×


Կամերային թատրոնի հոբելյանական մեծ միջոցառումը՝ Երնջակյանի եւ հյուրերի խոստովանություններով

Ժամանակին մշակութային հեղափոխություն արած Երեւանի կամերային թատրոնը նշում է կազմավորման 50 եւ պետական կարգավիճակ ստանալու 40-ամյակները, ինչի առթիվ երեկ հավաքվել էին թատրոնի գրեթե բոլոր սերունդների ներկայացուցիչներն ու մշակույթի ոլորտի մարդիկ, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:

Կեսդարյա պատմության ընթացքում մշտապես իր ուրույն ձեռագրով առանձնացող թատրոնն առաջինն էր, որն իրականություն դարձրեց հանդիսատես ու դերակատար անմիջական կապը, դե իսկ ժամանակի ընթացքում այն դարձավ այս թատրոնի այցեքարտերից մեկը: Իրենց բնորոշ բազմազանությամբ եւ հագեցվածությամբ էլ նրանք նշեցին իրենց համար կարեւոր օրը:


Սկզբում երաժշտության ուղեկցությամբ կարմիր գորգն էր, որի շուրջ ներկաները փոխադարձում էին հիշողություններ ու լավ պատմություններ: Շնորհավորանքների ու մաղթանքների հոսքը ճեղքելով՝ Կամերային թատրոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանի հետ զրուցեցինք, որը խոստովանեց՝ ժամանակին թատրոն չի սիրել:

«Այսօր այնքան դրական խոսքեր են ասում, որ եւս մի 50 տարի աշխատելու էներգիա արդեն կա: Իրականում, սկզբում ուրախների եւ հնարամիտների ակումբն էր, հետո պատանիների ակումբը, իսկ թատրոն եկա անսպասելի եւ չուզելով: Հայրս մինչեւ վերջ այդպես էլ չընդունեց որոշումս, քանի որ կարծում էր՝ տղամարդը չպետք է զբաղվի թատրոնով: Մեր ընտանիքում մաթեմատիկայի ու ֆիզիկայի պաշտամունք է եղել, իսկ ես սովորել եմ Պոլիտեխնիկական ինստիտուտի կիբերնետիկայի ֆակուլտետում, սակայն ՈւՀԱ-ն շեղել է ինձ՝ տանելով այլ ուղղությամբ: Սկզբում մենք ցանկանում էինք ոչ թե թատրոն, այլ լաբորատորիա բացել, որը հետազոտություններ կանի թատրոնի համար, բայց պարզվեց, որ դա անհնար է, քանի որ դոկտորներ են պետք: Մտերիմ մարդիկ առաջարկեցին թատրոն հիմնադրել»,-պատմեց նա:


Հարցին, թե տարիների ընթացքում սերունդների փոփոխության հետ մեկտեղ ձեռագիրը ինչպե՞ս են պահպանել, մնացել արդիական անգամ հին ներկայացումների դեպքում, Երնջակյանը նշեց. «Դա պայմանավորված է թատրոնում խենթ ստեղծագործողների առկայությամբ: Մեր հիմնական ձեւը նույնացման սկզբունքն է: Նորեկները կա՛մ ընդունում էին դա ու դառնում մերը, կա՛մ հեռանում: Մինչ օրս մեր թատրոն գալիս են երիտասարդներ, որոնք ընդունում են նույն «կրոնը» կամ «պաշտամունքը» եւ շարունակում են մեր գործը»:

Թատրոնի հնաբնակներից է դերասանուհի Լուիզա Ներսիսյանը, որը 22 տարի առաջ է սկսել աշխատել: Առաջին հանդիպումը հարազատ թատրոնի հետ եղել է Թատերական ինստիտուտում սովորելու տարիներին, երբ Հակոբ Ղազանչյանը ներկայացրել է Կամերային թատրոնը՝ նշելով, որ այն էնտուզիաստների կողմից զրոյից սեփական ձեռքերով է հիմնված:


«Չորս տարի սովորելու ընթացքում իմ մտքում կար Կամերային թատրոնը, որտեղ անգամ պատերն են ջերմությամբ վարակում: Պատանի հանդիսատեսի թատրոնում աշխատելու ժամանակ մի օր որոշեցի գալ այստեղ, քանի որ ընկերներս արդեն այստեղ էին աշխատում: Հանդիպելով Արա Երնջակյանի հետ՝ համագործակցության առաջարկ ստացա: Սկսել եմ «Ներոն» ներկայացման մեջ՝ Վեներայի, «Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ» ներկայացման մեջ՝ թարգմանչուհու դերերով: Երկրորդ ներկայացման մեջ խաղալու հարցում ինձ օգնեց անգլերենի լավ իմացությունս, քանի որ հայերեն չէի խոսելու բեմում: Հետո նաեւ ինձ վստահվեց Պատկերասրահի տնօրենի պարտականությունները։ Օրս ամբողջությամբ անցնում էր թատրոնում»,-պատմեց դերասանուհին:


Թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լուսինե Երնջակյանը, մեծանալով Կամերային թատրոնում, նշում է՝ այն սերը, որը կա թատրոնի հանդեպ, փոխանցվել է մայրական կաթի եւ հայրական ծխի հետ: Իր բնութագրմամբ` հիմա անում է ամենը, որ 50-ամյա թատրոնը կանգուն մնա, դերասանական կազմում եւ հանդիսատեսի շարքերում չպակասեն երիտասարդները: Կամերային թատրոնում տարբեր տարիներին միշտ եղել է համագործակցություն դերասանական կրթություն չունեցող մարդկանց հետ, որոնց համար կարիերան ու կյանքը փոխվել է հենց թատրոնից:

«Մեզ մոտ դերասանների հիմնական մասը թատերականից են, բայց դա պարտադիր պայման չէ, քանի որ կան շատ շնորհքով մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն հասցրել կամ կարողացել սովորել մասնագիտությամբ: Նրանց առջեւ երբեք չի փակվել մեր թատրոնի դռները: Մենք ունենք մեր յուրահատուկ աշխատելու ձեւը, դերասաններին պատրաստելու ձեւը, բոլոր եկողներն անցնում են դրա միջով: Հնարավոր է, որ շատ տաղանդավոր ու կայացած դերասան լինի, բայց չտեղավորվի մեր ձեւաչափում»,-ասաց Լուսինե Երնջակյանը:


Ոչ դերասանի կրթությամբ, բայց սիրով ու էնտուզիազմով լի մոտ 20 տարի առաջ թատրոն եկած Անդրանիկ Հարությունյանն իրեն համարում է Կամերային թատրոնի բնակիչ. «Ես այս միջավայրում շատ լավ եմ ինձ զգում, շատ բան եմ այստեղ սովորել ու դեռ սովորում եմ: Ասում են, թե երկրորդ տուն չի լինում, իսկ ինձ համար այդ տունը կա` Կամերային թատրոնն է»:


Զիրոյան, Ժորա Հարությունյան, Անի Լուպե, Քեթրին Մանասյան, Սենիկ Բարսեղյան՝ թատրոնը որպես երկրորդ տուն համարողների քանակը շատ էր, բոլոր տարիների սերունդներն իրենց խոսքում նշեցին այդ միտքը՝ հավելելով, որ այն նաեւ աշխարհայացքի ձեւավորման վայր է:


Երեկոյին թատրոնի ցուցասրահում ներկայացվեց յուրօրինակ էքսպոզիցիա, որը պատմական էքսկուրս է՝ նվիրված թատրոնի կազմավորմանն ու գործունեությանը: Հյուրերը դիտեցին «Մի թատրոնի պատմություն» փաստավավերագրական ֆիլմը, մասնակցեցին Արա Երնջակյանի հեղինակած «Ծննդյան վկայական» գրքի շնորհանդեսին: Թե՛ կինոնկարը, թե՛ գիրքը պատմում են Կամերային թատրոնի ստեղծման ու կայացման, ներկայացումների ու նախագծերի, արտիստների եւ ընկերների մասին:


Երեկոն նշանավորվեց նաեւ «Երկաթ» մրցանակաբաշխությամբ: Երախտիքի մրցանակներ հանձնվեցին բոլոր այն մարդկանց, որոնք հավատացել, վստահել եւ աջակցել են թատրոնի ստեղծման ու կայացման գաղափարին: Կամերային թատրոնի հարակից տարածքում էլ բացվեց «Աստղային ճեմուղի»: Առաջին աստղերը նվիրվեցին թատրոնի երախտավորներ Եվգենյա Պոդպոմոգովային եւ Գեորգի Ամիրաղյանին: Օրվա ավարտին հնարավորություն տրվեց ծանոթանալ թատրոնի՝ կառուցման փուլում գտնվող նոր դահլիճի հետ, որը փոքր է, սակայն թատրոնին հնարավորություն կտա մեկ երեկոյի ընթացքում երկու ներկայացում մատուցել:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին