×


Ջաֆար Փանահի. «Կաննում հաղթած ֆիլմը ոչ թե ես եմ նկարել, այլ՝ Իրանը»

Այս օրերին Երեւանը վայելում է «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի բերած թարմ կինոշունչն ու ծանոթանում աշխարհահռչակ ռեժիսորների հետ: Նրանցից մեկն իրանցի Ջաֆար Փանահին է, որն ամիսներ առաջ Կաննում արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղի» ու դարձել մերօրյա այն քիչ ռեժիսորներից մեկը, որն ունի եվրոպական 4 կարեւոր կինոփառատոնների մրցանակները: Նրա ֆիլմերը լավագույնն են ճանաչվել Վենետիկում, Բեռլինում, Լոկառնոյում ու Կաննում:

Չնայած համաշխարհային ճանաչմանն ու սիրուն՝ ռեժիսորի ֆիլմերն իր հայրենիքում արգելված են, ինքն էլ մեղադրվել է հակակառավարական գործունեության համար ու 6 տարվա ազատազրկման ենթարկվել, որը հետագայում տնային կալանքի է փոխարինվել: Փանահիին նաեւ արգելվել է Իրանի սահմաններից դուրս գալ, ֆիլմեր նկարահանել ու հարցազրույցներ տալ:

22-րդ «Ոսկե ծիրան»-ի բացումն ազդարարվեց նրա «Մի պարզ պատահար» ֆիլմով, որը ցուցադրվեց նաեւ երկրորդ անգամ՝ կրկին լեփ-լեցուն դահլիճում: Փառատոնի կազմակերպիչները բանակցում են այն 3-րդ անգամ ցուցադրելու շուրջ: Ռեժիսորի հետ հանդիպումն էլ բազմամարդ էր. արգելքների պայմաններում ֆիլմեր նկարահանելու ու ոչ մի դեպքում չնահանջելու կարեւորության մասին էին հավաքվել լսելու Փանահիի արվեստի սիրահարները՝ Հենրիկ Մալյանի անվան թատրոնում:

Անակնկալ հանդիպումը

Ուրախ եմ այս հանդիպման համար: Մեկ ժամ առաջ չգիտեի, որ այստեղ եմ գալու: Ինձ համար հետաքրքիր անակնկալ էր։

Իրանցիները նրա ֆիլմերին քիչ են ծանոթ

Ցավոք, վերջին տարիների իմ ֆիլմերից եւ ոչ մեկը չի ցուցադրվել Իրանի կինոթատրոններում, միայն շատ վաղուց «Սպիտակ գունդ»-ն է բացառություն եղել: Դրա համար էլ, մեծ հաշվով, չգիտեմ, թե մեր ժողովրդի վերաբերմունքն իմ գործերի հանդեպ ինչպիսին է։ 


Ուրախացնում է այն, որ տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ արդեն հասարակության լայն շերտերն են իմ ֆիլմերը դիտելու հնարավորություն ստացել։ Դա ստեղծագործողի համար մեծ երջանկություն է. ի վերջո, մարդկանց համար ենք ֆիլմ նկարում։

«Օսկար»-ի ու «Ոսկե արմավենու ճյուղի» ազդեցությունն Իրանում

Նման մրցանակները երբեմն շատ դրական ազդեցություն են ունենում, ազգին խանդավառվելու հնարավորություն տալիս, իսկ ստեղծագործողներին՝ հուսադրում։ Դրանք հատկապես նշանակալի դերակատարում են ունենում երիտասարդների կյանքում, որոնք չգիտեն՝ ինչ նկարել, որտեղ ցուցադրել իրենց ֆիլմերը։ Իսկ այդ մրցանակներն օգնում են ֆիլմերը ներկայացնելու համար ճանապարհներ գտնել։ 

Աբաս Քիառոստամիի ու Ասղար Ֆարհադիի օսկարներից հետո համընդհանուր տոն էր՝ ամբողջ երկիրն էր հպարտություն եւ ուրախություն զգում։ 

Կաննի փառատոնի փակման անքուն գիշերը

Փակմանը նախորդող երեկոյան բանտային ընկերներս մի կերպ կապվեցին հետս ու ասացին, որ իմ ելույթը բուռն ոգեւորություն է առաջացրել բանտարկյալների շրջանում։ Նրանք որոշել էին հաղթանակի դեպքում աննախադեպ նախաձեռնությամբ հանդես գալ։ Բանտարկյալների համար հատկապես կարեւոր էր, որ հենց «Ոսկե արմավենու ճյուղին» արժանանամ։ 

Ամբողջ գիշեր չկարողացա քնել, նույն ապրումներով էլ գնացի փակման արարողությանը: Մրցանակները հայտարարելիս հուզվում էի, եւ երբ գլխավոր մրցանակի հաղթողին հայտարարեցին, «ախ» քաշեցի: Բայց դա ոչ թե ինձ համար էր, այլ՝ բանտարկյալների, քանի որ գիտեի, թե ինչ ոգեւորություն կառաջացնի ու որքան մեծ նշանակություն կունենա նրանց համար։ Ձեզ հետ այս հիշողությամբ կիսվեցի, քանի որ յուրահատուկ պահ էր իմ հայրենիքում ապրողների համար։ Որպես կինոգործիչ՝ երջանիկ էի, քանի որ իմ ֆիլմը հասանելի էր ամենուր ու յուրաքանչյուրին՝ բանտարկյալներից մինչեւ փողոցում քայլող ցանկացած հայրենակցի:

Երազանքը

Անկեղծ կլինեմ. ամեն ռեժիսոր երազում է, որ իր ֆիլմերն առաջին հերթին ցուցադրվեն հենց իր երկրում, ու կարողանա կապ հաստատել իր հասարակության հետ։ Սխալ չհասկանաք խոսքերս. այս հանդիպումն էլ շատ հաճելի է ինձ համար, բայց իմ երկրում եւս ցանկանում եմ մարդկանց հետ նման զրույց ու քննարկում ունենալ եւ ֆիլմերս հասցնել իմ ժողովրդին՝ առանց սահմանափակումների:

Չհանձնվելը

Երբ ֆիլմ նկարելու գաղափար եմ ունենում, այն ոչ մի դեպքում բաց չեմ թողնում. միշտ գտնում եմ կյանքի կոչելու տարբերակները: Սահմանափակումների պայմաններում շարունակում եմ դիմադրել եւ ամեն կերպ իմ ճանապարհն եմ գտնում ուզածս ֆիլմը նկարելու համար: Ոչ մի դեպքում չեմ անում այն, ինչ ինձ պարտադրում են: 


Իրանցի շատ կինոգործիչներ՝ ճնշումներով պայմանավորված, ստիպված էին հեռանալ երկրից կամ էլ անգործության դատապարտվել։ Հայտնի դերասանուհիներ կան, որոնց դիտելու համար կինոթատրոններ էին լցվում: Բայց նրանք էլ չենթարկվեցին պահանջներին, ու արդեն մի քանի տարի է՝ անգործ են։ Դա էլ նրանց պայքարի տեսակն է, ու շարունակում են ամեն գնով հավատարիմ մնալ ստեղծագործական ուղուն։

Հոգու հայելիները

Հանուն իմ գաղափարների պատրաստ եմ ցանկացած զոհողության։ Անում եմ այն գործերը, որոնք տեսնում եմ իմ ներսում ու երազում նկարել: Պրոդյուսերների չեմ դիմում, որպեսզի նրանց գումարների պատճառով ստիպված չլինեմ փոփոխություններ անել։ Ֆիլմ նկարելու համար երբեմն գումար եմ պարտք վերցնում, բայց այդկերպ իմ հոգու փափագն եմ իրականություն դարձնում ու հավատարիմ մնում ինքս ինձ՝ ապահովագրելով երազանքս։ Դրա համար էլ չկա մի ֆիլմ, որը նկարելու համար փոշմանել եմ: Բոլոր ֆիլմերիս համար էլ հպարտ եմ, դրանք իմ հոգու հայելիներն են։ 

Արդյոք բարին կարո՞ղ է հաղթել չարին

Իմ վերջին ֆիլմի՝ «Մի պարզ պատահար»-ի թեման է, թե ինչպես է պետք դիմակայել։ Եթե մի օր հասարակարգերը փոխվեն, արդյոք վրեժխնդրությունն ու դաժանությունը պիտի՞ տեղ ունենան մեր կյանքում: Գուցե, իմ ֆիլմն ապագայի մասին է... Ուզում եմ, որ փոփոխություններն առանց վրեժխնդրության ու կոպտության լինեն, հաղթեն բարությունն ու ներումը։

Սեփական կյանքը կինո դարձնելը

Հասարակական թեմաների մասին եմ ֆիլմեր նկարում ու օրինակներ վերցնում իրական կյանքից: Բանտը եւս իմ կյանքի մի մասն է. այդ ամենի միջով անցել եմ, ու դա մեծ հետք է թողել ինձ վրա։ Հետեւաբար, անկեղծ չի լինի, որ կյանքիս այդ հատվածը բաց թողնեմ ու իմ գործերում չանդրադառնամ։ Դրա համար էլ կարող եմ ասել, որ վերջին ֆիլմս ոչ թե ես եմ նկարել, այլ՝ Իրանը։ Երբ արվեստագետներին բանտ են ուղարկում, նրանք չեն կարող դրանից որեւէ բան չքաղել։ 


Մեքենաներից արված նկարահանումները

Իմ 5-6 ֆիլմի նկարահանումներն իրականացրել եմ մեքենայից, քանի որ դա ծպտված աշխատելու ամենալավ հնարավորություններից մեկն է։ Այդկերպ կարող ես ապահովել աշխատանքային ընթացքն ու համոզված լինել, որ քեզ չեն ընդհատի։ Գուցե այլ ռեժիսորների դեպքում դրանք ուրիշ մեկնաբանություն ու վերծանում կունենան:

Հայաստանը 

«Ոսկե ծիրան»-ի ողջ ընթացքում սեր, հարգանք ու ջերմություն եմ ստանում։ Ու երբ կազմակերպիչներից հրավեր եմ ստանում, ամաչում եմ մերժել։ Խոստանում եմ նոր ֆիլմ նկարել ու այն նորից ձեզ մոտ ներկայացնել։ 

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW