×


Dalma Garden Mall-ն իր 10-ամյակը նշում է կարեւոր սոցիալական նախագծերով

Dalma Garden Mall-ն արդեն 10 տարեկան է, ինչի առիթով մի քանի կարեւոր ու մեծ նախագծերի մեկնարկն է ազդարարվել:

Մոլի ներքին եւ արտաքին կապերի գծով փոխտնօրեն Մարիամ Չաքարյանը նշել է, որ Հայաստանում 2012 թվականի հոկտեմբերի 20-ին են բացել իրենց դռներն ու այս տարիների ընթացքում գնումների եւ առեւտրի նոր մշակույթ ձեւավորել:

«10 տարիների ընթացում, ըստ մեր ցուցիչների, 40 միլիոնից ավելի այցելու ենք ունեցել, մեր երկրում ներկայացրել ենք 100-ավոր ճանաչված ու հայտնի բրենդներ: Այս պահին մոլում կա 150 հայտնի բրենդ ու նրանց թիվը դեռ ավելանալու է. միայն այս տարի համալրվել են 12-ով: 1000 + աշխատող ունենք, որոնց մի մասն արդեն 10 տարի է` մեզ հետ է»,- ընդգծել է նա:

Չաքարյանի խոսքով, շատ են կարեւորում նորարարությունն ու կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը: Մշտապես փորձում են հետ չմնալ թրենդերից ու իրականացնել տարատեսակ նախագծեր, որոնց թվին է պատկանում նաեւ շուտով նոր բջջային հավելվածի թողարկումը:

Ռուզաննա Վարդերեսյանը, Մարիամ Չաքարյանը եւ Կարինե Էվոյանը


«Փորձում ենք նոր մշակույթ բերել մեր ոլորտ, ավելի պատասխանատու լինել, ռեսուրսները նպատակային օգտագործել եւ նոր արժեքներ ստեղծել: Մեր 10-ամյակը կոմերցիոն միջոցառումներով նշելու փոխարեն որոշեցինք իրականացնել կարեւոր ծրագրեր մի քանի կազմակերպությունների հետ, որոնց հետ նախատեսում ենք երկար ճանապարհ անցնել: Մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքում ապագան եւ զարգացումն են, դրա համար ընտրել ենք մի քանի ուղղություններ, որտեղ ուղղելու ենք մեր ջանքերն ու ռեսուրսները: Դրանք են՝ երեխաների զարգացումը, սահմանամերձ մարզերը, հայրենիքի պաշտպանները, կրթությունն ու էկոլոգիան»:

Նախկինում արդեն համագործակցել են տարբեր կազմակերպությունների հետ, «Կողբ» հիմնադրամի հետ իրականացրել են ծառատունկ եւ Կողբում արդեն կա «Դալմայի» անվան պուրակ: Մեծ էկոարշավի շրջանակում էլ ներկայացրել են բրենդների էլոլոգիական նախագծերն ու այդ օրերին ցուցադրել 10-ից ավելի արվեստի գործեր, որոնք ամբողջությամբ պատրաստված են եղել թափոններից, ինչպես նաեւ՝ տեղադրել էլեկտրական հեծանիվներ: Առաջիկայում Dalma-ում լինելու են հատուկ թափոնամաններ, որոնց միջոցով հաճախորդները կկարողանան տեսակավորել աղբը։

Չաքարյանն ընդգծել է, որ բազմաթիվ են այն կազմակերպությունները, որոնք կարեւոր առաքելություն են իրականացնում Հայաստանում ու իրենց համար բավական բարդ է եղել ընտրել հենց այն 5-ին, որոնց հետ համագործակցելու են:

Մարինա Ադուլյանը եւ Մարիամ Չաքարյանը


Դրանցից առաջինը «Բարի մաման» է, որի հետ կանոնավոր կերպով աջակցելու են սահմանամերձ մարզերում բնակվող երեխաներին ու իրենց ներդրումն են ունենալու նրանց զարգացման գործում:

Հուշագիրը ստորագրել է կազմակերպության տնօրեն Մարինա Ադուլյանը: Նա շնորհակալություն է հայտնել Dalma-ին՝ իրենց կողքին լինելու ու միասին բազմաթիվ ճակատագրեր փոխելու համար:

Հաջորդ ընտրված կազմակերպությունը «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամն է, որի հետ եւս երկարաժամկետ նախագիծ են իրականացնելու: Չաքարյանը նշել է, որ իրենց ամենամսյա գովազդային հասույթի 10 %-ն ուղղելու են հիմնադրամին:

Կարինե Սարգսյանը եւ Մարիամ Չաքարյանը


COAF-ի հետ համագործակցության արդյունքում Dalma-ի անվան կրթաթոշակ է հիմնվելու այն երեխաների համար, որոնք ունեն բարձր առաջադիմություն, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարող ուսում ստանալ:

«Միայն ֆինանսական աջակցություն չենք ցույց տալու, մենթորական գործունեություն էլ է լինելու. հնարավորություն կընձեռնվի մեզ մոտ պրակտիկա անցնել։ Ամեն տարի կրթաթոշակի համար 3 ուսանող ենք ընտրելու»,- ընդգծել է Չաքարյանը։

Կորյուն Խաչատուրյանը եւ Մարիամ Չաքարյանը


Մյուս կարեւոր նախաձեռնությունն իրականացվելու է «Ազնավուր» հիմնադրամի եւ «Զինվորի տան» հետ համատեղ։ Հիմնադրամը ֆինանսավորում է «Զինվորի տան» շահառուների բիզնես նախագծերը:

«Երբ լսեցինք այս համագործակցության մասին, հասկացանք, որ մենք էլ ենք ուզում դրա մի մասը կազմել ու համագործակցել այս 2 կարեւոր կառույցների հետ։ Այս հուշագրով օգնություն կստանան եւս 4 բիզնես ծրագրեր, որոնք ամենատարբեր ուղղվածություն են ունենում՝ արտադրամասեր են, արվեստանոցներ եւ արհեստանոցներ, ջերմոցային բիզնես»,- շեշտել է Չաքարյանը:

Ռուզաննա Վարդերեսյանը, Մարիամ Չաքարյանը եւ Կարինե Էվոյանը


Dalma Garden Mall-ի մարկետինգային բաժնի ղեկավար Էլեն Մկրտչյանն էլ նշեց, որ այս տարի համերգային կամ այլ կոմերցիոն միջոցառումների փոխարեն իրենց բյուջեն որոշել են տրամադրել նման նախագծերի, որոնք կօգնեն ավելի մնայուն արժեքներ ստեղծել. «Որպեսզի մեր հաճախորդները զգան տոնական տրամադրությունը մեր 100-ից ավելի խանութներում կլինեն զեղչեր, կլինի մեծ խաղարկություն, կգործի նաեւ ֆոտոզոնա, որտեղ կարող են լուսանկարվել»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW