Լեւոն Լաճիկյանի գծանկարներին շատերը կարող են հանդիպել Գյումրիին վերաբերող միջոցառումների, տարբեր իրադարձությունների ու գովազդային ցուցատախտակներին։ Հաճախ շատերն էլ չգիտեն՝ ով է գծանկարների հեղինակը, արտապատկերում ու տարածում են։
Այս ամենի մասին Լեւոն Լաճիկյանը տեղյակ է, տեսնում է, թե ամեն անգամ ինչպես են արտատպում՝ նույնիսկ չնշելով հեղինակի անունը, սակայն առանց տրտնջալու շարունակում է ստեղծագործել ու Գյումրին հյուսել թել առ թել, կամ գիծ առ գիծ՝ վերստեղծելով իր քաղաքն ու միջավայրը։ Ու իր պատկերներով փորձում է ճանաչելի ու սիրելի դարձնել Գյումրին։
Թվով 17-րդ ցուցահանդեսը գեղագետ ու արվեստաբան-գծանկարիչ Լեւոն Լաճիկյանը կազմակերպել էր հայրենի քաղաքում՝ «Գյումրին եւ անդին» խորագրով, որտեղ ոչ միայն Գյումրին էր իր պատկերներով, այլեւ աշխարհի տարբեր քաղաքները՝ Փարիզը, Լիոնը, Պրահան, Վիեննան, Վենետիկը, Լյուքսենբուրգը եւ այլն։
«Ասլամազյան քույրերի պատկերասրահում էին սեպտեմբերից ներկայացված գծանկարներս, ու երբ հավաքում էի աշխատանքներս, առաջին անգամ տխրել էի։ Այս ցուցահանդեսին յուրօրինակ էի պատրաստվել։ 2010թ-ին էլի կազմակերպվել էր ցուցահանդես ծննդավայրումս, այն ժամանակ «Գյումրի, իմ սեր» խորագրով։ Հիմա Գյումրին բաղդատում էի այլ քաղաքների հետ՝ ոչ թե առավելություն կամ թերություն գտնելու, այլ նրանց շարքում նաեւ Գյումրին տեսնելու»,-ասում է Լեւոն Լաճիկյանն ու ներկայացնում, թե ինչպես արվեստաբանի իր ուղին բացահայտեց լրագրողին, ապա նաեւ գծանկարչին։
Լեւոն Լաճիկյանը
1992թ-ից սկսել է թղթակցել «Ազգ» օրաթերթին՝ լուսաբանելով մշակութային իրադարձությունները, 3 տարի ակտիվ լրագրողական գործունեությունից հետո սկսեց ավելի շատ գրել ուղեգրություններ, որտեղ իր տպավորություններով էր կիսվում տարբեր վայրեր կատարած ուղեւորություններից։
«Վենետիկի մասին էի գրել ու սկսեցի թղթի վրա գրիչով նկարել Վենետիկի «Հառաչանքի կամուրջը», հաջորդ օրը շատերի դրական արձագանքը ստացա, շարունակեցի երբեմն նկարազարդել հոդվածներս կամ գրքերս։ Բայց 2004թ-ին որոշեցի որպես գծանկարիչ ներկայանալ, բայց թերահավատ էի։ Գծանկարներս ուղարկեցի նկարիչ Հակոբ Հակոբյանին, հավանեց․ «Ինչ լավ գծի կուլտուրա ունես, Լեւոն, շարունակիր»։ Ու ես ավելի համարձակ շարունակեցի այս ուղին»,-նշում է Լեւոն Լաճիկյանը։
Անհատական ցուցահանդեսներ Գյումրիում, Գորիսում, Երեւանում, Նյու Յորքում, Նյու Ջերսիում, Կ․ Պոլիսում եւ այլուր։ Նկարների առանցքում քաղաքային տարբեր միջավայրեր են, գծերի մի աշխարհ, որտեղ ամեն ինչ այնքան իրական է, այնքան գեղարվեստական նուրբ լուծումներով։ Զուգահեռ հրապարակվեցին նաեւ Լեւոն Լաճիկյանի արվեստաբանական գիտական հոդվածները, գրքերը, որոնք երբեմն նկարազարդում էր իր գծանկարներով։ Մեծ տարածում գտավ «Գյումրի, իմ սեր» բացիկների ժողովածուն, ինչպես նաեւ «Հայկական եկեղեցիներ» գծանկարչական ալբոմը։ Վերջինս ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» XVIII միջազգային մրցույթում արժանացել է մրցանակի։
«Իմ գծանկարների նպատակը շենքերի ընդհանուր ճարտարապետական դիմագիծ տալը չէ, այլ պատկեր ստեղծելն է, միջավայրը փոխանցելը։ Ես կադաստրի աշխատող չեմ, որ գնամ ճշգրիտ վերարտադրեմ, ես ինձ թույլ եմ տալիս գեղարվեստական սրբագրումներ։ Ինչպես մյուս քաղաքները, Գյումրին էլ ոչ թե վերարտադրում եմ, այլ քաղաքն ինձ համար վերստեղծում եմ, իմ տեսլականն եմ տալիս․․․ Օրինակ «Վառեմ-մարեմի պատշգամբը» փլված է, բայց ես իմ պատշգամբն եմ ստեղծում, մինչեւ Գյումրիս կգա այդ տեսքին։ Ես Գյումրին կատարյալ եմ տեսնում ու փոխանցում։ Արտասահմանում ապրելն ինձ թույլ տվեց վերադարձից հետո ճիշտ գնահատել քաղաքը, միջավայրը, մարդկանց։ Կարծում եմ, որ իմ մեջ հիմա ոչ թե էմոցիոնալ սեր է, այլ գիտակցական սեր է քաղաքիս նկատմամբ»,-հավելում է գյումրիապատող նկարիչը։
Այս ցուցահանդեսին Գյումրին մեկուսի չէր, այս անգամ Գյումրին էր ու անդինը կամ մնացյալ աշխարհը․․․ Գծանկարչի խոսքով, իմաստն այն էր, որ ոչ թե Գյումրին հակադրել կամ ասել թե ամենագեղեցիկն է, այլ ցույց տալ, որ Գյումրին պակաս չէ, քան Փարիզը, Վենետիկը, Լյուքսենբուրգը կամ Պրահան իր միջավայրով ու տարբերությամբ։ Ի վերջո, Գյումրիի ճարտարապետության մեջ խաչվում են տարբեր ուղղություններ։
«Զբոսաշրջիկին հետաքրքրում է հինը, ազնիվը, ու այսօր Գյումրին մեզ համար դարձել է այդպիսի քաղաք։ Երբ մի կողմից, Արեւմտյան Հայաստանի շինարարների արվեստն են բերել հայրաքաղաք, մյուս կողմից էլ՝ դրսի աշխարհի էլեմենտներն են օգտագործել։ Իմ նպատակն է փոխանցել, որ միայն եկեղեցաշինությունը չէ հայկական ճարտարապետությամբ օժտված, այլ քաղաքաշինությունը, ժողովրդական ճարտարապետությունը։ Այս ցուցահանդեսին իմ 50 գծանկարներով ցանկացել եմ ասել իմ համերկրացիներին, որ եթե մենք մեզ գովում ենք, ապա այն պետք է նաեւ համեմատության ու հակադրության եւ գծերի ներդաշնակության ու յուրահատկության մեջ գտնել։ Ընդհանուր համապատկերում փնտրել Գյումրիի ուրույն դիմապատկերը։ Եվ ժամանակն է, որ ջանք գործադրենք ու քաղաքի պատմական միջուկը դառնա լուրջ արժեք եւ ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում»,- այսպես է եզրափակում մեր զրույցը ուրբանիստ նկարիչ ու քաղաքերգակ Լեւոն Լաճիկյանը։
Նշենք, որ Լեւոն Լաճիկյանի «Գյումրին եւ անդին» խորագրով ցուցահանդեսը բացվել էր սեպտեմբերի 2-ին՝ Մարիամ եւ Երանուհի Ասլամազյանների պատկերասրահում, «Գյումրիի օր» տոնակատարության շրջանակում եւ մեկ ամիս ներկայացված էր պատկերասրահում։ Հեղինակը նախատեսում է նաեւ այլ քաղաքներում կազմակերպել ցուցահանդեսներ։
Անահիտ Հարությունյան
Լուսանկարները տրամադրել է Լեւոն Լաճիկյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: