×


Մահացել է Վահե Շահվերդյանը

77 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Վահե Շահվերդյանը: Լուրը հայտնել է արտիստի որդին՝ ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը:

«Կներես, որ այս կյանքում չհասցրի խոսել քեզ հետ, այնքան, որքան պիտի խոսեի։ Կներես, որ չհասցրի ասել այն, ինչ պիտի ասեի: Կներես, չկարողացա վերադարձնել քեզնից ստացած ուշադրության եւ սիրո գոնե կեսը: Կներես, որ չկարողացանք այս անգամ կյանքդ փրկել: Կհանդիպենք երկնքում, ու ես կրկին այսպես պինդ կգրկեմ քեզ»,- գրել է Սուրեն Շահվերդյանը:

BRAVO.am-ը ցավակցում է արտիստի հարազատներին եւ գործընկերներին: 

Վահե եւ Սուրեն Շահվերդյանները



Վահե Շահվերդյանը ծնվել է Վանաձորում: 1971թ. ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը՝ Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցը:

1973-96թթ. եղել է Վանաձորի թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 1992թ-ից դասավանդել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, որտեղ 1994-98թթ եղել է ռեկտորը: 1996-2008թթ եղել է Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը:

2008թ-ից վերադարձել է Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոն՝ որպես գեղարվեստական ղեկավար: Կատարած բեմադրություններից են` Մ. Մետերլինկի «Կապույտ թռչուն» (1980թ.), Ա. Չեխովի «Երեք քույր» (1987թ., Լիսաբոնի միջազգային թատերական փառատոնի 1-ին մրցանակ, 1990թ.), Ռ. Հակոբջանյանի «Նոյի ժառանգները» (1991թ., Ուժգորոդի միջազգային թատերական փառատոնի 1-ին մրցանակ, 1991թ.), Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Օրյոլի ռուս դասական դրամատուրգիայի միջազգային փառատոնի 1-ին մրցանակ, 1993թ.), Մ. Կոլտեսի «Ռոբերտո Զուկկո» (1995թ., Ստրասբուրգի ազգային թատրոն), Լ. Շանթի «Հին աստվածներ» (1999թ.), Գ. Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը» (2001թ.), Ա. Շիրվանգադեի «Պատվի համար» (Տրապիզոնի միջազգային թատերական փառատոնի 1-ին մրցանակ, 2006թ.) եւ այլն:



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին