2021 թվականի ամռանը «Դինգո թիմում» հայտնված Լոշտ անունով շնիկը բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում: Նրան որդեգրել է «System of a Down» խմբի երաժիշտ Ջոն Դոլմայանի ընտանիքը:
Լոշտի բարի ու օվկիանոսից այն կողմ հայտնվելու յուրահատուկ պատմությունը Bravo.am-ի համար պատմել է «Դինգո թիմի» հիմնադիր Օվսաննա Հովսեփյանը.
«Մեր նոր կացարանը բառի բուն իմաստով չոլի մեջ է գտնվում, շուրջը ոչինչ չկա՝ ո՛չ տուն, ո՛չ էլ բնակելի շենք: Այնտեղ հասնելու համար երկար ճանապարհ պետք է անցնել: Ու բացման օրը բավական խառն էինք գործերով՝ շներ էինք բերում ու տեղավորում, մեկ էլ տեսանք, որ դանդաղ քայլելով, ականջները հետ գցած՝ փոքրիկ շնիկ դարպասից ներս մտավ: Բավական շոգ էր՝ օգոստոսն էր, փորի վրա պառկեց ու սկսեց պոչը շարժել:
Ջոն Դոլմայանը եւ Լոշտը
Այդպես էլ չհասկացանք, թե որտեղից հայտնվեց, հանելուկ մնաց մեզ համար, ասես օդից իջավ: Նա մնաց մեր կացարանում ու դարձավ հյուրերին աղ ու հացով դիմավորող: Թեեւ չափերով փոքր է, բայց իսկական առաջատար է, մինչեւ իր ուտելիքին չմոտենար, ոչ մի ուրիշ շուն՝ անգամ գամփռ, չէր համարձակվում ուտել: Բայց հետո այնպես էր անմեղ աչքերով նայում, որ եթե ինքդ չտեսնեիր, չէիր հավատա:
Մի օր էլ մեզ հյուր եկավ Դիանան՝ Դոլմայանի կինը, նույն կերպ էլ Լոշտը նրան գայթակղեց: Դիանան չդիմացավ նրա հմայքին ու որոշեց, որ շնիկն իրենցը պետք է լինի: 2021-ին ԱՄՆ-ի սահմանները փակ էին, այդքան էլ հեշտ չէր շանը տանել: Բայց միեւնույն է՝ ելքը գտանք. շունը նախ Կանադա մեկնեց, մոտ 6 ամիս այնտեղ մնաց, կարանտինի ենթարկվեց, մինչեւ որ օրինական կարգավիճակ ստացավ, ու հնարավոր եղավ նրան տեղափոխել ԱՄՆ:
Ջոն Դոլմայանը եւ կինը
Ողջ գործընթացը 10 ամիս տեւեց ու բավական ծախսատար էր, սակայն անգամ դա չխանգարեց նրան որդեգրել: Լոշտը հազար տեսակի դժվարությունների միջով անցավ, բայց հասավ տեղ, տնավորվեց ու երջանիկ ապրում է:
Լոշտը՝ Ջոն Դոլմայանի դուստրերի հետ
Դիանան պատմում է, որ նույն կերպ էլ իրենց մյուս շան վրա է գռմփացնում, իսկ հետո այնպիսի գառան աչքերով նայում, որ չես էլ պատկերացնում, թե կարող է նման բան անել: Լոշտին շատ են սիրում, թեեւ բավական կամակոր է. եթե որոշում է բազմոցին նստել, նրան այնտեղից ոչ մեկը չի կարող իջեցնել: Շատ-շատ խելացի է՝ մարդկանց լեզուն հասկացող: Եթե նրան վարժեցնեին, կատարյալ շուն կլիներ»:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ «Դինգո թիմի» ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: