×


Կանգնե՛ք Հայաստանի կողքին. հայ դիզայներների ակցիան Milan Fashion Week-ի ժամանակ

Այս օրերին Միլանում ընթանում է նորաձեւության շաբաթը: Emerging Talents Milan-ի շրջանակում՝ օտարերկրացի դիզայներների ցուցադրությունից առաջ, հայ դիզայներները ներկայացրել են տեսաուղերձ, որում խոսվում է Ադրբեջանի գործողությունների, սպանված հայ կնոջ խոշտանգումների մասին: Այնուհետեւ հայ դիզայներները քայլել են շապիկներով, որոնց վրա գրված էր` Stand with Armenia (Կանգնե՛ք Հայաստանի կողքին): Շապիկների թեմատիկ նկարների հեղինակն արցախցի նկարչուհի Լիանան է:

Ակցիային մասնակցել են Ֆաինա Հարությունյանը, Վահան Խաչատրյանը, Գայանե Մանուկյանը (Just Black), Արեւիկ Սիմոնյանը (KIVERA NAYNOMIS), Նելլի Սիմոնյանը, Արիգա Թորոսյանը, LOOM Weaving-ը,  RUZANĒ-ն, Sončess-ը: Գաղափարը  Emerging Talents Milan-ի կազմակերպիչ Տարիել Բիշարյանինն է:


BRAVO.am-ի հետ զրույցում Գայանե Մանուկյանը կարեւորեց մշակույթի լեզվով մարդկանց հետ խոսելը. «Նորաձեւության շաբաթը մի վայր է, որտեղ տոնվում է կնոջ գեղեցկությունը, մենք մեր պարտքն ենք համարում խոսել այն մասին, թե այսօր ինչ է կատարվում Հայաստանում»:

Ֆաինան պատմում է, որ շատերն այս ակցիայով տեղեկացան` ինչ է այսօր կատարվում մեր երկրում. «Դիտողներն արտերկրացիներ էին, հայեր չկային: Շատերի հայացքներից պարզ էր, որ նոր են իմանում՝ ինչ է կատարվում: Հյուրերից շատերը հետո իրենց  ցավակցությունն ու աջակցությունը հայտնեցին մեզ»:

Այսօր հայ դիզայներները կունենան համատեղ ցուցադրություն Made in Armenia խորագրի ներքո: Ֆաինան հայտնում է, որ իրենցից յուրաքանչյուրը կներկայացնի 15 զգեստ:


Գայանե Մանուկյանն էլ առանձին ցուցադրություն կունենա սեպտեմբերի 24-ին եւ 25-ին: Նա իր հավաքածուով ներկայացնելու է ուրարտական ժառանգությունը:

«Շատ կարեւոր է կռվել մշակույթի դաշտում, խոսել ժառանգության պահպանության մասին, հասցեագրել, թե ումն է այդ ժառանգությունը: Մշակույթի առաջնագծում էլ է պայքար պետք, որովհետեւ էթնիկ ժառանգության մասին ոչ ոք չի խոսում: Ուրարտական ժառանգությունը շատ արագ մեր ձեռքից խլում են: Աչքներս չենք հասցնի թարթել, երբ կդադարենք լինել դրա կրողը: Հնարավորն անում ենք մենք՝ մեր, գիտնականներն իրենց դաշտում: Գիտական նյութը ճիշտ համադրելու համար ինձ օգնել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը: Որպես մոտիվացիա վերցրել ենք ուրարտական 4 բառ` ողջություն, զորություն, մարտունակություն եւ երջանկություն: Բառեր, որոնք այսօր շատ ակտուալ են»,- պատմում է Գայանեն:

Գայանե Մանուկյանի ուրարտական հավաքածուից


Ինչ վերաբերում է վաղվա համատեղ ցուցադրությունը, այստեղ եւս շեշտերը հայկական են: Ադրբեջանի վերջին հարձակումից հետո Ֆաինան փոխել է իր ցուցադրության ժամանակ հնչող երաժշտությունը:

«Իմ հավաքածուն սեւ ու սպիտակ է, ուժեղ եւ նուրբ կնոջ կերպարի մասին է: Թե՛ մինչեւ այս օրերը, թե՛ հիմա դա շատ ակտուալ է: Սեպտեմբերի 13-ի իրադարձություններից հետո որոշեցի փոխել երաժշտությունը: Ցուցադրության ժամանակ կհնչի «Հորովելը»: Կփորձեմ երաժշտության միջոցով փոխանցել այն, ինչ հիմա զգում եմ»,- ասում է Ֆաինան:

Ամալյա Հովհաննիսյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW