×


Բրեդ Փիթը նոր ֆիլմի պրեմիերային հայտնվել է կիսաշրջազգեստով

Բրեդ Փիթն այս օրերին եվրոպական շրջագայության է մեկնել, որի ընթացքում զբաղվում է իր նոր՝ «Արագընթաց գնացք» ֆիլմի գովազդային արշավով: Բեռլինում ֆիլմի պրեմիերային նրա ընտրած հագուստը սենսացիոն է դարձել ու մեծ իրարանցում առաջացրել համացանցում:

Բանն այն է, որ տաբատի փոխարեն Փիթը նախապատվությունը տվել է կիսաշրջազգեստին՝ բացելով ծնկները, իսկ կերպարին յուրահատկություն են հաղորդել բարձր երկարաճիթ կոշիկները: Ամբողջական տեսքի համար նա ընտրել է նաեւ վարդագույն վերնաշապիկ ու դարչնագույն պիջակ: Այս լուքի շնորհիվ հնարավոր է դարձել ավելի մանրակրկիտ ուսումնասիրել օսկարակիր դերասանի դաջվածքները:


Թեեւ ամենաանսովորը 58-ամյա Փիթի ընտրած բեռլինյան կերպարն էր, բայց Փարիզում էլ նա շատ նորաձեւ է եղել: Երբ լուսանկարիչները շրջապատել են դերասանին ու փորձել նկարել, կարատեի մի քանի հնարք է ցուցադրել, որոնք սովորել ֆիլմի նկարահանումների ժամանակ:


Ֆիլմի սցենարով 5 անծանոթ մարդասպաններ իրենց պատվիրատուի ցանկությամբ պետք է սպանություն գործեն արագընթաց գնացքում: Արդյունքում պարզվում է, որ թիրախում հենց իրենք են: Ֆիլմում նկարահանվել են նաեւ Սանդրա Բուլոքը, Բեդ Բանին, Աարոն Թեյլոր-Ջոնսոնը, Ջոի Քինգը եւ այլք:


Ավելի վաղ ֆիլմի ռեժիսոր Դեւիդ Լինչը GQ-ին պատմել է իր նոր աշխատանքի մասին. «Փիթի հետ հիմնականում խոսել ենք այն մասին, որ ֆիլմը հետաքրքիր, թարմ ու ինքնատիպ ստացվի, որպեսզի մարդիկ ցանկանան կինոթատրոն գնալ»:



Ֆիլմում Փիթի խաղընկեր Բրայան Թայրի Հենրին նշել է, որ նկարահանումների ընթացքում շատ զվարճալի ժամանակ են անցկացրել. «Ամենաշատը ծիծաղն եմ հիշում: Բրեդ Փիթի ծիծաղն իսկապես վարակիչ է: Նա այնպիսի թեթեւություն է բերում նկարահանման հրապարակ: Ասես վարպետության դաս ստանաս ամեն անգամ»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW