×


«Վիյ». սարսափելի հեքիաթ մեծահասակների համար՝ Ստանիսլավսկիում

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում նոյեմբերի 26-27-ին «Վիյ» ներկայացման առաջնախաղերն են:

Bravo.am-ին ներկայացման ռեժիսոր Նորա Գրիգորյանը պատմել է, որ վաղուց է ցանկացել բեմադրել Նիկոլայ Գոգոլի ստեղծագործություններից որեւէ մեկը, եւ վերջանական որոշում է կայացրել, երբ Ռուսաստանում փառատոնի ներկա լինելուց հետո դիտել է նրա գործերից մի քանիսը:

Նորա Գրիգորյանը


«Մեր հասարակությանը դասական ստեղծագործություններ պետք են: Այդ գործն ինձ գրավել է իր վերաբերմունքով միստիկությանը, սիրուն ու ազատությանը: Դրանց նկարագրությունն ու պատկերներն այնքան ուժեղ են ստեղծագործության մեջ: Ինչպես նաեւ առանձնակի խոսվում է վախի մասին, թե այն ինչերի կարող է հանգեցնել. օրինակ՝ ներկայացման մեջ ամբողջ գյուղը վախենում է վհուկից ու մարդկանց զոհաբերում նրան»,-նշել է ռեժիսորը:

Ներկայացումը վախենալու հեքիաթ է մեծահասակների համար, սակայն, Գրիգորյանի խոսքով, այն լի է լինելու նաեւ հումորով, իրոնիայով, գրոտեսկով, վառ ու տարբերվող կերպարներով:


«Կարծում եմ՝ հանդիսատեսին դուր կգա ներկայացումն իր ասելիքով ու մատուցմամբ: Ահռելի աշխատանք ենք կատարել, որ ստացվի, փորձերը սկսել ենք սեպտեմբերի սկզբներից ու այս ամսվա վերջում արդեն ներկայացնելու ենք: Առանձնակի ուզում եմ նշել մեր երիտասարդ դերասանների աշխատանքն ու պլաստիկան: Պլաստիկայի հարցում մեզ օգնել է Արա Ասատուրյանը, որի հետ առաջին անգամ չէ, որ համագործակցում ենք: Շարժումների օգնությամբ եւս փորձելու ենք տրամադրություն փոխանցել»,- շեշտել է նա:


Ներկայացման մեջ ներգրավված են վաստակավոր դերասաններ Իրինա Հարությունյանն ու Ռոբերտ Հակոբյանը, խաղալու են նաեւ Մանվել Խաչատրյանը, Լիլյա Մուկուչյանը, Սերգեյ Գրիգորյանը, Գրիգոր Խոջայանը, Մանվել Սարգսյանը, Արեն Խաչատրյանը, Արման Մեջլումյանը: Զգեստների հեղինակը Լուսինե Կարապետյանն է, իսկ բեմի ձեւավորումն արել է Արթուր Հարությունյանը:


«Գլխավոր հերոսը Մանվել Խաչատրյանն է, որի շուրջ էլ ամեն ինչ կատարվում է: Կարելի է ասել, որ վհուկի անմեղ զոհերից մեկը հենց նա է։ Սկզբից մինչեւ վերջ հետեւում ենք մի անհոգ մարդու պատմության, որը հանգմանքների բերումով ընկնում է անելանելի իրավիճակի մեջ։ Լիլիա Մուկուչյանը հիանալի է վհուկի դերում, ֆանտաստիկ աշխատանք է կատարել, նոր ձայն ու մարմնի շարժումներ գտել կերպարի համար: Անկրկնելի է նաեւ Իրինա Հարությունյանն իր կանացի հմայքով, Ռոբերտ Հակոբյանն ավելի զուսպ է ու բոլորին հավաքող, կերպարի առանձնահատկությունն է այդպիսին: Կազակներին մարմնավորող 5 դերասաններն էլ վառ են ու կարողանում են փոխանցել այն ժամանակների ոգին»,- ավելացրել է նա:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ստանիսլավսկու անվան թատրոնի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW