×


ՀայՓոստի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը

ՀայՓոստի մեծ նորությունն ազդարարվեց համերգով․ թողարկվել է «ՀայՓոստ+» հավելվածը

Փոստային ծառայությունները՝ մեկ թվային հարթակում. այսուհետ բազմաթիվ գործարքներ հնարավոր կլինի իրականացնել առանց սպասարկման կենտրոններ հասնելու. ՀայՓոստ ընկերությունը ներկայացրել է նոր բջջային հավելվածը՝ «ՀայՓոստ+»-ը, որն ուղղված է հաճախորդներին ավելի հեշտ ու արագ սպասարկելուն։

Seasons այգում կազմակերպված համերգային մեծ միջոցառմամբ ընկերությունը երեկ հայտարարեց հավելվածի թողարկման եւ դրա հնարավորությունների մասին։ BRAVO.am-ը ներկա է եղել շնորհանդեսին, լուսանկարել է տոնական օրվա ուշագրավ դրվագներն ու զրուցել ՀայՓոստի ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե որոնք են հավելվածի ստեղծման նպատակները, ինչ ֆունկցիոնալ առավելություններ ունի այն, եւ թե առաջիկայում ինչ նոր ծրագրեր են սպասվում այս ուղղությամբ։


«Երկու տարվա մեծ վերափոխումը վերջապես ավարտվում է, այսօր արդեն ՀայՓոստն ամբողջովին թվայնացված է, եւ կա հավելված, որը կարող եք ներբեռնել այս պահից սկսած։ Սա ՀայՓոստի ռեինկարնացիան է, եւ մենք որոշել ենք ձեզ հետ նշել դա՝ «Ռեինկարնացիա» խմբի համերգով»,- իր ելույթում ասաց ՀայՓոստի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը։

Բայց մինչ Ռեինկարնացիան դուրս կգար բեմ՝ իրեն բնորոշ արեւային տրամադրությամբ, այգում հավաքված բազմաթիվ մարդկանց՝ մեծ ու փոքր երաժշտասերներին, պարել ստիպեցին DJ Donz-ն ու The Boing Orchestra-ն։ Երեկոյի ավարտին էլ նախատեսված էր մրցույթ անցկացնել հավելվածը ներբեռնած մասնակիցների միջեւ, որի հաղթողը նոր iPhone13 Pro Max սմարթֆոն էր շահելու։ Այնպես որ, ոգեւորության ու բարձր տրամադրության պակաս, վստահաբար, չկար ներկաների շարքերում։ Այդ ընթացքում էլ հասցրինք զրուցել Հայկ Կարապետյանի հետ ու հետաքրքրվել հավելվածի ընձեռած հնարավորությունների ու առավելությունների մասին:


«Այսօր իսկապես կարեւոր օր է մեզ համար, քանի որ «ՀայՓոստ+» հավելվածի թողարկմամբ մենք սահմանում ենք փոստային ծառայությունների մատուցման բոլորովին այլ մակարդակ՝ ավարտում ենք ծառայությունների թվայնացման գործընթացի կարեւորագույն փուլը, ինչը մեր ռազմավարության գլխավոր նպատակներից է: Հավելվածը մեր հաճախորդներին հնարավորություն կտա էլեկտրոնային իրավահավաստի նամակներ, հաղորդագրություններ փոխանակել՝ իրականացնելով բիզնես կամ այլ գործառույթներից բխող գործընթացներ»,- նշեց Կարապետյանը։

«ՀայՓոստ+» հավելվածը ներբեռնելով՝ հաճախորդներն առանց փոստ այցելելու կարող են օգտվել փոստային մի շարք ծառայություններից, որոնք իրականացվում են բաժանմունքներում։ Մասնավորապես՝ պետական կառույցների կողմից (այս պահին միայն ԴԱՀԿ-ի) ուղարկված ծանուցումների հեշտ եւ արագ ստացում, բեռնային համարի միջոցով առաքանու հետեւում եւ այն հետագա թարմացումներ ստանալու նպատակով պահպանում, փոստային հաշվիչներ, առանց հերթի մասնաճյուղ այցելելու համար հերթագրում, փոստային ծառայություններին ծանոթացում եւ այլն:


Հայկ Կարապետյանը նաեւ ասաց՝ ՀայՓոստն արդեն ունի 750 հազարից ավելի բաժանորդ՝ ֆիզիկական անձինք, եւ մոտ 10 հազար կորպորատիվ հաճախորդ։ Համոզված են, որ նրանց 50 տոկոսը մեկ տարվա ընթացքում անցում կկատարի թվային համակարգին՝ օգնելով խնայել շատ ռեսուրսներ ու ավելի արդյունավետ դարձնել թե՛ ՀայՓոստի, եւ թե՛ պետական համակարգի աշխատանքը։

ՀայՓոստի դուստր կազմակերպության՝ iNovation-ի տնօրեն Արթուր Հարությունյանն էլ լրագրողների հետ զրույցում ընդգծեց՝ քանի որ իրենց գործընկերների ու բաժանորդների թիվն աստիճանաբար ավելանում է, նպատակ ունեն թղթային ողջ նամակագրությունը տեղափոխել թվային հարթակ։ Նաեւ շեշտեց՝ ներդրել են անվտանգության այնպիսի համակարգ, որը թույլ կտա տվյալների ամբողջ բազան պաշտպանել չարագործների ցանկացած հարձակումից։


ՀայՓոստի պրոդուկտների զարգացման եւ կառավարման բաժնի ղեկավար Գրիգոր Բաղդագուլյանն էլ նշեց, որ բավական երկար ժամանակ են տրամադրել շուկայի ուսումնասիրությանը, հասկացել են, թե որ երկրում ինչ փորձ կա փոստային օպերատորների հավելվածների մասով։ Դրա հիման վրա էլ նախագծել են «ՀայՓոստ+» հավելվածը․ «Դեռ շատ ավելին ենք ներդնելու հետագա թարմացումների ընթացքում։ Հավելվածի հաջորդ՝ 2.0 տարբերակը կներկայացվի շուտով, որտեղ հասանելի կլինեն նամակների եւ առաքանիների օնլայն ձեւակերպման ծառայությունը, առաքիչի կանչը, հավելվածով ծանուցումներ ուղարկող կառույցների ավելի մեծ ցանկը»։


Հավելենք, որ «ՀայՓոստ+» հավելվածի 1.0 տարբերակն արդեն հասանելի է AppStore եւ GooglePlay մարկետներում: Այս պահից սկսած՝ դուք նույնպես կարող եք մաս դառնալ մեծ վերափոխման, որը նպատակ ունի բարձրացնել ծառայությունների որակը, սպասարկումը դարձնել ավելի հեշտ, արագ, հասանելի, ինչպես նաեւ խնայել թղթի օգտագործումը՝ անցում կատարելով թվային հարթակ։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/ եւ ՀայՓոստի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW