Երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Վահան Գեւորգյանը, նույն ինքը՝ Ֆորշը, այս տարի դարձավ 55 տարեկան: Կյանքի, սիրո եւ բոլոր մյուս զգացմունքների մասին գրող հեղինակը նաեւ շատ երգեր ստեղծեց Երեւանի մասին՝ դառնալով քաղաքի գույներից մեկը: Հենց այսպես էլ ապրելով մեր սիրած քաղաքում՝ նա կարողացավ հիշեցնել բոլորիս, որ Երեւանը տուն ու շենք չէ, Երեւանը մենք ենք: «Երեւանը երգում է Ֆորշի համար» խորագրով հոբելյանական համերգային երեկոյին երեկ ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել միջոցառման հյուրերին, զրուցել Ֆորշի եւ նրա ընկերների հետ:
Հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրն, ըստ ավանդույթի, նշվում է Երեւանի օրը, բայց երկրի իրավիճակից ելնելով այս տարի տոնակատարություններ չեղան, իսկ քանի որ Ֆորշի համար հոբելյանական տարի է, նա էլ ամենաերեւանյան երգիչներից, Երեւանի քաղաքապետարանում որոշեցին նրա տարեդարձը տոնելով շնորհավորել Երեւանին, նաեւ պարգեւատրեցին Էրեբունի-Երեւան 2800-ամյակի հուշամեդալով՝ Երեւանի մշակութային կյանքի զարգացման գործում զգալի ներդրման եւ երաժշտարվեստի բնագավառում ունեցած հաջողությունների համար:
Մտերմիկ երեկոյի ընթացքում Ֆորշի ընկերներն իրենց սերը փոխանցեցին սիրված արտիստին իր ստեղծած երգի ու երաժշտության լեզվով։ Ներկայացվեց 55-ամյակին նվիրված տեսաֆիլմ, եղան բազում շնորհավորանքներ, ինչպես նաեւ այլ անակնկալներ։
Շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանը Ֆորշի հետ ընկերությունն ու համագործակցությունը սկսել է շատ տարիներ առաջ՝ նվագելով «Ռե Մինոր» խմբում: «Ունեցել ենք լավ համերգներ ու շրջագայություններ: Իմ այն ընկերներից է, ումից շատ բան եմ սովորել թե՛ որպես մարդ, թե՛ որպես երաժիշտ: Նրա երաժշտությունը տարբեր սերունդների համար է. հաճելի է, երբ համերգների ժամանակ մեծ ու փոքր հավասար երգում են նրա հետ, քանի որ բոլորս գիտենք բառերը: Նրան մաղթում եմ անսպառ էներգիա ու նոր երգեր, որոնցով շնչում է Երեւանը»,-նշեց Արտակը:
Երգչուհի Շուշան Պետրոսյանը պատմեց, որ դեռ 1992 թվականից եկեղեցիով քույր եւ եղբայր են դարձել ֆորշի հետ. «Նա շատ կարեւոր գույն է ո՛չ միայն ձեր եւ Երեւանի, այլ նաեւ իմ կյանքում: Նա իսկական ու ֆանտաստիկ ընկեր է: Երբ փորձություններ ես անցնում ու կորցնում շատ մարդկանց, որոնք ընկեր էին կոչվում, մաղվում են, ու մնում է ֆորշը, ով արժանապատիվ ու տղամարդու նման իրեն պահեց իմ ամենադժվար օրերին: Շատ եմ գնահատում եւ սիրում իրեն ոչ միայն որպես երաժիշտ, եւ շատ կուզեմ, որ գնահատվի Ֆորշը նաեւ որպես մարդ, քանի որ նա բացառիկ է»:
Դերասանուհի Իրինա Դանիելյանը նախ միացավ շնորհավորանքներին, որից հետո անկեղծացավ՝ գրեթե նույն տարիքի են, բայց նրա արվեստի երկրպագուն է վաղուց. «Նրա բոլոր երգերն եմ սիրում ու լսում, բացի այդ, մենք միասին աշխատել ենք «Դեղին պոբեդա» երգի վրա, որի տեսահոլովակը նկարեց Վահրամ Սահակյանը: Երգը ստեղծվել է մեկ օրվա մեջ. նա գրեց, Մուրզոն գործիքավորեց, երեք օր հետո ձայնագրվեց: Հիմա կասեմ՝ միմիայն ուրախ եմ ու միայն լավն եմ ցանկանում իրեն»:
Հաղորդավար Արման Մարգրյանը փոքր ժամանակ ձայներիզներով լսել է նրա երգերը, չի էլ պատկերացրել, որ կգա մի օր, երբ կլինեն ընկերներ. «Բախտ ունեմ ոչ միայն լսել նրա երգերը, այլ լինել ընկեր, շատ երջանիկ եմ: Երեւանը Ֆորշն է, որին պետք է փայփայենք, պահենք, սիրենք ու լսենք: Բոլոր երգերը շատ սիրում եմ, բայց կա մի երգ, որ իմ կյանքի մի շրջանում ինձ ուժ է տվել եւ օգնել է, դա «Հավատարիմ ընկեր» ստեղծագործությունն է: Երիտասարդական կամ դպրոցական անհաջող սիրահարվածության թոթափման ընթացքում ինձ օգնել է»:
Երգչուհի Սրբուկը կատարեց «Ես փոխում եմ կեսգիշերը իմ» երգը, համագործակցություն դեռ չի եղել Ֆորշի հետ, բայց ցանկությունը մեծ է. «Չեմ վախենա՝ հենց այս պահին առաջարկում եմ Ֆորշին, եթե կհամաձայնի, մի գեղեցիկ զուգերգ պատրաստենք մեր լսարանի համար: Այսօր շատ կցանկանայի «Ես եմ քո ընկերը» երգը երգել, քանի որ շատ եմ սիրում, բայց մի քիչ սխալ է առանձնացնել. նրա բոլոր երգերն եմ սիրում, նա մեր կենդանի լեգենդներից է, շատ ուրախ եմ, որ բոլորս այսօր իր կողքին ենք ու մեծարում ենք»:
Հոբելյարը ժամանելուց հետո սկսեց ընդունել շնորհավորանքներն ու զբաղեցրեց բեմահարթակին ամենամոտ սեղանի շուրջ իր տեղը: Նրա կողքին Արամոն եւ Էմմա Պետրոսյանն էին, որոնք հիշեցին, որ արդեն մոտ 40 տարի է, ինչ ընկերներ են:
Ֆորշն իրեն բնորոշ հումորով լրագրողների շնորհավորանքներին պատասխանեց՝ «Ես էլ ձեզ եմ շնորհավորում»: BRAVO.am-ի հարցին, թե առաջին շնորհավորանքն ումից է ստացել, նշեց՝ Արամոն է զանգել: Այստեղ նրա ընկերը միջամտեց. «Մաղթել եմ առողջություն ու շատ նոր երգեր բոլորիս համար»:
«Նոր երգեր կլինեն, դա նախատեսելով չի. իրենք իրենց են գալիս: Ուզում եմ, որ Երեւանը վերջապես դառնա քաղաք, որը կարողանում է իր թասիբը պահել»,-եզրափակեց ֆորշը:
Քչախոսությամբ աչքի ընկնող Ֆորշն իր խոսքն, ինչպես միշտ, ասաց բեմում՝ երգի միջոցով: Իր տարբեր ժամանակների երգերն իր ընկերներից լսելուց հետո, նա միացավ նրանց, փչեց իր տորթի մոմերն ու բոլորին հավաքեց իր շուրջ՝ երգելու «Երեւանը մենք ենք»:
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: