Լյուդմիլա Ռազումովսկայայի «Սիրելի Ելենա Սերգեեւնա» պիեսը Շուշան Ղազարյանի բեմադրությամբ հարստացրել է Պատանի հանդիսատեսի թատրոնի խաղացանկը։ Առաջնախաղի հետաքրքիր դրվագները լուսանկարել է BRAVO.am-ը:
Ինչպես նշում է ներկայացման ռեժիսորը, այս ստեղծագործությունը մշտապես հետապնդել է իրեն․ «Եթե լինեմ անկեղծ՝ ապա չի եղել մի շրջան, որ այս ներկայացումը բեմադրելու գաղափարը լքի ինձ։ Երիտասարդ տարիքում ցանկանում էի Լյալյա խաղալ, ավելի հասուն տարիքում՝ Ելենա Սերգեեւնա, իսկ հիմա բեմադրում եմ այն»,- ընդգծում է Շուշան Ղազարյանը եւ հավելում, որ բոլոր ժամանակներում սերունդների բախման եւ արժեհամակարգերի ընկալման մասին է բարձրաձայնել Ռազումովսկայան իր այս գործում, իսկ այսօր խնդիրների մասին կբարձրաձյանվի Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմից։
Ղազարյանն անկեղծացավ՝ նշելով, որ ցանկանում էր հենց իրենց թատրոնում բեմադրվի ստեղծագործությունը, քանի որ պիեսը պատանիների մասին է, նրանց արժեհամակարգի, նրանց ընկալումների․ «Շատերն այս ներկայացման մեջ կտեսնեն իրենց, ընկերներին եւ այդպես շարունակ: Վստահ ենք, որ անկախ ամեն ինչից՝ պատանի հանդիսատեսը ներկայացումից ինչ-որ մի բան կտանի իր հետ»։
Հետաքրքիր է նաեւ ներկայացման ճակատագիրը. «Երբ ասացի տնօրինությանը, որ ցանկանում եմ բեմադրել ստեղծագործությունը, համաձայնեցին, բայց մեկ պայմանով, որ վերջնական պատասխանը գեղարվեստական խորհրդը կտա ամբողջական ներկայացումը դիտելուց հետո: Ուրախ եմ, որ հավանեցին»,- պատմել է ռեժիսորը։
Կուլիսներից պարզ էր, թե թիմն ինչ ոգեւորությամբ էր սպասում պրեմիերային ու հանդիսատեսի արձագանքին։ Ներկայացման կազմում են թատրոնի երիտասարդ դերասաններ Նառա Սարգսյանը, որը մարմնավորում է Ելենա Սերգերեւնային, եւ աշակերտները՝ Սարգիս Շողունցը, Արման Մաթեւոսյանը, Սեյրան Մովսիսյանը, Ռուզաննա Փարամազյանը։
Դերասանները վստահ են, որ պիեսում բարձրաձայնված խնդիրները մշտապես առկա են, սերունդների բախումը եղել է բոլոր ժամանակներում, երբեմն ավելի սուր, երբեմն ոչ այնքան:
Ստեղծագործական կազմի համոզմամբ՝ «Սիրելի Ելենա Սերգեեւնա» ներկայացումը աշակերտներին հնարավորություն կտա տեսնել իրենց թերությունները, մտածել սեփական վարքագծի բացասական կողմերի եւ, ինչո՞ւ ոչ, դրանք շտկելու մասին:
Տեքստը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Հովհաննես Հովհաննիսյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: