×


Ֆիլմերի ամենագրավիչ զգեստերը՝ Հեփբերնի, Սթոունի, Նայթլիի ու մյուս աստղերի մատուցմամբ․ մաս 2-րդ

Հաճախ տպավորություն է ստեղծվում, որ ֆիլմերի գլխավոր հերոսուհիներն ընդամենը րոպեներ են ծախսում արտակարգ տեսք ունենալու համար ու հագնում են ձեռքի տակ ընկած առաջին զգեստը: Ու միշտ զարմանում ենք, թե մեզ մոտ ինչու այդպես չի ստացվում: Իրականում ամեն հաջողված կերպարի ու հագուստի հետեւում կոստյումների տաղանդավոր ու հայտնի նկարիչներ կան, որոնք ամիսներ շարունակ մտածում են, թե ինչ է պետք հագցնել դերասանուհիներին:

Bravo.am-ը հավաքել է համաշխարհային կինեմատոգրաֆի ամենագեղեցիկ ու գրավիչ հագուստները:

Նյութի առաջին մասին կարող եք ծանոթանալ այստեղ։

«Սպիով դեմքը», 1983 թ.

Մինչ օրս էլ Միշել Պֆայֆերի համար ստեղծված զգեստը ոգեշնչում է դիզայներներին ու նորաձեւության սիրահարներին: 2012-ին Ռիհաննան նմանատիպ զգեստ է կրել «Գրեմմիի» ժամանակ: Նա խոստովանել է, որ այդկերպ ցանկացել է հարգանքի տուրք մատուցել դերասանուհուն:

Էլվիրա Հենքոքի մինիմալիստական, բայց բաց զգեստապահարանը գրավել է նարկոբարոն Թոնի Մոնտանին (Ալ Պաչինո) ու ցույց տվել, թե ինչպիսին պետք է լինի գանգստերի կինը:

Զգեստի նկարիչ Պատրիսիա Նորիսը ստեղծել է ժամանակից առաջ ընկած զգեստ՝ բարակ կախիչներով, լայն բացվածքով, պատված մանր բյուրեղներով:

Նորիսը ցանկացել է, որ զգեստը ծովի գույնի լինի, որը տարբեր լույսերի ներքո փոխի երանգները: Նրան իսկապես հաջողվել է ստեղծվել անմոռանալի ու յուրահատուկ մոդել:


«Սիրունիկը», 1990 թ.

Ջուլիա Ռոբերթսի մարմնավորած Վիվիենը սովորական աղջկանից իսկական լեդիի է վերածվում հենց բաց ուսերով այս կարմիր զգեստի շնորհիվ: Ֆիլմը ստեղծող կինոընկերությունը ցանկանում էր, որ նա սեւ զգեստով լինի, բայց հագուստների նկարիչ Մերիլին Վենսը սեփական տարբերակն առաջարկեց, որից ոչ մեկ հրաժարվել չկարողացավ:

«Մինչ վերջնական որոշում կայացնելը ստեղծվել է 3 երանգի զգեստ: Ռոբերթսը խելոք սպասել է մի քանի ժամ, որպեսզի մենք նրա համար կարողանանք ճիշտ գույն ընտրել»,- պատմել է Վենսը:  



«Հիմնական բնազդ», 1992թ.

Այդ զգեստն, անկասկած, ամենակրքոտներից է, համենայնդեպս, այդպիսին է  տեսարանը, որում նկարահանվել է Շերոն Սթոունը: Որպեսզի կարողանա փոխանցել կերպարի ողջ գրավչությունն ու գայթակղելու հմտությունը, հագուստների դիզայներ Էլեն Միրոժնիկն ընտրել է առանց թեւերի հագուստ: Գլխավոր պայմաններից մեկն այն էր, որ Սթոունն այն կրի առանց ներքնազգեստի:

«Ուզում էի, որ Քեթրինի զգեստապահարանն ու արտաքինը միշտ արդիական լինեն անկախ ժամանակից: Դրա համար էլ հնարավորինս լակոնիկ ոճ ընտրեցի նրա համար»,- ասել է Միրոժնիկը:

Սպիտակ գույնն այս պարագայում պատահական չի ընտրված, այն թեեւ մաքրություն է խորհրդանշում, բայց մյուս կողմից էլ շփոթմունքի մեջ է գցում ու նաեւ անհայտություն արտահայտում, ինչն էլ այդքան յուրահատուկ լարվածություն է ստեղծում այդ տեսարանում:


«Անպարկեշտ առաջարկ», 1993թ.

Հատուկ Դեմի Մուրի համար ստեղծված զգեստն ավելի շատ է հիշվել, քան բուն ֆիլմը: Բաց ու սեւ գծերով ընդգրկող սեւ զգեստը Թիերի Մյուգլերի երեւակայության արդյունքն է: Այն հստակ կերպով արտացոլում է նրա գրաֆիկական ոճը, իսկ հերոսուհու հագին ընդգծում է մարմնի այն հատվածը, որը պետք է ամենաշատը գայթակղի: Ֆիլմից հետո 1990-ականներին ԱՄՆ-ում սկսվել է գլամուրի նոր դարաշրջան:

Տարիներ անց նմանատիպ նախշերով զգեստ կրել է Քիմ Քարդաշյանն ու նորից մեծ հետաքրքրություն առաջացրել դիզայների նկատմամբ:


«Տիտանիկ», 1997թ.

Ֆիլմի ամենահիշվող զգեստներից մեկը Ռոուզը (Քեյթ Ուինսլեթ) կրում է հայտնի ճաշի ժամանակ, որին ներկա էր նաեւ Ջեք Դոուսոնը (Լեոնարդո ԴիԿապրիո):

Այն ստեղծել է դիզայներ Դեբորա Լին Սքոթը, ինչի համար նաեւ Օսկար է ստացել: Նրա զգեստները ոչ միայն գեղեցիկ էին, այլեւ արտացոլում ժամանակի շունչն ու հերոսների կյանքի պատմության մի մասը:

Ռոուզի զգեստը տարբեր կտորների շերտերի ու ուլունքների պատճառով բավական ծանր էր: Դեբորան ցանկացել է, որ այդ գույնը փոխանցի հերոսուհու հոգեվիճակը: Այն ցույց է տալիս, թե որքան կրքոտ ու էմոցիոնալ է Ռոուզը, բայց ստիպված է զուսպ ու լուրջ երեւալ, ինչպես ժամանակի բարքերն էին պահանջում:



Նախապես պլանավորված էր, որ հենց դրանով պետք է Ուինսլեթը փորձի ցատկել «Տիտանիկից», սակայն հետագայում այն փոխարինվել է մեկ այլ զգեստով:

«Ինչպես ազատվել տղամարդուց 10 օրում», 2003 թ.

2000-ականներին ռոմանտիկ կատակերգությունը բավական հայտնի էր, գուցե հիմա շատերը մոռացած լինեն ֆիլմի մանրամասները, բայց Քեյտ Հադսոնի կրած զգեստը մեկ անգամ տեսնելիս ընդմիշտ դաջվում է հիշողությանդ մեջ:

Զգեստների նկարիչ Կառեն Պատչն այն ստեղծել է հատուկ 6 մլն դոլար արժողությամբ «Այսեդորա» շղթայի համար, որը հերոսուհին կրում է:

Զգեստը հղում է 1930-ականների նորաձեւությանը, երբ բաց մեջքը ողջունվում էր: Բանն այն է, որ Ամերիկյան Կինեմատոգրաֆի ասոցիացիան հրապարակեց ցանկ, թե ինչն է արգելվում ցույց տալ էկրանին (համբույրներ, սեքս, բռնություն, կարճ փեշով զգեստներ), բաց մեջքի մասին ոչ մի խոսք չկար: Մինչ այդ ոչ մեկ չէր էլ պատկերացնում, որ մարմնի այդ մասն էլ կարող է այդքան գրավիչ լինել: Հենց այդ բացթողումից էլ օգտվեցին հագուստի դիզայներներն ու աշխարհին նվիրեցին նորանոր գայթակղիչ զգեստներ:

Էնդիի համար կարված դեղին զգեստն էլ այդպիսին է ու ցուցադրում է նրա յուրահատկությունը:



«Հատուցում», 2007 թ.

Կինեմատոգրաֆում ներկայացված ոչ մի զգեստ այսքան աղմուկ չի հանել, որքան այս կանաչ գեղեցկուհին, որը ստեղծել է Ժակլին Դյուրանը: Օսկարակիր դիզայները ոգեշնչվել է 20-30-ական թվականների Լոնդոնի նորաձեւության ամսագրերից: Նրա ամենակարեւոր խնդիրներից մեկն այն էր, որ զգեստը կադրում գեղեցիկ երեւար ու ժամանակակից լիներ:

Բաց մեջքը 30-ականներին բավական նորաձեւ էր, բայց ոչ այդքան անկեղծ, ինչպես Քիրա Նայթլիի հագին, բացի այդ էլ նման բարակ կախիչներ էլ դեռ չկային: Նմանատիպ զգեստ նախկինում երբեք չի եղել, այն լրիվ դիզայների երեւակայության արդյունքն է:


«Գիտեինք, որ զգեստը պետք է բացառիկ լինի, որպեսզի երբ Սեսիլիան (Նայթլի) հայտնվի կադրում, հեռուստադիտողները հիացած շունչ քաշեին, ինչպես եւ ֆիլմի հերոսը, որը սիրահարված է նրան»,- պատմել է նա:

Անչափ անհանգստացած են եղել, որ գրադարանի սեքսուալ տեսարանի նկարահանման ժամանակ Նայթլին ու Ջեյմս ՄակԷվոյը կարող են վնասել զգեստը: Այդպես էլ եղել է, նուրբ կտորն անընդհատ պատռվում էր, դրա համար էլ օգտագործել են զգեստի կրկնօրինակները:



Ռեժիսորի պահանջն է եղել, որ զգեստը կանաչ լինի, սկզբում գնել են սպիտակ ատլասե կտոր, ապա այն կանաչ ներկել: Քիրայի հետ նրանք շրջել են Լոնդոնի կտորների խանութներով ու կանաչի բոլոր հնարավոր երանգների նմուշներ վերցրել: Իրենց ցանկացածը ստանալու համար միավորել են 3 երանգ: Ամենաբարդն այն կադրում ցույց տալն էր, քանի որ լուսավորության պատճառով ամեն անգամ տարբեր էր ստացվում, արդյունքում օպերատորները մի լավ տանջվել են:

Ֆիլմում Նայթլիի կրած բոլոր զգեստները վաճառվել են, այդ թվում կանաչի բոլոր տարբերակները:

«Սեքսը մեծ քաղաքում»

1990-ականներին նկարահանված սերիալը լրիվ նորարական էր ու համարձակ իր ասելիքով ու հերոսուհիների կրած զգեստներով: Այդպիսին էին նաեւ համանուն ֆիլմերը, որոնցում արդեն հասուն տարիքի հերոսուհիները շարունակում էին առանձնանալ իրենց ոճով:

«Սեքսը մեծ քաղաքում»-ը մեզ բազմաթիվ հիշվող ու գեղեցիկ զգեստներ է նվիրել, որոնց համար առանձնահատուկ շնորհակալություն ոճաբան Պատրիսիա Ֆիլդսին՝ ամեն կերպարի բնավորությունն իրեն հատուկ զգեստներով ընդգծելու համար:

Ամենահայտնիներից մեկը Քերի Բրեդշուի հարսանեկան զգեստն է, որի հեղինակը Վիվիեն Վեստվուդն է: Ֆիլմի սիրահարներն այնքան են սիրել այն, որ ցուցադրությունից անմիջապես հետո գնել են բոլորը: Չնայած հերոսուհին դրանով այդպես էլ չի ամուսնացել (ֆիլմի սիրահարները գիտեն բոլոր մանրամասները), բայց այս կադրում նրանք 4 ընկերուհիներով Նյու Յորքի գրադարանում պարզապես արտակարգ են:


Ուշադրության արժանի մյուս զգեստը վերջին եթերաշրջանից է, որը Քերին կրել է Փարիզում: Versace-ի 80 հազ. դոլար արժողությամբ այդ գեղեցիկ զգեստով էր նա այդքան համառորեն սպասում Ալեքսանդր Պետրովսկուն: Բայց կադրը, որում նա պառկած է անկողնու վրա, իսկ շուրջը տարածվել է զգեստը, ամենաէսթետիկներից է: Նույն զգեստը նա կրել է նաեւ 2021 թվականին նկարահանված սերիալի շարունակությունում՝ տանը պարզապես ընթրելու համար:


Իսկ այս լուքով Բրեդշոուն Աբու Դաբիի շուկայում համեմունքներ էր գնում: Կերպարն այդ հագուստով այնքան վառ է ստացվել, որ մոռանալ հնարավոր չէ: Նուրբ մանուշակագույն կիսաշրջազգեստը երեկոյան զգեստի ներքեւի հատվածն է, որն ամբողջացրել են J’Adore Dior 8 գրությամբ շապիկով: Արդյունքում շատ տպավորիչ է ստացվել:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW