×


Արամ Հովհաննիսյանի անձնական պայքարը՝ «Ազնավուրը Ազնավուրի մասին» ներկայացմամբ

«Այս օրերին շատ միջոցառումներ են հետաձգվում, բայց մենք եւ մեր հանդիսատեսը նպատակահարմար գտանք, որ այս ներկայացումը լինի հենց այսօր։ Հավատացած ենք, որ այս բեմադրությունը կանխարգելում է յուրաքանչյուր պատերազմ՝ երեկվա, այսօրվա ու վաղվա, մեկ անգամ եւս հայի մեջ արթնացնում է հայ գենոտիպն ու ասում, որ մենք ինտելեկտուալ հայ ենք եւ հետքայլ անելու իրավունք չունենք, պիտի առաջ գնանք»,- դերասան, ռեժիսոր Արամ Հովհաննիսյանի խոսքն է իր բեմադրած «Ազնավուրը Ազնավուրի մասին» մոնոներկայացման ավարտին։ Ֆրանսահայ մեծ արտիստին նվիրված նրա բեմադրությունը մեկտեղել է Շառլի պոեզիան, երգերը, կենսագրությունը եւ իր՝ Արամ Հովհաննիսյանի նկարահանած վավերագրական ֆիլմը քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի մասին։ 

«Նվիրվում է Նոնա Մանոյանի հիշատակին»՝ ներկայացման սկզբում գրվում է մեծ էկրանին։ Այնուհետեւ սկսվում է ֆիլմի ցուցադրությունը եւ առաջին իսկ կադրերում երեւում է մեծանուն օպերային երգչուհու ամուսինը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանը, Շառլ Ազնավուրի կիսանդրին քանդակելիս։ Ներկայացման ամբողջ ընթացքում այդ կադրերը պիտի ուղեկցեին դերասանի խաղին ու խոսքին։


Արամ Հովհաննիսյանը մեր զրույցում պատմում է, որ «Ազնավուր» ներկայացման գաղափարն ունեցել են 44-օրյա պատերազմի օրերին եւ հենց այդ ժամանակ էլ սկսել են աշխատել բեմադրության վրա։ Դերասանին օգնել է կինը՝ պրոդյուսեր Մարիաննա Ֆրունջյանը։ Ասում է՝ իրենց միացել են ընկերներն ու բարեկամները. «Որոշեցինք ներկայացումը նվիրել Նոնա Մանոյանի հիշատակին, քանի որ նա այնքան շատ էր ուզում հայ-ֆրանսիական մշակույթում իր դերակատարումն ունենալ՝ թե՛ երաժշտության, թե՛ կինեմատոգրաֆիայի ու թատրոնի, թե՛ նկարչության ու քանդակագործության եւ թե՛ այլ ոլորտներում։ Ցավոք, նրա մահով մենք շատ մեծ կորուստ ունեցանք։ Ես խնդրեցի նրա ամուսնուն՝ Մկրտիչ Մազմանյանին՝ մեր հանրահայտ քանդակագործին, որ սկսեր աշխատանքը։ Արդյունքում նա ստացավ բյուրեղյա, իրական Շառլին, իսկապես բացառիկ ու հոգեհույզ մի քանդակ: Իմ երազանքն է, որ Մազմանյանի ստեղծած այդ մոնումենտալ քանդակը Ազնավուրի մահվան 100-ամյակի կապակցությամբ տեղադրվի Շառլ Ազնավուրի հրապարակի կենտրոնում»։


Դերասանի խոսքով՝ ներկայացման հիմքում Ազնավուրի կենսագրական գիրքն է, որից վերցված տեքստերում ինքը ոչ մի բառ չի փոխել, ոչ մի պատմություն հնարովի չէ։ Նաեւ պատմում է, որ իր այս բեմադրությամբ հասցրել է լինել Արցախում, ինչպես նաեւ մի շարք երկրներում՝ Լեհաստանում, Չեխիայում, Ֆրանսիայում։ Սեպտեմբերի 18-ին կայացած ներկայացման ավարտին էլ նոր հրավերներ ստացավ եվրոպական այլ քաղաքներում հանդես գալու:


«Մարդիկ հուզված մոտենում են ու ասում, որ ես ոգեշնչել եմ իրենց։ Սա այն ներկայացումն է, որը պատերազմի հենց առաջնագծում պետք է լինի, որովհետեւ այստեղ խոսվում է հայի արժանապատվության, հայ մարդու մասին, որը սիրում է իր հայրենիքը եւ զինվոր է իր հողի ու ջրի համար։ Այս ներկայացումը երեկվա, վաղվա եւ հաջորդ օրերի պատերազմը կանխելու համար է, մենք ինքներս պիտի մեզ հաշիվ տանք, թե ինչ ենք ուզում անել, ուր ենք գնում եւ ինչի համար»,- եզրափակեց նա։


Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին