×


Երաժիշտ Վահե Հայրապետյանի «թեւերը»՝ ջութակից մինչեւ բիթբոքս

Երաժիշտ, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանի յուրաքանչյուր օրը լի է երգով ու երաժշտությամբ։ Իսկ այն, որ նոտաների հնչյունները պետք է ուղեկցեին նրան իր ամբողջ կյանքի ընթացքում, պարզ է եղել դեռ մանկուց։ Վահե Հայրապետյանը Երեւանի կոմպոզիտորների միության եւ թատերական գործիչների միության անդամ է։ Չորս անգամ ստացել է «Արտավազդ» մրցանակ՝ որպես տարվա լավագույն թատերական երաժշտության հեղինակ:

Մանկական երազանքներից մինչեւ իրականություն

Առաջին ստեղծագործությունս գրեցի երրորդ դասարանում՝ փոքրիկ վալս ջութակի եւ դաշնամուրի համար։ Սակայն ոչ ոք ուշադրություն չդարձրեց՝ ո՛չ ծնողներս, ո՛չ ուսուցիչներս։ Ասում էին՝ դե երեխա է, թող զբաղվի, միայն դասերին չխանգարի։ Չորրորդ դասարանում գրեցի իմ առաջին երգը։ Դա արդեն բավական մեծ արձագանք ունեցավ․ երգում էին, փորձում նվագել... Անգամ Արմեն Դիվանյանի ղեկավարած «Առվակ» վոկալ-գործիքային մանկական անսամբլը մի քանի անգամ իմ ստեղծագործություններն է երգել։

Ուզում էի դաշնամուրի հաճախել, բայց այն ժամանակ այդ բաժին ոչ բոլորին էին ընդունում։ «Լիմիտը» լրացել էր, ու ինձ էլ չընդունեցին։ Երբ հայրս գնաց տնօրենի մոտ, տնօրենը ասաց՝ շատ լավ տվյալներ ունի, լսողությունը տեղն է, բոյով տղա է, լայն ձեռքեր ունի, լավ թավջութակահար կդառնա։ Հայրս էլ ասաց՝ լավ էլի, էդ խեղճ երեխան թավջութակը ո՞նց պիտի բռնի, էստեղ-էնտեղ գնա, տնօրենն էլ պատասխանեց՝ դե որ այդպես է, թող գնա ջութակի։ Ջութակից հետո մյուս գործիքները նվագելը խաղ ու պար է։

Վահե Հայրապետյանը


Երեւանի պետական կոնսերվատորիայում ուսանել եմ Էդվարդ Միրզոյանի մոտ։ Այդ տարիներին անվանի մարդկանց հետ եմ շփվել․ գործիքավորումը մեզ դասավանդում էր Ավետ Տերտերյանը, հայկական երաժշտության վերլուծությունը՝ Գեւորգ Արմենյանը, պոլիֆոնիան՝ Չեբոտարյանը, բացի այդ՝ շփվել եմ Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի հետ, երկրորդ մասնագիտությունս՝ որպես նվագախմբային դիրիժոր, ուսանել եմ Յուրի Դավթյանի դասարանում, պատկերացնում եք, չէ՞, այդ առումով լավ «երես առած եմ» (ծիծաղում է,- հեղ.)։

Մեծ հետք թողած փոքր քայլերը

Խորհրդային միության վերջին տարիներին հեռուստատեսությամբ կար մի հաղորդում, կոչվում էր «Աղբյուր ակումբ»։ Գտնում էին երիտասարդ ստեղծագործողների, ովքեր կարող էին իրենց հեղինակային գործերը ներկայացնել հաղորդման ընթացքում, եւ ես չորս անգամ մասնակցել եմ հաղորդմանը. ամեն անգամ երկու ստեղծագործություն էի ներկայացնում։ Դա ինձ համար մեծ ոգեւորություն էր․ հերիք չէ հեռուստացույցով ես երեւում (այն ժամանակ միայն երկու հայկական ալիք կար), մի հատ էլ նվագում ես քո հեղինակային ստեղծագործությունը։

Երկրորդ իրադարձությունը, որն իրոք թեւեր տվեց, առաջին անգամ ռադիոյում ձայնագրվելն էր. չորրորդ կամ հինգերորդ դասարան էի։ Երբ ռադիոստուդիայից դուրս եկա ու լսեցի ձայնագրվածը, հասկացա՝ կարելի է շարունակել։

Ինքնուս բաս-կիթառահարը՝ «Կամերտոն» ջազ-քառյակի կազմում

Բաս կիթառ սկսել եմ նվագել դեռ մանկուց։ Սովորեցի, հետո եղբորս սկսեցի սովորեցնել. իբր շատ լավ գիտեի, մի հատ էլ իրեն էի սովորեցնում։

Երբ Գարիկ Սարիբեկյանի հետ ծանոթացա, ասաց՝ խմբով հավաքվում են «Մերգելյան» ջազ ակումբում, նվագում են, բայց բասիստ չունեն, ասացի՝ փորձեմ։ Մեկ, երկու, երեք, չորս․․․ ստացվեց։ Շատ երիտասարդ էինք ու միշտ նայում էինք, թե մեծերն ակորդը ոնց վերցրին, ինչ արեցին, ոնց արեցին։ Շատ համերգներ ենք ունեցել։

Այն ժամանակ հետաքրքրություն կար ջազ երաժշտության հանդեպ, այսօր, կարծես, մոդայի է վերածվել։ Ասում են՝ գնանք «Պոպլավոկ», ջազ լսենք, համ էլ սուրճ կխմենք։ Չկար նման բան այն ժամանակ. մենք գնում էինք «Մերգելյան» ջազ ակումբ՝ համերգ դիտելու, լսելու։ Ո՞վ էր տեսել՝ գնաս համերգի, սուրճ խմես։ Իհարկե, ժամանակները փոխվել են, արտասահմանից է եկել այդ սովորույթը։

Երաժշտի կյանքը Սանկտ Պետերբուրգում

Սանկտ Պետերբուրգում ռուս երգիչների եւ հայ երիտասարդների հավաքեցի ու ստեղծեցի մեծերի երգչախումբ։ Բոլորը պրոֆեսիոնալ երգիչներ էին, որոնց հետ մեծ աշխատանք իրականացրի մինչեւ ծ, ղ, ճ, փ, հ տառերը, մինչեւ այն կետը, որ կարողացան ընկալել այդ ամենը, բայց այն, որ առաջին իսկ վայրկյանից իրենց համար հայկական պատարագը բոլորովին այլ էր, երեւում էր, կարծես սիրահարվել էին հայկական երաժշտությանը։

Բացի մեծերի խմբից, հավաքեցի նաեւ փոքրերի խումբ, կոչվում էր «Հայեցի ձայներ», երգում էին հիմնականում հայ երեխաները։ Այս երգչախումբը ուներ երկու երգացանկ՝ հոգեւոր ու աշխարհիկ։

Սանկտ Պետերբուրգում ղեկավարում էի մի խումբ, կոչվում էր «Я же не хотел», որի հետ 1996 թվականին հասանք մինչեւ «Սլավյանսկի Բազար» փառատոնին։ Հինգ-վեց անգամ Պետերբուրգի «Пятый канал» հեռուստատեսությամբ եմ ելույթ ունեցել, վեց-յոթ անգամ էլ՝ ռադիոյով։

«Արեւիկ» անսամբլը


«Արեւիկը»

Կար պարուսույցը, կար երգուսույցը, կային երեխաները։ Այն ժամանակվա Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանն ինձ հրավիրեց ստանձնելու «Արեւիկ» անսամբլի ղեկավարությունը։ «Արեւիկն» ինձ համար մանկության երազանք էր, ուզում էի կա՛մ երգել «Արեւիկ»-ում, կա՛մ նվագել, ինչ-ինչ պատճառներով չստացվեց։ Ու մեկ էլ հասկանում ես, որ քեզ հրավիրում են լինել «Արեւիկ» անսամբլի գեղարվեստական ղեկավարը։

Երեխաների հետ աշխատելը դժվար չէ։ Ամենակարեւորը պիտի անկեղծ, գերազնիվ լինես, որովհետեւ իրենց սենսորիկան այնքան ուժեղ է, իրենք այնպես են զգում թեկուզ աննշան կեղծիքը փոխհարաբերությունների մեջ ու այնպես են արձագանքում, որ չես կարողանում արդարանալ։ Երեխաները կա՛մ ընդունում են, սիրում են, անում են, կա՛մ չեն սիրում, չեն ընդունում, չեն անում։ Բազմիցս ասում եմ՝ եթե երեխային դուր չեկավ երգը, միջավայրը, ինքն ամեն ինչ կանի, որ չերգի, դասի չգա, եւ հակառակը՝ դուրն եկավ, ինչ ուզում ես արա, չի գնա։ Հիմա, երբ արեւիկցիներին ասում եմ՝ երեխե՛ք, տու՛ն գնացեք, ոչ մեկը չի գնում, չեն ուզում գնալ։

Առաջին փորձը՝ որպես ծրագրավար

Երկու ամիս գնացել եմ Հանրային ռադիո, ինձ ձայնագրել են, լսել եմ, հետո երաժշտական գլխավոր խմբագիր Անահիտ Կոստանյանի հետ անընդհատ սցենարներն ու տեքստերն էինք մշակում, ինտոնացիայի վրա աշխատում, լեզվի առանձնահատկությունների վրա կենտրոնանում։ Երկու ամիս աշխատանքի եմ եկել առանց հոնորարի, առանց աշխատավարձի, որովհետեւ այդպես էր պետք։ Այսօրվա նման չէ, որ հենց գալիս են, ռեզյումե են տալիս, մտածում են՝ միանգամից աշխատանքի պիտի ընդունվեն։ Ո՛չ, անգամ այդքան տարվա փորձ ունենալով՝ շատ բաներ չգիտեի։

Իմ առաջին եթերի ժամանակ Ալիսա Քալանթարյանին ասացի՝ ի՞նչ կլինի, գոնե առաջին կես ժամն ինձ հետ նստիր։ Չնայած, որ մինչեւ այդ ուղիղ եթեր փորձնական մտել էի, գիտեի՝ ինչ էր, բայց, դե, մարդ ես, նոր ոլորտ էր, ու ուզում էի՝ ամեն ինչ լավ լինի. այն, ինչ քեզ վստահել են, չես ցանկանում գետնով տալ։ Ալիսա Քալանթարյանն էլ համաձայնեց, երկար տարիներ այդ ժանրի, ոճի մեջ աշխատած մարդ է՝ մեծ փորձով։ Եկավ, բացեց ստուդիայի դուռը, ասաց՝ մի րոպե ժամանակ ունես, մտիր, պատրաստվիր։ Ներս մտա՝ մտածելով, որ ինքն էլ պետք է գա, իսկ նա ասաց՝ դե քեզ բարի եթեր, ու միանգամից փակեց դուռը, գնաց։ Շատ շնորհակալ եմ իրեն, որովհետեւ այդ ժամանակ հասկացա, որ միայն ինքդ քեզ վրա պետք է հույս դնես։

Վահե Հայրապետյանը


Մի քանի հաղորդումներ եմ ունեցել՝ «Կատակում են երաժիշտները», «Հազար ու մեկ օպերա», «Մի գործիքի պատմություն», «Մի խմբի պատմություն», «Պատմության ակնթարթներ», որն առայժմ վերջին հաղորդումն էր։

Նորույթը երաժշտական ասպարեզում՝ Hi music band-ի միջոցով

Երբ իմացա, թե ինչ է բիթբոքսը, մի հետաքրքիր միտք առաջացավ։ Մտածեցի հավաքել ջազ, փոփ անսամբլ բազմաձայն հնչողությամբ ու միացնել իրենց բիթբոքս։ Պատկերացրեք՝ հարվածային գործիքների ամբողջ կոմպլեկտը իմիտացիա է արվում։ Սկսեցի մարդկանց փնտրել։ Բնականաբար, հայկական պայմաններում սկսվեցին խոսակցություններ, որ հնարավոր չէ, հետաքրքրիր չէ, ավելի լավ է՝ երգչախումբ ստեղծեմ։ Բայց ես երգչախումբ չէի ուզում, այլ բան էի ուզում, որը երգչախումբ չէ։

«Hi» բենդը


2012-2013թթ․ էին, ձեւավորվեց «Պենտատոնիքս» խումբը։ Երբ լսեցի, մեծ հիասթափություն ապրեցի։ Բնականաբար, իրենց մտքում էլ էր առաջացել այդ գաղափարը, բայց չէ՞ որ մենք կարող էինք առաջինը լինել աշխարհում, եթե վստահեին, հավատային, սիրով կանեինք։

Անցավ որոշակի ժամանակ․ 2016թ․-ի վերջն էր։ Առաջին կազմը ձեւավորվեց եւ շատ կարճ ժամանակում շատ լուրջ արդյունքների հասավ։ Բոլոր ռադիոկայաններով, հեռուստակայաններով երեւացինք, թերթերում մեր մասին նյութեր գրեցին, համերգներ ու ելույթներ տվեցինք, տեսահոլովակներ նկարեցինք։

Ասեմ, թե ինչու Hi music band։ Կրկնակի ստանդարտ է, երբ ասում ես՝ հայ, առաջինը, բնականաբար, պատկերացնում ես, որ հայկական երաժշտական խումբ է, բայց երբ տեսնում ես, թե ինչպես է այն գրվում, հասկանում ես, որ երկու իմաստով է ․ Hi(հայ)՝ եւ՛ որպես հայկական, եւ՛ որպես «ողջույն»։

Ստեղծագործող Վահե Հայրապետյանը
 
Չգիտեմ՝ ինչն է ինձ մոտիվացնում։ Այնքան անհեթեթ ու անհարմար տեղերում կարող է մուսաս գալ, գուցե գիշերվա քաղցր քունը լինի, որ «հարամվում» է։ Կարծես, մեկն ինձ արթնացնի, ասի՝ շու՛տ, վե՛ր կաց, գնա, գրիր։ Շատ անգամ բանի տեղ չեմ դրել ու քնել եմ՝ մտածելով, որ կհիշեմ առավոտյան, ու չեմ հիշել։ Այնքան հետաքրքիր է այդ զգացողությունը, հասկանում ես, որ այդ ամենն ի վերուստ է տրվում։ Մարդու սենսորները այնքան բաց պետք է լինեն, այնքան ազնիվ պիտի լինի մարդը բնության, մարդկանց առջեւ, որ բռնի այդ ամենը։

Այլ հարց է, երբ որոշակի նյութ ունեմ, առավոտ նստում ու սկսում եմ վրան աշխատել, բայց նստել ու բստրել այն, ինչ վերեւից չի եկել, շատ անգամ եմ փորձել, սակայն հենց հաջորդ վայրկյանին կարծես մեկը գա, նայի գրածիս ու ասի՝ ի՞նչ ես անում, ինչի՞ ես անում, գնա, հանգստացի, երբ կասեմ՝ կգրես, չեմ ասի՝ չես գրի, ու վերջ։

Վահե Հայրապետյանը


Ծրագրեր
 
Նոր ծրագրեր, նոր մտքեր շատ կան։ «Արեւիկ»-ի հետ կապված երեք ծրագիր ունենք. մեկը համերգային գործունեություն է, երկուսը՝ մյուզիքլային։ Մյուզիքլներից մեկը «Չարի վերջն» է, մյուսը «Անտառի երգիչ» է կոչվում, կազմված է 25 երգից։ Այս տարի ցանկանում եմ Hi music band-ի CD-ն թողարկել, որի մեջ երեք անձնակազմի կատարած երգերն էլ կլինեն։

Այս տարի թատրոնում իմ գրած «Կոշկավոր կատու» մյուզիքլը բեմ բարձրացավ, մինչեւ տարվա վերջ եւս չորս ներկայացում կբարձրանա բեմ։ Կուզեմ նաեւ, որ ժամանակ լինի՝ վերջապես ավարտեմ «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» օպերան։

Երեխաները, որոնք ուսանում են Վահե Հայրապետյանի մոտ, ասում են՝ փորձերին հաճախ Հայրապետյանն էկլերիկներով, ռուլետիկներով, կոկոսախառը մանիներով լի տոպրակով է գալիս, որ եթե հանկարծ սոված լինեն, իր նյարդերն ուտելու փոխարեն՝ դրանք ուտեն։

Լիանա Խաչատուրյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրս
Լուսանկարները՝ Վահե Հայրապետյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին