×


Լեռներին մոտ․ Բարձրանում ենք միասին

Ուժ, ներդաշնակություն, էներգիա, հոգատարություն, ազատություն, սեր․․․

Օգոստոսի 13-ը մեր օրն է։

Որոշում

Հիանալի է, երբ ինչ-որ մեկը գլխումդ ծիլեր է դնում, գաղափարներ, երազանքներ... հետո դրանք սկսում են արագ աճել ու զբաղեցնել ողջ երևակայությունը… «Կմիանա՞ս մեզ, Արարատ լեռն ենք բարձրանալու գնում»։

Աչքիս առաջ վախեր, հետո՝ հաղթանակներ: Հասկացա՝ վտանգավոր է, ժամանակատար, բայց ծիլերը միտքս միայն Արարատով սկսեցին ապրեցնել ու սնել։

Գիտեմ, մինչ օրս ինքս էլ զարմացած եմ, թե ինչպես հայտնվեցի Արարատ լեռան գագաթին։ Նման վերելք ծրագրված չէր, անսպասելի էր, վախեցնող, բայց՝ գայթակղիչ։ Եթե մարդիկ նախապատրաստվում և տրամադրվում են մի քանի ամիս, ես թիմին միացա վերջին 10 օրվա ընթացքում։ Հավատում եմ՝ ազդակ էր, որը պետք չէր անտեսել։ Ու նման արագությամբ էլ միտք ծագեց աջակից գտնել, որոշեցի դիմել ԱրարատԲանկին։ Մինիմալիստական ոճով մշակված բանկի նոր լոգոտիպը խորհրդանշում է Արարատ լեռը։ Բարձունք, որը պետք է միայն միասին հաղթահարել։ Մտածեցի՝ Արարատի հետ, Արարատի վրա։ Ինչո՞ւ ոչ, գեղեցիկ է հնչում։ Շատ արագ կապ հաստատեցի և խնդրեցի հանդիպում, չմերժեցին։ Հյուր գնացի կտրված ձայնով (Արագածում գիշերելու հետևանքներն էին)։ Խնդրեցին կիսվել պատկերացումով, կտրված ձայնով ու հազի նոպաներով պատմեցի։ Եզակի դեպքերից էր, մենք գաղափարապես նույն ալիքի վրա էինք, ողջ ընթացքում լուռ լսեցին, վերջում զարմացած ու շատ ջերմ հարցրին․ «Կկարողանա՞ս բարձրանալ»։ Վստահ ասացի․ «Իհարկե, չէ՞ որ մենակ չեմ․․․»։ Հիմա եմ հասկանում պատասխանատվությանս չափը։ Ինձ «հավատացողների» թիվը մի կառույցի չափով ևս մեծացավ,  եթե մինչ այդ կասկածներ ունեի՝ արդյոք կկարողանամ հաղթահարել, ապա այլևս կասկած չկար՝ իրավունք չունեմ «սայթաքելու»։

Նախապատրաստվել

Երկու գիշեր քնել Արագած լեռան 3200 մետր բարձրության վրա։ Ընկերներ, կյանքիս այս շրջանը շատ էր տարբերվում մյուսներից, միգուցե մի օր առանձին պատմությամբ կիսվեմ։ Կլիմայական նախավարժանքն իսկական մղձավանջ էր՝ ճնշման տատանում, սրտխառնոց, ականջերում ծակող աղմուկ, գլխապտույտ։ Շատ կարևոր է ողջ ընթացքում կարողանալ վախերը սաստել։ Սարսափի մութ ստվերը սողոսկել էր սենյակ, ականջիս անհասկանալի լեզվով շշնջում էր, շատ արագ, առանց դադարների, խոնավ ու սառը ձեռքերով փորձում էր կպչել, ուշադիր աչքերիս մեջ էր նայում և, եթե մի պահ աչքերս թարթեի, գիշատիչ կենդանու նման կճանկեր, բռի մեջ կառներ ու ողջ էներգիաս կկլաներ։ Հենց թուլանաս, հավատացնում եմ, գիրկը կառնի, կարևոր է ուղեղը միշտ զգոն պահել։

Շատ կարևոր են կլիմայական նախավարժանքները․ եթե հաղթահարես, ապա բարձրանալը մասամբ թեթև կլինի։ Արարատ լեռան վերելքի ժամանակ իրերը տեղափոխում են ձիերի միջոցով: Կախված եղանակային պայմաններից՝ հնարավոր է պետք լինի ևս մեկ օր գիշերել լեռան վրա, որի համար մասնակիցներից լրացուցիչ ծախս չի պահանջվում։ Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ են՝ լեռնային համազգեստ, լեռնային կոշիկներ, թերմո հագուստ, տաք փոխնորդ հագուստ, 2 ուսապարկ 60-70լ. և 20-30լ., անձրևապաշպան բաճկոն (дождевик), քնապարկ միչև -5-ից -10 C ջերմաստիճանի համար, քայլարշավային ձեռնափայտեր, ձեռնոցներ 2 տեսակի (տաքացնող ֆլիսե և քամուց պաշտպանող), ձմեռային և ամառային գլխարկ, դեղատուփ, լեռնային արևային ակնոց, արևապաշտպան քսուք, գլխի լապտեր, թերմոս։

Անցա դժվարությունների միջով, ձախողվեցի ու սկսեցի նորից, նորից ու նորից, ոչ թե դառնությամբ, այլ սիրով, որովհետև առջևում մեծ, սեփական անձի բացահայտման նվաճումն էր։ Վա՞խ։ Իհարկե, կար։ Բանականությունս սառն էր, մտքերս՝ հստակ, ես վաղուց ընդունել եմ այն փաստը, որ ճանապարհներն ինձ ուղղորդում են այնտեղ, որտեղ պետք է լինեմ։ Ինձ մնում է ազդակներին հետևել, դասեր քաղել, սեփական թուլություններով կազդուրվել ու չվախենալ։ 7 խենթ, 7 պատմություն, 7 մոտիվացիա։ Այս անգամ թիմային ճանապարհորդություն է, ու ավելի լավ թիմ ինձ չէր էլ կարող հանդիպել։ Վստահ եմ, լեռան վրա մեր ուժերը կձուլվեն, կմիավորվեն բոլոր հմտությունները ու նոր կյանքի փուլ, նոր ես։ Միանշանակ, փոխակերպումը հետաքրիքր է լինելու․․․ Չէ՞ որ Բարձրանում ենք միասին։


Դեպի Արարատ

Օգոստոսի 10-ին առավոտյան 4-ին աչքերս բացեցի, հասկացա՝ կյանքում յուրաքանչյուրս մեր Արարատն ունենք բարձրանալու, ես պատրաստ էի ճանապարհորդության։
 
Լեռները մեզ սովորեցրել են լուռ խոսել։  Ինչպես սովորական կյանքում, այնպես էլ լեռներում բոլոր ամենադժվար պահերը տեղի են ունենում մտքում։ Սառնամանիք, քամի, բարձրություն՝ այս ամենը ընդամենը գործոններ են, սպորտի յուրահատկություն, որը միայն ֆոն է սեփական «ես»-ը ու ընկերներին ճանաչելու համար։ Ամեն ինչ «ծայրահեղ» փոխվում է, մոռացվում, բայց փորձն ու զգացմունքները մնում են, ու մնում են բացահայտված մարդկային տեսակները։

Մենք առաջին անգամ Արարատը հակառակ կողմից տեսանք, ողջ ընթացքում մեզ հայացքով հետևում էր, իսկ մենք՝ լուռ զննում, փորձում հասկանալ մեր տեսած Արարատի ու այս Արարատի նմանություններն ու տարբերությունները։ Արարատ՝ ձյունաճերմակ, շլացուցիչ գագաթ՝ աներևակայելի կապույտի և մուգ կապույտի ֆոնին, մի՞թե դա մարդկային երազանքի խորհրդանիշ չէ, որի կանչը դարեր շարունակ անհանգստացնում է հոգիներին։

Շարժվելուց 10 ժամ հետո հյուրանոցում էինք, մանկանը բնորոշ առույգությամբ ու ոգևորվածությամբ։

Օր առաջին։
Բայազեթից լեռնային մեքենաներով բարձրանում ենք Արարատ լեռան 2200 մետր բարձրության վրա գտնվող բազա, որտեղից էլ սկսում ենք քայլարշավը: Ծանոթացանք Դավուդի՝ մեր քուրդ գիդի ու ապագայում մեզ շատ հարազատ բարեկամի հետ։ 400-ից ավել վերելք է գրանցել, համեստ է, լուռ, բանիմաց ու ազդեցիկ, արևից ու քամուց այրված դեմքով, ծիծաղկոտ աչքերով և բնության ծնունդ։  

«Արարատն իմ լեռն է, այստեղ իմ կյանքն է, էներգիան ու թթվածինը»,- կիսվում է նա։ Ցավոք, շատ բան չեմ կարող պատմել նրա մասին, նախընտրեց լռել ու վայելել օդում սավառնող հանգստությունն ու ներդաշնակությունը։

Առաջին ճամբար՝ 3200 մետր բարձրութուն։  
Մեզ դիմավորեցին սառը ու քաղցրահամ սեխով, վրան ուղեկցեցին, որտեղ ճաշը պատրաստ էր։ Ի դեպ, սնվելու մասին կարող ես չանհանգստանալ․ յուրաքանչյուր խումբ ունի խոհարար, այն բեռից, թե ինչ ուտել, դու ազատված ես։ Նախաճաշ, ճաշ, ընթրիք, ընթցաքում՝ թեյի փոքր դադարներ։


Միայն լեռներում կարելի է գիտակցել, որ կյանքում մարդն իրեն պատանդ է զգում քաղաքային աղմուկի և աշխատանքային առօրյայի մեջ։ Մենք անընդհատ ձգտում ենք  ազատության և փորձում ենք պարզել՝ արդյոք այն ընդհանրապես գոյություն ունի։ Կա՛ ազատություն, և այն ապրում է լեռներում: Լեռներն այն վայրն են, որտեղ կարելի է «սավառնել ամպերի մեջ», անվերջ հիանալ դրանցով, ազատ շնչել ու թևեր ստանալ։

Оր երկրորդ։
Վերցրինք սննդի փաթեթները, ջուր, սալոր, հյութ, քաղցր թխուկներ և շոկոլադ։ Արահետով շարունակում ենք մի մարդու պես քայլել դեպի 4100 մետր բարձրություն։ Եթե մինչև 3200 մետր փոշու միջով էինք քայլում, ապա այս անգամ ճանապարհը ավազոտ էր, մանր քարերի պատճառով էլ կարելի է սահել, պետք էր ողջ ընթացքը ուշադիր լինել։  

Երկրորդ Ճամբար։
Կյանքը կտրուկ փոխվեց, այստեղ դու ես, քամուց տատանվող վրանները, բաց երկինքն ու կողքից վեր հառնած Սիսը։ Երբեմն մտածում եմ, որ միգուցե մեզնից շատերը սարեր են գնում հասկանալու, թե որքան թանկ է մոխրագույն առօրյան։ Մի բաժակ տաք թեյի համը զգալ մի քանի օր ծարավից հետո, քնել բազմաթիվ անքուն գիշերներից հետո, հանդիպել ընկերներին երկար մենությունից հետո, լռություն սարսափելի փոթորկի մեջ անցկացրած ժամեր անց:


Գիշերը երկար էր, քամին՝ ուժգին, 7 հոգով՝ մի վրանում։ Իրար մոտ ենք տեղավորվում տաքանալու համար։ Երգեր, պատմություններ, կյանքի զվարճալի դրվագներ։ Հենց այստեղ ես հասկանում, որ մարդը սարերում մարդ է փնտրում. բարեկամություն, համատեղ պայքար, մարդու բանական կամքի հաղթանակի բերկրանք բնության կույր ուժերի նկատմամբ։ Առանց ընկերության, առանց ընկերների բարձրանալ չկա։ Նույնիսկ լեռների մեծ գեղեցկության մասին խորհրդածությունը կարող է ամբողջական լինել միայն այն ժամանակ, երբ ընկերը մոտ է քեզ:

Կիսեցինք այդքան բաղձալի ջրի վերջին կումը, իրար տվեցինք վրանում ամենահարմար տեղը, ջերմությամբ տաքացանք, կատակեցինք, երգեր երգեցինք, իսկ քամին փորձում էր վրանը քշել։ Հանուն նման պահերի, ինքներս մեզ փորձելու, ավելի լավ ճանաչելու, հնարավորի սահմանին հասնելու և սահմանից այն կողմ նայելու հնարավորության արժե գնալ լեռներ։

Օր երրորդ։
Վերելք։ Գիշեր, ժամը 02․30, 4100 մետրից շարժվում ենք դեպի գագաթ։ Յոթ հոգի + մեկ ուղեկցորդ քայլում ենք երազանքին ընդառաջ։  Լեռներ՝ հատկապես Արարատ բարձրանալը սեփական անձին մարտահրավեր նետելու լավագույն տարբերակներից է։ Եթե ունեք նպատակ, պետք է ճանապարհին եղած խոչընդոտները հաղթահարել։ Նրանք, ովքեր հաղթահարում են ճանապարհին ծագած դժվարությունները, նշանակում է՝ չեն դավաճանում ոչ իրենց, ոչ էլ իրենց առջև դրված նպատակին։

Ուժեղներն ու թույլերը միավորվում են լեռներում, այստեղ սովորում ես օգնել միմյանց, բարձրանալ միասին։  Երեք ու կես ժամ քայլելուց հետո գագաթին ենք։ Ես երջանի՞կ մարդ եմ։ Այո՛։ Երազանք ունեի, և այն իրականացավ, Արարատ բարձրանալը վերջին տաս օրերի ամենամեծ ցանկությունն էր:

Հուզմունք։
5165 մետր բարձրություն։ Գագաթ։ Կանգնեցինք գագաթին՝ հաղթահարելով սառնամանիքն ու քամին։


Արարատի վերելքը կյանքի փուլերի է նման․ եթե ցանկանում ես կյանքում հաջողության հասնել, պետք է անցնել փոշոտ ու քարքարոտ ճանապարհով։ Ուզո՞ւմ ես ինքդ քեզ գերազանցել։ Պետք է պատրաստ լինել ոտքը նախատեսվածից բարձր քարի վրա դնել։ Ցուրտ է լինելու, իհարկե, կցրտահարվես, բայց նպատակդ ներսից կջերմացնի, կկոփի, հետո ավելի վստահ ոտքդ կդնես սառույցին։

Բայց չես մոռանում՝ լեռների գագաթները հնարավոր չէ նվաճել, իհարկե, մի քանի րոպե կկանգնես նրանց վրա, բայց հետո քամին լուռ կջնջի ու կտանի հետքերդ։

Լիլիթ Խաչատուրյան
Լուսանկարները՝ հեղինակի անձնական արխիվից։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին