×


«Ալեքս» թատրոնում երկու օր Հայկո է հնչել. սիրված երգեր եւ հուզիչ զրույցներ

Նոյեմբերի 16-ին եւ 17-ին Գլենդելի «Ալեքս» թատրոնը հայկոյական էր. բեմից նրա երգերն էին, դահլիճում՝ երկրպագուները։ Դեռ թատրոնի մուտքի մոտից Հայկոյի ժպիտն ու երաժշտությունն էր դիմավորում հանդիսականին։ Իսկ կուլիսներում արտիստներին էին, որոնց հետ Հայկոն ուներ անցած ճանապարհ։ Խորագիրը նույն էր՝ «Սերը սիրուց հետո՝ կարոտով...»։

Բոլորն էլ խոստովանում էին՝ նման ծանր ու պատասխանատու համերգ երբեւիցե չեն ունեցել, բայց պետք է անել ամեն ինչ, որ լինի կատարյալ ու դրական՝ ինչպիսին Հայկոն էր։ Երեւանյան համերգից հետո ԱՄՆ-ում համերգ անցկացնելու գաղափարն Արմեն Պետրոսյանինն էր՝ Մենչինը։


«Այս համերգն ուղղակի պարտադիր էր: Այստեղ շատ մեծ լսարան ունի Հայկոն, եւ մարդկանց պետք է հիշեցնել Հայկոյի մասին։ Բազմաթիվ համերգներ եմ ունեցել, բայց  սա ամենալարվածն էր, ամենապատասխանատուն։ Նման էմոցիոնալ համերգ իմ կյանքում չեմ ունեցել, ավելին՝ հիմա մոտ 40 աստիճան ջերմություն ունեմ, բայց այս  պահին դա ամենաքիչն է ինձ հետաքրքրում։

Փորձերին մտածում էինք՝ հեսա կմտնի փորձասրահ ու կասի՝ «Ախպերս, եկեք մի քիչ այսպես անենք, մի քիչ այնպես։ Երբ զանգում էի, ասում էր՝ «Մենչս, չես հավատա՝ հենց հիմա քեզ պիտի զանգեի»: Սո՜ւտ։ Ասում էի՝ «Հայկո ջան, ես արդեն քեզ ճանաչում եմ, էդ ուրիշների հետ արա։ Արդեն իմ դեպքում չի անցնում»»,- ժպիտով պատմեց պրոդյուսերը։


Զրուցակիցս վերհիշեց, որ Հայկոյի մահից մի քանի ամիս առաջ հերթական անգամ ընկերներով մեկնել էին շրջագայության ու ամեն առավոտ գնում էին շոգեբաղնիք, շուրջ երեք ժամ խոսում էին ամեն ինչի մասին, ու հիմա էլ այնպիսի զգացողություն ունի, որ դեռ էլի խոսելու են ու քննարկելու։

Հայկոյի երեւանյան համերգին Արմինկային չհաջողվեց ներկա գտնվել, բայց այս համերգին նա ոչ միայն երգում էր, այլեւ հանդիսավարներից էր Մենչի, Անի Քրիստիի եւ Արտավազդ Ամիրյանի հետ:


««Կամ-կամ» երգն եմ կատարելու, որը Հայկոյի առաջին երգերից է, ու ես նրան բացահայտել, սիրել եմ հենց այս երգով։ Հայկոյի երգերը շատ տղամարդկային երգեր են ու կանանց մի փոքր դժվար է կատարել, բայց երբ սկսեցի աշխատել երգի վրա, հասկացա՝ լրիվ իմ երգն է», - նշեց երգչուհին:



Էմմին ու Անդրեն այն արտիստներն են, որոնք մասնակցել էին երեւանյան համերգին ու, ինչպես էմմին նշեց, նորից էին անցնում հուզումների այն ճանապարհը, որը եղավ մի քանի ամիս առաջ։

«Հիշո՞ւմ եք երեւանյան համերգի ժամանակ կուլիսներում, նաեւ փորձերին հիշում էինք Հայկոյի հետ կապված բոլոր հավանական ու անհավանական պատմությունները, միասին անցկացրած ժամերը, որպեսզի չփլվեինք. ավելի հարմար բառ չեմ կարող օգտագործել։ Բայց գալիս է մի պահ, որ այլեւս չես կարողանում քեզ պահել։ Ուղղակի այսօր եւս մեկ անգամ ուզում ենք փոխանցել այն պոզիտիվը, որն ուներ Հայկոն», - նշեց Էմմին:


«Իմ փոքրիկ» երգը ծնվեց համերգային գրիմանոցներից մեկում։ Պատճառը երգիչ Տիգրան Պետրոսյանի տղան էր. «1998 թ. հուլիսի 10-ին հերթական համերգն էր, լուր հասավ, որ տղա եմ ունեցել։ Հենց գրիմանոցում կոնյակ բացեցինք, խմեցինք։ Հայկոն  ասաց՝ «Այնպիսի երգ եմ գրելու, որ իրար հետ երգենք»: Այսօր հենց այդ երգն եմ կատարելու։ Գիտե՞ք՝ ինչի նման է այս ամենը... Փորձելու եմ էկրանին չնայել, որ ինձ տիրապետեմ... Մի ամբողջ կյանք ենք անցել, միասին եղել Եվրատեսիլից մինչեւ շատ տարբեր բեմերում»։

Այնքան վաղուց է եղել, որ երգչուհի Անի Քրիստին չի հիշում, թե երբ է ծանոթացել Հայկոյի հետ. ««Խոստովանություն» երգը փորձելու եմ վերարտադրել այնպես, ինչպես ես եմ զգում եմ։ Վստահ եմ, որ ինքը կլսի մեր բոլորի երգած տարբերակներն ու շատ կհավանի։ Հիմա այնքան հուզված եմ։ Հա՛մ պիտի վարեմ, հա՛մ երգեմ։ Ամենավատ բանը, որ կարող էր մեզ հետ լինել, եղավ. մենք չունենք Հայկոյին ֆիզիկապես, բայց իր երգերի շնորհիվ մենք շատ երկար կհիշենք իրեն»։



«Երբ Արցախից տեղափոխվեցի Երեւան, ինձ ոչ ոք չէր ճանաչում»,- պատմեց երգիչ Ռազմիկ Ամյանը. «Օպերային թատրոնի հետնաբեմում տեսա Հայկոյին, ու նա ինձ տարավ դեպի բեմ: Այդ օրվանից էլ սկսվեց մեր մտերմությունը։ Երբ որեւէ երգ եմ սովորում, առաջինը սովորում եմ բառերը։ Հիմա իր «Սիրում եմ» երգի բառերը, որն էլ կատարելու եմ, անընդհատ մոռանում եմ, քանի որ նրա ձայնն եմ լսում, նրա կատարումը, ինչն էլ ավելի է դժվարացնում ելույթս»:

Ինգա Արշակյանի եւ Հայկոյի առաջին հանդիպումը դարձյալ Երգի թատրոնում է եղել. «Դժվար է, բայց այսօր որտեղ նրա երգերն են, այնտեղ էլ նրա հոգին է, ու քանի դեռ նրան հիշում ենք, նա կապրի հավերժ»:

Երգիչ Դավիթ Մինասյանն ասաց՝ Հայկոյին միշտ դիմում էր՝ «մեր հայ ազգի ռոմանս». «Հենց խոսում եմ իր մասին, անկախ իմ կամքից՝ սկսում եմ ժպտալ։ Քիչ առաջ ասում էի՝ շատ լուռ է ամեն ինչ, իսկ այն ժամանակ գրիմանոցում Հայկոյի ձայն էր, հումորներն ու բարձր ծիծաղը։ Ինչպես իր երգում է ասում՝ «Խոսքեր չկան», որն էլ կատարելու եմ, իսկապես խոսքեր չկան՝ նկարագրելու նրա մարդկային տեսակը։
Դեպքից մի քանի ամիս առաջ ասացի՝ «Հայկո, երգ եմ ուզում»: Պատասխանեց՝ «Հեսա տեսնեմ՝ ինչ եմ անում, մի բան կուղարկեմ, եթե դուրդ եկավ, ախպերս, կշարունակենք, բայց չհասցրեց»։



Քրիստինե Պեպելյանը այսօրվա պես հիշում է, թե ինչպես ու որտեղ ծնվեց «Ուշացած խոսքեր» երգը. «Այն գրվեց 18 տարի առաջ՝ Հայկոյի՝ Ավանում գտնվող տանը։ Մինչեւ Հայկոյի մայրիկը պատրաստում էր հերթական թխվածքը, պատուհանի տակ դրված գործիք ուներ, ինձ ասաց՝ «Մինչեւ կոֆեդ վերջացնես, շատ սիրուն երգ ա ծնվելու», ու այդպես էլ եղավ։ Մենք այս երգը շատ ենք երգել իրար հետ»։



«Հանդիսատեսը կորցրեց իր արտիստին, մենք՝ մեր ընկերոջը, ընտանիքը կորցրեց ծնողի, զավակի՝ ամեն մարդ իր կորուստն ունեցավ այս պատմության մեջ։ Այսօր փորձի ժամանակ երկրորդ բարձրախոսն էի փնտրում, ինձ թվում էր՝ Հայկոյի բարձրախոսը չկա ու հենց դա էի փնտրում։ Իր մենահամերգին ինքը երգում էր բեմում, ես՝ էկրանից, հետո գալս էի բեմ, եւ միասին ավարտում էինք երգը: Իսկ հիմա Հայկոն կերգի էկրանից, ու մենք միասին այլեւս բեմում չենք լինելու... Արթուր  Գրիգորիչն ասում էր՝ արտիստից պետք է պարֆյումի հոտ գա, մենք կորցրինք այդ անուշահոտ արտիստին», - հուզվեց Պեպելյանը։



Համերգներն անցան լեփ-լեցուն դահլիճում, որոնց ներկա էր նաեւ Հայկոյի եղբայրը՝ «Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամի» նախագահ Վահե Հակոբյանը: Նման լեցուն դահլիճը եղել էր նաեւ 2003 թվականին, երբ Հայկոն մենահամերգ էր ունեցել նույն «Ալեքս» թատրոնում։ Օրերս դահլիճի H շարքի 103 աթոռն անվանակոչվեց Հայկոյի անունով:

Արմինե Գեւորգյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին