×


«Շտապիր սիրել». Հրազդանի կամերայինը հույզեր է բերել Երեւան

Հրազդանի նորաստեղծ կամերային թատրոնի «Շտապիր սիրել» ներկայացումն առաջին անգամ Երեւանում ցուցադրվեց «Մետրո» թատրոնում: Այն ժամանակի գնահատման ու վերաարժեքավորեք մասին է, Bravo.am-ի հետ զրույցում ասել է բեմադրիչ Արմեն Մարգարյանը:

Աշխատանքի հիմքում Հերման Ռաուչերի պիեսն է, որի հիման վրա 1968 ու 2001 թվականներին նկարահանվել է «Քաղցր նոյեմբեր» ֆիլմը:


Սառան ու Նելսոնը ծանոթանում են վարորդական իրավունքի քննության ժամանակ՝ չպատկերացնելով անգամ, որ այդ հանդիպումը բախտորոշ է լինելու իրենց կյանքում: Թեեւ Սառային ապրելու միայն մեկ ամիս է մնում, բայց նա վայելում է ամեն պահն ու փորձում ոչինչ բաց չթողնել: Նելսոնը նրա հակապատկերն է. տարված է իր աշխատանքով ու մտածում է միայն ստացված գործարքների մասին: Բայց ընդամենը մեկ ամսում կարելի է ամեն ինչ գլխիվայր փոխել ու սովորեցնել արժեւորել կյանքը:

Այս հայտնի պատմությունը յուրովի են զգացել ու ներկայացրել Մարգարյանն ու նրա դերասանները՝ Էլեն Գեւորգյանը, Հայկ Պետրոսյանը եւ Անդրանիկ Անտոնյանը: Նրանք ստեղծել են դինամիկ, երաժշտական ու հուզիչ աշխատանք, որում ռեժիսորական հետաքրքիր լուծումներն ու բեմի ձեւավորումը հանդիսատեսին կտրում են իրականությունից եւ իրենց հետ վերապրել տալիս Սառայի կյանքի վերջին ու Չարլիի նոր կյանքի մեկ ամիսը:


«Վերաարժեւորեք ձեր ժամանակը, որովհետեւ ցանկացած պահի այն մարդիկ, որոնց հետ երջանիկ եք, կամ նրանք, ում նեղացել ենք, հնարավոր է՝ այլեւս չլինեն, այդ դեպքում ի՞նչ եք անելու։ Այդ ամենի մասին սովորաբար սկսում ենք մտածել ու մարդուն գնահատել կորցնելուց հետո, մինչդեռ դա պետք է անել կյանքի օրոք»,- համարում է Մարգարյանը:

Սեպտեմբերին Հրազդանի կամերային թատրոնի բացումը հենց այս ներկայացմամբ է ազդարարվել: Կամերայինի հիմնադիր եւ գլխավոր պրոդյուսեր Շահեն Փանոսյանը քաղաքում նոր թատրոն բացելու խենթ մտահղացում է ունեցել ու դրանով վարակել Արմեն Մարգարյանին:

«Ես էլ դերասաններին վարակեցի, ու սկսեցինք մեր առաջին ներկայացման աշխատանքները: Թվում է՝ այն կյանքի կոչելը երազանք էր, բայց կարողացանք Հրազդանի հանդիսատեսին այլընտրանքային թատրոն պարգեւել: Այն փորձարարական, հրաշալի ու բաց հարթակ է, որտեղ իրենց խենթ գաղափարները կարող են իրագործել բոլոր արվեստագետները»,- ասել է նա:


Մարգարյանի համար խենթությունը պիեսի ընտրության ու բեմադրական տեսանկյունից է եղել: Ինչպես իր հերոսուհին է լիարժեք կյանքով ապրում, նույնն էլ փորձում է հանդիսատեսին սովորեցնել: Հայտնվելով Նելսոնի կյանքում՝ Սառան
կարողանում է նրան վերափոխել ու ստիպել վերանայել իր շուրջը կատարվող երեւույթները, իրականը տարբերել անիրականից, արժեքավորն՝ անարժեքից։

«Դերասաններն իմ ընկերներն են: Հայկի ու Անդրանիկի հետ նույն կուրսում ենք սովորել, Էլենի հետ մի նախագծի շրջանակում ենք ծանոթացել, ու նրա արտաքինն ինձ հետաքրքիր էր թվացել, հետո իմացա, որ մասնագիտությամբ դերասանուհի է, բայց հանգամանքների բերումով այդ գործով քիչ է զբաղվել: Որոշեցի հենց նրան առաջարկել Սառայի դերը: Շնորհակալ եմ, որ երեքն էլ միանգամից համաձայնեցին: Նրանք իրենց վարպետության շնորհիվ իմ գաղափարներն ավելի գեղեցկացրին ու ներկայանալի դարձրին։ Հենց առաջին փորձերից էլ հասկացա, որ նշանակետին եմ կրակել. Հայկի մեծ փորձն ու Էլենի քիչ փորձառությունն իրար չեն խանգարում: Անդրանիկն էլ անխտիր բոլորին սիրելու զգացումով է օժտված: Դատելով հանդիսատեսի արձագանքից՝ մեր համատեղ աշխատանքը ստացվել է: Երեւանում առաջին անգամ խաղացինք, եւ հուսամ՝ ներկաներն անտարբեր չհեռացան»,- նշել է Արմեն Մարգարյանը:


Հայկ Պետրոսյանն ուրախ է, որ իր մասնակցությունն է ունեցել մարզում թատերական կյանքի զարգացմանը, իսկ Երեւանում նույն ներկայացումը խաղալիս բեմական տարածքին հարմարվելու խնդիր է ունեցել, սակայն արագ մտել է հունի ու իր կերպարի մեջ: Դերասանի խոսքով՝ ինքը շտապել է սիրել դեռ 13 տարի առաջ ու հիմա էլ կնոջը շատ է սիրում, իսկ ներկայացումը նրա համար մի քանի առումով է առանձնանում:

«Այն ինձ բեմում հնարավորինս օրգանական լինելու հնարավորություն է տվել: «Շտապիր սիրել»-ը ֆիլմի է նման. թատերայնացված շատ քիչ լուծումներ կան, ու մինիմալիզմի մեջ ենք, հենց դա էլ փորձել եմ հաղթահարել։ Մի կարեւոր բան էլ հասկացա, որ այս կյանքում ամենաբարդը պարզ փոխհարաբերություններն են: Մինչեւ հիմա չեմ հասկանում, թե մարդիկ իրարից ինչ են ուզում, այն դեպքում, երբ կարող են իրար պարզապես հարգել, ընդունել եւ սիրել»,- ասել է դերասանը:


Էլեն Գեւորգյանի համար Սառան առաջին լուրջ դերն է թատրոնում, ճիշտ է՝ 14 տարեկանից խաղացել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, բայց հետո չի զբաղվել այդ աշխատանքով. «Արմենին վաղուց գիտեմ, մի օր զանգեց ու դեր առաջարկեց: Անընդհատ հարցնում էի. «Հաստա՞տ ես կարող եմ», նա խնդրեց իրեն վստահել, ու միմյանց օգնելով՝ առաջ գնացինք: Հայկն ու Անդրանիկն էլ ինձ շատ օգնեցին. նրանք ավելի մեծ փորձ ունեն ու լավ խաղընկերներ են»:

Էլենը ցանկանում է գոնե ամիսը մեկ խաղալ այս ներկայացումը, որպեսզի հասկանա՝ ինչպես է պետք ապրել: Սառայի պես խենթ ու ինքնամոռաց ապրել չի կարողանում, բայց ձգտում է գոնե մի քիչ նմանվել նրան. «Պետք է պարզապես լինել, վայելել, սիրել: Երբ ինչ-որ բան եմ անում, մտածում եմ. «Օ՜, մի րոպե, Սառան այսպես չէր անի» կամ «Սառան այսպես կանե՞ր»։ Բարդ իրավիճակների հանդիպելիս մտածում եմ. «Դու՝ որպես Էլեն ու խուճապի մատնվող մարդ, այսպես ես մտածում, արի հասկանանք՝ Սառան ինչպես կաներ»։ Հույս ունեմ, որ ներկայացումը մարդկանց կօգնի իրենց աշխարհայացքի ու մտածելակերպի մեջ որեւէ բան փոխել»:


Անդրանիկ Անտոնյանը վայելել է ներկայացման նախապատրաստական փուլը, հիմա էլ հաճույք է ստանում բեմում իր խաղընկերների հետ. «Ներկայացումը հանդիսատեսին ու մեզ համար բացում է սիրո, հոգատարության, ընկերության նոր շերտեր եւ տեսանկյուններ, ինչը շատ կարեւոր է։ Բոլորդ սիրեք իրար, հոգ տարեք միմյանց մասին ու իրար խնամքով վերաբերվեք»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW