայի երգերը միշտ ապրելու են. այ դա իրական երաժշտություն ստեղծելու ունակությունն է»։

Տեքստը՝ Սյուզի Մսրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ երգիչների արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին