Հայաստանի վաստակավոր արտիստ Արեւ Սանթրոսյանի հետ հանդիպում ենք երեկոյան՝ աշխատանքից հետո: Արդեն ավարտին պարզում ենք, որ երկուսս էլ բավական ծանր օր ենք ունեցել եւ հոգնել, սակայն զրույցի թելը մեզ աննկատ ամեն ինչ մոռացնել է տալիս, ու վայելում ենք միմյանց ներկայությունը:
BRAVO.am-ի համար Սանթրոսյանի հետ վերադառնում ենք նրա մանկություն ու հիշում տաղանդավոր հայրիկին, բացահայտում պատանի հանդիսատեսի առանձնահատկությունը, խոսում կյանքի դժվարություններից, որոնք թեեւ նրան քիչ չեն բաժին հասել, բայց ժպիտով է հաղթահարել, ու իմանում դուստրերի տաղանդի գաղտնիքը:
- Տիկին Արեւ, անունն ինչպե՞ս է բնորոշում մարդուն, ի՞նչ կա արեւային Ձեր մեջ:
- Նախ անվանս սկզբնաղբյուրից սկսենք: Երբ մայրիկս ինձ սպասելիս է եղել, որոշել են անունս Արուսյակ դնել, բայց երբ ինձ հիվանդանոցից տուն են բերել, եղբայրս նայել է բարուրին ու ասել. «Վա՜յ, մամա, էս ինչ սիրուն է, ոնց որ արեւ լինի»: Ու այդպես դարձել եմ Արեւիկ: Արեւային շատ որակներ ունեմ՝ լավատես եմ, փոքր բաներից ուրախացող, անգամ՝ արեւի լույսից: Գուցե, տարիքս արդեն բավական մեծ է, բայց էներգիաս ինձ չի դավաճանում, ինչի համար ուրախ եմ:
- Իսկ այդ լավ որակները Ձեզ ինչպե՞ս են օգնել, որ հաղթահարեք Ձեզ բաժին ընկած բավական շատ դժվարությունները:
- Հենց իմ լավատեսությունն է շատ օգնել, որ ամեն ինչի մեջ մի հետաքրքիր բան գտնեմ եւ կարողանամ դիմանալ: Շատ-շատ դժվարությունների միջով եմ անցել, բայց իմ մարդասիրությունն ու հատկապես՝ հումորի զգացումը եթե չլինեին, կարող էի խելագարվել:
Արեւ Սանթրոսյանը
- Փաստորեն Ձեր աղջիկներն իրենց պայծառությամբ ու հումորով Ձեզ են նմանվել:
- Պետք է ենթադրել (ծիծաղում ենք,- հեղ.): Չնայած՝ միշտ ասում են, թե ինչի իրենցից ոչ մեկի աչքերն իմ աչքերի գույնը չունեն:
- Մենք հանդիպել ենք Մալաթիայի Հայորդաց տանը, որտեղ աշխատում եք երեխաների հետ, ինչպե՞ս եղավ, որ հայտնվեցիք այստեղ:
- 30 տարի առաջ աշխատանքի հրավեր ստացա Հայորդաց տան կողմից, թատերական խումբ ունեմ, որն անվանել ենք «Հումորիկներ», որովհետեւ իմ հումորը շատ է օգնում նաեւ բեմադրություններ անելիս: Երեխաների հետ այնքան էլ հեշտ չէ, երբեմն ասում եմ՝ հոգնել եմ եւ ուզում եմ դուրս գալ, պատասխանում են. «Մեր Հայորդաց տան լուսավոր կետը Դուք եք, որ հեռանաք, ո՞նց կլինի»: Սա խմբակ չէ, այլ՝ ստուդիա, թեեւ բոլոր առարկաները ես եմ դասավանդում՝ դերասանի վարպետություն, բեմական խոսք, խոսքի մշակույթ, էլ պար եմ պարապում հետները, էլ ինչ ասեք: Ու վատ չի ստացվում (ծիծաղում ենք,- հեղ.):
- Իսկ համատեղ աշխատանքը երկուստեք ի՞նչ է տալիս, Դուք ի՞նչ եք վերցնում երեխաներից:
- Երբ 30 տարի առաջ եկա, մեր լավ տնօրեն, լուսահոգի պարոն Սարգսյանն ասում էր. «Մալաթիան ո՞ւր, թատրոնն՝ ո՞ւր»: Ես կարողացա հեղափոխություն անել, միշտ հպարտությամբ եմ ասում, որ իմ սաներից շատերը զարդարում են հայ բեմերը:
- Իսկապե՞ս, իսկ ովքե՞ր կան նրանց թվում:
- Համազգային թատրոնից Ալլա Սաhակյանը, այ, այս հասակից եկել է ինձ մոտ (ցույց է տալիս փոքրիկ երեխայի,-հեղ.), Սունդուկյանի թատրոնից Արաքսյա Մելիքյանը, երկուսն էլ շատ տաղանդավոր էին: Շատ-շատերը կան, որոնք հիմա տարբեր թատրոններում են աշխատում: Ինձ ուրախացնում է այն փաստը, որ երեխաները հենց այնպես չեն գալիս ու բավական խորանում են այս գործում. մոտ 80 տոկոսը հետագայում շարունակում է կրթությունը:
Արեւ Սանթրոսյանը
- Իսկ ի՞նչ ներկայացումներ եք անում երեխաների հետ:
- Օյ, բավական մեծ խաղացանկ ունենք՝ սկսած Շեքսպիրից մինչեւ ժամանակակիցները: Անցյալ տարի Զորայր Խալափյանի «Եթե իմանայիր» պիեսն իմ ավագ սերնդի հետ որպես հրաժեշտի ներկայացում ենք բեմադրել: Շատերն էին հավանել ու համարում էին՝ պրոֆեսիոնալ մակարդակի է ստացվել: Մոլիեր ենք արել, Թումանյանի հեքիաթները հիմա նորից փոքրերի հետ եմ բեմադրում, որովհետեւ երեխաները նրա գործերն անպայման պետք է խաղան: Շուտով, ինչպես եւ ամեն տարի, մասնակցելու ենք «Նռան հատիկ» փառատոնին. երեխաները դրանից շատ են ոգեւորվում եւ նոր շրջապատ ձեռք բերում, մրցանակներ ենք շահել:
- Ո՞րն է Ձեր առաջին հիշողությունը թատրոնի ու մասնագիտության հետ կապված, վերադառնանք մանկություն, երբ փոքրիկ Արեւիկը որոշեց դերասան լինել:
- Դպրոցական տարիներից դասարանի ակտիվներից էի, բոլոր տեսակի միջոցառումներին մասնակցում էի, հիանալի արտասանում եւ լավ երգում: Արդեն բոլորը գիտեին, որ Արեւիկ Սանթրոսյանը պետք է դառնա դերասանուհի: Ես էլ գիտեի այդ մասին, քանի որ եղբորս հետ թատրոնում ենք մեծացել, կուլիսներում տեսել այդ հրաշագեղ աշխարհը, դերասաններին միշտ ուշադիր եւ սիրով եմ հետեւել: Այն տարիներին թատրոն գնալն իսկական տոն էր, խաղացանկն էլ՝ ահռելի: Առաջին անգամ բեմ բարձրացա ինստիտուտի 1-ին կուրսում, երբ այդքան էլ հեշտ չէր սովորելուն զուգահեռ խաղալ: Թատրոնում հուշարար էի աշխատում ու բոլոր ներկայացումներն անգիր գիտեի: Մի օր դերասանուհիներից մեկը չեկավ, եւ ես փոխարինեցի նրան, «Գիքոր»-ում առեւտուր անող կնոջ դերում էի: Դողալով մտա ու խաղացի, ընդ որում՝ հայրիկիս հետ էր տեսարանը: Բախտս բերեց, որովհետեւ դա էր պապայիս հետ ունեցած միակ դերս. նա շատ շուտ մահացավ: Երբ ներկայացումը վերջացավ, բոլորն ինձ գրկեցին ու շնորհավորեցին, ասացին. «Դու չէ, բայց հայրդ լավ հուզված էր» (ծիծաղում ենք,- հեղ.): Շատ սիրել եմ թատրոնն ու մինչ օրս նվիրված եմ նրան:
Արեւ Սանթրոսյանը եւ Հասմիկ Բաբայանը
- Իսկ Ձեր հայրիկը՝ ՀԽՍՀ ժողովրդական դերասան Պարույր Սանթրոսյանը, ինչպիսի՞ դերասան էր ու ի՞նչ եք սովորել նրանից:
- Առանց չափազանցնելու՝ հայրիկս մեծ դերասան էր, նա Պատանի հանդիսատեսի թատրոնում համարյա թե ստեղծման օրվանից եղել է, մեծ կտավի դերասան էր: Այնպիսի դասական ու մեծ գործերում է խաղացել, ինչպիսիք են «Քաղքենիները», «Բեկումը», «Հորձանուտը»: Արտակարգ բարի մարդ էր, ընտանիքին չափազանց նվիրված: Հայրիկը կարծում էր, որ դերասանի երեխան պետք է դերասան լինի:
- Ձեր եղբոր՝ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանի հետ ավելի շատ եք խաղացել, ինչպե՞ս եք միասին զգում բեմում եւ օգնում իրար անհրաժեշտ պահին:
- Մեր թատրոնում մի լավ ներկայացում կա՝ «Հիշիր վաղվա օրդ», որում գլխավոր դերերում ես ու եղբայրս ենք՝ ամուսիններ ենք: Սիրով ենք խաղում եւ օգնում իրար, նա շատ խիստ է ու մի փոքրիկ սխալի դեպքում անգամ զգուշացնում է, այնպես որ, ինձ համար նաեւ պատասխանատու է միասին լինել բեմում: Երկուսս էլ շատ պարտաճանաչ ենք եւ ուշացումներ չենք ունենում, ինչը հատկապես բնորոշ է մեր երիտասարդներին:
- Թատրոնը եւ դերասաններն ինչպե՞ս են փոխվել ժամանակի ընթացքում:
- Անկեղծ ասեմ, երբ մենք ինստիտուտն ավարտելուց հետո գնում էինք թատրոն, անմիջապես դերերի շարք չէին հրամցնում՝ անկախ նրանից, թե ում աղջիկն ես, պիտի ինքդ քո ճանապարհը հարթեիր: Մոտ 3-4 տարի զանգվածային տեսարաններում էինք խաղում, հետո կամաց-կամաց գլխավոր դերեր ստանում: Հիմա երիտասարդները չեն դիմանա այդ ամենին, բացի այդ էլ, գլխավոր դեր խաղալուց հետո զանգվածային տեսարաններից են հրաժարվում: Նախկինում ո՞վ իրավունք ուներ նման բաներից բողոքել: Բայց շնորհքով դերասաններ բոլոր ժամանակներում են լինում, շատ դեմ եմ, որ Թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը վճարովի է, այդ դեպքում ամեն ինչ խառնվում է իրար: Երբ մենք էինք ընդունվել, կուրսում ընդամենը 10 հոգի էինք, հիմա 4 կուրս են հավաքում, բնականաբար, եթե մի տարում 60-70 դերասան է սովորում, չեն կարող բոլորը լավը լինել:
Արեւ Սանթրոսյանը դստեր՝ Շուշան Ղազարյանի հետ
- Այդ դեպքում ի՞նչ անել, եթե մարդիկ ցանկություն ունեն սովորելու:
- Հիմա ֆիլմերն ու սերիալներն են մեր երիտասարդներին մի քիչ փրկում, բայց նաեւ վատ դրության մեջ են դնում՝ միանգամից համարում են, որ դա է դերասան լինելը: Միշտ ասում եմ՝ դերասանությունն այդքան էլ հեշտ բան չի:
- Բայց Դուք էլ նկարվում եք սերիալներում ու ֆիլմերում, շատ ակտիվ եք այդ առումով:
- Սերիալներում նկարվում եմ, որովհետեւ արդեն տարիքս առած եմ եւ ուզում եմ ամեն ինչ անել ու հասցնել: Բայց ամեն դերի չէ, որ համաձայնում եմ. դրամատիկ կերպարներ եմ ընտրում, որոնք ասելիք ունեն: Հիմա որակով ու լավ երեխաների են հրավիրում նկարահանվելու, որոնք բավական հաջող են խաղում: Առաջին սերիալներից մեկում նկարվողներից եմ եղել, դրա համար հիմա տարբերությունը լավ եմ տեսնում, ինչի համար ուրախ եմ: Որ մի քիչ էլ պատասխանատու լինեն ու տեքստը նայած գան, չասեն՝ «ռեքը տվեք, մի բան կանենք»՝ ավելի լավ կլինի:
- Վերջերս «Սեւազգեստ կանայք» ֆիլմի դրվագներից մեկում տեսա Ձեզ, բավական տպավորիչ եք ստացվել: Ինչպե՞ս փոքր դերը մեծ դարձնել:
- Դա էլ հեշտ չէ, երեւի, տարիների վարպետություն է պետք, որ կարողանաս ճիշտ պահը որսալ, մի թեթեւ խոսքով ու ժեստով հավաքել կերպարդ: Փոքր դերում խաղալն ավելի բարդ է, քան մի կարգին, խելքը գլխին կերպարում, որովհետեւ շատ ժամանակ չունես:
Արեւ Սանթրոսյանը
- Վերադառնանք Պատանի հանդիսատեսի թատրոն, որը հատուկ հանդիսատես ունի՝ երեխաներն են: Ինչո՞վ են նրանք տարբերվում մեծահասակներից:
- Անխոս պատանի հանդիսատեսը շատ բարդ է եւ պահանջկոտ, նրա մտածածը լեզվի ծայրին է, հենց չհավանեց, ցույց է տալիս: Այնքան դժվար է իրենց հավաքել, դրա համար չպիտի մտածես, որ երեխաների համար ես խաղում: Երկու անգամ ավելի էներգիա ես ծախսում ու նվիրված լինում, շատ մեծ լրջությամբ մոտենում գործին, որ կարողանաս նրանց գրավել: Շատ անմիջական են, եթե լավ է ստացվել, կնայեն, վատի դեպքում ոչ մի կերպ չես պահի: Մի ներկայացում ունենք՝ «Մեր թաղը», եղբայրս Նար-Դոսի 4 տխուր նովելները պիեսի է վերածել, միշտ երեկոյան ժամերին էր լինում, առաջարկեցի ցերեկը ցուցադրել: Փորձեցինք, ու պատկերացրեք, որ երեխաները մինչեւ վերջ այնքան հաճույքով նայեցին, սովորաբար ծիծաղում են, աղմկում, խրթխրթացնում, ամբողջ ներկայացումը լուռ մնացին: Հաճելի է, որ արդեն սկսել են լավ գործերը վատերից զանազանել:
- Իսկ շատ է եղե՞լ, որ նրանց աղմուկի կամ խանգարելու արդյունքում ներկայացումը չստացվի:
- Հիմա այդքան էլ հաճախ չի լինում, բայց մի ժամանակ շատ էր պատահում, նույնիսկ՝ պարսատիկով են խփել, այն վիճակին է հասել, որ դերասանը բեմից իջել է ու երեխայի վզից բռնել: Մտածում եմ, գուցե, հիմա հեռախոսներով են տարված ու չեն նայում, բայց այդպես չէ: Ներկայացումից հետո ամեն դերասանին նրանք են ճիշտ գնահատում իրենց ծափերով. հավանածին շատ ավելի բարձր ծափերի են արժանացնում:
- Այսինքն՝ Ձեր թատրոնում դերասանները շատ ավելի՞ պետք է պատրաստված լինեն՝ դիմակայելու նաեւ հանդիսատեսին, որն ամեն անգամ շատ տարբեր կարող է լինել ու չարաճճի:
- Անպայման, վերջերս, երբ երեխաներն աբոնեմենտներով սկսեցին այլ թատրոններ գնալ, բոլորը գազազեցին, իրենք սովոր են լուռ ու տարիքով հանդիսատեսի եւ չեն դիմանում: Զարմանում են, թե ոնց կարելի է խաղալ նման պայմաններում, բայց մենք այդ ամենին վաղուց սովորել ենք: Նույնիսկ պետությունը ժամանակին գնահատեց Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններին ու շատ շուտ տարիքից թոշակ նշանակեց: Հիմա ուսուցիչներն էլ ավելի լուրջ, խիստ եւ պահանջկոտ են, եթե ինչ-որ բան բեմից լավ չի լինում, մեզ տեղեկացնում են, որ երեխաների տեսանկյունից դա սխալ է, շատ են օգնում այդ առումով: Իսկական պրոֆեսիոնալներ են, թատրոնից եւ երեխաների հոգեբանությունից լավ են հասկանում: Այնքան հաճելի է, երբ ներկայացումից դուրս գալուց հետո երեխաներն ուսուցչի հետ շնորհակալություն են հայտնում. քեզ լրիվ բավարարված ես զգում:
- Ձեր դուստրերից խոսենք, երկուսն էլ՝ Շուշանն ու Տաթեւը, Ձեր մասնագիտությունը ընտրեցին, ինչպե՞ս վերաբերվեցիք դրան:
- Մեր տանն այդ մասին չենք էլ խոսել, իրենց հայրիկը դեմ էր ու ասում էր` ոչ մի թատրոն հանկարծ մտքներով չանցկացնեն: Բայց աղջիկներս ինձ հետ մեծացան կուլիսներում, ներկա եղան փորձերին ու քնեցին զարդասենյակներում, թատրոնից բացի այլ բան չէին պատկերացնում. աչքերը բացել են ու դա տեսել: Դպրոցն ավարտելուց հետո Շուշանը որոշեց դերասանուհի դառնալ: Երկուսի ձիրքն էլ տեսնում էի, բայցի այդ էլ լավ ձայն ունեին, ու դեմ լինել չէի կարող, միայն զգուշացրի, որ ոչնչով օգնել չեմ կարող: Այն ժամանակ թեեւ վարձը շատ քիչ էր, բայց դա էլ չէի կարող վճարել: «Էրեխեք ջան, գիտեք, որ դժվար է, եթե ձեր ուժերով անվճար կընդունվեք, ձեզ կանաչ ճանապարհ»,- ասացի: Բարեբախտաբար, երկուսն էլ բարձր միավորներով ընդունվեցին ու կայացան:
- Այն ծնողներից չեք, որոնք, բոլոր բարդությունների միջով անցնելով, դեմ են լինում, որ իրենց երեխաներն էլ այդ ճանապարհն ընտրեն:
- Բացարձակ, ինձ համար կարեւորն իրենց ընտրությունն էր: Շուշանի բախտը բերեց նրանով, որ ինչպես եւ իմ, իր կուրսի ղեկավարն էլ Զավեն Տատինցյանն էր: Երբ իմացա այդ տարի նա է կուրս հավաքում, Շուշանին ուրախացրի, որ նման մանկավարժ ամեն մեկին բախտ չի վիճակվում ունենալ: Նա շատ լավ սովորեց, սիրահարվեց Զավեն Տիգրանիչին եւ իր մասնագիտությանը:
- Բայց Տաթեւիկի բախտն էլ բերեց ու նա էլ սովորեց Սոս Սարգսյանի կուրսում:
- Այո, եւ արդեն ինստիտուտի առաջին կուրսից սկսեց խաղալ Համազգայինում: Տաթեւիկն արդեն կայացած դերասանուհի էր, երբ մի խնջույքի ժամանակ մոտեցա Սոս Արտաշեսովիչին ու ասացի, որ նրա մայրիկն եմ: «Վայ, քո տունը շինվի, բա ո՞ւր էիր մինչեւ հիմա, այդ ո՞նց ես էդ էրեխուն բերել»,- հարցրեց (պատմում է Սոս Սարգսյանին նմանակելով, -հեղ.): Աղջիկներս իրենց ուժերով են կայացել, երբեք նրանց գործերին չեմ խառնվել: Փառք Աստծո, պայքարել են, հաղթահարել շատ բաներ ու հաջողությունների հասել: Շուշանիկը հիմա լավ ներկայացման է պատրաստվում, նաեւ ռեժիսորական ջիղ ունի:
Արեւ Սանթրոսյանը
- Տաթեւից առանձին խոսենք, որովհետեւ նրա մասշտաբի դերասանուհի հաճախ չի հանդիպում, ուզում եմ իր ֆենոմենը Ձեզ հետ փորձենք բացահայտել:
- Ինքս էլ եմ երբեմն զարմանում, որովհետեւ կարող է փոքրիկ շտրիխ անել ու կերպարը միանգամից գտնել: Դերասանական հոտառություն ունի, կարողանում է ոչինչից բան ստեղծել: Օրինակ՝ «… եւ նորից գարուն» ներկայացման մեջ նայում ես, դերի մեջ բան չկա, բայց ի՜նչ է կարողացել ստանալ: Նա ոչ միայն նայում է, այլ նաեւ՝ ամեն ինչ տեսնում: Իր խոսքի տեր դերասանուհի է, այնպես չի, որ ինչ ասեն, կանի: Աննկարագրելի աշխատասիրություն ունի ու շատ-շատ բաների է հասել դրա շնորհիվ: Հարյուր տեղ գնում է, հասցնում, կրկնօրինակումներ անում: Որպես մարդ՝ հրաշալի է, բարի, ազնիվ, չափից ավելի մաքրասեր (ծիծաղում է,-հեղ.): Պետք է ուղիղ կանգնենք, որովհետեւ Տաթեւիկը տուն է մաքրում:
- Ինձ էլ զարմացնում է նրա աշխատասիրությունը, բա ե՞րբ է հասցնում հանգստանալ:
- Չգիտեմ, Թատերականում է դաս տալիս, Բժշկականում խոսքի մշակույթ սովորեցնում, խեղճ երեխաս ամեն ինչ հասցնում է, գիշերն է տուն գալիս: Վայելում է աշխատանքի ընթացքը, իր կյանքը դրանով է լցնում: Այդքան բան է անում, որովհետեւ մենք բավական բարդ փուլեր ենք ունեցել կյանքում, անգամ՝ առանց տուն մնացել:
- Դուք միայնակ եք մեծացրել Ձեր աղջիկներին, ինչպե՞ս եք այդ ամենի միջով անցել երեքով:
- Այդպես ստացվեց, որ մնացինք մենակ, միշտ աշխատել եմ 2-3 տեղ ու կարողացել հոգալ ընտանիքի ծախսերը: Մնացինք դրսում բառի բուն իմաստով, ինչքան տներ մաքրեցինք ու վարձով ապրեցինք, մինչեւ վերջապես ունեցանք մեր տունը, էլի Տաթեւիկի շնորհիվ: Միշտ ասում եմ, որ այս աշխարհում միայն մեկ մարդ կարող է փող խնայել, դա Տաթեւ Ղազարյանն է, նա գումար հավաքեց ու տուն գնեց: Շատ նպատակասլաց է, տեսնելով իմ տանջանքն ու անճարությունը, ամեն տեղ վազելը, ինչքան ասես չեմ աշխատել, որ իրենց պահեմ, եւ երեխաներս գնահատեցին իմ չարչարանքը:
Արեւ Սանթրոսյանը
- Անգամ այդ ամենից հետո բոլորդ շատ լուսավոր եք մնացել ու չեք կորցրել լավատեսությունը, ինչի՞ շնորհիվ:
- Տաթեւն իր առաջ խնդիր դրեց ու ամեն ինչ արեց այդ վիճակից դուրս գալու համար, աղջիկների համար էլ հեշտ չի եղել: Նա մաքուր քրտինքով է ամեն ինչի հասել: Շուշանիկն էլ իր ձեւով է օգնել, բոլորն էլ արվեստի մարդիկ են, մի քիչ էքսցենտրիկ: Բախտներս բերել է, որ երեքս էլ հումորով ենք, դա է մեզ շատ-շատ պահել:
- Ձեր եղբոր երեխաներն էլ դերասաններ են, ի՞նչ է լինում, երբ բոլորդ հավաքվում եք:
-Հիմա այդքան էլ շատ չենք հավաքվում, ինչպես առաջ: Իսկ ինչ էր կատարվում՝ հա-հա հի-հի, ծիծաղ եւ ուրախություն: Երբ փոքր էի, ապրում էինք Թումանյանի թանգարանի կողքին. առաջին հարկում 2 լուսամուտ կար, մարդիկ անցնելիս գլուխները բարձրացնում էին ու զարմացած ասում. «Յարաբ Պարույր Իվանիչենց տանն ամեն օր քեֆ եւ ուրախությո՞ւն է»: Ծիծաղ, հումոր, կատակ, ափսեների շխկոց, իրար հերթ չէինք տալիս, թե որ մեկս է երգելու: Այդպես էլ շարունակվեց, իսկ հետո եղավ Համո Սահյանի բանաստեղծության պես. «Իմ գերդաստանից էլ ոչ մեկը չկա»: Շատ եմ տխրում, մի ժամանակ սեղանը մեզ չէր հերիքում՝ միշտ մեկը ոտքի վրա էր մնում, մեծերով ու փոքրերով նստում էինք, իսկ հիմա քիչ ենք մնացել: Եղբայրս է հիմա իմ կողքին, մյուս քույրս Ավստրալիայում է ապրում, բայց այն մեր զրնգուն երեկոներն էլ չկան: Հիմիկվա սերունդն էլ այդքան հավես չունի:
- Իսկ Ձեր տանը ամենասիրելի տոնը ո՞րն է:
- Ես նոր Տարին եմ սիրում, ճիշտ է՝ մի տարով մեծանում ենք, բայց այդ արարողությունը, հյուրեր ընդունելը, երբ գալիս են, ասում, խոսում, շատ հաճելի է: Մեկ էլ Զատիկն եմ շատ սիրում, քանի որ Հայորդաց տունը Մայր Աթոռ սուրբ Էջմիածնին է պատկանում, եկեղեցական բոլոր ծիսակատարություններից քաջատեղյակ ենք:
- Գիտեմ, որ խոհանոցում եք շատ սիրում լինել, ի՞նչն է Ձեզ հատկապես դուր գալիս:
-Սիրում եմ ստեղծագործել, հետաքրքիր ուտելիքներ սարքել: Թոռնիկս արթնանում է ու ասում. «Տատ, այսօր ի՞նչ ես մոգոնել» (ծիծաղում ենք,-հեղ.): Արդեն տարիքս առել եմ, բայց էլի չեմ զլանում, միայն ուզում եմ, որ նախապես ասեն, թե ինչ են ուզում ուտել: Հենց պատվերը տալիս են, սկսում եմ շփշփալեն պատրաստել: Մայրիկս Պոլիսից էր ու չափազանց շնորհքով տնտեսուհի: Հայրիկիս ժամանակ էլ երբեք ունեւոր չենք եղել, որովհետեւ միայն նա էր աշխատում, բայց մայրիկս քչից էլ այնքան բան էր սարքում, մեր սեղանը միշտ լիքն ու առատ էր լինում, բոլորը մատներն էլ հետն էին ուտում. նրանից սովորեցի համեղ պատրաստել:
- Ձեր մեջ այնքան խաղաղությունն ու հանգստություն կա, ի՞նչը կարող է խաթարել դրանք:
- Չափից ավելի էմոցիոնալ եմ, մինչեւ հիմա էլ, երբ երեխաները հիվանդանում են, ինձ պատեպատ եմ խփում: Հաճախ թոռնիկներս մի տեղը ցավելիս ինձ չեն ասում, որ չխառնվեմ իրար (ծիծաղում ենք,-հեղ.):
- Ձեր խաղացածներից եղե՞լ է դեր, որ ընդմիշտ մնացել է Ձեզ հետ ու շատ կարեւոր է մինչեւ հիմա:
- Ռուս դրամատուրգ Լյուդմիլա Ուլիցկայայի «Իմ թոռ Բենիամինը» պիեսում Էսֆիր Լվովնայի դերը: Հիանալի ներկայացում է, ասելիքի առումով այնքան էի ինձ նմանեցնում այդ կնոջը: Փառք ու պատիվ Հակոբ Ղազանչյանին, որ նա իմ 60-ամյակի կապակցությամբ այդ պիեսը բեմադրեց: Կուզեմ այն նորից վերականգնվի ու լինի խաղացանկում: Էսֆիրը մի ուրիշ կին է, ինչերի ասես չի դիմի, այդ դերն ինձ վստահություն տվեց, իմ թափը զգացի ու հասկացա, թե ինչ կարող եմ անել: Տեսա, որ ուժեղ եմ, իմ դերասանական ամբողջ կենսագրության մեջ, իսկ ես շատ լավ դերեր եմ խաղել, առանձնանում է: Մինչեւ հիմա աչքս վրան է:
Արեւ Սանթրոսյանը
- Վերջերս 70 տարեկան դարձաք, ինչպիսի՞ տարիներ էին դրանք եւ ե՞րբ եք առավել երջանիկ եղել ու կայացել մասնագիտության մեջ:
- Հետաքրքիր հարց է: Բարեբախտաբար, ինստիտուտն ավարտելուց հետո ընդունվել եմ թատրոն եւ երբեք աշխատանքի խնդիր չեմ ունեցել, բայց ոչ այդքան հաջող ամուսնությանս պատճառով ամեն ինչ այդքան էլ հեշտ չէր: Թույլ չէր տալիս աշխատել, դրա համար պայքարել եմ ու պայքարել, մինչեւ ամեն ինչ ավարտվեց ու ինքը գնաց: Միշտ ասել եմ, որ որպես դերասանուհի սկսել եմ կայանալ 40 տարեկանից: Արդեն ինձ մարդ էի զգում, ծաղկեցի, բոլորն ասում էին, թե ինչքան եմ փոխվել, որովհետեւ ինքնս ինձ սկսեցի գնահատել, լավ դերեր խաղալ, դիմացիններն էլ ինձ նորովի տեսան: Ոչ թե գումար աշխատելու համար էի աշխատում, մի քանի տեղ վազում, այլ իմ հաճույքի համար ապրում ու արարում: Դուստրերս էին կողքիս ու ճիշտ խորհուրդներով եւ ճաշակ թելադրելով շատ օգնեցին: 40-ից հետո մինչ օրս երջանիկ տարիներ են ինձ համար: Շատ երիտասարդ հոգի ունեմ, երբեմն խնջույքի գնալուց առաջ աղջիկներս ասում են. «Մամ, էն պարերը չպարես» (ծիծաղում ենք,-հեղ):
- Տարիքն ավելի շատ թիվ է, չէ՞, հոգով մենք միեւնույն է՝ նույնն ենք մնում ու չենք մեծանում:
- Ազնվությամբ թիվ է, համենայն դեպս, ես բացարձակ չեմ զգում, որ 70 եմ: Մեկ-մեկ նույնիսկ ինքս չեմ պատկերացնում, որ արդեն այդքան եմ: Անընդհատ ակտիվ եմ տանը, այստեղ երեխաների հետ՝ ռիթմի մեջ, նույնիսկ նրանց մայրիկներն են զարմանում ու խորհուրդ տալիս մի քիչ հանգիստ մնալ: Բայց չեմ կարող, այդպիսին եմ:
- Պատանի հանդիսատեսի թատրոնում կախարդներ, հրաշագործներ ու փերիներ շատ են լինում, եթե կյանքում կարողանայիք այդպիսին դառնալ, ի՞նչ կփոխեիք աշխարհում:
- Վայ, հիմա բոլորիս երեւի նույն ցավն է տանջում, կուզեմ խաղաղություն լինի, էլ զոհեր չունենանք, պատերազմ չլինի: Իհարկե, իմ խառնվածքով ավելի շատ կախարդներ եմ խաղացել, բայց եթե մեկ օրով դառնամ փերի, միայն խաղաղություն կուզեմ, ու որ մեր մատաղ երեխաները՝ ջահել տղաները, ողջ-առողջ տուն գան, երկիրը խաղաղության մեջ լինի:
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: