Դերասաններ Քեթրին Զետա-Ջոնսն ու Մայքլ Դուգլասն արդեն 20 տարուց ավելի է՝ միասին են: Նրանց համարյա ամեն հարցազրույցում խնդրում են պատմել ամուր ընտանիքի գաղտնիքի մասին, որն այսօր մենք էլ փորձելու ենք հասկանալ:
Բացառիկ դեպք է, բայց ամուսինները ծնվել են նույն օրը՝ սեպտեմբերի 25-ին՝ պարզապես 25 տարվա տարբերությամբ: Նրանք միասին շատ դժվարություններ են հաղթահարել, բայց այդ ամենի արդյունքում ավելի ամուր ու գեղեցիկ դարձրել իրենց ընտանիքը:
Առաջին հանդիպումը
2001 թվականին Լարի Քինգին տված հարցազրույցում Քեթրին Զետա-Ջոնսը պատմել է, որ Մայքլ Դուգլասի հետ ծանոթացել են 1996 թվականին՝ Ֆրանսիայի Դովիլի կինոփառատոնում.
«Ասացին, որ ինձ հետ ցանկանում է հանդիպել Մայքլ Դուգլասը: Մի քիչ անհանգիստ էի, դրա համար էլ չէի հասկանում, թե ինչի մասին է ուզում խոսել հետս»:
Այդ ժամանակ Դուգլասն իր «Իդեալական սպանություն» ֆիլմն էր ներկայացնում, իսկ Զետա-Ջոնսը՝ «Զորրոյի դիմակը»: Առաջին անգամ նա հայտնի դերասանին տեսել է իր հյուրանոցում, բայց Դուգլասը պարզապես անցել է կողքով:
«Կողքիս գտնվող եղբորս ասացի, որ ամենայն հավանականությամբ Մայքլը չի էլ ուզում հանդիպել ինձ հետ, որովհետեւ հենց նոր անցավ կողքովս ու չճանաչեց էլ ինձ»,- պատմել է նա:
Նրանց «Զորրոյի դիմակին» նվիրված ընթրիքի ժամանակ ծանոթացրել են ընդհանուր ընկերները՝ Անտոնիո Բանդերասն ու Մելանի Գրիֆիտը, որոնք այն ժամանակ ամուսիններ էին: Դուգլասը, որպես իրական ջենթլմեն, հարցրել է, թե արդյոք կարո՞ղ է նստել Քեթրինի կողքին:
«Երեւի թե սխալ թույլ տվեցի, բայց 30 րոպե շփվելուց հետո նայեցի նրան ու ասացի. «Գիտե՞ս, պատրաստվում եմ դառնալ երեխաներիդ հայրը», ինչին Քեթրինը պատասխանեց. «Քո մասին շատ բաներ եմ լսել: Կարծում եմ՝ այդ ամենը ճիշտ է: Բարի գիշեր»,- հիշել է դերասանը:
Հաջորդ օրը Զետա-Ջոնսը մեկնել է քաղաքից, բայց Դուգլասը չի հրաժարվել նրան գրավելու մտքից: Նա ծաղիկներ էր ուղարկում ու ներողություն խնդրում պահվածքի համար:
«Կարծում եմ՝ լրիվ ձախողել էի, բայց ուրախ եմ հայտնել, որ վերջապես կապի դուրս եկանք, իսկ մնացածն արդեն պատմություն է»,- ավելացրել է դերասանը:
Սրանք էլ դերասանուհու խոսքերն են. «9 ամիս անց հասկացա, որ ժամերով նրա հետ զրուցում եմ հեռախոսով, հիանալի ընթրիքներ պատրաստում ու անընդհատ հարցում, թե ինչո՞ւ միասին չենք: Նա չէր ցանկանում, որ իր նախկին ընկերուհիների ցանկում հայտնվեմ, ես էլ չէի ուզում, որ իմ նակին սիրեցյալը դառնա: Բայց մի անգամ նայեցինք միմյանց ու հասկացանք, թե որքան ուրախ ենք միասին»:
Այդպես էլ սկսվեց սիրավեպը, իսկ տաբլոիդները միանգամից գրեցին նրանց տարիքային տարբերության մասին ու մոտալուտ բաժանում էին ակնկալում:
«Պատմականորեն է այդպես ստացվել, որ հասուն տղամարդիկ ու երիտասարդ կանայք հանդիպում են: Զվարճալի է, որ Մայքլը ծնողներիս տարիքին է, բայց երբ բոլորով հանդիպում էինք, երբեք էլ չէին մտածում, որ ինձնից մեծ է»,- խոստովանել է դերասանուհին:
Ամուսնության առաջարկությունը
Դուգլասը Զետա-Ջոնսին առաջարկել է ամուսնանալ 1999 թ. Ամանորի նախօրեին՝ Ասպենի իր տանը:
«Երկուսս էլ հիվանդ էինք ու հարբուխ ունեինք»,-2016-ին ITV-ին պատմել է Դուգլասը:
Նա իր ապագա կնոջը նվիրել է վինտաժե մատանի, որն արժեր 1 մլն դոլար: Իսկ վերջնական առաջարկությունը եղել է այն բանից հետո, երբ իմացել են, որ Քեթրինը հղի է: Դերասանն ուրախությունից գլուխը կորցրել էր եւ ուզում էր հնարավորինս արագ ամուսնանալ: Բայց նա այդ ժամանակ դեռ պաշտոնապես ամուսնացած էր Դիանդրա Լյուկերի հետ, որի հետ ընդհանուր որդի ունեն: Ամուսնալուծության հարցը նա բավական արագ լուծեց՝ համաձայնելով կատարել կնոջ բոլոր պահանջներն ու նրան 60 մլն դոլար տվեց:
2000 թվականի օգոստոսին ծնվեց Մայքլ Դուգլասի ու Քեթրին Զետա-Ջոնսի որդին՝ Դիլանը:
Հարսանիքը
2000 թվականի նոյեմբերի 18-ին զույգն ամուսնացավ Նյու Յորքի հայտնի Plaza հյուրանոցում: Շատ լրատվամիջոցներ այդ հարսանիքը տարվա իրադարձություն համարեցին: Արարողության վրա ծախսվել էր 1,5 մլն դոլար: 250 հազար դոլարանոց զգեստի համար պատասխանատու էր Դեւիդ Էմանուելը, որը հեղինակել էր արքայադուստր Դիանայի հայտնի հարսանեկան զգեստը:
Հյուրերի թվում էին Ջենիֆեր Էնիսթոնը, Շոն Քոներին, Ռասել Քրոուն, Դենի Դե Վիտոն, Թոմ Հենքսը, Գոլդի Հոնը, Էնթոնի Հոփքինսը, Ջեք Նիքոլսոնը, Բրեդ Փիթը, Մեգ Ռայանը, Սթիվեն Սփիլգերը, Շերոն Սթոունն ու էլի շատ հայտնիներ:
Դուգլասն այն ժամանակ 56 տարեկան էր, իսկ Զետա-Ջոնսը՝ 31: Հարսանիքը նկարելու իրավունքը տվել էին բրիտանական OK ամսագրին: Քեթրինը ցանկացել էր, որ հարսանիքը շատ ռոմանտիկ լինի: Նա խնդրել էր Մայքլին չարտասվել ու իրեն չնայել, երբ դեպի խորան կքայլի:
Մեղրամսի չմեկնեցին, փոխարենը տանը մնացին իրենց 4 ամսական որդու հետ: 2003 թվականին էլ ծնվեց նրանց դուստրը՝ Քերիսը: Դրանից հետո տեղափոխվեցին Բերմուդյան կղզիներ, որտեղ մեծացել է նաեւ Մայքլը: Նրանք գնեցին 2,5 մլն դոլար արժողությամբ առանձնատուն: Առանց լուսանկարիչների եւ հանգիստ կյանքը բոլորի սրտով էր:
Քերիսը մի անգամ խոստովանել է, որ երկար ժամանակ չի էլ իմացել, որ ծնողները հայտնի են. «Կարծում էի՝ հայրս բլիթների պատրաստմամբ է զբաղվում: Անկեղծ՝ չգիտեի, որ դերասան է»:
Բայց 2009 թվականին վերադարձան ԱՄՆ ու սկսեցին ապրել Նյու Յորքում:
«Ատում էի Մանհեթենում ապրելը: Լուսանկարիչներն ինձ հետ իջնում էին մետրո ու նստում դիմացս: Մոտ 6 տարեկան էի, չգիտեի՝ ինչպես արձագանքել այդ ամենին»,- ավելացրել է նա:
Հիվանդությունը
Շուտով ընտանիքը ավելի մեծ խնդրի առաջ կանգնեց: 2010 թվականին նրանք իսկական դժոխքի միջով անցան. Դուգլասի մոտ կոկորդի քաղցկեղ հայտնաբերվեց: Քիմիաթերապիան ու ճառագայթային բուժումը նրա համար չափազանց բարդ էին:
«Ամենածանրը նրա հոգնածությունը տեսնելն էր. Մայքլը երբեք չէր հոգնում»,- պատմել է Քեթրինը:
Նույն տարում Դուգլասի ավագ որդի Քեմերոնը ձերբակալվեց ու մեղադրվեց թմրանյութեր պահելու համար: Սկզբում նրան դատապարտեցին 5 տարվա ազատազրկման, բայց հետո ավելի երկար մնաց բանտում, ընդ որում՝ 2 տարի անցկացնելով մենախցում: Նա խոստովանել է, որ այդ ընթացում իրեն օգնել է Քեթրինի ու ընտանիքի մյուս անդամների սերը:
2011 թվականին Մայքլ Դուգլասը հայտնեց, որ ապաքինվել է, Քեթրինը մեկ տարուց ավելի անցկացրեց նրա անկողնու մոտ՝ անդադար խնամելով: «Կարող է զարմանալի թվալ, բայց ողջ բուժման ընթացքում երբեք չեմ մտածել, որ կարող եմ մեռնել»,- ասել է Դուգլասը:
Սակայն 3 ամիս անց արդեն Զետա-Ջոնսն օգնության կարիք ուներ, երբ հոգեբուժարան տեղափոխվեց երկբեւեռ խանգարման պատճառով: Դերասանուհին հաղթահարեց այն ու իր օրինակով փորձեց օգնել նաեւ մյուս մարդկանց:
2013-ին նա նորից դիմեց օգնության, իսկ 4 ամիս անց E! պարբերականը հայտնեց, որ ամուսինները որոշել են բաժանվել: Արդյունքում նրանք 8 ամիս առանձին ապրեցին: Դերասանն այդ ընթացքում պնդում էր, որ փորձում են հարթել հարաբերություները: Տարվա ավարտին նրանք իսկապես հաշտվեցին:
«Խենթանում եմ Քեթրինի համար: Բոլորն էլ ունենում են նման բարդ ժամանակներ: Բայց մենք վերադարձանք եւ ավելի ուժեղ ենք, քան երբեւէ»,- 2015-ին Մայքլն ասել է Էլեն Դեջեներեսի շոուի ժամանակ:
Համատեղ ժամանակը
Այսօր էլ նրանք միասին են ու շարունակում են զբաղվել սիրելի գործով: 2020 թվականի համավարակը Զետա-Ջոնսի ու Դուգլասի ընտանիքն ավելի ամրացրեց:
«Եթե կարողանում ենք նման բաները հաղթահարել, ամեն ինչ էլ կկարողանաք»,- կարծում է Քեթրինը:
Նրանք հաճախ են համատեղ ընտանեկան գեղեցիկ տեսանյութեր հրապարակում, որոնցում երջանիկ են ու չորսով վայելում են կյանքը:
Посмотреть эту публикацию в Instagram
Օրեր առաջ էլ զույգը հերթական անգամ տոնել է իրենց տարեդարձը, Մայքլն արդեն 78 տարեկան է, իսկ Քեթրինը՝ 53:
«Մեր տարեդարձն էր: Շնորհակալ ենք բոլորիդ մաղթանքների համար: Թող սկսվի նոր տարին»,- գրել է Զետա-Ջոնսն ու հրապարակել այս լուսանկարները:
Посмотреть эту публикацию в Instagram
Քեթրին Զետա-Ջոնս
Նախ միասին շատ ուրախ է. ամուսինս ինձնից 25 տարի մեծ է, ինչը գաղտնիք չէ: Ամեն հարաբերություն էլ վերելքներ ու վայրէջքներ ունի: Բայց առաջնայինը միշտ սերն ու հարգանքն են: Երբեք չենք կորցրել հումորի զգացումն ու վայելում ենք միմյանց ներկայությունը:
Ողջ ազատ ժամանակը միասին ենք լինում, քանի որ, ի տարբերություն շատ զույգերի, երբեք չենք աշխատել ժամը 9:00-18:00-ն: Կամ աշխատում ենք, կամ ՝ոչ: Երբեմն օրական 16 ժամ եմ զբաղված լինում: Ամուսինս էլ նույն գրաֆիկն ունի: 12 տարի Բերմուդյան կղզիներում ենք ապրել ու մեծացրել մեր երեխաներին: Վայելում ենք միասին անցկացրած ամեն օրն ու կատակում միմյանց հասցեին:
Պետք է անել հնարավորինն ու երբեք չհանձնվել, երբ առաջին խնդիրներն են ի հայտ գալիս: Հետագայում դրանք միայն ավելանալու են:
Մայքլ Դուգլաս
Երկու կողմն էլ պետք է աշխատի հարաբերություններն ամրապնդելու համար: Շատ բան չեք կարող փոխել, եթե ձեզնից մեկն արդեն դռան մյուս կողմում է: Իսկական սերն աշխատանք է: Սերը բացառիկ զգացմունք է, որը գալիս է հոգու խորքից, բայց գիտե՞ք, նրան պետք է սնուցել: Մեծանալու հետ հասկացել եմ, որ սիրուն չպետք է վերաբերվել ինչպես սովորական երեւույթի: Պետք է պաշտպանել այն, խնամել ու մեծացնել, ֆիզիկական եւ էմոցիոնալ կապից հետո այն ավելի է խորանում:
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: