×


Նարեն կերգի 15-րդը. մանրամասներ եւ լուսանկարներ «Մանկական Եվրատեսիլի» բացման արարողությունից

Հանրապետության հրապարակում երեկ տեղի ունեցավ 20-րդ «Մանկական Եվրատեսիլի» բացման արարողությունը։ 16 մասնակիցներն անցան կարմիր գորգով եւ մուտք գործեցին Հայաստանի ազգային պատկերասրահ, որտեղ վիճակահանությամբ որոշվեց մրցութային համարների հերթականությունը։

Մրցույթը կբացի Նիդերլանդների ներկայացուցիչ Լունան, վերջինը ելույթ կունենա Ուկրաինայի պատվիրակ Զլատա Ձյունկան։ Իսկ Հայաստանը ներկայացնող Նարեն հանդես կգա 15-րդ համարի ներքո։


Վիճակահանությունից հետո Հանրապետության հրապարակում ներկայացվեց հեքիաթային մյուզիքլ, որի ավարտին «Մանկական Եվրատեսիլի» 16 մասնակիցները վառեցին գլխավոր տոնածառի լույսերը։ Այնուհետեւ ելույթ ունեցան տարբեր տարիներին «Մանկական Եվրատեսիլում» հաղթած արտիստները` «Բզիբեկի» խումբը (2008թ., Վրաստան), Ռալֆ Մաքենբախը (2009թ., Նիդերլանդներ), Վլադիմիր Արզումանյանը (2010թ., Հայաստան),  Candy խումբը (2011թ., Վրաստան), Գայա Կաուկին (2013թ., Մալթա), Վինչենցո Քանտիելլոն (2014թ., Իտալիա), Մարիամ Մամադաշվիլին (2016թ., Վրաստան), Վիկի Գաբորը (2019թ., Լեհաստան), Վալենտինան (2020թ., Ֆրանսիա) եւ Մալենան (2021թ., Հայաստան):


Հանդիսատեսը վերհիշեց նաեւ Հայաստանի տարբեր տարիների պատվիրակների երգերը. ելույթ ունեցան «Արեւիկ» համույթը, Դալիթա Ավանեսյանը, «Կոմպաս» բենդը, Մոնիկա Ավանեսյանը, Անահիտը եւ Մերին, Միշան, Լեւոնը, Կարինա Իգնատյանը։


Երեկոյի հաղորդավարներն էին 2011 թվականին «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացրած Դալիթան, հաղորդավար Համլետ Առաքելյանը եւ 2014 թվականին «Եվրատեսիլում» Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն։


20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա դեկտեմբերի 11-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մրցույթին կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց  կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա,  Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:

Լուսանկարները՝ Առաջին ալիքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին