«Իմ մասին այս երգերի պես խոսեք մարդկանց հետ, իսկ նա կերգեր ավելի մեղմ ու գեղեցիկ...»՝ երգի այս տողերով էլ սկսվում է ռուս գրող Սերգեյ Եսենինի մուսայի, խորհրդավոր արեւելյան գեղեցկուհու մասին մոնոներկայացումը, որն այս օրերին երեւանյան հանդիսատեսը կրկին հնարավորություն ունի դիտելու։
Եսենինի հերոսուհու կերպարը վերակենդանացրել եւ Շահանեի պատմության ճանապարհներով ուղին գծել է թատրոնի եւ կինոյի դերասանուհի Տատա Խաչատրյանը՝ «Շահանե․ պոետի գաղտնիք» մոնոներկայացման միջոցով։ Պրեմիերան Հայաստանում դեռեւս 2019 թվականի հոկտեմբերին է կայացել, որից հետո խաղացել է Սանկտ Պետերբուրգում եւ այլ քաղաքներում։ Ռեժիսորը Կարո Բալյանն է:
Շահանեի պատմությունն այսօր երեկոյան էլ կլինի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում: Տատան երեւանյան բեմում այն խաղում է արդեն 6-րդ անգամ: Նրա հետ խոսեցինք ելույթից առաջ. նախ հարցրեց՝ «Ներկայացումը դիտելո՞ւ եք, չմոռանաք ձեզ հետ վերցնել թաշկինակները»։ Խաղալիս ինքն էլ է միշտ հուզվում, ասում է՝ Շահանեի կյանքի 17 տարեկանից մինչեւ 75 տարեկան փուլերը՝ իր բոլոր ողբերգություններով ու մերձավոր մարդկանց մահով, անհնար է առանց էմոցիաների դիտել։
«Հայաստանում երեք տարի առաջ եմ ներկայացրել «Շահանեն», իսկ Սանկտ Պետերբուրգում շատ եմ խաղում: Ամեն անգամ ավարտից հետո, երբ թատրոնի ծառայողական մուտքից դուրս եմ գալիս, հանդիսատեսն ինձ դրսում դիմավորում է արցունքն աչքերին... Այդ ժամանակ հասկանում եմ, որ դա իմ հաղթանակն է»,- ասում է նա։
«Շահանե․ պոետի գաղտնիքը» մոնոներկայացումն այդքան էլ դասական չէ․ ստեղծագործական խումբը ուսումնասիրել է ոչ միայն պատմական իրադարձությունները, այլ նրանց հաջողվել է նաեւ գտնել մարդկանց, որոնք շփում են ունեցել Շահանեի հետ։ Օրինակ՝ ներկայացման մեջ հարսանիքի տեսարանում հանդիսատեսը լսում է հայերեն աղոթքը, որը հնչում է Շահանեի հարազատներից մեկի ձայնով։
Բացի հայերեն հնչող աղոթքից, մոնոներկայացման մեջ հնչում է նաեւ հայկական երաժշտությունը, Եղիշե Չարենցի բանաստեղծություններից հատվածներ․ դերասանուհու կարծիքով՝ հայ հանդիսատեսը ավելի խորությամբ է ընկալում հայազգի կնոջ պատմությունը։
«Սա Եսենինի մասին ներկայացում չէ, այլ՝ հայ կնոջ, որի մասին ոչ ոք ոչինչ չգիտեր։ Ռուսաստանում մարդիկ չգիտեին Շահանեի մասին, որովհետեւ որեւէ մեկը երբեք չէր պատմել։ Մենք շատ նյութեր ենք գտել, եւ ես իմ մեջ ձեւավորել եմ Շահանեի կերպարը. շատ կիրթ է եղել, տիրապետել է մի քանի լեզուների։ Եսենինին իր հետ շատ հետաքրքիր է եղել»,- նշում է նա։
Տատա Խաչատրյանի խոսքով՝ ներկայացումը միջոց է բացահայտելու ռուս հայտնի գրողի եւ հայ կնոջ սիրո պատմությունը։ Մարդիկ պետք է ծանոթ լինեն Շահանեին, որը փոխել է գրողի կյանքը։ Իր «Պարսկական մոտիվներ» բանաստեղծական շարքում Սերգեյ Եսենինը Շահանե անունը հիշատակում է 15 բանաստեղծություններից 6-ում։
«Մեր ներկայացումը շատ հոգեհարազատ է հանդիսատեսին։ Ինձ շատ են ասում՝ նայվում է մեկ շնչով։ Մոնոներկայացումը հիմնականում սեղանն է, աթոռն ու դերասանուհին, բայց մենք իրեն հաղորդել ենք համակարգչային էֆեկտներ։ Ներկայացման վերջում միշտ լսում եմ հանդիսատեսի հեկեկոցը»։
Ամուսնություն, հետո ամուսնու մահը, Բաթումի մեկնելն ու Եսենինի հետ ծանոթությունը. ներկայացումը դիտելով՝ հանդիսատեսն ինքը կփորձի բացահայտել պոետի գաղտնիքը։
Սերգեյ Եսենինը հմայված էր արեւելյան պոեզիայով եւ երազում էր լինել պարսիկ պոետների հայրենիքում: Իրանում, իհարկե, նրան այդպես էլ չի հաջողվում լինել, բայց 1924-1925 թվականներին նա լինում է Կովկասում: Բաթումում նա հանդիպում է երիտասարդ հայ ուսուցչուհի Շահանե Տալյանին, որն էլ դառնում է նրա մուսան՝ գրելու հայտնի ստեղծագործությունը: Սակայն Բաթումից հեռանալուց հետո, Եսենինը չի փորձում կապը վերականգնել Շահանեի հետ։
Շահանե Ներսեսի Տերտերյանը (Տալյանը) ծնվել էր 1900թ.-ին՝ Ախալցխայում, քահանայի ընտանիքում: 1921թ.-ին ամուսնացել էր տնտեսագետ Ստեփան Տերտերյանի հետ եւ տեղափոխվել Թբիլիսի: Սակայն նրա ամուսնությունը երկար չի տեւում. որդու՝ Ռուբենի ծնվելուց շատ չանցած` 1924թ.-ին, Շահանեն այրիանում է եւ տեղափոխվում Բաթում: 1930թ.-ին ամուսնանում է կոմպոզիտոր Վարդգես Տալյանի հետ, իսկ 1934թ.-ին տեղափոխվում է Երեւան:
Տեքստը՝ Մերի Խաչատրյանի
Լուսանկարները՝ Հովհաննես Հովհաննիսյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: