Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասաններ Գագիկ Մկրտչյանն ու Լիդիա Գրիգորյանն արդեն 17 տարի է՝ միասին են, 2 որդի ունեն, բազմաթիվ դերեր են խաղացել ու տարատեսակ դաջվածքներ արել` երբեք չդադարելով սիրել իրար ու նորովի բացահայտել: BRAVO.am-ի «Եվ խոսեց սերը» շարքի համար նրանք պատմել են իրենց սիրելի աշխատանքի ու ընտանեկան երջանկության մասին:
Թատրոնի ու դաջվածքների կապը
- Ձեր երկուսի կենսագրություններում էլ մասնագիտությունը նշված է դերասան եւ նկարիչ: Ինչպե՞ս են այդ երկուսը համատեղվում:
Լիդիա. Միշտ սիրում եմ ասել, որ մասնագիտություններս են ինձ ընտրել: Նկարչություն եւ դիզայն էի սովորում ինստիտուտում, բայց 3-րդ կուրսում Գագոյի հետ հանդիպումը լիովին փոխեց կյանքս: Հրավեր ստացա ուժերս փորձել թատրոնում. հենց Դրամատիկականում էլ իմ առաջին դերասանական կրթությունն եմ ստացել, հետագայում Ռուսաստանում կուրսերի եմ հաճախել ու ինքնակրթությամբ զբաղվել: Շատ էի սիրում ներկայացումներ, մանկությանս թաքուն երազանքն իրականացավ, ու արդեն 17 տարի է՝ միացել եմ թատրոնին: Իսկ դաջվածքներ առաջինը Գագոն է արել, հետո առաջարկեցին՝ ես էլ փորձեմ:
Գագիկ. Փոքր տարիքից չեմ սիրել մեկ գործով զբաղվել, քանի որ բնավորությամբ շատ ձանձրացող եմ ամեն ինչից, այդ թվում՝ մարդկանցից: Բայց նկարչությունը միակ բանն է, որը երբեք չի փոխվել ինձ համար: Իմ ամենահետաքրքիր ժամանցը եւ հանգստությունը մատիտով նկարելն է: Թատերական ինստիտուտում նոր էր բացվել մուլտֆիլմի նկարչի կուրսը, դրան զուգահեռ հնարավորություն ունեի քասթինգի գնալ ու դերասան աշխատել: Ընդունվեցի Դրամատիկական թատրոն ու Լիդիայի հետ ծանոթացա, ամեն ինչ միանգամից եղավ: Սիրում եմ շփվել, մարդկանց մասին 2 րոպե հետո պատմել այնքան բան, որ իրենք էլ զարմանան: Շփումն իմ 2 աշխատանքների առանցքում է. պետք է վստահեն, որ ստացվի, քննություն է՝ կկարողանա՞ս, թե՞ ոչ: Ամեն անգամ բեմ դուրս գալիս մոռացվում են տարիների փորձն ու խաղացած կերպարները, 0-ից պետք է ապացուցես ամեն բան: Ամեն օր եմ այդ քննությունը հանձնում, դրա համար չեմ ձանձրանում իմ գործից, անգամ 3-րդի մասին եմ մտածում:
- Խոսենք երկուսի կապից, մեծ պատասխանատվությունից եւ թե ինչպե՞ս են օգնում իրար:
Լիդիա. Մի քանի օր առաջ հանդիպել եմ ուսուցչիս, ով իմ մտածելակերպի հիմքն է դրել՝ նկարիչ Արա Հովսեփյանին, որն ինձ ուսուցանել է Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցում: Ասել է՝ «Սովորեք մտածել»: Դա ինձ շատ է օգնում աշխատանքի մեջ: Կարող եմ ուսումնասիրել մարդկանց ու զուգահեռներ անցկացնել՝ գտնելու կյանքի ճիշտ դրվածքը: Դաջվածք անելու ընթացքում զրուցելն օգնում է նոր տեսակներ ճանաչել, ինֆորմացիա ստանալ ու օգտագործել կերպար ստեղծելիս:
Գագիկ. Երբ մարդը տատուի վերջնական տարբերակին նայում է հայելու մեջ, դեմքին մի յուրատեսակ ժպիտ է գալիս, դրանից չափազանց մեծ էներգիա եմ ստանում ու լիցքավորված գնում թատրոն: Դաջվածքում ոչ թե նկարն է կարեւոր, այլ որոշումն անել մի բան, որն ամբողջ կյանքում քեզ հետ է լինելու: Այդ որոշման իրականացումն անձի պնդանալու փուլ է: Հայելու մեջ նայելիս էլ առաջին հերթին մտածում են՝ «Ես դա արեցի»: Ու այդ ամենում շատ կարեւոր մաս ես կազմում դու: Ես մենակ կատարողը չեմ, օգնել եմ, որ այն կյանքի կոչվի, հետաքրքիր դուետ է, նույնն էլ թատրոնում է: Եթե խաղընկերդ վատ խաղա, դու էլ ես այդպիսին դառնում, որքան էլ ջանք թափես: Դրա համար պետք է օգնես նրան:
- Ինչո՞ւ են մարդիկ գալիս թատրոն ու նաեւ դաջվածք անում, ի՞նչը լրացնելու համար:
Լիդիա. Թատրոն գալիս են՝ կենդանի շփում ստանալու: Երբեմն ինչ-որ դրվագներ նայելիս կարեկցանք է առաջանում, իրենց կողքից են տեսնում, հասկանում՝ ինչ է կարելի անել, գտնում են իրենց ցավի պատասխանը, կամ զուգահեռ են անցկացնում ու հասկանում, որ միայնակ չեն, ուրիշն էլ է իրենց պես մտածում: Շատ էին ասում, որ թատրոնը մահանում է, պահանջարկ չկա, բայց այն կա ու մնալու է, որովհետեւ ամենակարեւոր բանը կենդանի շփումն է:
Գագիկ. Հաճախ է պատահում, որ 30 տարեկան կամ ավելի մեծ մարդիկ գալիս են ներկայացում նայելու, հետո զարմացած գրում, թե ինչու չէին գալիս թատրոն: Հասկանում ես, թե որքան էմոցիաներ է ստացել, որ որոշել է նման բան գրել: Կարծրատիպ են լսել, որ թատրոնը ձանձրալի է, բայց անձամբ չեն փորձել: Մեկ անգամ նայելուց հետո սկսում են հաճախել: Նույնն էլ դաջվածքի դեպքում է, հենց առաջինն արեցին, հաջորդում է 2-րդը, 5-րդը… Որովհետեւ նոր բռնեցին այդ կայֆը:
- Իսկ ո՞րն է տատու անելու հաճույքը:
Գագիկ. Ավելի վստահ ես դառնում ու հանգիստ, քո տեսակն ընդգծում: Էլ զոհաբերությունների չես գնում, քննադատությունների փուլը հաղթահարում ես: Մարդն անկեղծանում է իր հետ, սկսում իրեն ավելի լավ ճանաչել ու անել այն, ինչ ինքն է ցանկանում:
Լիդիա. Երբ մարդ մի բան կորցրած է լինում կամ խնդիրներով պարփակված, տարատեսակ լուծումներ է փնտրում: Դաջվածքի շնորհիվ իրենց եսն են գտնում ու արտահայտում, համարձակ որոշում է:
- Բայց երկուսդ էլ չունեք դաջվածքներ, ինչո՞ւ:
Գագիկ. Դեմ չենք, պարզապես դեռ չի եկել այն անելու փուլը: Ես անընդհատ մտածում եմ, թե ինչ է պետք ուրիշներին: Ուրիշներին կարող եմ հանգիստ խորհուրդ տալ, բայց երբ ինձ հետ պետք է անկեղծանամ, այնքան մութ աշխարհ է, մեծ անդունդ, ու հեշտ չի կոնկրետանալ: Որովհետեւ ամեն օր զարթնում եմ ու հասկանում, որ երեկ վատն էի, 5 տարի առաջ՝ անգամ չեմ ուզում հիշել, թե ինչպիսին: Նույն հարցի շուրջ մոտեցումս մշտապես փոխվում է: Ամեն օր փորձում եմ լավը դառնալ, դեղին գույնին ամեն օր պետք է նորովի նայեմ:
Լիդիա. Բացի այդ էլ հասկանում ենք, որ դերասանի մարմինն ամեն դեպքում այդքան էլ իրեն չի պատկանում ու հաճախ խանգարում է կերպարներ կերտելիս: Մատանիներից սկսած՝ պետք է հանեմ ու զրոյանամ բեմի վրա: Դաջվածք անելը լուրջ քայլ է: Չնայած՝ ինչ սկսել ենք զբաղվել դրանով, որոշել ենք գնալ Տիբեթ, որտեղ մեզ հին եղանակով դաջվածք կանեն վանականները:
Գագիկ. Պետք է գտնենք այն մարդուն, որի հետ 4 բառով կկարողանանք իրար հասկանալ, այդ կապը շատ կարեւոր է: Երբ տատու ես անում, այդ մարդու հետ ամբողջ կյանքում այնպիսի գերբնական կապ է հաստատվում: Ցավոք, բոլորին չեմ հիշում, բայց իրենք, հո, չեն մոռանում. այն միտքը, որ ինձ 50 հազարից ավելի մարդ հիշում է ողջ կյանքում, անընդհատ էներգիա է տալիս ու առաջ մղում:
- Հիմա նորից վերադառնանք թատրոնին, ինչպիսի՞ դերասաններ եք ու ի՞նչն եք հավանում միմյանց մեջ:
Լիդիա. Հավանում եմ Գագոյի ինքնավստահությունը, որը նա փորձում է ներդնել իմ մեջ եւս, ես էլ ունեմ, բայց մի քիչ այլ կերպ է արտահայտվում: Սովորում եմ նրանից՝ նայելով իր խաղը, մտածելու կերպը, շատ եմ լսում իրեն: Սիրում եմ նրան բեմում՝ որպես գեղեցիկ արտաքին ունեցող արտիստ, ու թե մտածող դերասան: Բեմը հայելի է, որը ցույց է տալիս մարդու էությունը. այնտեղ լրիվ մերկ ենք: Այն երբեք չի խաբում:
Գագիկ. Նախ Լիդիան ունի իր բնավորությունը, որն արտահայտվում է տնտղելով, փորփրելով, հազար կետից նույն հարցը քննարկելով: Պատասխանատվությունն իր մեջ գագաթնակետում է: Նա չի մոռանում, թե ինքն ինչ է անում ու միաժամանակ շատ ուշադիր է ողջ տեսարանի հանդեպ, որպեսզի սխալի դեպքում կարողանա շտկել իրավիճակը:
Լիդիա. Իրականում ինքն էլ այդ որակն ունի, մենք երկուսս էլ Դրամատիկական թատրոնի դպրոցն ենք անցել, սովորել ենք մեծերից՝ Վլադիմիր Մսրյան, Գուժ Մանուկյան, Արթուր Ութմազյան, Հրաչյա Հարությունյան, Արմեն Խանդիկյան, Գրիգոր Խաչատրյան:
Գագիկ. Մի քիչ ուրիշ մթնոլորտ էր թատրոնում. լրջության չափն օդի մեջ էր: Հիմա այդ ամենը մեր ձեռքերում է, մենք ենք միջին սերունդը: Բեմում պատասխանատվությունն Ութմազյանից եմ սովորել, իր հետ այդ մասին երբեք չենք խոսել, բայց նրան ուսումնասիրելով եմ հասկացել՝ որն է իմը: Մյուսներից էլ տեսել եմ, թե ինչպիսին պետք է չլինել: Ինչպես Ութմազյանն է ասում Սեւակի խոսքերով՝ «Չպետք է մոռանաս քո արվեստի արհեստը, առանց որի արվեստ չի լինում»: Նա կարող է մեկ ականջով լսել բոլոր ձայները, թեեւ ինքը բեմի առջեւում է ու իր թիկունքում մոտ 40 հոգի կա: Հանկարծ որեւէ ֆալշ գնաց կամ ավելորդ ձայն, այդ մասին գիտի, ու վայն եկել, տարել է, որ գնանք կուլիսներ: Եթե մեկին թվում է՝ չի ֆիքսել, սխալվում է. նա ամեն ինչ ասում է: Փոքր բանից է ամեն ինչ փլվում: Երբ Լիդիան նոր կերպար պետք է կերտի, իրեն կորցնում եմ. ամբողջությամբ ընկղմվում է: Գիտեմ, որ իր հետ գործ չունեմ, որովհետեւ պետք է կարդա այդ մասին գիրքը, թարգմանությամբ գիրքը, բոլոր վերլուծությունները, հայտնիների հարցազրույցները, հեղինակի կենսագրությունը: Ամեն ինչ խորքային է ուսումնասիրում: Ես փորձում եմ շատ չիմանալ, որ իմ պատկերացրածով խաղամ:
- Լիդիա, «Չուչել»-ում Դուք առաջին անգամ բացասական կերպար եք մարմնավորում, ու այն բավական բարդ կերպար է: Ինչպե՞ս եք գտել ու բացահայտել նրա էությունը:
Լիդիա. Երբ առաջարկությունը ստացա, թեեւ չէի արտահայտվում, բայց մի քանի առումներով վախենում էի: Գիտեմ, որ ցանկացած դեր իմ մեջ հետք է թողնում: Դոստոեւսկի եմ խաղացել՝ «Անկոչ Աննան», ու երկար ժամանակ զոհի կերպարում էի, բոլորին սիրում էի: Մինչեւ հիմա էլ չեմ կարողանում ազատվել դրանից: «Չուչել»-ում պետք է խաղայի անընդհատ ինչ-որ բանից դժգոհ ու միանշանակ իր ճիշտն ունեցող կերպարի: Փորձել եմ գտնել նրա ցավը, թեեւ դրանից նա դրական չի դարձել, բայց հանդիսատեսը հասկանում է, թե ինչու է այդքան դաժան: Ավագ որդիս ամեն ինչ հասկանում է, հաճախ լինում թատրոնում, եւ վախենում էի, որ իր համար այդ կերպարը կարող է օրինակ ծառայել: Շատ եմ խոսել հետն ու ամեն ինչ բացատրել: Կետչուպի ամեն տեսարանից հետո կուլիսներում Էմմային (Չուչելին մարմնավորած Էմմա Մանուկյան,-հեղ.) գրկում է եւ հարցնում՝ ինչպես է: Առաջին անգամ այդ տեսարանից հետո հիստերիկ արտասվում էր: «Դուրդ եկա՞վ այն ինչ արեցիր, ուրա՞խ ես»,-ասաց: Պատմեց, որ ձեռքն ու ոտքը ցավում են: Հետո հասկացա, որ այդ տեսարանի ժամանակ ձեռքն է սեղմել, նեղվել ու դրանից հետո համարյա կետչուպ չի ուտում, թեեւ շատ է սիրում:
- Ինչպե՞ս եք միասին աշխատում ներկայացումների պատրաստվելիս:
Լիդիա. «Վերջին ծաղրածուն» ներկայացման մեջ զույգ ենք խաղում, բայց փոխարինել ենք մյուս դերակատարներին, իսկ «Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը» միասին ենք ստեղծել: Երբեմն մտածում են ամուսինները տանը նստում են ու աշխատում, խոսում ինչ-ինչ հարցերի շուրջ, բայց այդպես չէ: Փորձում եմ Գագոյին հուշել ու օգնել այն հարցերում, որոնք նա չի տեսնում: Ուրիշ մոտեցում ունեցող դերասան է, ես փորփրող եմ:
Գագիկ. Շատերին կարող է թվալ, թե դժվար է միասին աշխատել, բայց այդպես չէ: Ինձ համար կարեւոր է մարդուն անընդհատ ճանաչել, որովհետեւ մինչեւ վերջ ոչ մեկին էլ չես իմանալու՝ ուզում ես 100 տարի հետն ապրիր: Կան իրավիճակներ, որ իրեն չես տեսել դրանցում, հետաքրքիր է՝ ինչպես կդրսեւորի, ինչ խորհուրդ կարող ես տալ, որը կընդունի, ինչից կզայրանա: Նույնն էլ Լիդիային է հետաքրքիր, թե ինչպիսին եմ այլ հանգամանքներում, նորովի է տեսնում: Դժվար է միասին ապրել երկար տարիներ, մենք մոդայի հետեւից չենք ընկնում ու բաժանվում, իսկ մեր շուրջը բոլորն այդպես են անում, կամ էլ վախենում մեկի հետ միանալուց, որովհետեւ իրենց համար են ապրում:
- Միմյանց մասնակցությամբ ո՞ր ներկայացումն եք հավանում:
Լիդիա. Գագոն հիանալի է խաղում ամենախղճուկ կերպարից մինչեւ կոմս: Կան մարդիկ, որ միայն կոնկրետ դերեր են խաղում, նա ամեն ինչ էլ կարող է: «Ֆիգարոյի ամուսնություն»-ում եմ շատ սիրում, թեեւ ինքն իրեն չի հավանում: «Գանգստեր Մաք»-ում էլ կերպարը շատ լավն է: Ինտելիգենտ բան կա մեջը եւ երբեք բեմում վուլգար ու լկտի չի դառնում: Շատերը կան, որ չես հասկանում՝ բեմի վրա տղամարդ են, թե ոչ: Տղամարդու բնությունը հիմա քիչ է մնացել, ժամանակին կային Ժան Գաբեն, Ալեն Դելոն, Գագոն այդ վերջին մոհիկաններից է: Երբեք հանդիսատեսին չի հաճոյանում, ինչը կարեւոր է:
Գագիկ. Լիդիային նորովի տեսնելը միշտ էլ հետաքրքիր է ու կապ չունի, թե որ կերպարում, հավանում եմ, թե՝ ոչ: Ինքը երջանիկ է ներկայացումից հետո, իսկ ինձ համար դա է ամենակարեւորը:
Համարձակ Լիդիան ու տղաները
-Ինչպե՞ս է եղել ձեր առաջին հանդիպումն ու ի՞նչ տպավորություններ են մնացել:
Լիդիա. Երբեք չի մոռացվում այդ օրը: Միշտ սիրում է ասել, որ ես եմ առաջինը մոտեցել ու բարեւել իրեն:
Գագիկ. Կպցրել է (ծիծաղում ենք,-հեղ.):
Լիդիա. Թատրոն էի հրավիրված ընկերուհիներիս հետ, նրանից մեկը ճանաչում էր Գագոյի ընկերոջը՝ Սուրեն Փահլեւանյանին: Նա դեռ ներկայացման չէր բարձրացել, ու թատրոնի մոտ զրուցեցինք բոլորով: Մինչ այդ բեմում նրան տեսել էի ու ճանաչում էի: Մեկ շաբաթ անց պատահական նկատեցի ջազի փառատոնին, որտեղ մեր ուսանողները նկարում էին: Մոտեցա ու բարեւեցի, հիշեցրի, թե ինչպես ենք ծանոթացել:
Գագիկ. Իսկ ես հիշեցի՞:
Լիդիա. Այո, ասացիր Սուրոյի ընկերուհին եմ, բայց մենք նրա ու քեզ հետ միաժամանակ էինք ծանոթացել:
-Եվ երբ արդեն իրար հիշեցիք, ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց:
Գագիկ. Ես ճիշտն եմ ասելու, իսկ ինքը չի համաձայնելու հետս: Մի օր դուրս եմ գալիս Թատերական ինստիտուտից, ինչ-որ մեկն ինձ է սպասում (ծիծաղում ենք,-հեղ.): Եկել է ինստիտուտ, ճշտել ընկերուհիներից, թե ով եմ: Մեկն ասել է՝ կնամոլ եմ, հետս գործ չունի: Մեկ տարի ուշ էի ընդունվել, մտածում էր՝ իրենից փոքր եմ, յանի, իր համար դա կարեւոր էր: Ու ինձ կոպիտ կերպով հրավիրեց թատրոն:
Լիդիա. Նայեք՝ ինչ սիրուն է նկարագրում, կյանքս, ապրես:
- Փաստորեն ձեզնից վճռականը Լիդիան էր:
Լիդիա. Չեմ հերքում, ես եմ ընտրել նրան, միշտ էլ կինն է ընտրում, ես պարզապես բարձրաձայնում եմ, մնացած դեպքերում, սովորաբար, կանայք համեստաբար լռում են:
Գագիկ. Օգտվեց իմ ջենթլմեն լինելու հանգամանքից: Հրավերից հրաժարվեցի, նորից հրավիրեց, բայց ես ուրիշ ներկայացման պետք է գնայի այդ օրը, ի վերջո համաձայնեցի: Գնացի, բռնեց ձեռքս, քաշեց, պաչեց (ծիծաղում ենք,-հեղ.):
Լիդիա. Սուտ բան չի ասում իրականում, իրավիճակն իր տեսանկյունից այդպես է ստացվում:
Գագիկ. Դե, ես ավելի հողային մարդ եմ, ոնց եղել է, այդպես էլ պատմում եմ:
- Իսկ ինչպե՞ս հասկացաք, որ ամեն ինչ լրջանալու է եւ ընտանիք եք կազմելու:
Գագիկ. Իրարով տարվելուց հետո ավելի ամրացան հարաբերությունները, ծաղիկ խնամելու պես է, երբ չես մոռանում ժամանակին ջրել ու հոգ տանել, ավելի է փարթամանում:
Լիդիա. Այնպես դասավորվեց մեր կյանքը, որ անգամ ամուսնական առաջարկություն չի եղել:
Գագիկ. Սկսել ենք միասին ապրել ու կենցաղ կիսել, չհասունացած խոսակցություններ ու բզբզանքներ չենք ունեցել: Ապուշ բաների ժամանակ չունեինք, գիտեինք, որ ընկել ենք մի առու ու միասին գնում ենք առաջ:
Լիդիա. Կռիվներ չենք արել, ինտրիգներ կամ իրար չհասկանալ չի եղել: Միասին սկսել ենք աշխատել, իսկ դա շատ կարեւոր է:
- Իսկ այդ 17 տարիների ընթացքում ո՞նց եք փոխվել ամեն մեկդ ու սերն ինչպե՞ս է վերափոխվել:
Գագիկ. Դե, ամեն մեկս ունենք մեր կրքերը, բայց պետք է անպայման հետեւել, թե դիմացինդ ամեն օր ոնց փոխվեց: Եթե քեզ համար թանկ է, պետք է հասկանաս դա: Այսօր ես ու 17 տարի առաջ՝ տարբեր մարդիկ ենք:
Լիդիա. Իրեն թվում է. տարբեր մարդիկ չենք, ուղղակի հետաքրքրանում ենք: Հիմա նա ավելի է հասունացել, զարգացել, ճոխացել, քիչ-քիչ դրական կողմերը գումարվել են իրար: Հիմա բաներ է ասում, որ 17 տարվա ընթացքում առաջին անգամ եմ լսում իրենից, մոտեցումներ կան, որոնց մասին հիմա իմացա: Փորձում ենք միշտ իրերին տարբեր կողմերից նայել, ինչն օգնում է մեր հարաբերությունները կենդանի պահել:
Գագիկ. Ես պետք է ամենալավն ունենամ, դա էգոիզմ չէ, այլ իմ ուղին, որին ձգտում եմ, նույնն էլ հարաբերությունների մեջ է: Եթե մեկը բաժանվում է, դա իր հետ կատարվածի խնդիրը չէ, այլ իր տված լուծումը: Ինչո՞ւ ես հարցին նման կերպ մոտեցել, որ ամեն ինչ դրան հասավ: Դու թուլացար, չարեցիր գերբնականը, չփոխվեցիր, չտնտղեցիր, որովհետեւ էգոիզմդ քեզ կերավ: Բաժանված ամուսինները պարտված մարդիկ են: Շատ ավելի դժվար է իրար հետ լինելով՝ այնքան իրար չխանգարել, որ այդ ազատությունն ու լավը դառնալը նաեւ դիմացինիդ ձեռքբերումը լինի:
Լիդիա. Մենք երբեք չենք վիճում, կարող ենք փոքր հարցերի շուրջ նեղված լինել, բայց մեծ կռիվներ չեն լինում: Անգամ մի ժամից ավելի չենք կարող առանց իրար հետ խոսելու մնալ (Լիդիան ուշանում է թատրոնի փորձից, եւ Գագիկի հետ ենք շարունակում զրույցը,-հեղ.):
- Երեխաներից խոսենք, ի՞նչ փոխեցին ու բերեցին ձեր կյանք:
Գագիկ. Երբ երեխա չունես, չգիտես՝ ինչի համար ես ապրում: Երեխաների շնորհիվ իմացանք, թե ինչի համար ենք ապրում՝ չմոռանալով մեզ, մեր հաճույքներն ու ժամանցը, մասնագիտությունն ու աշխատանքը: Կարող ենք ունենալ շատ անքուն գիշերներ, ջղայնանալ, բայց այդ հրաշքը բոլորի հետ պետք է կատարվի: Իմ ընտանիքում երբեք չեն ասել, թե ինչ պետք է անեմ: Պարզապես այն, ինչ իմ շուրջն արել են մյուսները, ես չեմ փորձել: Նույն բնավորությունն էլ ունի ավագ որդիս՝ Էդուարդը: Նա շատ շփվող է ու բոլորի հետ ընկերություն է անում:
- Իսկ ի՞նչ հետաքրքրություններ ունի ու ի՞նչ է սիրում անել:
Գագիկ. Էդուարդը դեռ փոքր էր, երբ իմացավ, որ իր պապիկը՝ Լիդիայի հայրը, ջրագնդակի մարզիչ է եղել, միջազգային կարգի մրցավար ու շատ մեդալներ ունի: Նա դասավանդել է Կուկուռուզնիկի (Երիտասարդական պալատ) լողավազանում: Նրա պատուհանից հենց այդ տեսարանն է բացվում, բայց շենքն էլ չկա: Սկսեց հետաքրքրվել ու իմացավ շենքի հետ կապված ամեն ինչ, «սովետական» Երեւանի բոլոր կառույցների մասին մանրակրկիտ տեղեկություններ ունի: Երբ ճարտարապետներն իմացան Էդուարդի մասին, հանդիպեցին հետը: Դրան հաջորդեց մետրոյի ուսումնասիրությունը, Մետրոպոլիտենից հրավեր ստացավ, ապա մասնակցեց հունիսի 1-ին նվիրված նկարահանման, որի կադրերը ցուցադրվեցին բոլոր կայարաններում: Ես իրենից իմացա, որ «Տիտանիկի» վրա 6 հայ է եղել, նրանից մեկը՝ Դավիթ անունով, նշանված էր ու խոստացավ ամեն գնով փրկվել ու գտնել սիրելիին, այդպես էլ արեց:
- Իսկ փոքր որդին ինչո՞վ է տարբերվում:
Գագիկ. Դավիթի պես ուրախ երեխա դեռ չեմ տեսել, իրեն հետաքրքիր է ամեն վայրկյանի ժամանցը: Անընդհատ պետք է մի տեղ գնա: Ցանկացածի գրկում էլ մնում է, դեռ փոքր է, բայց հստակ բնավորություն ունի՝ բոլորի հետ լավ լինել:
«Իմ ամենալավ ընկերն է»
Գագիկ. Լիդիային չեմ ուզում գովել, բայց այն կատարյալ կանանցից է, եթե ասելու կամ քննադատելու որեւէ բան ունի, նախ իր մեջ է վերլուծում, հետո՝ բարձրաձայնում: Հարց տալուց առաջ պատասխանն արդեն գիտի. շատ նորմալ քրքրել է ամեն ինչ ու գտել այն: Այնպես որ, որեւէ բան հարցնելիս պետք է ճիշտն ասել, իմաստ չունի խաբել: Ինչքան էլ տարբեր ընկերներ ունենամ, իմ ընկերը Լիդիան է, որովհետեւ ավելի անկեղծ հարաբերություններ, քան քո կնոջ հետ, ոչ մեկի հետ չես ունենալու:
«Առանց նրա կիսատ եմ»
Լիդիա. Մի հիանալի, տակավին երիտասարդ, որին հանդիպեցի 17 տարի առաջ: Փաստորեն չեմ հոգնել իրենից, ինչը զարմանալի է, որովհետեւ ես, սովորաբար, մարդկանցից, իրերից հոգնում եմ եւ հանգստանալու ու լիցքաթափվելու կարիք է լինում: Բայց նրանից հանգստանալու ցանկություն այս ընթացքում երբեք չեմ ունեցել: Եթե որեւէ երկիր է մեկնում, միշտ ծանր է, ինձ մենակ եմ զգում առանց նրա, կիսատ: Երբ վերադառնում է, նոր լիարժեք եմ դառնում, բայց դա նրանից չէ, որ բնույթով ինքնաբավ չեմ:
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: