BRAVO.am-ը շարունակում է ամառային ամիսները լցնել համեղ մուրաբաներով, սեխի բույրով, գույնզգույն տոլմայով, մարզումներով ու մանկության հիշողություններով: Այս անգամ դրանում մեզ օգնել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասանուհի Ալլա Սահակյանը:
- Ինչո՞ւ եք սիրում կամ հակառակը՝ այդքան էլ չեք հավանում տարվա այս եղանակը:
- Ամառը սիրում եմ, նախ՝ քանի որ մրսկան եմ ու ամբողջ տարի սպասում եմ տաք եղանակներին: Ամառը տաքության, բնության ու համով մրգերի ժամանակն է: Ամբողջ տարվա ընթացքում աշխատում ես ու հետաքրքիր նախագծեր անում, իսկ ամառը դադարի պահ է, որ լիցքեր հավաքես ու նոր պլաններ գծես:
- Ամառային ի՞նչ սովորություն կամ արարողակարգ ունեք։
- Պարտադիր մուրաբաներ եմ պատրաստում, որոնցից կառանձնացնեմ վարդինը, ելակինն ու ազնվամորունը: Չնայած պատրաստի ամեն ինչ կա, արդեն սովորել եմ իմ ձեռքով պահեստավորել: Սովորություններից է նաեւ ընտանիքով ծով գնալն ու դստերս հետ լավ ժամանակ անցկացնելը:
- Ինչպե՞ս է ամառն ազդում Ձեր ստեղծագործական էներգիայի վրա:
- Այն չի փոխվում, քանի որ միշտ լավատեսությամբ եմ տրամադրված: Եթե նույնիսկ ակտիվ չեմ, ուրեմն՝ կուտակումների փուլում եմ: Լավ պաշար եմ հավաքում, որ հետո կարողանամ սպառել: Արեւային տրամադրությունն ամբողջ տարվա ընթացքում իմ հոգում կա:
- Ամենաանմոռանալի ու թեժ ամառը:
- Նախանցյալ տարի էր, երբ Կիպրոսում Գարրիի հետ համերգներ ունեինք ու նաեւ հանգստանում էինք: Ծրագիրը շատ խիտ էր, ու ամառը մի շնչով անցավ:
- Ինչպե՞ս էիք անցկացնում ամառային ամիսները մանկության տարիներին:
- Ամենավառ հիշողությունները հենց մանկությունից են մնացել: Այն ժամանակ Շահումյանի շրջանը դեռ մերն էր, ու մորս հայրն ապրում էր Բանանց գյուղում, որին էլ հյուր էի գնում: Նա պատերազմի վետերան էր ու շատ հետաքրքիր մարդ:
- Ո՞րն է մանկությունից մնացած ամառային ամենալավ հիշողությունը:
- Պապիկս ցնցուղի մեջ ժայռի վրայից մորի էր հավաքում, ինչը շատ է տպավորվել: Դրանից առավել վառ հիշողություններ առանձնապես չունեմ՝ երեւի պապիկիս կերպարի, այդ տան ու նկարածի պես գեղեցիկ բնություն ունեցող գյուղի շնորհիվ: Հետո հաճախ էինք խոսում, որ այն էլ մերը չէ, ինչի պատճառով էլ գյուղի հետ կապված ամեն ինչ դաջվել է հիշողությանս մեջ:
- Ի՞նչ եք հասցրել առաջին անգամ անել այս ամռանը:
- Առաջին անգամ պոպոքի մուրաբա եմ սարքել (ծիծաղում է,-հեղ.): Իրականում շատ տնարար եմ, չնայած ինձ չճանաչողները կարծում են՝ ոչինչ անել չգիտեմ: Մամաս է սովորեցրել ու ասել՝ կարող է մի օր հայտնվեմ անմարդաբնակ կղզում, պիտի ամեն ինչ իմանամ:
- Ամառային սիրելի ուտելիքները:
- Շատ եմ սիրում ամառային նախշուն տոլմա՝ թե՛ պատրաստել, թե՛ ուտել։
- Իսկ որեւէ բաղադրատոմսով կկիսվե՞ք մեզ հետ:
- Արդեն մի քանի տարի է տոլմա եմ պատրաստում նաեւ հավի կրծքամսով: Այն մանրացնում եմ, աղ ու սխտոր ավելացնում, համեմում կարմիր ու սեւ պղպեղով, թարմ կանաչիներ՝ սամիթ, ծիտրոն, ռեհան ավելացնում: Խառնուրդով լցոնում եմ գունավոր պղպեղներն ու նաեւ սոխը, արանքում էլ մի քանի սալորաչիր դնում՝ հետաքրքիր թթշվաշություն հաղորդելու համար:
- Զովանալու տարբերակներ:
- Ամռանը հիմնականում ջրի մեջ եմ՝ լողավազանում, կամ եթե ստացվում է՝ ծովում: Ջրային երեւույթ եմ:
- Ամռանը դիտելու ֆիլմ կամ սերիալ:
- «Հռոմեական արձակուրդները»:
- Լավագույն գրքերը առման մասին:
- «Խատուտիկի գինի»-ն: Բրեդբերին ասես Երեւանի ամառը նկարագրի՝ տոթը, շոգն ու անվերջանալի օգոստոսը:
- Հայաստանում ամռանն այցելելու 3 վայր:
- Ստեփանավանում է ամռանը լավ հով ու գեղեցիկ, հետո՝ Դիլիջանում, որտեղ բնությունն ու սարերը գեղեցիկ են, ու կարելի է նաեւ Մակարավանքը տեսնել: Վերջինը կնշեմ Սեւանը:
- Ինչպե՞ս եք պահում մարզավիճակն ու ի՞նչ առողջ սովորություններ ունեք:
- Մարզանքն իմ օրակարգի անքակտելի մասն է: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը անհրաժեշտ է՝ դիմադրողականությունն ու կազմվածքը պահպանելու համար։ Աշխատում եմ վատ սնունդ չուտել. հիմնականում բանջարեղեն ու մրգեր եմ օգտագործում: Միշտ հարցնում են, թե ինչպես եմ նիհար մնում. առավոտը սկսում եմ ջրով ու մրգով: Սնվելիս երբեք ջուր չեմ խմում, երեկոյան ժամը 19:00-ից հետո գրեթե չեմ ուտում. խմում եմ մեղրով թեյ կամ մի քանի պոպոք ուտում: Խնջույքների դեպքում բացառություններ լինում են, բայց հիմնականում պահպանում եմ կանոնները: Ներկայացումներից առաջ էլ սնվում եմ, որ ուշ ժամի քաղցած տուն չհասնեմ: 3-4 անգամ եմ սնվում՝ քիչ քանակությամբ. կարեւորը սնունդից հաճույք ստանալն ու դանդաղ ծամելն է: Ճաշելիս միշտ սկսում եմ հում բանջարեղենից կամ մրգից, հետո նոր տապակած կամ թխած սնունդ օգտագործում: Սննդաբանների խորհուրդներին եմ հետեւել ու զգացել, որ մարմինս ավելի երիտասարդ է մնում: Լավ քունը նույնպես շատ կարեւոր է:
- Ի՞նչն է տարվա այս եղանակին Ձեզ ամենաշատը ոգեշնչում:
- Բնությունը, ծովը, հանգիստը:
- Ո՞րն է կատարյալ հանգիստը Ձեզ համար:
- Դժվար է որեւէ տեղ կատարյալ հանգիստ գտնել, քանի որ մեր միտքը միշտ աշխատում է, բայց ինձ հանգիստ եմ զգում ջրի մոտ՝ ծովի ափին: Այն խաղաղեցնում ու հանգստացնում է:
- Արդյո՞ք դերասանի աշխատանքն ու արձակուրդը համատեղելի են:
- Միշտ էլ հնարավոր է համատեղել: Ամեն մեկն ինքն է որոշում իր ծանրաբեռնվածության չափը. մարդը չպիտի աշխատանքում իրեն սպառի, որ մարզվելու, հանգստանալու ու դադար առնելու ժամանակ չունենա: Այդ դեպքում էլ կյանքն ինչի՞ համար է:
- Որտե՞ղ ու ինչպե՞ս եք պլանավորում հանգստանալ:
- Ծովային որեւէ երկրում:
- Ի՞նչ է պետք անպայման հասցնել անել այս 2 ամսվա ընթացքում:
- Լավ հանգստանալ, հաճելի ժամանակ անցկացնել ու պլանավորած գործերը սկսել:
- Ինչի՞ բույրն առնել:
- Ծովի, ամառային անձրեւի, սեխի:
- Ի՞նչ շոշափել:
- Ավազը:
- Ի՞նչ դիտել:
- Պատմամշակութային վայրերը: Որոշել եմ գնալ Հունաստան եւ Ակրոպոլիսը տեսնել:
- Որտե՞ղ լինել:
- Հարազատների ու քեզ գնահատողների միջավայրում:
- Ո՞ւմ գրկել պարտադիր:
- Երեխային:
- Ի՞նչ սովորել:
-Մարդ մնալ:
- Կարդալ:
- Հայոց պատմություն:
- Լսել:
- Բախ:
- Ի՞նչ չթաքցնել:
- Ազնիվ մղումներն ու սերը:
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Ալլա Սահակյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: