×


Ֆիլմերի ամենագրավիչ զգեստերը՝ Հեփբերնի, Սթոունի, Նայթլիի ու մյուս աստղերի մատուցմամբ․ մաս 1-ին

Հաճախ տպավորություն է ստեղծվում, որ ֆիլմերի գլխավոր հերոսուհիներն ընդամենը րոպեներ են ծախսում արտակարգ տեսք ունենալու համար ու հագնում են ձեռքի տակ ընկած առաջին զգեստը: Ու միշտ զարմանում ենք, թե մեզ մոտ ինչու այդպես չի ստացվում: Իրականում ամեն հաջողված կերպարի ու հագուստի հետեւում կոստյումների տաղանդավոր ու հայտնի նկարիչներ կան, որոնք ամիսներ շարունակ մտածում են, թե ինչ է պետք հագցնել դերասանուհիներին:

Bravo.am-ը հավաքել է համաշխարհային կինեմատոգրաֆի ամենագեղեցիկ ու գրավիչ հագուստները:

«Քամուց քշվածները», 1940թ․

Սքարլետ Օհարայի դերում Վիվիեն Լին արտակարգ էր, ու հիմա՝ 82 տարի անց էլ նրա մարմնավորած կերպարը գեղեցիկ ու նորաձեւ է թվում: Ֆիլմի կանաչ թավշե զգեստն իր նկատմամբ հետաքրքրությունը չի կորցնում երբեք:

Ֆիլմի կոստյումների հեղինակը Տուլթեր Փլանքեթն էր, նա մանրակրկիտ, մի քանի ամիս շարունակ գրադարանում ուսումնասիրել է նախորդ տարիների նորաձեւությունը, այցելել վայրեր, որոնք նկարագրված են վեպում, հանդիպել գրքի հեղինակ Մարգարետ Միտչելին ու մարդկանց, որոնք գրել են Հարավի եւ Հյուսիսի միջեւ պատերազմի մասին:



Ըստ ֆիլմի սցենարի, կանաչ զգեստը Սքարլետի համար կարում է նրա դայակը՝ վարագույրից: Կերպարի համար այն ազատության խորհրդանիշ էր, իսկ Փլանքեթին իսկական գլխացավանք պատճառեց: Այն տարիներին նման զգեստ ստանալն այնքան էլ հեշտ չէր: Բացի այդ, գույնը պետք է համապատասխաներ Վիվիենի աչքերին, որոնք թեեւ կապույտ էին, բայց, ըստ վեպի, կանաչ են ու զգեստի միջոցով յուրահատուկ երանգ պետք է ստանային:

Արդյունքում կտորն արհեստականորեն գունաբացվել է, իբր թե արեւից է այդպիսին դարձել, իսկ գոտին ու ձեռքերի վրայի գծերը ճիշտ այնպիսի պարանի են նման, որով այն ժամանակ կապում էին վարագույրները: Զգեստի համար 14 մետր կտոր է ծախսվել:


«Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին», 1953 թ.

Իհարկե, Մոնրոյի միայն այս զգեստը չէ, որ հայտնի է։ Հիմա կմտածեք, իսկ ո՞ւր մնաց հայտնի սպիտակը, որն այդքան գեղեցիկ կերպով բարձրանում է «Ցանկության 7 տարի» ֆիլմում: Բայց Մոնրոն երբեք այդքան վառ ու իր տարերքի մեջ չի եղել, որքան այս երկար փեշով վարդագույն հագուստով: Բացի այդ, այն համաշխարհային կինեմատոգրաֆի ամենաճանաչելի զգեստներից է: Հենց դրանով է ֆիլմում Մոնրոն կատարում «Ադամանդներն աղջիկների լավագույն ընկերներն են» երգը:



Զգեստը ստեղծել է Ուիլյամ Թրավիլը, ավելի ուշ Մադոննան կրկնօրինակել է այն իր տեսահոլովակի համար, իսկ իսկական զգեստը 2010 թվականին աճուրդում վաճառվել է 310 հազ. դոլարով:

«Տեղ արեւի տակ» (1951թ.) եւ «Կլեոպատրա» (1963թ.)

Էլիզաբեթ Թեյլորը հայտնի էր իր յուրահատուկ ոճով, նրա մարմնավորած կերպարներն էլ սովորաբար գեղեցիկ սրտակերներ էին: Այդպիսին էր նաեւ նրա Անջելա Վիքերսը, որի կրած սպիտակ զգեստը պարզապես խելքահան է անում բոլորին:

Եվ բնավ էլ պատահական չէ, որ բոլոր հագուստների հեղինակը Հոլիվուդում զգեստների ամենահայտնի նկարիչ Էդիթ Հեդն է, նա 8 անգամ Օսկար է ստացել ու 35 անգամ նոմինացված եղել: Էդիթն այս ֆիլմում Թեյլորի հետ առաջին անգամ է համագործակցել, բայց հետագայում շատ մտերիմ ընկերներ են դարձել:


«Կլեոպատրայում» Թեյլորը լրիվ բացառիկ զգեստապահարան ուներ, որը, սակայն, այնքան էլ չէր համապատասխանում Հին Եգիպտոսին: Հատուկ նրա համար ոսկուց գլխազարդ էին պատրաստել: Նա ֆիլմի ընթացքում 65 անգամ փոխել է զգեստներն ու այդ ցուցանիշի համար 1996 թվականին ընդգրկվել Գինեսի ռեկորդների գրքում: Այս մեկը ոսկուց է պատրաստված ու հենց դրանով է թագուհին մտնում Հռոմ:



«Բռնել գողին», 1955թ.

Թեեւ ֆիլմում Գրեյս Քելլին մի քանի անկրկնելի զգեստ է կրում, բայց մենք կանդրադառնանք մեկին: Դրանց հեղինակը կրկին Էդիթ Հեդն է, նա օգտագործել է կապույտի 5 տարբեր երանգների շերտեր, որպեսզի զգեստը հենց այդպիսին ստացվի եւ ընդգծի դերասանուհու աչքերի գույնն ու թեթեւ արեւայրուքը:

Հենց այդ ֆիլմի նկարահանումների ժամանակ է Քելլին ծանոթացել իր ապագա ամուսնու՝ Մոնակոյի արքայազնի հետ:

Ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքի մտահաղացմամբ, սպիտակ զգեստը պետք է յուրահատուկ կերպով համադրվեր ադամանդե վզնոցի հետ, բայց չխամրեցներ այն: Դրա համար Հեդն ընտրել է բաց ուսերով զգեստ, որն այն ժամանակվա համար նորություն էր, իսկ հիմա շատ է կիրառվում:


«Նախաճաշ Թիֆանիի մոտ», 1961 թ.

Ֆիլմում Օդրի Հեփբերնի կրած Givenchy-ի զգեստը բոլոր ժամանակների ամենահայտնի սեւ զգեստ է ճանաչվել: Հենց դրանով էր դերասանուհու մարմնավորած Հոլլի Գոլայթլին եկել Նյու Յորքի 5-րդ ավենյուի Tiffany & Co խանութի մոտ, որպեսզի նախաճաշի:

Երբ Տրումեն Կապոտեն մտածում էր ֆիլմը նկարելու մասին, չէր էլ կարող պատկերացնել, որ գլխավոր դերում հենց Հեփբերն է լինելու: Գրողը ցանկանում էր, որ դերասանուհին կրքոտ լինի ու բաց գույնի մազերով: Երբ Մերիլին Մոնրոն հրաժարվեց խաղալ ֆիլմում, միանգամից ընտրվեց Հեփբերնը: Ֆիլմի համար նա անգամ թույլ տվեց, որ մազերից մի քանի փունջ գունաբացեն:
Զգեստը պետք է ավելի բաց լիներ ու կտրվածք ունենար, բայց պրոդյուսերները չհամաձայնվեցին, ու այլ դիզայն ընտրվեց՝ ավելի երկար ու նեղ: Այն այնքան գեղեցիկ է  երեւում նաեւ ճիշտ ընտրված աքսեսուարների շնորհիվ՝ մարգարիտների ու երկար ձեռնոցների, որոնք ընդգծում են դերասանուհու նուրբ կազմվածքը:


Հիմա այդ զգեստի 3 օրիգինալ կրկնօրինակ կա՝ Givenchy-ի արխիվներում, Մադրիդի զգեստների թանգարանում, իսկ 3-րդը՝ 2006 թվականին 607 հազար եվրոյով վաճառվել է Christie's աճուրդի ժամանակ՝ սահմանելով կինոզգեստների ամենաթանկ գնի ռեկորդը: Ողջ հասույթը փոխանցվել է Կալկաթայում երեխաների օգնության հիմնադրամին:

«Սեւ կոշիկով բարձրահասակ շիկահեր », 1972թ.

Գեղեցկուհի Միրեյ Դարքը ֆիլմում մարմնավորել է անկրկնելի Քրիստինին, նա պետք է բացահայտեր հանցագործին, մինչդեռ իրականում սիրահարվում է նրան:  Ամենահայտնի տեսարաններից մեկում հերոսուհին երեւում է մարմինն ընդգծող սեւ զգեստով՝ երկար թեւերով ու փակ վզով: Բայց բավական է նա շրջվի ու երեւում է ամբողջությամբ բաց մեջքն ու շատ խորը բացվածքը:

Շնորհակալություն այդ զգեստի ստեղծման համար պետք է հայտնել ֆրանսիացի դիզայներ Գի Լարոշին:

View this post on Instagram

A post shared by @ppennylane


Նա համանուն բրենդը հիմնել է 1957-ին ու հայտնի ֆրանսուհիներից բացի սկսել զգեստներ ստեղծել նաեւ ֆիլմերի համար: Հատուկ այս ֆիլմի համար նա ստեղծել է ամենագայթակղիչ զգեստներից մեկը: Որպեսզի այն ամբողջությամբ ընդգծի կոնքերն ու գրավիչ լինի, սեւ կտորի եզրերը միացրել է ոսկեգույն շղթայով:

«Ինձ սպասում էին նկարահանման հրապարակում, ոչ մեկի չէի զգուշացրել, թե ինչ եմ կրելու: Դիմացից այն սովորական էլեգանտ դասական զգեստ էր: Ինձ էր նայում 20 զույգ աչք ու արդեն սպասում էի հիացական շշուկների, եւ հանկարծ՝ լռություն, որն արդեն անհարմար էր դառնում: Մտածեցի՝ հիացած չեն, իրականում բոլորը զրկվել էին խոսելու կարողությունից»,- պատմել է դերասանուհին:


Շարունակությունը՝ հաջորդիվ։

Պատրաստեց Հասմիկ Բաբայանը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW