«20 տարի առաջ»՝ այսպես է մակագրել Արմինկան իր եւ Հայկոյի լուսանկարը։ Այն հրապարկել էր Երեւանում գտնվելիս: Ամերիկաբնակ երգչուհին վերջին տարիներին հարցազրույցներ չի տալիս, սակայն BRAVO.am-ը բացառություն էր, քանի որ խոսելու էինք իր համար երկու սիրելի ու կարեւոր մարդկանց՝ Հայկոյի եւ Արթուր Գրիգորյանի մասին: Ու մեր զրույցը եղավ խոստացածիս պես։
«Ալբոմներս էի դասավորում ու փնտրում էի մեր ընտանեկան միակ լուսանկարը, բայց առաջին ալբոմը բացեցի, որում իմ եւ Հայկոյի նկարն էր. Գյումրիում էինք։ Եկել եմ Երեւան ու ման եմ գալիս քաղաքի երկու գույներին՝ Արթուր Գրիգորիչին ու Հայկոյին։ Կան մարդիկ, որոնք ուղղակի պիտի ապրեն մինչեւ խոր ծերություն, վայելեն իրենց սերն ու նոր հեռանան, բայց...»,- այսպես սկսեցինք մեր զրույցը երգչուհու հետ։
«Ասում էի՝ «Հայկո, արդեն ձայներիզներդ մաշվել են, էնքան եմ լսել»»
Թողարկվել էր Հայկոյի «Ռոմանս» ալբոմը։ Ու թողարկման օրվանից այն անընդհատ լսում էի մեքենայիս մեջ։ Որպես ոլորտի մարդիկ՝ միմյանց մասին գիտեինք, բայց անձամբ ծանոթացանք Հրապարակում՝ համերգի ժամանակ։ Մինչեւ հիմա ձայնն ականջիս մեջ է. տեսավ ու շատ ջերմ ասաց՝ «Արմինկաս»։ Այդպես սկսվեց մեր ծանոթությունը, ու հետագայում ես իր համար արդեն դարձա «Միշս»։
Միասին Թեհրան էինք մեկնել՝ հյուրախաղերի: Իմ առաջին հյուրախաղն էր։ Դեռ ինքնաթիռի մեջ ասում էր․ «Միշս, հեսա կտեսնես, թե իրանահայերն ինչ ջերմ հանդիսատես են։ Կտեսնես, թե ախպորդ ինչ ֆանտաստիկ են ընդունելու։ Ինքն էլ դեռ ամուսնացած չէր, պատկերացրեք աղջիկների վերաբերմունքը։ Երեք օր անմոռանալի համերգներ ունեցանք։ Վերջին օրն էր, ելույթ էինք ունենում «Արարատ» մարզահամալիրում, որտեղ մոտ 10 հազար հանդիսատես է տեղավորվում։ Համերգի կազմակերպիչներն ասացին՝ բոլորը ցանկանում են մեզ հետ նկարվել, ինքնագիր վերցնել։ Ինչ-որ մի բան պետք է անենք, որ հանդիսատեսը բավարարված գնա։ 3 ժամ ելույթ էինք ունեցել, հոգնած էինք, բայց մերժել չէինք կարող։
Լուսանկարը՝ Արմինկայի արխիվից Հայկոն եւ Արմինկան
Գալիս ենք իրենց գրասենյակ, որն ուներ երկու դուռ։ Ես ու Հայկոն կանգնում ենք դռներից մեկի մոտ։ Մի դռնով հանդիսատեսը մտնում, մոտենում է, ծաղիկներ տալիս, ինքնագիր վերցնում, նկարվում, մյուս դռնով դուրս գալիս։ Ու այդպես՝ մի քանի ժամ։ Մեկ էլ Հայկոն, իր բառերով պիտի ասեմ, ասաց․ «Միշ, ջոկո՞ւմ ես, ոնց որ պանիխիդա լինի. էս մի դռնից մտնում են, մեզ համբուրում են, մյուս դռնից՝ դուրս գալիս»։ Իր հումորները չափ ու սահման չունեին։ Դե, երբ ինձ պատահական տեսնում էր, պարտադիր ասում էր․ «Միշս, էլի իմ երգե՞րն ես լսում»։ Ասում էի՝ «Հայկո, արդեն ձայներիզները մաշվել են, էնքան եմ լսել»։
Ցավոք, ինձ համար երգ չգրեց, բայց միշտ ասում էր՝ գրելու է։ Մայրիկիս նվիրված մի երգ էի գրել ու ցանկացա, որ գործիքավորումը հենց Հայկոն անի։ Ուղարկեցի, եւ չլսված բան՝ մի օր հետո զանգեց, թե․ «Միշ, արի»։ Լսեցի, ասացի՝ Հայկո, շատ սիրուն է, բայց շատ սեքսի է. մի տեսակ մամայի համար չի։ Բայց հետո այդ երգն այնքան սիրուն գործիքավորեց, որ դարձավ իմ այցեքարտ երգերից մեկը։
Արմինկան
Հայկոյին ասել էի՝ աշխարհի որ երկրում էլ լինեմ, եթե այնտեղ համերգ տա, անպայման պետք է ներկա լինեմ։ Իսկ ես խոստումս միշտ պահում եմ։ Այսօրվա պես հիշում եմ՝ փետրվարի 8-ին Գրեմմի մրցանակաբաշխությունն էր Լոս Անջելեսում։ Ընկերուհիս, որ բավական կապեր ունի Հոլիվուդում, ասաց՝ գնում ենք Գրեմմիի աֆթերփարթիին, իսկ ես արդեն Հայկոյի համերգի տոմսերն էի գնել։ Ասաց. «Լսիր, գժվե՞լ ես, Հայկոյին ամեն օր կտեսնես, չե՞ս ուզում Բեյոնսեի հետ տժժալ, այնտեղ ամեն մեկը մուտք չունի»։ Ասացի՝ չէ։ Մի խոսքով՝ գնացի համերգին ու նստեցի շատ երեւացող տեղ։ Դուրս եկավ բեմ, տեսավ ինձ ու զարմացավ։ Հետո միշտ իրեն ծիծաղելով ասում էի՝ «Լսիր, ես Բեյոնսեին փոխել եմ քեզ հետ»։ Հայկոն սեր էր։
Ամենավատ երազում անգամ չէի կարող պատկերացնել, որ նման բան կլիներ։ Անկեղծ ասած՝ իր երգերը հիմա դժվարությամբ եմ լսում։ Մի երգ կա իր երգացանկում՝ «Խոսքեր չկան», մի օր իրեն ասացի՝ երանի այս երգն իմը լիներ։ Հիմա երեւի կերգեմ իր հիշատակին նվիրված միջոցառմանն ԱՄՆ-ում:
«Գրիգորիչը քննադատում էր սրտացավորեն»
Քննության եմ գնում Ակսել Բակունցի անվան ջազային քոլեջ եւ տեսնում եմ՝ նստած է Արթուր Գրիգորիչը։ Որ իրեն տեսա՝ չորացա։ Բայց մեկ էլ լսեցի, որ Արմանուշ Լեւոնովնային իմ մասին ասում է՝ «Չամիչ ա»։ Էդ չամիչից հա՛մ ուրախացա, հա՛մ էլ ավելի լարվեցի։ Բայց մեր էներգետիկան բռնեց ու մտերմացանք։ Կարող էր գիշերն ուշ ժամի զանգել եւ ասել՝ «Իջիր թատրոն, խոսելու բան կա»։ Ու մեր զրույցները տեւում էին մինչեւ լուսաբաց։ Նա իմ բոլոր խնդիրների մասին տեղյակ էր։
Հաճախ եմ անցյալ վերադառնում։ Ասում են՝ 90-ականները դժվար տարիներ էին, ոչ, դրանք ամենաերջանիկ ու ստեղծագործական առումով բուռն տարիներ էին։ Երբեք չեմ մոռանա։ Ամանորի օրերն էին, առաջին անգամ մեր «Հայեր» խմբի ելույթը պետք է ցուցադրեին։ Անհամբեր սպասում եմ, որ ժամը գա, ցույց տան, ու ձայնագրեմ վիդեոմագնիտոֆոնով, քանի որ պիտի գնայի Օպերա՝ համերգի։ Այդ պահին լույսերն անջատեցին, ու ես՝ 20 տարեկան աղջիկ, պառկել էի բազմոցին, լացում էի։ Մայրս զարմացավ, թե ոնց կարելի է նման բանի համար լացել: Հետո հիշում էինք ու ծիծաղում։ Իսկ այդ օրերն իսկապես շատ բուռն էին, հետաքրքիր, ջերմ ու շատ սեր կար։
Լուսանկարը՝ Արմինկայի արխիվից Արմինկան եւ Արթուր Գրիգորյանը
Գրիգորիչն ինձ միշտ ասում էր, որ իմ երգերը թատրոնի երեխաները շատ են երգում, ու միշտ ասում էր, որ նշաձողը չպետք է իջեցնեմ։
Իմ եւ Արման Հովհաննիսյանի զուգերգն արդեն հայտնվել էր եթերում։ Ես ու քույրս գնացել էինք «Կինո Մոսկվա»՝ ֆիլմի դիտման։ Գրիգորիչն այնտեղ էր։ Բոլորի ներկայությամբ, մեղմ ասած, անպատվեց։ Շատ ծանր տարա, բայց քույրս ասաց՝ չպիտի պատասխանեմ, քանի որ պատասխանելու բան չունեմ։ Ու ավելի վատ զգացի հատկապես նրա այն արտահայտությունից, երբ ասաց. «Լսիր, դու Տաթեւիկից հետո ինձ համար երկրորդ երգչուհին էիր: Ո՞վ է քեզ նման իրավունք վերապահել, որ գնաս, ռաբիս երգ երգես»։ Մի մարդու անուն տվեց, ով օրինակ է ինձ համար մինչ այսօր։ Իհարկե, ասածի մեջ շատ մեծ ճշմարտություն կար։ Ում սիրում էր, քննադատում էր շատ խիստ, երբեմն՝ կոպիտ։ Բայց քննադատում էր սրտացավորեն:
Մի դեպք հիշեցի՝ անընդհատ մերժում էի մասնակցել հեռուստանախագծերից մեկին: Մի օր զանգեց հաղորդավարն ու ասաց՝ «Գիտե՞ք, այնպիսի մասնակիցներ եմ ընտրել, որ Ձեզ հարմարավետ զգաք, հուսամ՝ կգաք»։ Պարզվեց՝ Հայկոն էր, մյուսն էլ՝ Մարինե Գյուլումյանը: Հաղորդումն ուղիղ եթերում էր։ Ավարտին տեսա 9 բաց թողնված զանգ Գրիգորիչից։ Զարմացա։ Հետ զանգեցի, գոռում է․ «Ուշադիր լսիր՝ քեզ ինչ եմ ասում, էդ ի՞նչ եթերի էիր մինչեւ հիմա, դու մոռանում ես՝ ով ես»։ Չի թողնում խոսեմ, գոռում է ու ասում. «Չեմ ուզում ոչ մի բան լսել, դու ո՞նց կարող էիր նման հաղորդման մասնակցել։ Էն կողքիդ կանգնածին էլ վերցնում ես, ու գալիս եք թատրոն։ Չի ուզում Հայկոյի անունը տալ։ Հայկոն ասաց․ «Միշ, ես թռա, չեմ գա»։ Բարձրացա աշխատասենյակ, ցույց է տալիս մոխրամանն ու ասում՝ «Տես՝ քանի գլանակ եմ հանգցրել։ Այդ հաղորդմանը գիտե՞ս՝ ովքեր են գնում. «Ճ կլասի» երգիչները։ Դուք ո՞նց գնացիք»։ Մի խոսքով՝ այդ պահին շատ էի վիրավորվել։ Տեսավ՝ ձայն չեմ հանում, գրկեց ու սկսեց հուզվել. ասում էր՝ «Մի արեք նման բան, ձեր տեղն իմացեք»։ Այդ խոսքերին եմ կարոտել։
Արմինկան
Վերջին անգամ մահվանից մի ամիս առաջ ենք խոսել: Պատերազմից հետո համարձակությունս չէր հերիքում զանգել իրեն։ Չգիտեի՝ զանգեի ինչ խոսեի։ Մեր ընկերներից Սարոն զանգեց, Երեւանում գիշերվա ժամը 2-ն էր, թե 3-ը։ Ոչինչ չէի խոսում, միայն լացում էի, ասում էր. «Տե՛ս, մեռած եմ, ես չկամ, դատարկված եմ»։
Այստեղ մենք դրեցինք խոսակցության վերջակետը. երկուսս էլ հուզվել էինք ու դժվար էր շարունակել։ Իսկ հարցազրույցը տեղի էր ունենում Հանրային ռադիոյի բակում, ու այդ պահին ռադիոտան առջեւ տեղադրված երգող արձանից հնչում էր Գրիգորիչի երգերից։
Հ․Գ. Արմինկան ասաց, որ այս պահին նոր նախագծի վրա է աշխատում, բայց դեռ փակագծերը չի բացի, երբ լինի, այդ մասին կտեղեկանա BRAVO.am-ը։
Զրույցը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: