×


Էմմի Հակոբյանի նոր տեսահոլովակը, Yellowheart-ի հետ գրած երգերը ու Disney-ի հետ աշխատելու ցանկությունը

Ստեղծագործող երկու հայ աղջիկների հանդիպումից ու համագործակցությունից ծնված նոր երգն արդեն տեսահոլովակ ունի։ Ամերիկաբնակ 12-ամյա երգչուհի Էմմի Հակոբյանի «Birthday Party» երգի խոսքերի հեղինակն արդեն հայտնի դարձած մեկ այլ կատարող է՝ Yellowheart-ը, իսկ երաժշտությունը գրել է ինքը։ Էմմին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է իրենց հանդիպման, տեսահոլովակի նկարահանումների եւ առաջիկա ծրագրերի մասին։



«Yellowheart-ի հետ բոլորովին վերջերս ենք ծանոթացել։ Շատ տաղանդավոր երգչուհի է, երգահան ու գործիքավորող։ Շատ ուրախ եմ, որ միասին հեղինակեցինք այս երգը, որն, ի տարբերություն իմ նախորդ ջազային կատարման, փոփ ժանրում է։ Ամենաուրախալին այն է, որ եւս երկու նոր երգ է նա գրել ինձ համար, որոնք արդեն մշակման փուլում են։ Մեծ ոգեւորությամբ սպասում եմ, որ դրանք նույնպես ներկայացնեմ առաջիկայում»,- պատմել է Էմմին։

Էմմի Հակոբյանի «Birthday Party» տեսահոլովակի նկարահանումներին


Նրա խոսքով՝ տեսահոլովակի նկարահանումներին պրոֆեսիոնալ թիմ է ներգրավվել, այս անգամ եւս աշխատել է ռեժիսոր Վարդան Հակոբյանի հետ, օպերատորը Սուրեն Քարտաշյանն է։ Իսկ իր հետ պարող աղջիկներն ընտրվել են Լոս Անջելեսի լավագույն պարային խմբերից։ Էմմին ասում է՝ նման պրոֆեսիոնալ պարողների հետ աշխատելը հեշտ է, հաճելի, միեւնույն ժամանակ շատ պատասխանատու։ Նաեւ խոստովանում է՝ իր համար հետաքրքիր փորձառություն էր պարային տեսարաններում նկարահանվելը։

Էմմի Հակոբյանը


Խոսելով առաջիկա ծրագրերի եւ մյուս նորությունների մասին՝ երգչուհին ասաց՝ պատրաստվում է 2023 թվականին մասնակցել ջազային նախագծերի ու փառատոների։ Եթե անցնի նախընտրական փուլը, կմասնակցի նաեւ Կալիֆոռնիայում անցկացվելիք ամենամյա «The NAMM Show»-ին։

Էմմի Հակոբյանի «Birthday Party» տեսահոլովակի նկարահանումներին


Էմմին այս ընթացքում հասցրել է նաեւ ընդունվել Լոս Անջելեսի «The Young Actor’s Studio», որտեղ բեմական արվեստ ու դերասանի վարպետություն է սովորում։ Ասում է՝ նպատակ ունի համագործակցել Disney ընկերության հետ։ Այնպես որ, Էմմին շուտով շատ նորություններ կունենա պատմելու իր մեծ ու փոքր ունկնդիրներին։

Երգչուհու գործունեությանը կարող եք հետեւել նաեւ նրա ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերում.

https://www.facebook.com/emmy.hakobyan.75

https://www.instagram.com/emmyhakobyan_official/


Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին