«Սիրելի Ազգանուշ եւ Վարդգես, մի խումբ ճաշակով հայերի եւ անձամբ իմ անունից շնորհակալ եմ ձեզ՝ ինձ լույս աշխարհ ընծայելու համար»՝ Ավետ Բարսեղյանի գրառումն է։ Ծնողներին ուղղված շնորհակալական գրառումն արել է իր ծննդյան օրը: BRAVO.am-ի հետ զրույցում Ավետը պատմել է, որ 42-ամյակին անակնկալների պակաս չի զգացել։
- Հրավիրված էի հարսանյաց հանդիսության, որտեղ Նազենի Հովհաննիսյանը կեսգիշերին շնորհավորեց ու նվիրեց իմ գրած սիրո երգերից ամենասիրելին՝ «Իմ սերը քեզ»-ն՝ Անդրեի կատարմամբ, որը դարձյալ անակնկալ էր ինձ համար։ Ընդհանրապես ծննդյանս տարեդարձը չեմ սիրում նշել մեծ ու ճոխ, բայց ակամայից այդպիսին ստացվեց:
- Լուսեն շնորհավորե՞լ է:
- Լուսեն ապրում է եսասիրական իր հեքիաթային աշխարհում։ Որպես նվեր՝ խնդրել եմ, որ իրեն խելոք պահի։
- Դո՞ւ էլ ես այդ օրը սկսում ամփոփել արած-չարածդ։
- Միշտ եմ դա անում, իսկ տարեդարձն ինձ համար պարզապես խորհրդանշական օր է։ Եթե անկեղծ՝ այդ օրը շատ եմ հոգնում, քանի որ պատասխանատու մարդ եմ. պատասխանում եմ բոլոր զանգերին, հաղորդագրություններին, այս տարի էլ ավելացել է Ինստագրամը։ Իմ ձայնից անգամ կարելի է մտածել, որ կիսամեռ պառկած եմ, բայց դա հազարավոր զանգերի պատասխանելու արդյունքն է։ Շատ հաճելի զգացողություն է, որ քեզ այդքան զանգում են, եւ դա անում են ցանկանալով ու սիրելով, ոչ թե պարտավորված։ Տարին մի անգամ այդ ամբողջ էներգիան ստանալը շատ հաճելի է։
Ավետ Բարսեղյանը
- Ավետ, շնորհավորանքներումդ կարմիր թելի պես անցնում էր հետեւյալ միտքը՝ բառերին կենդանություն տվող, բառերին շունչ տվող վարպետ։ Բայց դու այդքան բանաստեղծությունների հեղինակ ես ու դեռեւս գիրք չես հրատարակել։ Ո՞ւմ ես սպասում:
- Իսկապես: Քավորս արդեն 15 տարի է՝ չի հոգնում կրկնել, որ պետք է գիրք հրատարակեմ: Անկեղծ ասած՝ ֆինանսի խնդիր չկա, բայց ես էլ չգիտեմ, թե ինչու չի ստացվում։ Ուղղակի պետք է ինձնից վերցնեն գործերը, խմբագրեն, ու երբ գիրքը պատրաստ լինի, շնորհանդեսին հրավիրեն (ծիծաղում է,-խմբ.): Իսկ իրականում այն ժամանակը, որ պետք է ծախսել գիրք տպագրելու համար, ավելի լավ է՝ ծնել մի քանի նոր մտքեր, խոսքեր, բանաստեղծություններ։ Մի խոսքով՝ պաշտոնապես հայտարարում եմ՝ ես անողը չեմ։
- Հումորիստ Գարիկ Պապոյանն այսպես է շնորհավորել՝ «Բոլորին հասկացող Ավետս, բայց դեռեւս չհասկացված»։ Չհասկացվածության զգացողությո՞ւն ունես։
- Անկեղծ՝ չունեմ, բայց շատ ճիշտ նախադասություն էր։ Իմ մտերիմ շրջապատը շատ լավ հասկանում է: Նկատի ուներ՝ չգիտեին՝ ում հետ գործ ունեն (ծիծաղում է-խմբ.)։ Այդ առումով Գարիկը շատ ճիշտ է գրել։
Ավետ Բարսեղյանը
- Ծննդյանդ օրը վերադառնո՞ւմ ես մանկություն:
- Շատ չէ. ես ծնունդի հանդեպ ռոմանտիկ զգացողություններ չունեմ։ 21 տարեկանս եմ լավ հիշում. մեր մեկ սենյականոց բնակարանում շատ մարդ կար։ Եվ ուրախ էր շատ։ Իսկ հիմա այդ ուրախությունը պակասել է։ Երեխա էլ ունենում ես, ապա ուզում ես, որ այդ տորթն ինքը փչի։ Կարիք չունեմ կենտրոնում լինել, եւ որ ինձ գովերգեն։ Տարվա ընթացքում միշտ ասում են։
- Իսկ երազանք պահո՞ւմ ես:
- Երազանք ունեմ որեւէ ամյակ նշել ու շատ մեծ։ Գուցե Հրապարակում, բայց որ բոլորը ներկա լինեն։
- Ի՞նչ կմաղթես ինքդ քեզ:
- Այս տարիքում՝ առողջություն, խաղաղություն ու սինխրոնիզացում սեփական անձիս հետ։ Փոքր բաներից չդադարել ուրախանալ։ Համբերություն ու հանդարտություն։ Գիտե՞ս, չեմ կարող լիարժեք երջանիկ լինել, եթե երկրում հայրենակիցների երջանկության տոկոսաբաժինը քիչ է։ Գուցե եսասեր մարդու տպավորություն եմ թողնում, բայց սրանք լոկ խոսքեր չեն։ Այս ամենը չի կարող չազդել այն մարդու վրա, ով զգում է երկիրը, մարդկանց, զգում է էներգիան իր բջիջով։ Իսկ ես կուզեմ՝ իմ բջիջն ավելի երջանիկ լինի։
View this post on Instagram
- Վախենո՞ւմ ես:
- Վախենում եմ շուտ մահանամ եւ չհասցնեմ Լուսեին տանել եկեղեցի:
- Ափսոսո՞ւմ ես:
- Չեմ ափսոսում:
- Արարք, որ չես ների երբեք:
- Կփորձեմ ներել. ամիսներով կհոտեմ, բայց կներեմ։
- Հարց, որ նյարդայնացնում է:
- Մարդիկ կան, որ հարցնում եմ՝ ո՞նց ես, ասում են՝ դու լավ լինես, այ դա գմփացնում է ուղեղս։
- Հավատո՞ւմ ես:
- Տիեզերական ուժին, Աստծուն, հավատում եմ, որ ամենածայրահեղ բնաջնջման վտանգի ժամանակ միշտ հրաշքով գործընթացներ են տեղի ունենում, ու մենք գտնում ենք կրկին ապրելու կոդը։
Զրուցեց Արմինե Գեւորգյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ Ավետ Բարսեղյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: