Երկարատեւ դադարից հետո Անի Դաշյանը կրկին վերադարձել է սիրելի աշխատանքին։ «ATV»-ի առավոտյան ծրագրի շրջանակում հաղորդավարուհին օգնում է կողմնորոշվել խոհանոցում։ Նրա հետ զրուցել ենք այս եւ այլ թեմաների շուրջ։
«Մոտ 10 օր ժամանակ ունեի առաջարկին վերջնական պատասխան տալու համար: Հեռուստաընկերությունն իմ տարերքն է, իմ սիրելի աշխատանքը, իմ կյանքի անբաժանելի մասը, վերջերս նաեւ իմ կարոտը, բայց եթե շատ անկեղծ լինեմ, վերջին 2 տարում տեղի ունեցող իրադարձություններից հետո որեւէ նոր բան սկսելու ո՛չ հավես ունեի, ո՛չ էլ` տրամադրություն: Եթերում, հատկապես ուղիղ եթերում ամեն օր երկու ժամ ժպտալը բավական բարդ է, երբ հոգիդ տակնուվրա է լինում տեղի ունեցող իրադարձություններից։ Ինձ շրջապատող մարդիկ օգնեցին որոշում կայացնել ու դրական պատասխան տալ: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ է լինելու: Ամեն օր եթերում ասում եմ՝ «Եկեք փնտրենք ու գտնենք ժպտալու առիթներ, եթե նույնիսկ դրանք շատ քիչ են մնացել»»,- BRAVO.am-ին պատմել է հաղորդավարուհին:
Անի Դաշյանը
Նշել է, որ տեսախցիկի առաջ իրեն զգում է ինչպես ձուկը ջրում. «Մոտ երկու տարի առաջ վարել եմ «Coffee կենտրոն Անի Դաշյանի հետ» հաղորդաշարը: Բնականաբար, մի քիչ հետ ես վարժվում, մանավանդ, երբ խոսքն ուղիղ եթերի մասին է, բայց ինձ մի քանի ժամ է անհրաժեշտ հունի մեջ ընկնելու համար»։
Հասմիկ Կարապետյանը եւ Անի Դաշյանը
Իր բացակայության ժամանակ երեխայի խնամքով ամուսինն է զբաղվում. « Բավական բարդ է ամեն ինչ հասցնելը, մանավանդ, երբ 2 երեխա ունեմ, աղջիկս էլ դեռ շատ փոքր է, նույնիսկ մանկապարտեզի տարիքի չէ, բայց երբ ընտանիքում քեզ աջակցում են, ամեն ինչ հաղթահարելի է: Ամուսինս ինձ շատ օգնեց՝ այդ հարցում իր աջակցությունն առաջարկելով, ինչի համար նրան շատ շնորհակալ եմ: Միլանայի հետ նա է առավոտյան մնում մոտ 3 ժամ, մինչ ես վերադառնում եմ աշխատանքից, իսկ Ռոբերտս արդեն դպրոցական է: Մի խոսքով, իրար օգնելով փորձում ենք ամեն ինչ այնպես կազմակերպել, որ ամեն մեկս հասցնի իր գործերն անել»,- նշել է Անին:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Անի Դաշյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: