×


Երեւանյան «Prince Princess» խանութ-սրահի 10-ամյակն ու նոր բրենդները՝ փոքրիկ հաճախորդների համար

Համադրելով ճաշակը, որակն ու աշխարհի լավագույն ապրանքանիշերը՝ «Prince Princess» խանութ-սրահն արդեն տասը տարի է ներկայանում է Կորյունի 25 հասցեում (Մատենադարանի դիմաց): Մուլտիբրենդային մանկական խանութ-սրահն իր հիմնադրման հոբելյանը նշեց հաճախորդների եւ նրանց փոքրիկների միջավայրում: Քաղցրավենիք, փուչիկներ ու նվերներ՝ հատկապես երեխաների համար ստեղծված էր հաճելի միջավայր:

Մանկական վառ գույների ու որակի ապահովման առաքելությամբ՝ «Prince Princess»-ը պահպանել է իր նշաձողը մանկական հագուստի շուկայում, իսկ ընթացքում մարտահրավերները շատ էին: «Prince Princess»-ի հիմնադիր-տնօրեն Գայանե Ծառուկյանը BRAVO.am-ի հետ զրուցում հիշեց անցած ճանապարհը, ներկայացրեց սպասվող նորությունները:

«Prince Princess» խանութ-սրահը 10 տարեկան է


«Որպես մանկական բրենդային հագուստ ներկայացնող՝ մենք առաջինը չէինք. ոլորտում շատերը կային, բայց, փառք Աստծո, բավական լավ հաջողվեց հաղթահարել կայացման փուլը: Ժամանակի ընթացքում ջանասիրաբար աշխատանք տարանք, հատկապես մեծ ուշադրություն դարձրինք սպասարկման ոլորտին, որպեսզի հաճախորդներն այստեղ ունենան անհատական վերաբերմունք եւ զգան հարմարավետություն:

Մեզ հաջողվել է ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի գնումներ կատարելը հեշտ եւ հաճելի լինի: Միշտ չէ, որ երեխաները ենթարկվում են հանել-հագնելուն, բայց քանի որ նրանց համար այստեղ ուրախ մթնոլորտ ենք ապահովել, գործընթացը վերածվում է ժամանցի:

Բացի այդ, ժամանակի ընթացքում փորձեցինք առաջատար բոլոր բրենդները մեկտեղել մեկ վայրում: Դա նաեւ դարձավ մեր այցեքարտը. շատ ապրանքանիշեր արդեն իրենք են մեզ դիմում, որ «Prince Princess»-ում ներկայացված լինեն մյուս բրենդների կողքին»,- նշեց Գայանե Ծառուկյանը:

«Prince Princess»-ի հիմնադիր-տնօրեն Գայանե Ծառուկյանը


Երկհարկանի խանութ-սրահում առկա է մանկական հանրահայտ Gucci, Dolce&Gabbana, Fendi, Brunello Cucinelli, Dsquared2, Givenchy, Balmain, Lanvin, Little Marc Jacobs, Karl Lagerfeld, Chloe, Stella McCartney, Michael Kors, Sonia Rykiel, Gallucci, ADD, Lesy, Simonetta, Aletta, Naturino, Petit Bateau, Story Loris, Jacob Cohen բրենդների նոր տեսականին։


«Հիմա միայն ուրախ եմ, որ մեզ հաջողվեց բոլոր կարեւոր ապրանքանիշերը պահել մեկ վայրում: Ինչեւէ, մենք անցանք նաեւ դժվար փուլերով՝ համավարակ, պատերազմական բարդ շրջան, որոնք անխուսափելիորեն անդրադառնում են ինչպես երկրի տնտեսության, այնպես էլ մեզ վրա: Բայց հետեւողական քայլերի արդյունքում այս տարիների ընթացքում գրանցել ենք հաջողություններ, որոնք պարտավոր ենք ամրապնդել: Շնորհակալ եմ մեր հաճախորդներին, որոնք իրենց ավանդն ունեն խանութի կայացման գործում: Իրենք մեզ հետ են եղել այս ողջ ընթացքում, մենք էլ փորձում ենք ներկայացնել  նրանց լավագույնը թե՛ սպասարկման որակի, թե՛ ապրանքների ընտրության առումով»,- ասաց տնօրենը:


Բրենդների շուկան եւս կայուն չէ. տասը տարիների ընթացքում որոշները նահանջեցին, նորերը եկան. «Մենք փորձում ենք ընտրել այն ապրանքանիշերը, որոնք իրենց անվանը համապատասխան որակ ունեն, ինչպես նաեւ պահանջված են: Այս տարվա նորություն բրենդը խանութում Brunello Cucinelli-ն է: Երկար էինք մտածում՝ արժե համագործակցել, թե ոչ. արժեքային առումով բարձր է, ունի նաեւ սպեցիֆիկ ոճ՝ մինիմալիստական է: Բայց ուրախ եմ, որ գտնվեցին հաճախորդներ, որ արժեւորեցին այդ բրենդը: Հայ ծնողները սիրում են իրենց երեխաներին գեղեցիկն ու լավը հագցնել, լավ նվերներ տալ»:

«Prince Princess» խանութ-սրահը 10 տարեկան է


«Prince Princess»-ում շարունակաբար նոր նպատակներ են սահմանում. առաջիկայում խանութը կհամալրվի իսպանական ապրանքատեսակներով. «Վերջերս մասնակցեցի Վալենսիա քաղաքում տեղի ունեցող ցուցահանդեսի եւ տպավորված էի. տեսականին որակյալ էր, ինչպես նաեւ դիզայներական լուծումներն էին լավը: Փորձելու ենք մեր սպառողներին ներկայացնել այդ բրենդերը: Հայաստանի համար դրանք նորություն կլինեն»:

Այսքանով նորությունները չեն սահմանափակվում. Ամանորին աղջիկ երեխաների համար խանութ-սրահը տիկնիկների շքերթ է խոստանում. «Կներկայացնենք Nines d’Onil ընկերության տիկնիկները: Փորձեցինք արագ կազմակերպել, որ տոնական օրերից առաջ այդ տիկնիկներով զարդարվի խանութը: Բավական տարբերվող, ինքնատիպ են դրանք, իսկ մենք ամեն հարցում ենք ցանկանում, որ խանութում միօրինակություն չլինի: Մինչեւ Ամանոր կներկայացնենք նաեւ մանկական օծանելիքներ, ձմեռային երկարաճիտք կոշիկներ Conguitos ապրանքանիշից, նորածինների համար տաք եւ հարմարավետ հագուստ եւ սպիտակեղեն Babidu ապրանքանիշից: Վերջիններս իսպանական շարքինց են: Թարմությունը, նոր տեսականին, հետաքրքրությունը միշտ պետք է պահպանվի»:


Խանութում լինում են ինչպես սեզոնային զեղչեր, այնպես էլ՝ տոներին: Շատ բրենդներ խիստ են զեղչերի հարցում, բայց լուծումներ գտնելու ճանապարհներ կան. «Օրինակ՝ Gucci-ն չի նախատեսում սեզոնային զեղչից դուրս հատուկ զեղչեր, բայց մենք իրենց փորձում ենք ներկայացնել մեր շուկայի առանձնահատկությունները. մեզ մոտ անհատական մոտեցումը հաճախորդին ընդունված է: Սա հայկական շուկայի սկզբունքներից է, որ երկար տարիների հավատարիմ հաճախորդի հանդեպ լինի որոշակի մոտեցում՝ թեկուզ նաեւ զեղչի տեսքով: Իսկ սեզոնային ու տոնական զեղչերը բոլորի համար են, նաեւ նվերներ ենք ունենում»:


Երկար տարիներ մանկական հագուստի խանութ-սրահի տնօրեն լինելով, կարեւորելով երեխայի ճաշակի ձեւավորման պատասխանատվությունը՝ Գայանե Ծառուկյանը մեծ ուշադրություն է դարձնում ամեն մանրուքի, անձամբ է ընտրում ներկայացվող հավաքածուները. «Ես չեմ առաջնորդվում նրանով, որ տվյալ ապրանքը բեսթսելեր է, այլ ուշադրություն եմ դարձնում հագուստի բոլոր դետալներին: Հիմա շատ հագուստներ կան, որոնք կրում են թաքնված ուղերձ՝ դետալ, որն իր մեջ պարունակում է վատ ու ագրեսիվ իմաստ, վտանգավոր խորհուրդներ: Հնարավորինս զերծ եմ պահում մեզ մոտ ներկայացվող տեսականին նման ապրանքներից: Մոտեցումս այսպիսին է՝ եթե ես դա իմ երեխայի համար չեմ գնի, ապա այն չենք ներկայացնի իմ հայրենակիցներին, չեմ ցանկանա, որ նրանք կրեն: Թեեւ վստահ եմ, որ շատ արագ սպառում, գուցե, ունենան, քանի որ շատ հայտնի նշաններ են, հայտնի մարդիկ են կրել, իրենց նորաձեւության արշավի ժամանակ կարեւորագույն մաս են կազմել: Ուզում եմ, որ երեխաների մոտ մանկուց ձեւավորվի ճիշտ մոտեցում: Չեմ ցանկանա, որ գանգերով, մահվան տարբեր նշաններով հագուստ հագնեն, անգամ եթե նորաձեւ ու արդիական է: Թող ավելի բարի նշաններ կրեն, իրենց լուսավոր մանկությունն ապրեն: Չդառնանք նորաձեւության կույր հետեւողներ: Ճաշակն ու էսթետիկ հագնվելու մշակույթը պետք է փոքրուց զարգացնել»:

Կորյունի 25 հասցեում գործող «Prince Princess» խանութ-սրահը միակն է Հայաստանի եւ Արցախի տարածքում: Ներկայացված տեսականին էլ ձեռք է բերվում բացառապես բրենդների պաշտոնական ներկայացուցիչներից, մինչդեռ շուկան ողողված է կրկնօրինակումներով եւ անհայտ գնորդ-միջնորդներով. «Ֆեյքերի շուկան, տարբեր օնլայն հարթակները, որոնք ողողած են լյուքս-քոփիներով, դժվարացնում են այն գնորդի ընտրությունը, որը նախընտրում է օրիգինալ բրենդը ձեռք բերել: Այդ տիրույթում առաջին հայացքից տարբերել կեղծը եւ օրիգնալը շատ դժվար է դարձել: Մենք հորդորում ենք մեր գնորդներին, որ հնարավորինս զգուշանան այդ խնդրին բախվելուց, եւ եթե իսկապես նախընտրում են օրիգինալը, ապա միայն պաշտոնական ներկայացուցիչներից ձեռք բերեն»,- խորհուրդ տվեց Գայանեն:


Մշտապես թարմացվող նոր տեսականուն, զեղչերին եւ բոլոր մյուս նորություններին կարող եք հետեւել «Prince Princess» խանութ-սրահի կայքում, ֆեյսբուքյան եւ ինստագրամյան պաշտոնական էջերում։

Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/Prince.Princess.Kids

Ինստագրամ՝ https://www.instagram.com/prince_princess_yerevan/

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին