×


«Երջանիկ կլինեմ, եթե այս ժողովածուն օգնի այդ գործին». Մարինե Ալեսի «Երգեր եւ ռոմանսներ» գրքի շնորհանդեսը՝ համերգով

Համադրելով դասական եւ քաղաքային ռոմանսների ոճային տարրերը՝ Մարինե Ալեսը հեղինակել է բազմաթիվ հայտնի ու սիրված երգեր, որոնք առանձնանում են իրենց գույնով, ասելիքով ու նրա խոսքին բնոշոր հուզականությամբ։ Այդ ստեղծագործություններից շատերն արդեն մեկտեղված են երգահանի նոր ժողովածուում, որի շնորհանդեսը նոյեմբերի 12-ին էր՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։

Մարինե Ալեսի «Երգեր եւ ռոմանսներ» ժողովածուն


«Երգեր եւ ռոմանսներ» խորագրով գրքում ընդգրկված երգերը ներկայացվեցին համերգով, իսկ հանդես էին գալիս ոչ թե բոլորին հայտնի կատարողները, այլ երիտասարդ երգիչներ, երաժիշտներ Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջից, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտից եւ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից։

Մարինե Ալեսի «Երգեր եւ ռոմանսներ» ժողովածուի շնորհանդեսին


Երգահան, թատերագետ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ստեղծագործական խորհրդի նախագահ Մարինե Ալեսի ժողովածուի համերգ-շնորհանդեսին ներկա էին նրա ընտանիքի անդամները, ընկերներն ու գործընկերները։ BRAVO.am-ը նույնպես ներկա է եղել միջոցառմանը, լուսանկարել է համերգի ընթացքը, ինչպես նաեւ զրուցել երգահանի հետ նրա նոր նախագծի եւ նպատակի մասին։


«Առաջին երգը, որից ծնվեց այս ժողովածուի գաղափարը, օրորոցային է՝ «Լույսի օրոր»։ Մտածեցի՝ գուցե մի քանի երգ հավաքենք մի գրքում: Բայց սկսվեց պատերազմը, եւ մենք աշխատանքները դադարեցրինք․ երգերի ժամանակը չէր։ Երբ պատերազմն ավարտվեց, հասկացա, որ ամենքս պիտի անենք այն, ինչ կարող ենք, ոչ թե թեւաթափ ու հուսահատ նստենք։ Շարունակեցինք աշխատել Ծովինար Ամիրյանի եւ Արուսյակ Կոստանյանի հետ։ Որոշեցինք ժողովածուն ավարտել եւ համերգ կազմակերպել մեր զոհված հերոսների ծնողների համար, նրանց ընտանիքներին օգնելու համար։ Բայց, ցավոք, ես երկու անգամ քովիդով վարակվեցի, եւ երկու անգամ հետաձգվեց համերգը։ Այնպես որ, երջանիկ եմ, որ այսօր վերջապես երեւանյան համերգն իրականացավ»,- լրագրողների հետ զրույցում պատմեց Մարինե Ալեսը։

Ռուբեն Վարդանյանը՝ տիկնոջ եւ թոռնիկի հետ


Նա ընդգծեց, որ համերգն ի սկզբանե փոքր-ինչ այլ ձեւաչափով էին նախատեսել. մեծ միջոցառման շրջանակում պիտի ելույթ ունենային հայտնի կատարողները, սակայն հետաձգումներից հետո որոշել են հանդես գալու հնարավորություն տալ քիչ հայտնի, բայց տաղանդաշատ կատարողներին։ Մարինե Ալեսի խոսքով՝ նմանատիպ համերգներ կարող են կազմակերպել նաեւ մարզերում, այլ քաղաքներում՝ անկախ իրենց ներգրավվածությունից, եւ հասույթն ուղղել որեւէ բարեգործական նպատակի:

«Դա կազմակերպելն ավելի հեշտ է. դաշնամուր կա բոլոր տեղերում։ Եվ այն մարդիկ, որոնք պատրաստ են իրենց գումարը ծախսել շքեղ համերգների վրա, թող նմանատիպ մի համեստ համերգի տոմս գնեն, գումարը հավաքեն, որպեսզի տաղանդավոր երեխաներն, օրինակ, կարողանան գնալ երաժշտական դպրոց, իսկ նրանց ծնողները չմտածեն՝ կարո՞ղ են վարձը տալ, թե՞ ոչ։ Ես երջանիկ կլինեմ, եթե այս ժողովածուն օգնի այդ գործին։ Դե, իսկ մենք գրքի վաճառքից ստացված հասույթը կուղղենք մեր զոհված զինծառայողների ընտանիքներին»,- ասաց նա:


Մարինե Ալեսը համոզված է՝ բոլորս պիտի աշխատենք, արարենք, որպեսզի վերադարձնենք մեր արժանապատիվ կյանքն ու այն ամենը, ինչ կորցրել ենք պատերազմների հետեւանքով. միայն այդպես վարձահատույց կլինենք ու կարժեւորենք անմահացած տղաների զոհողությունը. «Ես այսքանը կարող եմ անել, իսկ մենք՝ բոլորով, շատ ավելին կարող ենք անել, եթե իրար լսենք, հարգենք, սիրենք եւ այսօրվա իմ կարգախոսը՝ համադրվենք»։

Մարինե Ալեսի «Երգեր եւ ռոմանսներ» ժողովածուի շնորհանդեսին


«Երգեր եւ ռոմանսներ» ժողովածուում 21 ստեղծագործություն է ընդգրկված երեք բաժիններում՝ «Նվիրում», «Սեր» եւ «Հույս»։ Ներառված են հեղինակի տարբեր տարիների գործերը, որոնց մի մասը լրիվ նոր է, չլսված։ Գրքում կան ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն ստեղծագործություններ։ Բոլոր այդ երգերը նոտագրված են։ Ժողովածուի գլխավոր երաժշտական խմբագիրն է Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը։ Գիրքը կարող եք փնտրել Հայաստանի եւ Արցախի գրախանութներում։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW