BRAVO.am-ը սկսում է նոր շարք՝ «Սեղանի շուրջ», որի օգնությամբ բացահայտելու ենք Հայաստանում ներկայացվող մշակութային ու արվեստի գործերը: Առաջինն ընտրել ենք Գյումրու դրամատիկական թատրոնի «Միզերի» ներկայացումն ու մի սեղանի շուրջ զրուցել ռեժիսոր Գոռ Մարգարյանի եւ գլխավոր դերակատարներ Տաթեւ Ղազարյանի եւ Արսեն Սաղաթելյանի հետ:
- Սկսենք ամենասկզբից, Գոռ, ինչպե՞ս առաջացավ «Միզերի»-ն բեմադրելու մտահղացումը:
Գոռ. Որքան էլ տարօրինակ թվա, բայց «Միզերի»-ն իմ մանկության լավագույն ու սիրելի ֆիլմերից է եղել, ես էլ չգիտեմ, թե այն ինչու եմ այդքան հավանել:
Տաթեւ. Բայց իսկապես էլի, ինչո՞ւ ես սիրել (ծիծաղում ենք, -հեղ.):
Գոռ. Մի օր էլ մտածում էի, թե կնոջ ինչ հետաքրքիր դերեր կան, ու Տաթեւն առաջարկեց որեւէ բան բեմադրել: Մտքիս «Միզերի»-ն եկավ, առաջարկեցի ֆիլմը նայել, հետո նաեւ վեպը կարդաց եւ ինձնից էլ շատ ոգեւորվեց, այդպես էլ ամեն ինչ սկսվեց:
- Իսկ դուք՝ Տաթեւ եւ Արսեն, ի՞նչ գիտեիք այս ստեղծագործության մասին ու ինչպե՞ս այն աստիճանաբար ձեզ կլանեց:
Տաթեւ. Ինձ միայն գրավում էր Գոռի հետ աշխատելու միտքը, հավատացեք, կարեւոր չէր, թե ինչ դեր կլիներ: Բայց այս դեպքում բախտս մի քանի առումով բերեց, որ հա՛մ նրա մոտ խաղացի, հա՛մ նման լավ դեր ունեցա ու նոր խաղընկեր, բացի այդ էլ՝ նման լավ թատրոնում հանդես եկա: Տեսեք, թե քանի համեր եկան ու գումարվեցին իրար, որպեսզի լիարժեք ու ամբողջական դառնա փաթեթս:
Արսեն. Ես էլ գործին ծանոթ չեմ եղել: Արդեն մտերմացել էինք ու սկսել շփվել Գոռի հետ, երբ աղոտ սկսեց խոսել ներկայացման մասին, բայց դեռ հստակ ոչինչ չէր ասում: Հետո վերջնական որոշեց «Միզերի»-ն Գյումրիում բեմադրել: Ինձ համար շատ կարեւոր էր, որ աշխատելու եմ Գոռի ու Տաթեւ Ղազարյանի հետ, ինչ գործ ուզում է՝ թող լիներ (ծիծաղում է, -հեղ.):
- Գոռ, ինչո՞ւ այդ ներկայացումը որոշեցիք հենց Գյումրիի թատրոնում անել:
- Իսկ ինչո՞ւ ոչ (ծիծաղում է, -հեղ.): Սա երկրորդ հարցն է, որ ծնվում է, գրեթե, բոլորի մեջ: Գյումրու թատրոնն ինձ հարազատ է, այնտեղ ընկերներ ունեմ, եւ վաղուց էինք մտածում միասին որեւէ գործ անել: Այսօր էլ Տաթեւի հետ էի կիսվում, որ ուզում եմ այնտեղ էլի գործ անել, անգամ 3-րդ ներկայացման մասին մտքեր ունեմ: Կապվել եմ, չեմ չափազանցնում՝ երկրի ամենապրոֆեսիոնալ թատրոններից մեկն է, քչերից, որտեղ անում են ամեն ինչ, որ ստեղծագործելուց բացի, այլ բանի մասին չմտածես:
- Ներկայացումն անսովոր է այն առումով, որ ետնաբեմն եք օգտագործել որպես գործողությունների վայր, ինչպե՞ս այդ մտահղացումն ունեցաք:
Գոռ. Արսենն ինձ համար թատրոնն ավելի տեսանելի դարձրեց: Երբ առաջին անգամ էի որպես յուրային հայտնվել այնտեղ, խնդրեցի ինձ համար շրջայց անել, այդպես շատ բաներ բացահայտեցի, բայց «Միզերի»-ի վայրը դեռ չէի գտել. դա արեցինք Նելլի Բարսեղյանի հետ: Այդ տարածքում բազմաթիվ բեմական դեկորներ կային, որոնց համար հիմա պահեստ է վարձվել, որ «Միզերի»-ն այնտեղ տեղավորվի: Խորհրդավոր թվաց, ու որոշեցինք հենց այդտեղ էլ ստեղծել ներկայացումը: Նելլիի հետ ուսանողական տարիներից ենք համագործակցում ու մեր տանդեմն այնքան է կայացել, որ չենք էլ նկատում, թե որտեղ է սկսվում ու ավարտվում ամեն մեկիս աշխատանքը: Մենք հանուն ներկայացման ենք աշխատում, կարեւորը միայն դա է:
Արսեն Սաղաթելյանը եւ Տաթեւ Ղազարյանը
- Տաթեւ, հարազատ Համազգայինից հետո Ձեզ ինչպե՞ս զգացիք Գյումրու թատրոնում եւ նոր խաղընկերոջ հետ:
Տաթեւ. Ինձ համար մի քիչ վախենալու էր, ասես առաջին անգամ առանց ծնողների միայնակ տնից դուրս էի եկել (ծիծաղում ենք, -հեղ.): Համազգայինից առաջին անգամ էի հեռացել, ամեն ինչ նոր էր, բայց ինքս ուզեցի որպես դերասանուհի ինձ գցել այդ տեսակ փորձության մեջ ու ամեն ինչ զրոյից անել: Թեեւ ամեն ինչն էր նոր, բայց հենց առաջին օրվանից Գյումրու թատրոնում զգացի ինչպես ձուկը ջրում: Դա այնտեղ տիրող մթնոլորտի շնորհիվ էր, բայց մեծ բաժինն, իհարկե, Արսենինն է: Նա օգնեց բացել հոգուս խորխորատները՝ չթողնելով, որ անգամ մեկ րոպե տխրեմ, մտածեմ՝ ճիշտ տեղում չեմ կամ ինձ միայնակ զգամ:
- Արսեն, դե խոստովանեք, թե այդ ինչպե՞ս եք օգնել Տաթեւին հասնել այդ խորխորատներին (ծիծաղում ենք, -հեղ.): Ինչպե՞ս զգացիք միմյանց նույն բեմում ու ստեղծեցիք ներկայացումը:
Տաթեւ. Դե, պատմիր, Արս:
Արսեն. Եթե Տաթեւի համար էր ներկայացման սկիզբն այդքան վախենալու եղել, պատկերացրեք իմ վիճակը: Փորձերի ընթացքում հասկացա, թե այս ներկայացումն ինչ մասշտաբ ու արձագանք է ունենալու, ինչպիսի իրարանցում առաջացնելու հայաստանյան թատերական ոլորտում: Զգացի, թե որքան մեծ պատասխանատվություն է դրված մեզ վրա: Սկզբում միայն մտածել եմ, որ Տաթեւի հետ խաղալու եմ Գոռի ներկայացման մեջ, բայց երբ գիտակցեցի, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, իսկապես վախեցա:
Գոռ. Բա որ դա էլ քիչ չէ, Սթիվեն Քինգն է գրել (ծիծաղում ենք, -հեղ.):
- Գոռ, ինչպե՞ս եք ստացել հենց Ձեր ուզած ներկայացումը. ես փորձերից մեկին ներկա լինելուց հետո, երբ դիտեցի ներկայացումը, բավական շատ փոփոխություններ նկատեցի:
Գոռ. Չգիտեմ՝ դա լավ է, թե վատ, բայց եթե նույնիսկ վերջին փորձին ներկա լինեիք, պրեմիերային լրիվ ուրիշ բան կտեսնեիք:
Տաթեւ. Ի միջի այլոց, հանձնումից հետո էլ բան է փոխել. նորից եկեք նայելու:
Գոռ Մարգարյանը
- Փաստորեն, ամեն անգամ կարող է նոր ներկայացում ստացվել (ծիծաղում ենք,- հեղ.), պետք է անպայման նորից գալ:
Գոռ. Երբ դերասանին ամեն ներկայացումից առաջ նոր խնդիր ես տալիս որեւէ տեսարանի հետ կապված, ամբողջ ներկայացման ընթացքում սկսում է մտածել, որ որեւէ կերպ չձախողի: Կենտրոնանում է ամբողջ ներկայացման վրա, ինչն էլ որոշակիորեն ազդում է ամբողջ ընթացքի վրա:
Տաթեւ. Փաստորեն այդպիսի խորամանկություններ կան:
Գոռ. Այո, միշտ թարմ մնալու համար են դրանք. նոր խնդիրներն ավելի կենտրոնացած են պահում դերասանին:
- Նկատեցի նաեւ, որ շատ եք տանջում դերասաններին, հաճա՞խ է այդպես լինում:
Գոռ. Չեմ կարծում, որ որեւէ դերասանի համար նոր տեսարան փորձելը, ինչքան էլ հոգնած լինի, տանջալի է:
Տաթեւ. Ես բոլոր դերասանուհիներին ցանկանում եմ նման տանջանք, թող դրանցից շատ ունենան: Ինձ համար բացառիկ երջանկություն է եղել փորձերի ընթացքը, վայելել եմ ամեն իմաստով: Մի կարեւոր բան կար՝ Գյումրիում զբաղվում էինք միայն այդ գործով, երեւի ներկայացման հաջողության գաղտնիքը նաեւ դրանում է: Երեւանում սովորաբար ինչպես է՝ մի տեղից վազում ես մյուսը, մի աշխատանքից գալիս փորձի, հետո՝ գնում մյուսին: Իսկ այնտեղ զբաղվում էինք միայն «Միզերի»-ով, 24 ժամ ունեինք մեր տրամադրության տակ, դա շատ-շատ օգնեց, ապրեցինք իրար հետ բառի բուն եւ փոխաբերական իմաստով: Ու ծնվեց, իրոք ծնվեց ներկայացումը:
- «Միզերի»-ն բավական տարբերվող ներկայացում է, հնարավոր է՝ ամեն հանդիսատեսի չէ, որ դուր կգա, Ձեր պատկերացմամբ ո՞ւմ համար է այն:
Գոռ. Ես հիմա շատ անհամեստ բան կասեմ, բայց ներկայացումը դեռ բոլորին դուր է եկել (ծիծաղում ենք, -հեղ.): Մինչ պրեմիերան ես էլ էի փորձում հասկանալ, թե ովքեր կհավանեն այն: Դեռ շատ բացասական կարծիքներ չենք լսել: Գաղտնիք ունեմ՝ իմ փորձերը միշտ մարդաշատ են լինում, ու այդ ընթացքում էլ կամա, թե ակամա զգում ես, թե ինչը չհասկացան, որ հատվածներում ձանձրացան: Եղել է տեսարան, որ կրճատել եմ միայն նրա համար, որ թատրոնի աշխատակիցներից մեկը գլուխը կախեց ու մտավ հեռախոսի մեջ: Հասկացա, որ այդ տեսարանն ավելորդ է եւ որեւէ գաղափարական բան չի տալիս, բացի այդ էլ, երկար էր: Ամենակարեւորը, բայց եւ դժվարը՝ քո սիրելի հատվածներից հրաժարվելն է:
Դրվագը՝ «Միզերի» ներկայացումից
- Քանի որ սիրելի տեսարանից խոսեցիք, ամեն մեկիդ համար ո՞րն է ներկայացման յուրահատուկ կամ գուցե ոչ այդքան սիրելի ու բարդ հատվածը:
Տաթեւ. Ազնիվ կլինեմ, բայց չսիրած տեսարան չունեմ, կան տեխնիկապես բավական բարդերը, որ շնչակտուր լինելով եմ խաղում: Իմ տեսարանները մեկը մյուսից սիրուն են ու սիրելի, չեմ կարող որեւէ մեկն առանձնացնել: Նույնիսկ նրանք, որոնք Գոռը հանել է, սիրելի են եղել: Կարող է մի օր համոզենք՝ հետ բերի (ծիծաղում է, -հեղ.): Այս գործն ինքնին նվեր է դերասանուհու համար՝ կարողություններդ ցույց տալու հնարավորություն է տալիս: Թույլ կտորներ իմ կերպարը չունի, երեւի, Արսենն է մի քիչ ավելի պասիվ վիճակում լինում:
Արսեն. Գոռի հետ այս մասին չենք խոսել ու երբեք հետը չեմ կիսվել, առաջին անգամ պիտի ասեմ, որ ունեմ չսիրած տեսարան, բայց դա բացարձակ պայմանավորված չէ բեմադրական թերությամբ:
Տաթեւ. Ըհը, այդ ո՞րն է:
Արսեն. Չգիտեմ էլ՝ ինչու, բայց չեմ սիրում Նոր տարվա տեսարանը: Միգուցե, չսիրել ասելը սխալ է, բայց չեմ կարող բացատրել պատճառը:
Գոռ. Պահ, ուրիշին կկանչենք այդ տեսարանը կխաղա (ծիծաղում ենք, -հեղ.):
Արսեն. Բայց շատ-շատ սիրելի էլ կա. չափազանց հավանում եմ, երբ սկսվում են ոտքերը կտրելու կտորից հետոյի տեսարանները:
Գոռ. Այդպես պատմիր, ամբողջ ներկայացումը պատմիր, թող իմանան (ծիծաղում ենք, -հեղ.):
Հասմիկ Բաբայանը եւ Գոռ Մարգարյանը
- Շատ գաղտնիքներ չբացահայտենք, որ մարդիկ գան ու նայեն: Ձեր տեսարանները բավական բարդ են նաեւ ֆիզիկապես՝ Տաթեւն անընդհատ շարժման մեջ է՝ իջնում եւ բարձրանում է վերելակով, Արսեն, Դուք ցավերի մեջ եք տառապում:
Գոռ. Մեկ ավելացում անեմ՝ պետք է տեսնել, թե Տաթեւն ինչպես է պատրաստվում հաջորդ տեսարանին: Մի օր դուռը բացեցի ու տեսա՝ ոնց է ճանապարհն անցնելու ընթացքում կիսաշրջազգեստն արագ փոխում, առանց ներքեւ նայելու, շոշափելով գտնում կոշիկներն ու այդ ընթացքում գիրք կարդում. ֆանտաստիկ երեւույթ է:
Տաթեւ. Ինձ մոտ վերեւում մի առանձին ներկայացում է, որը չի երեւում:
- Հատուկ ներկայացման համար երաժշտություն է գրել Նարեկ Կոսմոսը, հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք կարողացել հենց Ձեր պատկերացրածը ստանալ:
Գոռ. Նարեկին վաղուց չեմ ճանաչում, բայց երբ հայտնաբերեցի նրա տաղանդները, այլ գործի համար սկսեցինք միասին աշխատել, իսկ հետո որոշեցի ռիսկի դիմել ու հենց «Միզերի»-ի համար համագործակցել: Նրա գրած երաժշտությունն ավելի հարստացրեց ներկայացումը: Բոլոր փորձերին ներկա էր, ու անընդհատ քթներիս տակ երաժշտություն էինք փորձում: Նա շատ ավելի տարբերակներ առաջարկեց, երեւի ընդամենը 30 տոկոսն ենք օգտագործել ու ընտրել այս մեկը:
- Ներկայացումից հետո շա՞տ եք հոգնում ու ուժասպառ լինում:
Տաթեւ. Ես ուղղակի քամվում եմ, էլ ոչնչի ընդունակ չեմ լինում, պարզապես նստում եմ, բայց միեւնույն ժամանակ էլ վայելքի մեջ եմ, որովհետեւ շատ եմ լիցքավորվում:
Արսեն. Սուտ կլինի ասել, որ ֆիզիկապես Տաթեւի պես հոգնում եմ, որովհետեւ նա ահռելի մեծ աշխատանք է կատարում, բայց իմ էներգիան էլ սպառվում է:
Գոռ. Որովհետեւ ծանր սայլակը բերում է, տեղիցդ էլ չես շարժվում, որ օգնես նրան (շարունակում է կատակել, -հեղ.)
Արսեն. Մեր բոլոր դերասանները գալիս էին փորձը նայելու ու ասում. «Երանի քեզ, այս ինչ լավ դեր է, պառկած ներկայացում ես խաղում» (ծիծաղում ենք, -հեղ.):
Արսեն Սաղաթելյանը եւ Տաթեւ Ղազարյանը
- Պրեմիերայից առաջ շա՞տ էիք անհանգստանում եւ հուզվում, ի՞նչ էր կատարվում ձեր ներսում:
Տաթեւ. Նախ Գոռին ասացի, որ իրեն չեմ ուզում տեսնել, առհասարակ՝ ոչ մեկին: Սովորաբար պրեմիերաները միշտ են լարում դերասաններին եւ մեծ հուզմունք պատճառում: Քանի տարի էլ խաղաս, չի անցնում այդ ամենը, նույնիսկ տարիների ընթացքում ավելանում է. երիտասարդ տարիքում համարձակ ես ու չես էլ մտածում ձախողման մասին: Ամեն անգամ պրեմիերաներից առաջ հումորով ասում եմ, թե ինչու չգնացի հաշվապահական կուրսերի. հիմա մի հիմնարկում հանգիստ կաշխատեի, ժամը 6-ին կավարտվեի գործերն ու կգնայի թատրոն ներկայացում նայելու: Բայց այդ ամենը տեւում է մինչեւ բեմ հասնելը, եւ հասկանում եմ, որ իրականում աշխարհի ամենալավ մասնագիտությունն ունեմ: «Միզերի»-ի պրեմիերայից առաջ շատ-շատ անհանգիստ էի, որովհետեւ պատասխանատվությունը քանի-քանի կետով ավելացել էր:
Արսեն. Հուզվելու մասին չեմ էլ խոսում, անհնար է բացատրել այն զգացողությունները, որոնք դերասաններն ունենում են պրեմիերային, առավել եւս՝ իմ դեպքում, երբ պառկած եմ մահճակալին ու լսում եմ, թե ինչպես է հանդիսատեսն աստիճանաբար տեղավորվում:
Տաթեւ. Օ՜, դա էլ է ահավոր, լսել, թե ինչ են խոսում, սարսափելի:
Արսեն. Ես Տաթեւի ասած զգացողությունը, որ չցանկանամ ռեժիսորին տեսնել, ունենում եմ Լյուդվիգ Հարությունյանի ներկայացումների դեպքում: Բայց Գոռի պարագայում, երդվում եմ, լրիվ հակառակն էր: Պրեմիերայի օրն անընդհատ ուզում էի նրան տեսնել, որովհետեւ երբ կողքիս էր կամ որեւէ բան էր ասում, ավելի վստահ ու համարձակ էի դառնում: Բայց շատ են եղել այլ օրեր, որ չեմ ցանկացել նրան տեսնել (ծիծաղում ենք, -հեղ.):
Դրվագը՝ «Միզերի» ներկայացումից
Տաթեւ. Փորձերին երբեմն ինձ էլ չի ուզել տեսնել: Գոռին ներկայացման ընթացքում չէի ուզում նկատել, որ հանկարծ ինչ-որ բան այնպես չընթանալու դեպքում չզգամ իր արձագանքը: Բայց Գոռը ոչ մի անգամ դերասաններին վատ վիճակի մեջ չի դրել, հակառակը՝ հրաժարվել է լավ տեսարանից հանուն նրա, որ ինձ հարմարավետ զգամ: Նա մեզ ընդառաջ էր գնում, ինձ՝ առավել եւս, քանի որ բարդ տեսարաններս շատ էին: Դրա համար, որ իրեն տեսնեք, իմ անունից կասեք շնորհակալություն (ծիծաղում ենք, -հեղ.):
- Անպայման կփոխանցեմ (ծիծաղում ենք, -հեղ.): Գոռ, իսկ Դուք պրեմիերայից առաջ մարզիչների պես սովորաբար վերջին հրահանգներ տալի՞ս եք:
Գոռ. Միշտ, վերջին պահին գալիս եմ ու ասում. «Որ խնդրեմ՝ մի փոքրիկ բան... է, չէ-չէ, որեւէ բան չեմ փոխում»:
Տաթեւ. Ասում է. «Դուք բան չեք անելու, ուղղակի սա եք անելու, նա, ու այդպես շարունակ» (ծիծաղում ենք, -հեղ.):
Գոռ. Իրականում պրեմիերաներին ինձ հավաքում եմ, որովհետեւ ես եմ պատասխանատուն. եթե հուզվեմ, դերասաններին էլ կփոխանցվի:
Տաթեւ. Բայց մյուս կողմից ավելացնում է. «Ես իմը բեմադրել եմ, հիմա դուք խաղացեք»:
Գոռ. Դա այն պահն է, երբ մեր պորտալարը կտրում են, էլ չեմ կարող գոռալ՝ «ստոպ», կամ իրենք՝ «մի րոպե»: Պրեմիերան ինձ համար առաջին հերթին դրանով է առանձնանում:
Գոռ Մարգարյանը
- Այս անգամ ինչպե՞ս անցավ պրեմիերան, գո՞հ էիք ամեն ինչից, թե՞ բացթողումներ էլ եղան:
Գոռ. Չէ, դժգոհ եմ, Արսենը 2 անգամ տեքստը մոռացավ ու կարեւոր հատվածներում, դրա համար էլ նրա պատճառով հոկտեմբերի 29-ի ներկայացումից մեկ օր առաջ փորձ եմ դրել: Բայց, դե, արդեն եղել է, ինչքան էլ զայրանամ, օգուտ չի լինի: Փորձ կանենք, եւ մյուս անգամները կստացվի:
- Արսեն, ինչո՞ւ այդպես եղավ, չէ՞ որ այդքան փորձ էիք արել ու պատրաստվել, հուզմունքի՞ց էր:
Արսեն. Չեմ կարող բացատրել, թե ինչու այդպես ստացվեց, երեւի, շատ ավելի լարված խաղացի այդ կտորը, թեեւ Գոռն ինձ փորձերի ժամանակ միշտ դիտողություն էր անում՝ տեսարանը դեռ չավարտված մտքով այդքան արագ մեկ ուրիշը տեղափոխվելու եւ բառերը մոռանալու համար: Բայց վստահ եմ, որ հետո էլ նման խնդիր չի լինի, եւ ամեն ինչ սահուն կանցնի: Սա դեռ սկիզբն է, հուսով եմ՝ Գոռը ներողամիտ կլինի: Բրավո Տաթեւին, որ ֆենոմենալ կերպով կարողացավ շատ արագ օգնել ու ստեղծված իրավիճակից այդքան հեշտ դուրս գալ: Համոզված եմ՝ հանդիսատեսը չի էլ զգացել, եթե Գոռը ռեժիսորը չլիներ, ինքն էլ չէր նկատի:
Գոռ. Այդ պահին դուրս էի եկել ծխելու, ներս մտնելն ու նրա մոռանալը մեկ եղավ: Իրենց տեքստերն անգիր հիշում եմ, պարզվեց՝ իմ բացակայության ընթացքում մի անգամ էլ էր մոռացել:
- Չբացելով ներկայացման գաղտնիքները, թե ով ում է սպանում, բայց հետաքրքիր է իմանալ, դուք երբեւէ ցանկություն ունեցե՞լ եք մարդ սպանելու:
Տաթեւ. Մտքով՝ այո: Մտածել եմ՝ ոնց կսպանեի սրան:
Արսեն. Մտովի՝ միշտ (ծիծաղում ենք, -հեղ.):
Գոռ. Ես երբեք չեմ ունեցել, միշտ մտածել եմ՝ միակ բանը, որին ընդունակ չեմ, ֆիզիկապես մարդ սպանելն է:
Տաթեւ. Ես պատերազմից հետո հասկացա, որ ընդունակ եմ սպանել, եթե դիմացս թշնամի է:
Արսեն Սաղաթելյանը եւ Տաթեւ Ղազարյանը
- Ի՞նչ տվեց ամեն մեկիդ այս ներկայացումը, ի՞նչ քաղեցիք ու սովորեցիք:
Տաթեւ. Հարստացա իբրեւ դերասանուհի, տարիների փորձ ունեի եւ շատ ռեժիսորների հետ էի աշխատել, բայց այս տեսակ դեր չէի ունեցել ու նման հաճույք ստացել: Այն նոր երանգեր ու գույներ տվեց ինձ: Նույնիսկ հազար տարվա գործընկերներս են ինձ նորովի բացահայտել: Այսօր Արման Նավասարդյանը մյուս խաղընկերներիս, ովքեր դեռ չեն դիտել ներկայացումը, պատմում էր, որ այսքան տարիներ գիտի ինձ, բայց փաստորեն 10 տոկոսով էլ չի ճանաչել որպես դերասանուհի: Ինձ համար դա ամենամեծ գնահատականն է: Հետո Գյումրու թատրոն ձեռք բերեցի, թող բոլորն ունենան այդ տեսակ հարստություն ու հնարավորություն խաղալ այնտեղ:
Արսեն. Ես շատ մեծ ստեղծագործական ճանապարհ դեռ չեմ անցել:
Գոռ. Մենք էլ արդեն մոտենում ենք մայրամուտին:
Տաթեւ. Կարապի երգին, չէ՞ (ծիծաղում ենք, -հեղ.):
Արսեն Սաղաթելյանը եւ Տաթեւ Ղազարյանը
Արսեն. Ունեցել եմ ներկայացումներ, որոնք եղել են հերթականը, բաց այս մեկն առանձնահատուկ էր, մեծ բավականություն եմ ստացել ընթացքից: Աշխատել եմ ու ընկերացել Տաթեւի ու Գոռի պես տաղանդավոր մարդկանց հետ: Սրանից ավելի չգիտեմ էլ՝ ինչ պետք է տար ներկայացումը: Մասնագիտական առումով էլ շատ կողմեր բացահայտեցի իմ մեջ:
Տաթեւ. Դու դա կզգաս մեկ այլ ներկայացման մեջ խաղալու ժամանակ:
Արսեն. Տաթեւն էր կրկնում, որ «Միզերի»-ն դեռ շատ կօգնի ինձ որպես դերասան աճ գրանցել, վստահ եմ՝ այդպես էլ կա:
Գոռ Մարգարյանը, Տաթեւ Ղազարյանը եւ Արսեն Սաղաթելյանը
- Գոռ, Ձեր ներկայացումները միշտ տարբերվում են, այս մեկն ինչո՞վ առանձնացավ նախ Ձեզ համար:
Գոռ. Այսօր պետք է խոստովանություն անեմ՝ այս գործի վրա սկսել եմ աշխատել իմ կյանքի ամենադաժան շրջանում, եւ Տաթեւն ու Գոռը բառիս բուն իմաստով դիմացել են ինձ: Պատահել է, որ 3 ժամ անդադար իմ գոռոցն են լսել, բայց դիմացել են, որ ներկայացումը ստացվի, ու ինձ պատեպատ չխփեմ: Գյումրին իմ 2-րդ քաղաքն է դարձել, այնտեղ էլ Երեւանի պես արդեն տան զգացողություն ունեմ: Դրա մեղավորը միայն թատրոնն է:
Տաթեւ. Ուրախացա, որ նորից բեմադրելու ցանկություն ունես, որովհետեւ դեպրեսիայի վիճակում էիր ու չէիր ուզում որեւէ բան անել: Չնայած՝ տեսնեմ այդ ո՞ւմ հետ ես որոշել աշխատել (ծիծաղում ենք, -հեղ.): Արդեն ահավոր խանդով եմ լցվել, այսօր ինձ բռնացրի այն մտքին, որ առանց ինձ բեմադրություն է անելու, ես կգժվեմ (ծիծաղում է, -հեղ.):
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: