×


Լուսանկարը՝ Տիգրան Առաքելյանի

«Ժամանակակից պարը Հայաստանում պետք է արժեւորել». SUMMEET-ի համահիմնադիր Հայկ Վարդանյան

Երեւանում 2-րդ անգամ անցկացվեց SUMMEET ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնը, որի արդյունքները BRAVO.am-ն ամփոփել է ԵՊԿ Օպերային ստուդիայի տնօրեն, փառատոնի համահիմնադիր Հայկ Վարդանյանի հետ:

- Որքանո՞վ ստացվեց այս տարվա SUMMEET-ը, կարողացա՞ք հասնել սահմանված նպատակներին:

- Բավարարված են կազմակերպիչները, մասնակիցներն ու առավել եւս հրավիրված պարային ընկերությունները, որոնք Հայաստանում լավ գործընկերներ ու ներուժ բացահայտեին: Մեր պարողներին Գերմանիայից հրավիրեցին իրենց հետ  համագործակցելու: Տեխնոլոգիական առումով հայ հանդիսատեսին նոր լուծումներ առաջարկվեցին, նոր նշաձողերի ականատես եղանք, բեմադրողները մտածելու նոր նյութ ստացան՝ ոչ միայն խորեոգրաֆիայի, այլ նաեւ բեմի ձեւավորման, լուսային, պրոյեկցիոն, ձայնային առումով: Ունեցանք նույնիսկ կենդանի էլեկտրոնային երաժշտության ներքո անցկացված ներկայացումներ: Փառատոնային 6 օրերի ընթացքում Գաֆեսճյան արվեստի կենտրոնում այցելուները «Սասունցի Դավիթ» սրահում անվճար կարողացան դիտել հետաքրքիր ներկայացում, որը նախապես այդտեղ էր բեմադրվել ու նկարահանվել: Նրանք ակնոց էին դնում ու հայտնվում նույն տարածության մեջ: Նաեւ Պարարվեստի ուսումնարանում անցկացված վարպետաց դասերին շատ ակտիվ մասնակցություն եղավ, «Միրզոյան» գրադարանում էլ արժեքավոր դասախոսություններ էին: «Կինոպար» նախագիծը ներկայացվեց ՀԲԸՄ-ի գրասենյակում: Բերել էինք աշխարհում շատ հայտնի Conny Janssen Danst պարային ընկերության «FRAMED» ֆիլմ-ներկայացումը։

ԵՊԿ Օպերային ստուդիայի տնօրեն, փառատոնի համահիմնադիր Հայկ Վարդանյանը


- Ինչպիսի՞ն է մասնակիցների ընդգրկվածությունն ու մարզային այցերից ի՞նչ կպատմեք, որքանո՞վ էին այնտեղ հետաքրքրված:

- Դսեղում ունեցանք 2 ներկայացում, հիմնականում երեխաներ էին, թեեւ մեծահասակներ էլ կային, որոնք սեփական աթոռներով էին եկել: Դեբետի COAF Սմարթ կենտրոնում վարպետաց դասեր եղան ու հենց Ֆաբիան Պրիվոլի դասախոսությունը տեխնոլոգիական թեմայով, թե ինչպես են դրանք մտել մեր կենցաղ, ինչ դրական ու բացասական ազդեցություն են ունենում: Նա պատմեց, թե ինչպես է իր ներկայացումների միջոցով ավելի պատկերավոր դարձնում տեխնոլոգիաների ներթափանցվածությունը մեր կյանք: Դա մենք 2 անգամ տեսանք նաեւ բեմում, երբ «12 մեգաբայթ վայրկյան» ներկայացման շրջանակում հանդիսատեսը բեմում էր պարողների հետ ու նրանցից ինֆորմացիա էր քաղում: Նրանց հատուկ ծրագրերով սմարթֆոններ էին բաժանվել եւ կարողանում էին ընթացքում սկանավորել պարողներին, որոնք տեխնոլոգիական տարբեր կրիչներ ունեին իրենց վրա՝ շարժումները ֆիքսող: Բեմադրության գլխավոր հարցադրումն այն էր, թե ինչքան հեռու կարող է հանդիսատեսը կամ ցանկացած անհատ գնալ դիմացինի մասին ինֆորմացիա կորզելու համար: Տեսանք, թե ինչպես են մեզ հետ վարվում ու մեր տվյալներն անխնա շահագործում:

- Որքանո՞վ են տեխնոլոգիաների բերած նորամուծությունները Ձեզ դուր գալիս ու ինչքանո՞վ է այն օգնում պարի զարգացմանը:

- Այդ ներկայացման միջոցով խորեոգրաֆը փորձում էր ցույց տալ, թե տեխնոլոգիաներն ինչքան վատ են վարվում անձնական տվյալների հետ: Նա այս մասին խոսեց արվեստի լեզվով ու մարդկանց ցույց տվեց այդ երեւույթը: Տեխնոլոգիաների դրական ազդեցությունը կարելի է արձանագրել մի քանի առումով: Վիրտուալ իրականության մեջ ստեղծված արդյունքն ինչ-որ հետաքրքրություն առաջացրեց այդ տեսակի արվեստից կտրված հանրության շրջանում, որոնք միայն տեխնոլոգիական տարրի առկայության դեպքում կգնան մշակութային արտադրանքին ծանոթանալու:

Լուսանկարը՝ Տիգրան Առաքելյանի Գերմանական Ֆաբիան Պրիովիլ պարային ընկերության ինտերակտիվ ներկայացումը


- Այսինքն՝ արվե՞ստն է հարմարվում մարդկանց:

- Լավ հարց եք տալիս, այս պարագայում արվեստը ոչ միայն հարմարվեց, այլ նոր դրսեւորում ստացավ, որը նորարարական էր, չստեղծվեց մի բան, որը կարելի է ցույց տալ այլ հարթակներում: Ամեն անգամ ներկայացումն արվում է տեղանքին հարմարվելով ու միայն այդ տեղում իմաստ ունի ակնոցով այն դիտել: Conny Janssen-ի ֆիլմը ստեղծվել էր քովիդի պատճառով, քանի որ բեմահարթակները փակվել էին, ու որոշեցին բեմադրությունը ձեւափոխել՝ հարմարեցնելով տեսախցիկներին: Արդյունքում ստացվեց մի հիանալի գործ, երեւի դահլիճում դիտելու դեպքում անգամ ամբողջական պատկեր ու մտերմություն ամեն առանձին պարողի հետ դժվար կլիներ ստանալ, ինչպես լավ նկարված ֆիլմում ունեինք:

- Երբ փառատոնն ավարտվում է, դրանից հետո ինչպե՞ս է կյանքը շարունակվում ու որքա՞ն ակտիվ եք լինում:

- Բարեբախտաբար, փառատոնի հիմնադիրների ու կազմակերպիչների կորիզը ավարտից հետո շատ ակտիվ ներգրավվածություն է ունենում այլ նախագծերում, Օպերային ստուդիան այս պահին Ռոսինիի «Փոքր հանդիսավոր մեսսան» է պատրաստվում բեմադրել Տիգրան Ձիթողցյանի հետ: Շնչելու ժամանակ էլ չկա, կյանքը կանգ չի առնում: Բայց արդեն մյուս տարվա SUMMEET-ի հիմնական բովանդակությունը փորձում ենք ուրվագծել, քանի որ այս տարի խնդիր ունեցանք՝ միայն մայիսին ԿԳՄՍՆ-ի հետ դրամաշնորհային պայմանագիրն ունեցանք: Փառատոնին 1,5 ամիս էր մնացել, շատ պայմանավորվածություններ մի կերպ կարողացանք ունենալ՝ հյուր եկող պարային ընկերությունների հոնորարների հետ կապված: Մեզ քաջալերող խոստում տրվեց, որ 2022-ի ավարտին կունենանք մյուս տարվա փառատոնի ֆինանսական պատկերը: Նախարարությունը հանդես է գալիս որպես փառատոնի հովանավոր, բայց գումարի կեսն էլ չի տրամադրում, որպես կանոն՝ շատ այլ ռեսուրսներ ենք ներգրավում: Ինչպես անցած տարի, նորից սեփական ներդրումներն արեցինք, բայց հուսով ենք, որ այդ հարցը կկարգավորվի: Առանց այն էլ հիմնադիրները շատ մեծ ներդրում են անում ժամանակային եւ մասնագիտական առումով:

Լուսանկարը՝ Սպարտակ Ավետիսյանի Օլգա Տիմոշենկոյի եւ Ալեքսեյ Նարուտոյի ժամանակակից պարի վարպետաց դասերը


- Հետագայում ինչպիսի՞ն է լինելու փառատոնը, ո՞րն է նրա առաքելությունը:

- SUMMEET-ը պետք է աշխարհագրությունը մեծացնի, մարզեր շատ գնա, բացի այդ էլ հասնի նրան, որ կամուրջ դառնա հայ ստեղծագործողների համար, ելույթներ լինեն միջազգային այլ փառատոններում: Քայլեր ենք անում այդ ուղղությամբ, նշաձողը պահելն էլ արդեն լավ արդյունք է, թեեւ ամեն անգամ մեզ գերազանցում ենք: Տիգրան Ձիթողցյանի արվեստանոցը գործընկեր դարձավ, ինչը շատ լավ է: Շատ կուզենք, որ հայ խորեոգրաֆներն ավելի համագործակցային մթնոլորտում շարունակեն ստեղծագործել, ոչ բոլորը հայտ ներկայացրին փառատոնին մասնակցելու, թեեւ այս տարի թիվն ավելի շատ էր: Կուզենք բոլորն ապրեն այս փառատոնով, համատեղ նախագծեր ստեղծելու բերկրանք ունենան: Արինա Արարատյանի՝ 2005 թվականին արված «Գարնան սպասումով» ներկայացումը վերաբեմադրեց Balmanukyan Dance Project-ի եւ եւս 2 հրավիրյալ պարողների հետ: Փառատոնում այդ ներկայացումից բացի հիմնականում պրեմիերաներ էին: Մեր պարողներն ու խորեոգրաֆներն արդեն պետք է մտածեն, թե մյուսին ինչ են ներկայացնելու:

- Իսկ ի՞նչ աստիճանի վրա ենք աշխարհի այլ երկրների պարողների համեմատ:

- Իհարկե, գերմանական, ֆրանսիական պարային ընկերությունների ստեղծածն ու ներկայացրածը մերոնց, լավ իմաստով, վատ դրության մեջ դրեց: Տեսան, թե աշխարհն ուր է հասել, այս ինչ խնդիրներ են մարդիկ սկսել լուծել, ինչ խիզախություն կա բեմում: Վարպետաց դասերի մասնակիցներն էլ լրիվ այլ պատկերացումներ ստացան ժամանակակից պարի մասին: Մենք Հայաստանում ակադեմիական մակարդակով դա ապահովել չենք կարող, չունենք նաեւ հարթակ, որտեղ ազատ ստեղծագործող խմբերը կկարողանան դրսեւորել իրենց:

«Անտառ» պարային ներկայացումը


- Ինչո՞ւ է այդպես եւ ի՞նչ է պետք անել, որ պարի նկատմամբ վերաբերմունքն էլ փոխվի, հետաքրքրություն էլ առաջանա:

- Երեւի օրենսդրական կամ նախարարության որոշումների մակարդակով պիտի փոփոխություն լինի, Օպերային ստուդիան այս պահին աշխատում է միայն մեկ պարային ընկերության հետ: Սա աշխարհում շատ արագ զարգացող ու կարեւոր արվեստի ճյուղ է, դրան պետք է տեղ տալ ու ազատ ստեղծագործող խորեոգրաֆին բեմահարթակ տրամադրել՝ իր ներկայացումը ցույց տալու համար: Պետք է նրան ոչ թե վարձավճարներով ծանրաբեռնել, այլ հակառակը՝ խրախուսել, կազմակերպչական աջակցություն ցույց տալ, որ արվեստ ստեղծվի:

- Մարդիկ էլ աստիճանաբար կսիրեն պարն ու կսկսեն գնալ դիտելու, նրանք պարզապես բավականաչափ տեղեկություն չունեն դրա մասին:

- Ժամանակակից պարի ընկալումը մեր հասարակության մեջ դեռեւս բացակա է, իսկ մեծամասամբ՝ նաեւ աղավաղված: Երբ Դսեղում 2 բացօթյա ներկայացում արեցինք հիմնականում պատանիների համար, տեսանք, թե այն ինչպես ընդունվեց, զարմանալի էր: Լավը միշտ գնահատվում է՝ անգամ անպատրաստ հանդիսատեսի կողմից: Ի վերջո սովորելու բան շատ ունենք, պարն աշխարհում շատ արագ է փոփոխվում, սահման չունի, ոչ մի կաղապարի մեջ չի տեղավորվում, մարդու մարմնի պլաստիկան ու  հնարավորություններն անսահման են, էլ չեմ ասում կրեատիվն ու երեւակայությունը, բեմում այնպիսի բաներ են ստանում, որոնք հիպերգրավիչ են:  

Լուսանկարը՝ Տիգրան Առաքելյանի Գերմանական Ֆաբիան Պրիովիլ պարային ընկերության ինտերակտիվ ներկայացումը


- Ի՞նչ ձեռք բերեցիք փառատոնի շնորհիվ:

- Այս տարի շատ բան սովորեցինք մեր հյուրերից, խորեոգրաֆների ու պարողների համար իսկական գտածո էր: Նախ համագործակցության ու աշխատելու հրավերներ ունեցան: Անցած տարի առանց փառատոնի կազմակերպիչներին տեղյակ պահելու եկան ոլորտի քննադատներն ու միջազգային փառատոնների տնօրեններ՝ տեսնելու, թե  Հայաստանն ինչ է հանդգնել անել այս ոլորտում: Ներկայացումներից մեկը հրավիրվեց Լեհաստանում ցուցադրվելու. այս կամուրջները պետք է ամրացնենք:

- Իսկ մեր ազգը ճկո՞ւն ու պլաստի՞կ է, որովհետեւ աստիճանաբար նկատվում է, որ ավելի ենք գիրանում ու կազմվածքին չենք հետեւում:

- Եթե արվեստի այս ճյուղը հասնի բոլորին, մարդիկ տեսնեն ու էսթետիկ հաճույք ստանան, երիտասարդության մեջ էլ ձգտում կառաջանա իրենց սերնդակիցներին շատ չզիջել. մենք օրինակների պակաս ունենք: Ժամանակակից պարը Հայաստանում կա, պետք է իրեն փայփայել, ճանապարհ տալ ու ունենալ գիտակցում, որ մեր երկրին պետք է, այդ թվում՝ թատերական աշխարհին, քանի որ դերասանների պլաստիկան լրացման կարիք ունի: Մենք Օպերային ստուդիայում Հասմիկ Պապյանի հետ այդ ընկալումն ունենք, որ ժամանակակից պարը պիտի առանցքային տեղ ունենա մեր բեմադրություններում:  

Զրուցեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ SUMMEET փառատոնի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին