×


Աշնանային երեկո՝ «Լավ էլի»-ի հետ. վանաձորյան հումորն ու անսովոր երազանքը

Գերագույն հաճույք է «Լավ էլի»-ի կատարումները լսելը, խմբի անդամների հետ ծանոթանալն էլ պակաս հաճելի չէր: Աշնանային մի ցուրտ երեկո Մհեր ու Շողեր Մանուկյանները, Տիգրան Ոսկանյանը, Գոռ Թադեւոսյանն ու Նարեկ Թովմասյանը BRAVO.am-ի համար պատմեցին խմբի տարբերվող երգերի, ընդհանուր երազանքի ու ընկերներ լինելու մասին:

- Սկսենք ամենասկզբից, ինչպե՞ս ստեղծվեց «Լավ էլի» խումբն ու ամեն մեկդ հայտնվեցիք նրա կազմում: (Միանգամից մի քանիսը սկսում են երգել իրենց «Լավն էր սկիզբը» երգն ու բոլորս ծիծաղում ենք,- հեղ.)

Գոռ. Ամենասկզբից միայն Մհերն է եղել, դրա համար իրենից սկսենք:

Մհեր. Դեռ ավարտական դասարանի աշակերտ էի, երբ Վանաձորում ծանոթացա մի խումբ երաժիշտների հետ: Այնտեղ նույն երաժշտական ճաշակն ունեցող մարդ գտնելը երջանկություն էր եւ հազվադեպ մի բան, իսկ իրական երաժիշտներ՝ ֆանտաստիկայի ոլորտից: Հետագայում այդ տղաները դարձան իմ ընկերները: Նրանք «Ստվերներ» անունով խումբ ունեին, որը շուտով ցրվեց, եւ երաժիշտներից Աշոտ Չոբանյանը 1995-ին նոր խումբ հավաքեց՝ «Snack». ոչ թե օձ, այլ՝ չրթելիք: Աշոտից բացի, ես էի խմբում, Գոռ Մխիթարյանը, ամերիկացի կիթառահար Մայքլ Ջեյ Հեմեսն ու օպերային երգիչ Ալեքսեյ Ավետիսյանը, որը բաս էր նվագում: Մի տարվա ընթացքում այդ խումբն էլ ցրվեց, Աշոտը մեկնեց ԱՄՆ, Մայքը՝ թափառելու աշխարհով մեկ, ու Գոռի հետ որոշեցիք նոր խումբ ստեղծել, որն էլ եղավ «Լավ էլի»-ն, հրավիրեցինք նաեւ «Ալք» խմբի բասիստ Վահե Տերտերյանին: Այսպես կարճ փորձեցի ներկայացնել մեր խմբի ստեղծման պատմությունը:

Հասմիկ Բաբայանը եւ «Լավ էլի» խումբը


Տիգրան. Ես էլ վանաձորցի եմ, իսկ դեպքերն արդեն իմացաք, որ տեղի էին ունենում հենց այնտեղ: Երաժշտությամբ էի զբաղվում, բայց դասական: Նրանք իմ ընկերներն էին, հոգով ու սրտով միշտ իրենց կողքին եմ եղել, բայց հետները չեմ նվագել:

Գոռ. Չէին խաղացնում քեզ (ծիծաղում ենք,-հեղ.):

Տիգրան. Ապա տեղափոխվեցի Երեւան, սովորում էի կոնսերվատորիայում, գործիքս մեծացավ՝ ջութակահար էի, դարձա բասիստ: Այնպես ստացվեց, որ բոլորն արդեն եկան մայրաքաղաք, մի անգամ նվագեցի «Լավ էլի»-ի հետ ու այդպես էլ մնացի խմբում:

Գոռ. Ես իրենց նշած տարեթվերի հետ կապ չունեմ, այդ ժամանակ առաջարկ էլ չէի կարող ստանալ, քանի որ 6 տարեկան էի եւ Ռուսաստանից նոր էի եկել՝ դեռ աճող օրգանիզմ էի: Առաջարկը ստացել եմ մոտ 3 տարի առաջ: Շատ հավես է, լավ է «Լավ էլի»-ի հետ նվագելը: Որպես վանաձորցի եւ երաժիշտ՝ շատ ուրախ եմ խմբի կազմում լինելու համար:

Շողեր. 2008 թվականից սկսել եմ թավջութակ նվագել եւ խմբին միացել եմ մոտ 12 տարեկանում: Հենց այդ տարի «Լավ էլի»-ն ԱՄՆ էր մեկնել, ու կարիերայիս հիշվող դեպքերից է, իսկ առաջին համերգս «Գաֆեսճյան»-ում էր: Առաջին երգում 2 նոտա էի նվագում, ինչն ինձ համար շատ յուրահատուկ էր: Մուտքս «Լավ էլի» ծանոթի կարգով էր (Մհեր Մանուկյանը Շողերի հայրն է, -հեղ.):

- Իսկ ինչպե՞ս է հայրիկի հետ աշխատելը:

Շողեր. Շատ լավ է: Գիտեմ, թե որտեղ են երգերը ծնվում՝ մեր զուգարանում, հետո ինձ է սկսում տանջել, մեկ-մեկ՝ քրոջս, նա էլ ֆլեյտա է նվագում: Սկսում ենք միասին փորձել, ապա նոր կատարումը դուրս է գալիս մեր տան սահմաններից: Այդ ընթացքին հետեւելը շատ հաճելի է, երբ ինքդ էլ մասնակցում ես ստեղծագործական պրոցեսին:

Շողեր եւ Մհեր Մանուկյանները


Նարեկ. Ես վերջին նորեկն եմ ու խմբի միակ Նարեկը: Հեռավոր 2020 թվականն էր, ու քովիդով պայմանավորված սահմանները փակ էին: Սկսեցի իմ շատ լավ ընկերոջը՝ «Բամբիռ» խմբի թմբկահար Վարդանին Փարեմուզյանին փոխարինել, քանի որ մնացել էր Վրաստանում ու չէր կարող գալ: Խնդրեց իրեն օգնել, ու նախ «Բամբիռ»-ում փոխարինեցի, հետո Մհերից զանգ ստացա. «Լսել եմ, որ առանց Վարդան մնացած խմբերին օգնում ես»: Ասացի՝ այդպես էլ կա, «Լավ էլի»-ում էլ փոխարինեցի, ու վերջ՝ Վարդանն էլ ուրիշ խմբերում չի նվագում (ծիծաղում ենք,-հեղ.): Մինչեւ նրա գալը մնացի, եւ մի քանի համերգ ունեցանք, իսկ երբ վերադարձավ, բարձրացա սարերը՝ ճգնելու: Դրանից հետո ասաց, որ շատ զբաղված է, այս «ֆրոնտն» էլ ես պահեմ, մինչեւ հետ կգա, ու դեռ չկա: Այդպես հայտնվեցի մանկությանս սիրելի երգերի հեղինակ խմբում: Մհերին շատ եմ սիրում, մեր ժամանակակից պոետներից, երեւի, ամենալավն է:

- Մհեր, իսկ ինչպե՞ս են ստեղծվում երգերը, ինչի՞ց եք ներշնչվում՝ կյանքի՞ց, ժամանակի՞ց, դեպքերի՞ց:

Մհեր. Այն ամենն, ինչը քեզ շրջապատում է, կարող է դառնալ ներշնչանքի աղբյուր: Դրա համար մեծ խնդիր կա՝ բաց մնալ, ինչը շատ դժվար է. չես կարող անընդհատ այդ վիճակում լինել՝ կմեռնես: Ինչքան կարողանում ես շատ բան վերցնել, այնքան մարդ ես: Եթե քեզ ոչ ոք չի հետաքրքրում, փոքր մարդ ես, բայց երբ հարազատներիդ, քո քաղաքը, երկիրն ու աշխարհն ես վերցնում, ավելի ես մեծանում: Բայց դա անելու համար նախ ընթացքում պետք է կենդանի մնաս: Ժամանակ առ ժամանակ բացվում ես. ներսիցդ ինչ-որ բան պետք է ծնվի, հենց դա էլ մի քայլ առաջ գնալն է:

- Ի՞նչ է ամեն մեկիդ համար ժամանակի ընթացքում դարձել «Լավ էլի»-ն:

Նարեկ. Նայեցի Google-ում պատասխանը, բայց չգտա:

Մհեր. Բերեց՝ «Քաղաքը քո մեջ սիրի, ոչ թե քեզ՝ քաղաքում » (ծիծաղում ենք,-հեղ.):

Նարեկ. Իմ պատասխանն է 43:

Տիգրան Ոսկանյանը


Տիգրան. Ես ասեմ, քանի չեմ մոռացել: Եթե ամեն մեկը մեր երգերում իրեն է տեսնում, նշանակում է՝ խումբն արդեն կայացած է: «Լավ էլի»-ի երգերում անմիջականություն ու մարդկանց հետ կապ կա: Մհերին հաջողվում է ազնիվ լինել ունկնդիրների հետ, գործերը թափանցիկ են ու հասանելի, դրա համար էլ սիրվում են: Խումբն ինձ համար դրանով է առանձնանում ու դե, իհարկե, շատ հարազատ է դարձել:

Մհեր. Առաջ ընկերներով ստեղծած խումբ էր ու շատ լավ միջոց աղջիկներին գրավելու համար: Գոռ Մխիթարյանի հետ մտածում էինք, որ բավական է՝ ինչ ստեղծեցինք, կարող ենք կանգ առնել, բայց խումբն արդեն պոկվել էր մեզնից, ու երգերն իրենց կյանքով էին ապրում: Պատկերացում էլ չունեինք, որ այդքան շատ ունկնդիրներ են մեզ լսում, նրանք օգնեցին հասկանալ, որ պետք է շարունակել աշխատել: Այդ պահից մինչեւ հիմա «Լավ էլի»-ն առաջ ընկած գնում է այդ կանչի հետեւից:

- Իսկ այն ժամանակ պատկերացնո՞ւմ էիք, որ խումբն այսքան երկար կյանք կունենա ու նման ճանաչում ձեռք կբերի:

Մհեր. Բացարձակ: Միայն առաջին մեկ տարին՝ ամենաերիտասարդ տարիքում, մեծ-մեծ բաներ էինք մտածում, թե ինչպես կդառնանք աշխարհի ամենահայտնի խումբը, բայց մեծանալու հետ իմաստնանում ես: Փառքի ու հռչակի հետեւից վազելն անիմաստ է, եթե անկեղծ ու լավ ես քո գործն անում, մարդիկ իրենք կգտնեն ձեզ, մեր խմբի դեպքում հենց այդպես է եղել: Երբեք ինքնագովազդ չենք արել ու մեր երաժշտությունը մարդկանց աչքը մտցրել: Հիմա «Լավ էլի»-ն չի դադարում զարմացնել ինձ, նորանոր սերունդներ են լսում մեր երգերը՝ շատ փոքրերից սկսած: Ընդամենը հույս ունեմ, որ մեր տաղանդը, անկեղծությունն ու համեստությունը կհերիքեն, որ այս գործը պատվով անենք:

Մհեր Մանուկյանը


Շողեր. Ինձ համար խումբը սկզբից ընտանիք էր ոչ սենտիմենտալ առումով, քանի որ հայրս ու քեռիս՝ Գոռ Մխիթարյանն էին ընդգրկված, հիմա այդ սահմաններն ավելի են բացվել ու դարձել նաեւ հիանալի ընկերական միջավայր:

- Շողեր, դժվա՞ր չէ լինել խմբում, որտեղ քեզնից բացի, բոլորը տղամարդիկ են:

Նարեկ. Դժվար է լինել խմբում, որտեղ բոլորը կիրովականցի են (ծիծաղում ենք,-հեղ.):

Գոռ. Բայց դու արդեն 43 ես ասել, ուշ է (միանգամից երեւում է, թե ով է խմբում կատակասերը,-հեղ.)

Տիգրան Ոսկանյանը եւ Գոռ Թադեւոսյանը


Շողեր. Ինձ համար ավելի հեշտ է, քան իրենց: Թեեւ 21-րդ դարում նման բան չպետք է լինի, բայց որ աղջիկ եմ, ինձ ուրիշ կերպ են վերաբերվում: Մեկ-մեկ հավես է, բայց նաեւ կաշկանդվում եմ, որ ամաչում են իմ ներկայությամբ վատ բառեր օգտագործել: Պարզապես մոռանում են, որ 21 տարեկան եմ, թեեւ իրենց համար երեխա եմ համարվում:

Գոռ. Մինչեւ բեմ դուրս գալն ու միասին նվագելը, «Լավ էլի»-ն ինձ համար առաջին հերթին անփոխարինելի ու լավ ընկերություն է, թեեւ երկար ժամանակ չենք այս թիմով, բայց իրար լավ ենք հասկանում, հատկապես հավես է միասին ճանապարհ գնալը՝ ավելի ենք մտերմանում: Իսկ առհասարակ, խումբը բարության, անկեղծության եւ կյանքի մասին է:

- Ինչո՞վ են ձեր երգերը գրավում հանդիսատեսին. ամենամութ ժամանակներում էլ դրանք լի են սիրով ու բարությամբ:

Տիգրան. Անկեղծության շնորհիվ, ամենապարզերից մինչեւ շատ խոր երգեր ունենք, բայց զարմանալիորեն հիթ են դառնում շատ պարզերը: «Լավ էլի»-ի երգացանկում ամեն ինչ կգտնեք, ու արդեն 3-րդ սերունդն է մեզ լսում:

Գոռ Թադեւոսյանը


Գոռ. Փաստորեն 43-ը կոդ էր, մինչեւ այդքան սերունդ պետք է լսի մեզ (ծիծաղում ենք,-հեղ.): Երբ արվեստագետը մտածում է այնպիսի բան ստեղծել, որ մարդկանց դուրը գա, երբեք չի ստացվում: Իսկ երբ նրա ներսից է ծնվում ցանկացած գործ, դա բոլորն են հասկանում ու զգում:

Մհեր. Շատ դեպքեր են եղել, որ մտածել եմ որեւէ երգ հաստատ չեն լսելու, օրինակ՝ «Աշունը»: Վստահ եմ եղել դրանում ու երկար ժամանակ մտածել՝ արդյոք արժե՞ ներկայացնել խմբին: Սկզբում այն հեչ լավ չեն ընդունել, նեղ շրջապատի դուրն էլ չի եկել: Բայց շատ անսպասելի բաներ են լինում, ու «Աշունը» բացահայտում էր. մարդիկ ինձ հանդիպելիս ասում էին, թե որքան լավ երգ է: Հետո սկսեցին երգել, թեեւ բավական երկար տեքստով երգ է:

- Իսկ ի՞նչ ապրումներից ու հոգեվիճակից ծնվեց այդ երգը:

Մհեր. Ծանր շրջան էր ինձ համար, ինչքան էլ ամոթ է, բայց ընկճված էի, սկսել էի կորցնել ճանապարհն ու լույսը: Բոլորն էլ նման պահեր են ունենում, երբ ուժերդ ոչ մի բանի չեն հերիքում: Դրա համար էլ երգը «Աշուն» կոչվեց, ժամանակի սահմանափակում ունի ու չի տարածվում ամբողջ կյանքիդ վրա: Երբ ուժ ես գտնում ու բռնվում թեկուզ փոքրիկ լույսից, այն քեզ կամաց դուրս է բերում այդ իրավիճակից եւ աշխարհը լրիվ ուրիշ ձեւ ես տեսնում:

- Քանի որ երգից խոսեցինք, ո՞րն է ամեն մեկիդ համար առանձնացողը:

Գոռ. Դժվար հարց է, որովհետեւ շատ երգեր կարող ենք առանձնացնել: Ես «Լավ էլի»-ն ճանաչել եմ «Ես ձեզ պես չեմ» երգով, մնացած կատարումներին դեռ ծանոթ չէի, իսկ այդ մեկը կասետով էի լսել, չգիտեմ էլ, թե ինչպես էր հայտնվել ինձ մոտ: 14-15 տարեկանում եմ առաջին անգամ ծանոթացել խմբին:

Շողեր. Ես «Ազատության» երգերն եմ շատ սիրում, համոզում ենք ես ու քույրս, որ նորից նվագենք: Պետք է ավելացնենք մեր երգացանկում:


Մհեր.
Բոլորն էլ պատմություն ունեն ինձ համար ու յուրովի կապված եմ ամեն մեկի հետ: Բայց երգ գրողի համար ամենասիրելին նոր կատարումն է: Երբ ծնվում է, ամենաշատն ես սիրում, հետո հաջորդն է գալիս: Մի հետաքրքիր երեւույթ էլ կա, ինչին ուրիշ երգահանների մոտ էի հանդիպել, հետո մեզ հետ էլ սկսեց լինել: «Գտա քեզ երկնքում»-ը կոնկրետ բովանդակություն ունի, բայց մարդկանց կողմից ամենատարբեր իմաստներ ստացավ, ու ինձ հաճախ հարցնում էին, թե արդյոք իրենց պատկերացրածի մասին է: Ոչինչ չեմ բացատրում. թող ամեն մեկը յուրովի հասկանա:



Նարեկ. «Աշուն», «Կհանդիպենք», «Ես տեսնում եմ»:



Տիգրան. Երգեր կան, որ ընթացքում ես հասկանում, թե որքան ուրիշ են քեզ համար: Միշտ կատակով ասում եմ՝ եկեք «Փողը» նվագենք, որ փող բերի, բայց մյուսները ծիծաղում են (ծիծաղում ենք,-հեղ.): «Գտա քեզ երկնքում»-ն ինձ համար ամեն ինչի սկիզբն է, այնքան հարազատ է, չեք պատկերացնի: Շատ տարիներով հետ է տանում ու դանդաղ հասցնում մեր օրեր, այդպիսի զգացողություններ եմ ունենում լսելիս:



-Ձեր ամենադիտված երգը «Քո աչքերն է», կարո՞ղ եք ասել, թե մինչ այս պահը որքան են դիտումները (1,410,256) (միանգամից փորձում են մտնել YouTube,- հեղ.), բայց առանց նայելու:

Գոռ. Մոտ մեկ ամիս առաջ նայել էի, միլիոնից ավելի էր:

Նարեկ. Ժամանակ ձգեք, ես հիմա կնայեմ (ծիծաղում ենք,-հեղ.):

Մհեր. Հաստատ միլիոնից ավելի է, բայց միայն մեկ հրապարակածը, շատ ուրիշ տարբերակներ էլ կան:



Տիգրան. Ասեմ «Լավ էլի»-ն յուրահատուկ դարձնող եւս մեկ հանգամանք՝ մենք ուրիշի երգերը չենք կատարում. հիմնականում Մհերի գրածներն են, հատուկենտը միայն, որ նրանը չեն:

Մհեր. «Միայնության» խոսքերի հեղինակը ես չեմ:

Գոռ. «Սարերն» ու «Արծիվն» էլ ժողովրդական են:

- Կհիշեք, թե ո՞ր համերգն է յուրահատուկ ստացվել ու շատ տպավորել ձեզ:

Մհեր. 2019-ին «Բամբիռի» հետ նվագեցինք, ու ֆանտաստիկ մթնոլորտում անցավ: Շատերն են ասել, որ նման զգացողություններ չէին ունեցել: Բարի ու դրական էր ստացվել համերգը, ագրեսիա առհասարակ չկար, մարդիկ հիացած հեռացան, մենք էլ իրենցից էինք ոգեւորվել: Համերգի գաղափարը շատ միավորող էր. երկու խմբով հանդես եկանք ոչ թե հերթականությամբ, այլ իրար հետ խառնված: Գաղափարն այն էր, որ իմ ու քո չկա՝ «Լավ էլի»-ն ու «Բամբիռ»-ն իրենց լավագույն երաժշտությունն էին ներկայացրել, հենց դա էլ հանդիսատեսը զգաց ու սիրեց:

Նարեկ. Թե՞ թմբկահարի առումով էր, որ իմ ու քո չկար (ծիծաղում ենք,-հեղ.):

Նարեկ Թովմասյանը


Մհեր. Լավ կատակ էր, որովհետեւ Վարդանը ե՛ւ մեր թմբկահարն էր, ե՛ւ «Բամբիռ»-ի: Ինձ համար շատ կարեւոր համերգ էր նաեւ այս ամռանը Ստեփանակերտում ունեցածը: Չգիտեինք, թե ինչ հանդիսատես ներկա կլինի, եւ շատ լավ երիտասարդություն էր հավաքվել, ու տարբերվող համերգ ստացվեց: Գիտեին երգերը, մեզ հետ կատարում էին, թռվռում, ուրախանում:

Տիգրան. Ինչքան լավ ջահելություն կար, չէ՞:

Շողեր. Վանաձորի համերգն էլ, որ կարկանդակներ բերեցին: Համերգի ժամանակ Մհերը պատմեց, թե ինչպես էին մութ ու ցուրտ տարիներին հիմնականում կարկանդակներով սնվում, ու մեկ էլ աղջիկների ինչ-որ խումբ գնեց դրանցից ու հենց բեմի վրա փոխանցեց մեզ:

Շողեր Մանուկյանը


Գոռ. Ինձ համար էլ Ստեփանակերտի համերգն էր յուրահատուկ, որովհետեւ զգացի, թե որքան էներգիա ենք տվել այդ մադկանց, այնքան շնորհակալ ու ուրախ էին, որ մենք էլ վարակվեցինք:

Տիգրան. Ավելացնեմ, որ Աղավնոյի երեխաներն իմացել էին ուղեւորության մասին ու եկել էին մեզ հետ հանդիպելու: Անձնագրերի հետ կապված խնդիր կար, մոտ 3 ժամ անցակետում սպասեցինք, այդ ընթացքում էլ շփվեցինք նրանց հետ: Մի ֆանտաստիկ երեխա կար, Մհերին հարցրեց, թե կարո՞ղ է հենց այդ պահին ստեղծագործել: Ոսկի երեխա էր:

Հասմիկ Բաբայանը եւ «Լավ էլի» խումբը


Մհեր. Ու ինքը հանպատրաստից սկսեց բառերով ու մեղեդիով նվագել: Լավ համերգներ իսկապես շատ ենք ունեցել, բայց կուզեմ առանձնանել նաեւ 2012-ին Վանաձորի հրապարակում եղածը. այնքան մարդ էր հավաքվել, որ մենք էլ զարմացանք: Այդ ժամանակ որոշել էինք դադարեցնել մեր գործունեությունը, բայց համերգից հետո մտափոխվեցինք: Արդեն մի քանի ժամ էր անցել, ու աչքի պոչով տեսանք, թե ինչպես են երեխաները մեր երգերը կատարելով ու թռվռալով տուն գնում: Գոռի հետ նայեցինք իրար ու հասկացանք, որ պետք չէ այս ամենը թողնել:

- Այդ դեպքում բա վա՞տ համերգը:

Շողեր. Վա՜յ, Գյումրիի Սեւ բերդում ենք ունեցել, նորմալ չմիացանք, կիթառը նորմալ չաշխատեց, բարձրախոս էլ չկար: Այնքան մարդ էր կանգնած, մեջները կորանք: Կազմակերպչական առումով խայտառակություն էր:

Տիգրան. Այդ օրն այնքան եմ չարչարվել: Ֆիլարհմոնիկում էլ եմ աշխատում, ու պետք է «Լավ էլի»-ի կատարումներից մեկի ժամանակ մենք էլ միանայինք: Նախ երկուսի փորձերին էի մասնակցում, հետո մեկ օր առաջ Վանաձորում համերգ ունեի ու մի կերպ երեկոյան հասա Գյումրի: Ինձ համար էլ կապ չուներ, թե համերգն ինչպես կանցներ, կարեւորը ես տեղում էի (ծիծաղում է,-հեղ.):

- Միմյանց մարդկային որակների մասին ի՞նչ կասեք, ինչի՞ շնորհիվ եք կարողանում աշխատել ու նաեւ ընկերներ լինել:

Գոռ. Կռիվ եք գցում, հա՞ (ծիծաղում ենք,-հեղ.):

Մհեր. Ինձ համար առաջին հերթին միմյանց հետ ընկերություն անելն է կարեւոր: Լիքը տաղանդավոր, բազմաշնորհ ու վիրտուոզ երաժիշտներ կան, բայց մարդ, որի հետ կուզես ճանապարհ գնալ, կատակ անել, հոգու հետ խաղալ, քիչ են լինում:

Գոռ. Նեղանա, բայց մուռ չպահի:

Մհեր. Միշտ էլ այս խումբն ընկերության վրա է հիմնված եղել: Երբ մեկից ավելի մարդ է հավաքվում, միշտ խորդուբորդություններ պատահում են, բայց բավական է, որ Տիգրանը գա, ու ամեն ինչ հարթվում է:

Տիգրան Ոսկանյանը եւ Գոռ Թադեւոսյանը


Տիգրան. Միակ թերությունը ճանապարհ գնալու հետ է կապված:

Մհեր. Սարսափելի խռռացնում է. Ստեփանակերտում 2 գիշեր չեմ քնել:

Տիգրան. Բայց միշտ չեմ խռռացնում, դե, հիմա այդպես ստացվեց:

Նարեկ. Միայն քնելուց:

Տիգրան. Սրտիս դարդ եղավ, այդ մասին շատ եմ մտածել, մյուս անգամ հյուրախաղերի ժամանակ առանձին ջակուզիով սենյակում կմնամ: Սրանք էլ մեր խմբի վատ կողմերն են:

Շողեր. Որ ամենասկզբում ասում էի այս զրույցը խմբային թերապիա է լինելու, չէիք հավատում (ծիծաղում ենք,-հեղ.):

Գոռ. Բոլորս տարբեր ենք, բայց մեկ ընդհանուր բան կա՝ թարախ ու վատ մարդիկ չենք, դա է մեզ կապում: Այսօր անկեղծ բառը շատ ասացինք, բայց բոլորս անկեղծ ենք, դրա համար էլ ամեն ինչ այսքան լավ է:

Շողեր. Բոլորը լավ մարդիկ են ամեն առումով, լավ արժեքներով, այ որ մի քիչ շատ փորձ անենք, ու պատասխանատվությունն էլ բարձր լինի, լավ կլինի (ծիծաղում ենք,-հեղ.): Այսօր, իհարկե, ուշացել եմ, ճիշտ չէ, որ կարգապահությունից եմ խոսում:

«Լավ էլի» խումբը


- Ու վերջում ի՞նչ կուզեք միմյանց ասել կամ խոստովանել:

Գոռ. Ժողովուրդ, ես ձեզ շատ եմ սիրում (ծիծաղում ենք,-հեղ.):

Մհեր. Այնպես չէ, որ ասելիք ունենալու դեպքում չենք բարձրաձայնում: Իսկ հրապարակային ի՞նչ կասեի:

Գոռ. Էն փողերն ի՞նչ էղան (նորից կատակում է,- հեղ.):

Մհեր. Գիտեմ, ինչ կարելի է ասել՝ ի վերջո իրականություն դարձնենք Աղի լճում քյալլա ուտելու Տիգրանի երազանքը:

Գոռ. Մեկ ուզում ենք Աղի լիճ գնալ, մեկ էլ՝ քյալլա ուտել, դրա համար էլ որոշեցինք այդ երկուսը համատեղել:

Տիգրան. Ամռանը սիրում եմ գնալ, իրենց էլ ասում եմ՝ միանան, համոզում, խնդրում եմ:

Մհեր. Մեր խմբի ներքին կատակներից է:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Հովհաննես Հովհաննիսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին