7 դերասան, դեկորներով հավաքված սենյակ, որն անընդհատ փոփոխվում է, գրավիչ լուսավորում ու գեղեցիկ զգեստներ, 12 պատմություն մարդկային տարբեր հոգեվիճակների ու բազմաշերտ ապրումների մասին:
Գյումրու դրամատիկական թատրոնում ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Ժոել Պոմրայի «Երկու Կորեաների վերամիավորը» պիեսի հիման վրա ռեժիսոր Սաթե Խաչատրյանի «Սպասում» ներկայացման պրեմիերան էր: Հերոսների համար երբեմն սերը բավական չի լինում, ոմանք նախընտրում են միայնությունը սիրո բացակայությունից, մյուսներն ապրում իրենց հորինած իրականության մեջ կամ էլ՝ հիշողություններով:
BRAVO.am-ը հետեւել է ներկայացմանն ու ասելիքի ենթաշերտերը փորձել բացահայտել ռեժիսորի ու դերասանների հետ, որոնք բոլորն էլ մի քանի կերպարներ են մարմնավորում, հենց իրենք փոխում բեմի դեկորները եւ նախապատրաստում հաջորդ տեսարանին:
«Հնարավորություն կտրվել ամեն ինչից»
Սաթե Խաչատրյանը համարում է, որ սովորաբար ոչ մի պրեմիերա էլ չի անցնում ռեժիսորի ուզածով, հանդիսատեսին ներկայացնելով՝ իր աշխատանքն ավարտում է, արդյունքն արդեն դերասաններին է պատկանում, ու նրանք է, որ պիտի ապրեցնեն այն:
«Ներկայացումից առաջ դերասաններին խնդրեցի պարզապես իրենց առավելագույնն անեն, վայելեն միմյանց, բեմն ու պահը, ինչը կոչվում է հանդիսատեսի հետ հանդիպում: Կարծում եմ՝ նրանց դա հաջողվեց: Այսօր տոն է, ուրախ եմ, որ մի նոր ներկայացում է ծնվել, եւ հույս ունեմ՝ երկար կյանք կունենա»:
Նրա «Սաթե-Աթղ» թատերական միությունն ամեն տարի ժամանակակից նոր դրամատուրգների հետ է ծանոթացնում հայ հանդիսատեսին, Յասմինա Ռեզայից, Ֆլորիան Զելլերից ու Քսավիան Դյուրանժեից հետո հերթը հասավ Ժոել Պոմրային: Մյուս տարի որոշել է անդրադառնալ Ֆիլիպ Մինյանային:
«Այս գործն ընտրեցի, քանի որ ուզում էի տարբեր նովելներ ու փոքրիկ պատումներ լինեն, որոնք դերասաններին հնարավորություն կտան շատ արագ կերպափոխվել եւ ամեն անգամ նոր տեսակով ներկայանալ: Ժամանակակից ֆրանսիական դրամատուրգիան իր դժվարություններն ունի դասական դերասանի համար. խոսքի նկատմամբ վերաբերմունքն է շատ կարեւոր: Ինչպես մաքուր եւ գեղեցիկ հայերենն, այնպես էլ հեղինակին հավատարիմ մնալն ինձ համար կարեւոր են: Դերասանների համար զարմանալի էր, որ մեծ կրճատումներ չէի անում եւ պահանջում էի խստագույնս հավատարիմ մնալ բառին»:
Խաչատրյանը պատումներից ոչ մեկը չի առանձնացնում, բոլորն են հոգեհարազատ իրեն, համարում է, որ կյանքում ունեցած ապրումների ու մեր միջեւ ժամանակի ընթացքում պետք է կարողանալ տարածություն ստեղծել:
«Ցանկացած պիեսին վերաբերվում եմ որպես գրական երկի. կարեւոր է, որ այն լինի ամուր, լավը եւ գեղարվեստական տեսանկյունից հրաշալի: Թե որքանով առնչություն կունենա իրականության հետ, ինձ շատ չի հետաքրքրում, կյանքի ռեալիզմը ստեղծագործություններում չեմ սիրում: «Սպասումը» հնարավորություն է տալիս կտրվել ամեն ինչից ու 1,5 ժամ ճանապարհորդել»:
Ներկայացումը հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակում է արվել ու աջակիցներից մեկը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունն է: Խաչատրյանն առանձնակի կարեւորում է Գյումրու թատրոնը, որտեղ աշխատելն իր համար երջանկություն է եղել, քանի որ բոլորը գիտեին իրենց անելիքն ու նպաստում էին ներկայացման կայացմանը:
Տղամարդ, հարեւան, Ֆրանկ, որդի. Արսեն Միքայելյան
Դերասանը ներկայացումը հավանում է իր ասելիքի համար: Նրա կարծիքով՝ այն ցույց է տալիս հարաբերությունների մեջ այն վտանգավոր կետերը, որտեղ մարդկային ամենափոքր սխալները երբեմն մեծ ողբերգությունների եւ հարաբերությունների քանդման առիթ կարող են դառնալ:
«Սա ավելի շատ զգուշավորության կոչ է: Հարաբերություններում մարդը լարախաղացի ճշգրտությամբ պիտի կարողանա պահել հավասարակշռությունը, մի թեթեւ շեղումը անդառնալի կորուստներ կարող է ունենալ եւ փոխել կարեւոր մարդկանց լինելը քո կյանքում»:
Պատմում է, որ աշխատանքային պրոցեսում փորձել են ոչ թե վերլուծել ու ընկղմվել տեքստի մեջ, այլ հատուկ շեշտադրումներ չեն արել, որպեսզի լսողն ինքը հասկանա ու գտնի դրանք: Թեեւ համարում է, որ դա կարող է մոլորեցնել հանդիսատեսին, բայց նաեւ կօգնի ինքնուրույն գտնել կարեւոր հարցերի պատասխաններ:
«Մի քանի պատմություններ եմ հավանել, բայց կառանձնացնեմ «Հղին», որովհետեւ շատ գեղեցիկ է ստացվել: Երբ բոլորը դեմ են սիրուն, այդ աղջիկնը մինչեւ վերջ հավատարիմ է մնում սիրո իր պատկերացմանը՝ միգուցե այս անգամ հրաշք տեղի կունենա ու ավարտը նախորդների պես չի լինի»:
Միքայելյանն ասում է, որ պրեմիերայի օրն ինքն էլ իրեն հարց է տվել, թե արդյոք սերը բավակա՞ն է, եւ պատասխանն, ինչպես ներկայացման մեջ, ոչ է եղել ու վախեցրել իրեն: Բայց կարծում է, որ ամեն դեպքում միեւնույն է՝ փրկությունը սերն է:
«Ներկայացումը սեփական ներաշխարհը վերլուծելու առիթ է տալու: Շոշափվում են ներանձնային խնդիրներ, երբ մի անհատականությունը հանդիպում է մեկ ուրիշին ու ինչպես այդ երկու մենակությունները կգտնեն ընդհանուր կետեր ու կկապվեն իրար»:
Որքան էլ զարմանալի է, բայց հավատում է, որ երկու Կորեաները մի օր կարող են միավորվել: Ներկայացման անվանումն էլ հետաքրքիր կերպով է մեկնաբանում:
«Սպասումը մարդու կյանքում սկսվում է առաջին օրվանից՝ սպասում ենք մի պահի ավարտվելուն, մյուսի սկսվելուն, հավերժական ընթացք է: Երեւի, սպասման համախտանիշը կկարողանանք բուժել, եթե ապրենք այստեղ ու հիմա»:
Քրիսթել, կին, Անի, կին. Տաթեւ Հովակիմյան
Ներկայացման համար Երեւանից հրավիրվել է Տաթեւ Հովակիմյանը, նրա համար նոր թատրոնում ու միջավայրում հայտնվելը մեծ փորձություն է եղել: Մինչ այդ ճանաչել է միայն Արսեն Միքայելյանին ու Ջեմմա Ադամյանին, մեկ անգամ էլ աշխատել Անահիտ Քոչարյանի հետ, իսկ ահա Խաչատրյանի հետ 3-րդ համատեղ գործն է: Դերասանուհին հիացմունքով է պատմում, թե ինչպես են իրեն ընդունել թատրոնում ու ստեղծագործել հիանալի մթնոլորտում:
«Իրականում շատ դժվար է, երբ մի քանի կերպար ու տարբեր հոգեվիճակներ ես մարմնավորում՝ հագուստից ու քայլվածքից սկսած ուրիշ են: Ամեն պատմությունը կարող է 5 կամ 10 րոպե տեւել, բայց այնքան բարդ է այդ անցումներն անել: 2 ամսվա ընթացքում փորձել ենք հաղթահարել դժվարությունները»:
Նրան հատկապես հուզել է, «Սպասում» հատվածը, երբ հարեւանությամբ ապրող կինն ու տղամարդը միասին սպասում են իրենց կնոջն ու ամուսնուն եւ լսում նրանց ձայները:
«Շատ եմ սիրել նաեւ «Հղիին», այն 2 տարբեր աշխարհների տարբերության մասին է՝ մարդ, ով իրեն նորմալ է համարում եւ չի հասկանում, թե որն է սերը, եւ հոգեպես անկայուն աղջիկը, որը հավատում է իր սիրուն: Բարդ է ասել, թե նրանից ով է ճիշտ: Իմ այդ կերպարից սովորել եմ, որ իսկապես պետք է հավատալ սիրուն: Իսկ այն, որ «սերը բավական չէ» ավելի ենք հասկանում հասունանալու հետ: Տիկին Անահիտը մեկ օր եկավ ու ասաց. «Ես հասկացա, որ սերը բավական չէ», շատ հետաքրքիր էր»:
Միրիամ, կին, Մայր, Սեսիլ, կին. Անահիտ Քոչարյան
Ժողովրդական արտիստի համար մոտեցումը ներկայացմանը նորություն է եղել հենց առաջին օրից, սակայն զգացել է, որ ռեժիսորն իր հստակ պատկերացումն ունի, ինչն էլ օգնել է, որ համատեղ աշխատանքները շատ հարթ ընթանան:
«Այն մի նոր գույն էր մեր խաղացանկում ու լավ փորձառություն դերասաններիս համար: Մոտեցումը մինիմալիստական էր եւ պետք էր կարողանալ շատ կաճ ժամանակում ու նեղ տարածքում արտահայտել այն, ինչ պետք է տեսարանի համար: Այդ առումով բավական հետաքրքիր էր: Միշտ ասում էի՝ երանի մի պիես լինի, որտեղ չենք նստի ու նորից գրենք, սա այդ դեպքն էր՝ նույնիսկ մեկ բառ չենք փոխել»:
Նատալի, Էլիզ, կին, բուժքույր. Նառա Սանթոյան
Սանթոյանն էլ ուրախ է, որ թատրոնը միտված է աշխատելու տարբեր ռեժիսորների ու դրամատուրգների հետ: «Սպասում»-ում իր մասնակցությունից շատ բան է սովորել, համարում է, որ ժամանակակից ֆրանսիական դրամատուրգիան որքան հետաքրքիր, նույնքան էլ բարդ է:
«Բավական լուրջ ու պատասխանատու էր ինձ համար, որովհետեւ այս գործը խոսքի վրա է հիմնված, գործողությունները ներքին հոգեվիճակից են բխում, ինչի սիրահարն եմ նաեւ ես: Դերասանի համար հաճելի է հայտնվել տարբեր իրավիճակներում: Բարդ մարսելի գործ է՝ ծիծաղելու ներկայացում չէ, այլ՝ ներքին հուզականության ու մտորումների մասին»:
Կարոլին, կին, դայակ, կին. Ջեմմա Ադամյան
Ադամյանի համար սկզբում մի քիչ վախենալու է եղել՝ առաջին մեկ շաբաթվա փորձերից հետո խուճապի է մատնվել, քանի որ ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ ռեժիսորի պահանջները:
«Անցումներն այնքան արագ պիտի լինեին, չէի կարողանում ընկալել, թե այդ ամենն ինչպես եմ հասցնելու: Բայց հետո հասկացա՝ պետք է ոչ թե հիմնվեմ իմ զգացմունքների վրա, այլ աշխատեցնեմ տեխնիկաս: Իմ առաջին ներկայացումն էր, որ 5 կերպար ունեի ու շատ արագ պետք է զգեստափոխվեի: Դրանով էր բարդ, բայց նաեւ հետաքրքիր. հետագա դերերի համար շատ պետք կգա՝ հասկացա որպես դերասանուհի որտեղ եմ կաղում կամ ինչն է ավելի»:
Ներկայացման մյուս երկու դերասաններն են արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Գրիգորյանը եւ Արկադի Ղարագուլյանը, նկարչական ձեւավորումն արել է Բենժաման Լըբրըտոնը, իսկ հագուստներինը՝ Էդգար Մանուկյանը:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Գյումրու պետական դրամատիկական թատրոնի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: