×


Ամենաապահով ռաֆթինգը՝ Նոյից հետո

Արդեն մի քանի տարի է՝ ռաֆթինգը Լոռու մարզի զբոսաշրջության բաղկացուցիչ մասերից ու սպորտային հանգստի կարեւոր ձեւերից մեկն է: Այն անընդհատ նոր մարդկանց է գրավում ու անմոռանալի զգացողություններ պարգեւում:

Ռաֆթինգով զբաղվելու առանձնահատկությունների ու դրա բազմաթիվ առավելությունների մասին BRAVO.am-ին պատմել է «Rafting Republic»-ի համահիմնադիր Վազգեն Խաչիկյանը:

Առաջին քայլերը

Դեռ 2007 թվականին ֆրանսիահայ Շանթ Մերջանյանը, որը Սորբոնի համալսարանի դոկտորանտ էր, կազմել է Լոռու մարզի պատմաճարտարապետական հուշարձանների տուրիստական վերարժեւորումը: Հենց այդ ժամանակ էլ Խաչիկյանն առաջին անգամ լսել է ռաֆթինգի մասին:

«Նրան խնդրեցի ամեն գնով այդ ցանկում ներառել իմ ծննդավայր Ախթալան, որպեսզի նրա զբոսաշրջային ներուժը եւս փորձենք բացահայտել: 2009 թ. կառավարությունը հաստատեց «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջային զարգացման ծրագիրը, որի մեջ ներառված էր նաեւ ռաֆթինգը: Բայց 2008-2009 թթ. տնտեսական ճգնաժամի պատճառով այն այդպես էլ կյանքի չկոչվեց»:

Բայց ռաֆթինգն ամեն դեպքում հայտնվեց Լոռու մարզում. 2017 թ. ՄԱԿ-ի «Գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրի» դրամաշնորհը ստացավ «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան», որը ներկայացել էր ռաֆթինգով: Այդպես էլ բացվեց առաջին ռաֆթինգային ընկերությունը:

«2022-ին արդեն կա գործող 5 զբոսաշրջային կազմակերպություն, որոնք մատուցում են ռաֆթինգային ծառայություններ, ունեն համապատասխան գույք, հետեւում են կանոններին ու պատրաստում հրահանգիչներ: Մեր ընկերությունը վերաբրենդինգի  ենթարկվեց ու հիմա կոչվում է «Rafting Republic»: Երբ ունեցանք ներդրող, սկսեցինք ծավալները մեծացնել»:


Նախկինում ունեցել են մեկ մեկնարկային ու ավարտական կետ, հիմա դրանք արդեն երկուսն են, մտածում են նոր ենթակառուցվածքների մասին եւ նպատակ ունեն կառուցել սրճարան ու հանդերձարան: Այդ նպատակով ընկերությունը ձեռք է բերել հողատարածքներ, որոնց վրա էլ դրանք կտեղակայվեն: Խաչիկյանի խոսքով՝ այն դարձնելու են ոչ միայն ռաֆթինգի, այլ նաեւ ժամանցային կենտրոն:

«Մենք փորձում ենք պատասխանել տուրիզմի 3 հարցերին՝ ի՞նչ անել, ինչո՞վ սնվել ու որտե՞ղ քնել: Մեր տեսլականն է ստեղծել արկածային տուրիզմի ու ջրային այնպիսի կենտրոն, որի հիմքում կլինի գետը, մնացածն էլ նրա շուրջը կկառուցենք: Այն կլինի Մեծ Այրում գյուղի ներքեւի հատվածում, որտեղ դելտա է առաջացել: Առաջին ուղին ձգվում է Թումանյան քաղաքից մինչեւ Օձուն գյուղի ներքեւի հատվածը, մյուսը՝ Հաղպատից Մեծ Այրումի ներքեւի հատվածը: Երկուսն էլ անմիջապես հարում են միջպետական ճանապարհին, տարբերակ ենք նախատեսում, որ ռաֆթինգ իրականացնենք նաեւ Տավուշի մարզում»:

Ռաֆթինգը՝ տուրիզմի խթանման համար

Վրաստանից Հայաստան զբոսաշրջիկներ շատ քիչ են գալիս, թեեւ հայերը վերջին տարիներին սիրում են հանգստանալ հարեւան երկրում: Այդ փաստը մտահոգում է Խաչիկյանին, դրա համար էլ փորձում են լուծում գտնել:

«Այդ բացը վերլուծել ենք ու հասկացել, որ ինչպես եւ մենք, իրենք էլ ունեն եկեղեցիներ, նմանատիպ բնություն, Սեւանա լճի այլընտրանքը ծովն է, Ծաղկաձորի պես մի քանի հանգստավայրեր ունեն, Ջերմուկի ու Դիլիջանի պես՝ երեւի մոտ 10-ը: Ու գրավող  հանգամանք կարող է հանդիսանալ ռաֆթինգը: Թբիլիսիից պետք է անցնել 160 կմ, որպեսզի Բորժոմիում հնարավոր լինի ռաֆթինգով զբաղվել, մինչդեռ մենք հեռու ենք ընդամենը 100 կմ: Բացի այդ էլ, այստեղ եկող վրացի զբոսաշրջիկը հնարավորություն կունենա պատմաճարտարապետական հուշարձաններ տեսնել, նոր մշակույթի ու խոհանոցի ծանոթանալ ու զբաղվել արկածային տուրիզմով»:

Խաչիկյանը նշում է, որ 2016-2017 թթ. Վրաստանում անցկացված Աշխարհի գավաթից հետո միայն ռաֆթինգի նպատակով այդ երկիր է այցելել 50 հազար զբոսաշրջիկ, այցելուների թվով առաջին տեղում Իսրայելն ու Լիբանանն են: Նա հույս ունի, որ սպորտը անմիջականորեն կազդի զբոսաշրջության հոսքերի ավելացման վրա նաեւ Հայաստանում:


Պլանավորում են այս տարի ռաֆթինգի սիրողական մրցաշար անցկացնել Վրաստանի գործընկերների հետ, որին կմասնակցեն տարբեր ընկերություններ ու բանկեր երկու երկրներից:

««Միմինոյի» մոտիվներով կանենք, մանավանդ ես էլ Խաչիկյան եմ: Գուցե, այն զուգակցենք խորովածի փառատոնի հետ ու դարձնենք հայ-վրացական բարեկամության հետաքրքիր կամուրջ»:

Մասնագետներն ու առավելությունները

Մարդկանց լավ ճանաչելու համար խորհուրդ են տալիս երկար ճանապարհ գնալ նրանց հետ, իսկ եթե դա ցանկանում եք դա անել ավելի արագ ու սպորտի միջոցով, կօգնի ռաֆթինգը: Այն թիմային որակների դրսեւորման հիանալի միջոց է, գետն ու նավարկությունը թույլ են տալիս տեսնել թիմակիցներիդ հոգեբանական լավ ու վատ կողմերը, պատրաստակամությունն ու ոգին:

«Արդեն բավական գործ ենք արել, ձեռք ենք բերել միջազգային կարգի ապահովություն ապահովող լավագույն հանդերձանք ու գույք (սաղավարտներ, բաճկոններ), 11 ռաֆթ ունենք: Հայաստան ենք հրավիրել 5 ռաֆթերների, որոնցից երկուսը ներկայացնում են Նեպալը, այն ռաֆթինգում այնքան առաջատար է, ինչպես Բրազիլիան՝ ֆուտբոլում: Նույնիսկ կատակում ենք, որ նրանք ջրում են ծնվում, այնտեղ էլ՝ ապրում: Ջրի մարդիկ են ու հզոր ներուժ ունեն: Երկու ռաֆթերները Ռուսաստանից են, Օլգա Եֆիմովան Ռուսաստանի կանանց հավաքականից է, մեկ մասնագետ էլ Հունաստանից է, մյուսները հայեր են: Նրանք տեղացի մասնագետներին վերապատրաստում են ու օգնում որակավորումը բարձրացնել: Ակտիվ զբոսաշրջային սեզոնից հետո պետք է ռաֆթինգի դպրոց ունենանք»:


Խաչիկյանը նշում, է որ ռաֆթինգը մի քանի դեր է կատարում, առաջինը կոմերցիոնն է, ինչը հնարավորություն է տալիս զբոսաշրջությունը զարգացնել, մյուսը փրկարարական նպատակով օգտագործելն է: Բանակցություններ ենք վարում ԱԻՆ-ի հետ, որպեսզի իրենց ջոկատը համալրի փրկարարների շարքերն ու տարատեսակ աղետների դեպքում կարողանա օգտակար լինել:

Ռաֆթինգի մյուս առանձնահատկություններից մեկն էլ, որքան էլ զարմանալի թվա, գիտական նպատակով օգտագործելն է:

«Մեզ դիմել էր մի գիտական կազմակերպություն, որպեսզի իրենց ռաֆթեր ու ռաֆթերներ տրամադրենք, ու նմուշներ վերցնեն գետի այն հատվածներից, որտեղ իրենք ինքնուրույն հասնել չեն կարող: Գետում նաեւ ջրլող թռչուններ կան, ձկնային պաշարներ: Մեզ պատասխանատու ենք զգում նաեւ գետի ափերի մաքրության համար: Պետք է հետեւենք նրա էկոլոգիական մաքրությանը»:

Ռաֆթինգը նաեւ նոր աշխատատեղեր է ստեղծում, ընդ որում՝ բավական բարձր աշխատավարձերով:

Աշխարհագրությունն ու սեզոնները

2018-2019 թթ. հիմնական այցելուներն արտասահմանցի զբոսաշրջիկներն էին, ովքեր ծանոթ էին ռաֆթինգին: Մարզաձեւը հատկապես զարգացած է այն երկրներում, որտեղ լեռնային գետեր կան՝ Ճապոնիայից մինչեւ Կանադա: 2020 թվականին քովիդի պատճառով հարաբերակցությունը փոխվեց ու հիմնականում տեղացիները սկսեցին զբաղվել ռաֆթինգով: Սակայն այս գարնանը տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքում, երբ մահացավ հեռուստալրագրող Արմինե Ճաղարյանը, հայերի հոսքը նորից սկսեց պակասել:

«Մեկ այլ ընկերության կազմակերպած ռաֆթինգի ժամանակ տեղի ունեցած այդ ողբերգական դեպքի համար բոլորս էլ ցավում ենք ու նորից ցավակցում Արմինե Ճաղարյանի ընտանիքին: Բոլոր մասնագետների գնահատականներով, այդ թվում՝ նաեւ իմ, եթե ապահովում են անվտանգության բոլոր կանոնները՝ սաղավարտ, համապատասխան բաճկոն, ռաֆթինգը լիովին անվտանգ է կյանքի ու առողջության համար: Դա միակ մահացու դեպքն է եղել: Մեր կազմակերպությունը կսկսի 5 մլն դրամ փոխհատուցում տալ, եթե ռաֆթինգի պատճառով ցանկացած վնասվածք գրանցվի: Մեր ռաֆթերները բավական բարձր որակավորում ու միջազգային ֆեդերացիայի հավաստագրեր ունեն, դրա համար էլ այդքան վստահ ենք նման բան հայտարարում»:


Նրա վկայությամբ, ռաֆթինգ հնարավոր է իրականացնել ողջ տարին, առավել ակտիվ շրջան է համարվում մայիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածը, ցանկալի չէ գետում լինել գարնանային հալոցքների ու աշնանային անձրեւների ժամանակ: Դեբեդը հնարավորություն է տալիս նույնիսկ ձմռան ամիսներին ռաֆթինգ անցկացնել: Արգելվում է ռաֆթ նստել հղիներին եւ սրտային հիվանդություն ունեցողներին:

«3-80 տարեկան մարդիկ են օգտվել մեր ծառայություններից, նույնիսկ հենաշարժողական խնդիրներ ունեցողների ենք 3-4 անգամ հյուրընկալել, ընդ որում՝ բավական մեծ խմբերի: Դրա համար լավ հրահանգիչներ է պետք ունենալ, որոնք ծանոթ են գետին ու ապահովել որակյալ հանդերձանք: Այն նաեւ լիովին անվտանգ է լողալ չիմացող մարդկանց համար: Իրենց կամքից անկախ գետում հայտնվելու դեպքում էլ կան անվտանգության բոլոր երաշխիքները՝ փրկարար բաճկոնը, սաղավարտը, թին: Բաճկոնը թույլ չի տալիս, որ սուզվի, պարան ենք նետում, թին ենք տալիս, հրահանգիչն է իր հետեւից գնում»:

Սպորտային ներուժը

Ռաֆթինգն առաջին հերթին մարզաձեւ է, ժամանակին մի քանի Օլիմպիական խաղերի ծրագրում է ներառված եղել, հիմա նորից մտածում են այն Օլիմպիական ընտանիք վերադարձնելու մասին:

Ռաֆթինգի շնորհիվ Լոռին հնարավորություն ունի իր խոսքն ասելու սպորտային աշխարհում:

«Որեւէ մեկի մտքով էլ չէր կարող անցնել, որ մեր տարածաշրջանը կարող է Աշխարհի առաջնության մասնակից ունենալ, բայց նման բան հնարավոր եղավ: Մինչեւ քովիդը մեր հրավերով Հայաստան էր ժամանել ռաֆթինգի միջազգային ֆեդերացիայի նախագահ Դանիլո Բարմազը, նա էլ հավաստեց, որ հնարավոր է այստեղ անցկացնել Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ եւ Աշխարհի գավաթի փուլեր: Մեր այս նախաձեռնության հետ փոխկապակցված է «The future Armenia»-ի հիմնադիրներից Արամ Բեկչյանը, նրա ընկերություններից մեկը մեր հիմնական ներդրողն է: Այնպես որ, ունենք հաստատակամություն եւ պատրաստ ենք ծախսերը հոգալ ու կազմակերպել նման մրցաշար»:

Ռաֆթինգի ֆեդերացիան տարբեր մրցաշարեր է անցկացնում ու համագործակցում ակումբների հետ, որոնց թիվը փորձում են ավելացնել:


Արդեն իսկ պարառաֆթինգի Աշխարհի չեմպիոն ունեն, մյուս տարի պլանավորում են տղամարդկանց, կանանց, պատանիների ու վետերանների թիմերով հանդես գալ Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում:

«ՀԱՕԿ-ի նախագահն է օգնել մարզաձեւին, սպորտի տարբեր նախարարներ՝ պատրաստակամություն հայտնել աջակցել: Կարեն Գիլոյանի հետ ենք հանդիպել, նա էլ է հույս հայտնել է, որ ֆինանսական օժանդակություն ցույց կտան ու նաեւ կազմակերպչական առումով կօգնեն, ինչը եւս կարեւոր է: Ռաֆթինգը մեր տարածաշրջանի զարգացման այցեքարտերից մեկն ենք համարում, այն հնարավորություն կտա մարզիկներ ունենալ ու մրցաշարեր բերել այս տարածաշրջան, որն այլ սպորտաձեւերում նման բանի հավակնել դեռ չի կարող»:

Նոր ծրագրերն ու կառուցվածքը

Եվս մեկ ծրագիր էլ ունեն, որը կփորձեն կյանքի կոչել Ալավերդու համայնքի ՏԻՄ ընտրություններից հետո: Ցանկանում են Ալավերդու մարզադաշտի հարեւանությամբ ջրային սպորտաձեւերի ենթակառուցվածքներ ունենալ:

Խաչիկյանը բացատրում է, որ պատահաբար չեն դարձել «Rafting Republic», քանի որ իսկապես իրենց առանձին հանրապետություն են համարում: Կառույցն ունի սեփական նավատորմը՝ ռաֆթերը, նավաստիները, անվտանգության ծառայությունը, պարենի նախարարություն, որը սնունդն է ապահովում, տրանսպորտի նախարարություն, որի շնորհիվ տեղաշարժվում են, մշակույթի եւ գյուղատնտեսության ու էլի մի քանի նախարարություններ:


«Մի հետաքրքիր փաստ կա, որը միշտ նշում եմ՝ աշխարհի առաջին ռաֆթերը Նոյն է եղել ու Հայաստանում է զբաղվել: Մեր ռաֆթինգի թիմը «Նոյի լեգիոն» ենք կոչում, եւ ամեն նոր այցելու համալրում է նրա շարքերը: Մեր հանրապետությունն ունենալու է անձնագրեր, վիզաներ ենք տալու, մշտական օգտվողները կդառնան պատվավոր քաղաքացիներ, ունենալու ենք նաեւ մեր սենատորները, կոնգրեսմենները, նախագահն ու դեսպանները, ինչպես նաեւ՝ դրոշը»:

Սեփական փորձով

Ռաֆթինգն իսկապես չափազանց հետաքրքիր ու գրավիչ է: Սակայն դրանով պետք է զբաղվել լիովին տրամադրված ու առանց վախի: Այն հնարավորություն է տալիս ուղեւորության ընթացքում բացահայտել ինքդ քեզ ու քո պատրաստակամությունը դիմակայելու դժվարություններին:

Գետում հայտնվելն ու նրա ընթացքին տրվելը շատ բացառիկ է, նախատեսված 1 ժամն անցնում է աննկատ ու շատ հետաքրքիր: Ծանոթանում ես Դեբեդի ափերին, անցնում մի քանի բնակավայրի կողքով, հիանում բնությամբ ու մի քիչ էլ սպորտային տուրիզմով զբաղվում: Ամբողջ ընթացքում զգոն լինելը, հրահանգիչի կանոններին հետեւելն ու թիակով ճիշտ աշխատելը պարտադիր պայման են:


Մեր ուղեւորության ընթացքում անսպասելի միջադեպ գրանցվեց արդեն մի քանի րոպե անց: Ռաֆթի ներքեւի շերտը պատռվեց ու մեջը ջուր լցվեց, սակայն փորձառու Արունի շնորհիվ, որը Նեպալից է, մենք բարեհաջող տեղ հասանք: Նա խոստովանեց, որ իր երկար տարիների աշխատանքի ընթացքում դա նմանատիպ 3-րդ դեպքն էր:

Ինձնից բացի նույն ռաֆթում էր նաեւ Արեւիկ Թահմիրյանն իր 2 որդիների հետ: Մինչ մենք վայելում էինք ուղեւորությունը, նրա կրտսեր որդին քնած էր ու մեզ էր սպասում իր սայլակում: Նրա հետ էին ավագները՝ 15-ամյա Աշոտ եւ 13-ամյա Էմիլ Ջասարիները: Տղաները խոստովանեցին, որ հաճելի էր վայելել Դեբեդ գետն ու ցանկանում են նորից վերադառնալ հաջորդ ամռանը:


Թահմիրյանի ընտանիքը ԱՄՆ-ից է, հիմա տեղափոխվել են Հայաստան ու բնակվում են Դիլիջանում: Պատահաբար ճանապարհին տեղադրված պաստառից են իմացել ռաֆթինգի մասին, երբ եկել են Լոռիին ծանոթանալու:

«Մինչ այս Արգենտինայում էի մեկ անգամ ռաֆթինգի գնացել: Օրը մռայլ էր, եղանակը ցուրտ եւ ջուրը բավական սառն էր, դրա համար էլ այնքան էլ հաճելի չէր եւ անհամբեր սպասում էի ավարտին: Այստեղ արդեն շոգ էր, ջուրն էլ հաճելի եւ ամեն ինչ լավ անցավ, հիանալի փորձ էր մեզ համար: Մտածում եմ, գուցե, որդիներիս տարեդարձին նրանց ընկերների հետ նորից բերեմ այստեղ»,- խոստովանեց նա:

Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Օլգա Եֆիմովայի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW