×


Դիանա Մալենկո. «Ոչ անկեղծ տարր կար իմ ու հեռուստատեսության միջեւ, նաեւ դրա համար դադար վերցրի»

Մինչ Դիանա Մալենկոյի հետ զրույցին անցնելը մեզ համար Երեւանի կենտրոնում գեղեցիկ վայր ենք բացահայտում, որտեղ մեզ համար հետաքրքիր շրջայց են անում, ցույց տալիս լուսանկարներ, քաղաքի ամենահին մառաններից մեկը եւ գինի հյուրասիրում, իսկ Դալի շունն ամենուր ուղեկցում է մեզ:  

Ապա Մալենկոյի հետ խորհրդավոր լույսերով սենյակում BRAVO.am-ի համար զրուցում ենք ընդունած կարեւոր որոշման, հեռուստատեսությունում որպես մարդ կայացման, թատրոնի բացառիկ դերի ու դե, իհարկե, սիրո մասին:

- Դիանա, ինչպիսի՞ն են հիմա Ձեր առավոտները, հասցնո՞ւմ եք վայելել:

- (Ծիծաղում է,-հեղ.) Չէ, որովհետեւ հիմա էլ խնդիր չունեմ առավոտյան այդքան շուտ արթնանալ եւ գիշերն եմ ավելի ուշ քնում, ինչի հետեւանքով էլ մի քիչ անքնություն ունեմ, փորձում եմ դրա դեմ պայքարել: Էլի դժվար եմ զարթնում, ուշանալով ու վազվզելով եմ հասնում գործերիս: Բայց ինձ այնքան է դուրս գալիս այս վիճակը, երբ գիտեմ՝ լարված մի քանի աշխատանք չի սպասվում, ու չեմ էլ ուզում աշխատել (ծիծաղում է,-հեղ.): Ժամանակ եմ ունենում մտքերիս ու ինքս ինձ հետ մնալու: «Բարի լույս»-ից դուրս եկա, որ գրաֆիկս ավելի թեթեւ լինի, փոխարենը թատրոնում զբաղվածությունն ավելացավ, բայց գոնե ուղեղիս մեջ մի քանի ազատ դարակ կա ու դրանք փորձում եմ ինքս ինձ հասկանալու մտքերով լցնել, ինչի կարիքը շատ-շատ ունեի:

Դիանա Մալենկոն


- Որքա՞ն ժամանակ էր, որ նույնքան ծանրաբեռնված էիք աշխատում:

- Երեւի 3 տարի. ամեն օր ժամը 7-ին հնչում էր զարթուցիչս, հետո անց 5, 10, 15: Արագ սուրճ էի խմում ու վազվզոցի մեջ հագնվում, ոչ միշտ էի նախապես ընտրած լինում, թե ինչ եմ կրելու եթերում: Ինձ համար մեծ կապ ունի, թե ինչ տրամադրությամբ եմ արթնանում, նախորդ երեկո ինչ ֆիլմ եմ դիտել կամ որ երգից տպավորվել: Ապա թեթեւ հարդարվում էի, չնայած՝ վերջին 2 տարում հրաժարվեցի եթերում դիմահարդարումից զուտ նրա համար, որ ավելի երկար քնեմ: Հիմա դուրս եմ եկել աշխատանքից ու կարող եմ հանգիստ ասել այդ մասին (ծիծաղում է,-հեղ.): Իհարկե, կատակում եմ, կարծում եմ, որ անցել են այն ժամանակները, երբ եթերում պարտադիր է լինել մի քանի շերտ դիմահարդարմամբ: Սկզբում բոլորն իմ այդ որոշմանը մի քիչ անսովոր էին վերաբերվում, համարում, որ կարող եմ չխնամված թվալ, բայց մարդկանց դուրն էլ եկավ ու հիմնականում լավ կարծիքներ եղան:

- Ինչո՞վ էր պայմանավորված այդ որոշումը, սկսեցիք Ձեզ ա՞յլ կերպ ընկալել ու զգալ:

- Նախկինում ես էլ շատերի պես առանց շպարի ինձ մերկ էի զգում, բայց ժամանակի ընթացքում փոխվում ես, ուրիշ բաներ բացահայտում քո մեջ ու այլ կյանքով ապրում: Առհասարակ, ինչքան բնությանը մոտենում ես, այդքան յուրաքանչյուր արհեստական բան սկսում է նյարդերիդ ազդել, այդ թվում՝ հենց քո մեջ:

- Մարդիկ սովոր էին, որ երկար տարիներ Դուք էիք նրանց առավոտյան ողջունում, բայց նոր եթերաշրջանում էլ չեք աշխատում «Արմենիա»-ում, ո՞րն է հեռանալու պատճառը:

- Անկեղծ կլինեմ, այս մասին ընդհանրապես չէի ուզում խոսել, որովհետեւ կարիք չկար, բայց հետո ականջիս բազմաթիվ խոսակցություններ հասան, որ իբր վեճ կամ չհասկացվածություն է եղել հեռուստաալիքի հետ կամ ազատել են աշխատանքից: Անգամ այնտեղ աշխատող ընկերներիս հետ կապված զրույցներ եղան: Սոցիալական էջերիս էլ նամակներ էին գրում եւ ցանկանում իմանալ այդ կոնֆլիկտի պատճառը: Դրա համար կասեմ՝ որեւէ տարաձայնություն չի եղել, իմ սեփական գիտակցված որոշմամբ եմ հեռացել, արդեն մի քանի տարի է՝ մտածում էի այդ մասին: Միշտ օգոստոսին մեկ ամսով Սեւան եմ գնում, այնտեղ էլ հասկացա, որ վերջ՝ ժամանակը եկել է: Առաջին հերթին ես էի սպառվել այդ հաղորդման համար, տալու էլ ոչինչ չունեի, բացի այդ էլ նույն ձեւաչափով արդեն 7 տարի կլիներ, որ աշխատում էի: Հազար ներողություն եմ խնդրում բոլորից, բայց տարվա մեջ քիչ դեպքեր էին լինում, որ զրուցակիցներս իսկապես ինձ հետաքրքրում էին եւ ուզում էի խորանալ թեմայում: Ոչ անկեղծ տարր կար իմ ու հեռուստատեսության միջեւ, դրա համար էր նաեւ, որ որոշեցի դադար տալ:  

- Այսինքն՝ վերջնական որոշում դեռ չունեք, մտորումների ու ինքներդ Ձեզ հասկանալու փուլո՞ւմ եք:

- Ուզում եմ հասկանալ, թե առհասարակ ինչ եմ ուզում, ինչպես ներկայանալ, արդյոք կմնամ այդ ոլորտում, թե՝ ոչ, ինքս էլ շատ հարցերի պատասխաններ չունեմ:

Դիանա Մալենկոն


- Հիմա այլ հետաքրքիր նախագծեր, առաջարկներ կամ մտահղացումներ կա՞ն:

- Դեռ չէ: Մտածում էի՝ եթե էլի վերադառնամ հեռուստատեսություն, ի՞նչ կուզեմ անել: Հարցեր տալու փուլում եմ՝ ինչ կուզեմ անել, ինչի մասին պատմել, որ ժանրում: Վավերագրությունն է ինձ գրավում: Այդ ժանրի ֆիլմեր ու հաղորդումներ շատ եմ սիրում նայել: Անգամ չգիտեմ էլ՝ կկարողանա՞մ անել, ավելի շատ հակված եմ մտածել՝ ոչ, բայց միեւնույն է՝ գրավում է: Մեկ էլ մտածում էի լուրեր վարելու մասին (ծիծաղում է,-հեղ.), քույրս կատակով ասում է, որ վերջնականապես գժվել եմ, բայց դրանով ավելի մեծ տարիքում կուզեմ զբաղվել: Ուզում եմ այնպիսի մի հաղորդում անել, որ նախ ինձ կհետաքրքրի ու պատմելու բան կունենամ:

- Դիանա, մոտ 10 տարի հետ գնանք ու հիշենք, թե ինչպես դպրոցական տարիքում հայտնվեցիք եղանակի տեսության հաղորդավարի դերում:

- Նոր ալիք պետք է բացվեր ու հաղորդավար էին փնտրում, ծնողներս էլ «Մետեո ԹիՎի»-ում էին աշխատում: Հորաքույրս փորձելու միտք տվեց, արեցի, ու ամեն ինչ ահավոր էր, չգիտեմ էլ, թե դա ինչպես են եթեր հեռարձակել, սարսափելի էր (ծիծաղում ենք,-հեղ.): Դիլիջանի մեր տանը CD-ի վրա ունեմ տեսագրությունը, խոսք եմ տվել մեկ օր հրապարակել. այն դառնալու է հայկական հեռուստատեսության ամենածիծաղելի երեւույթներից մեկը: Վերջին անգամ երեւի 5 տարի առաջ ենք նայել, ծիծաղից արտասվում էինք: Չէի կարողանում խոսել եթերում, լարվածությունից շուրթերս չէին բացվում, երեխայի ձայն էր լսվում, բավական շպարված էի, ուսերիս էլ բարձիկներ էին դրել: Բայց մանկական հետաքրքրություն առաջացավ հեռուստատեսության նկատմամբ, գույների աշխարհ էր՝ ասես Դիսնեյլենդ լիներ, հետագայում այն ինձ համար մասնագիտություն դարձավ: Չեմ ուսումնասիրել՝ ինչպես դառնալ հաղորդավար, պարզապես փորձել եմ ու ձգտել կատարելագործվել:  

- Ու ավելի կատարելագործվեցիք «Դար 21» ալիքում, որտեղ տարբեր հաղորդումներ եք վարել:

- Նաեւ ուղիղ եթերում հայտնվեցի, ինչն ավելի դժվար էր. պետք էր ազատ խոսք ունենալ ու տեսակդ կարողանալ ներկայացնել: Այդ հաղորդումներն էլ նայում էի ու մտածում՝ Աստված իմ, այս ի՞նչ է, ո՞նց են եթեր թողել: Բայց վերջերս ինձ համար կարեւոր մարդկանցից մեկը պատմեց, որ ինձ հենց ուղիղ եթերում է նկատել տարիներ առաջ. «Ալիքներն էի փոխում ու մի փոքր աղջիկ տեսա, որը գիժ-գիժ խոսում էր, ու ինձ շատ գրավեցիր քո այդ տեսակով»: Հիմա մտածում եմ, միգուցե որեւէ բան կար, որ մարդկանց դուր էր գալիս:

- Աշխատանքը Ձեզ ի՞նչ է տվել ու ինչպե՞ս ձեւավորել որպես մարդ. գիտակցական կյանքի մեծ մասը եթերում եք եղել:

- Լավ զրուցակից դարձա. իսկապես ինձ հետաքրքիր է մարդկանց հարցեր տալ, դա կփաստեն նաեւ ինձ ճանաչողները: Ազատ խոսք ունենալ, բազմաթիվ հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալ, լավ ժամանակ անցկացնել: Հրաչ Քեշիշյանը կարողանում է  մի տեղում հավաքել իրար ինչ-որ առումներով նման ու համապատասխան մարդկանց: Այնպես ստացվեց, որ ընկերներով էինք աշխատում՝ ես, Արտակը, Մադոննան, Էմման, Ներսեսը, Համլետը, Աշխենը: Սիրով էինք անում ու այն միայն գործ չէր մեզ համար, խելառ օրեր ու գիժ եթերներ էինք ունենում, ինչ լավ է՝ դրանք ջնջել են (ծիծաղում է,-հեղ.), խայտառակ կլինեինք: Իմ անձի ձեւավորվման կարեւոր փուլերը նաեւ «Արմնյուզ»-ում աշխատելու ընթացքում են եղել:


- Մի քիչ  ընտանիքից խոսենք, ինչպե՞ս եղավ, որ Ձեր ուկրաինացի պապիկը սիրահարվեց հայուհի տատիկին:

- Պապիկս 2-րդ համաշխարհայինի ժամանակ Թամանյան դիվիզիայում է ծառայել: Շատ ծանր վիրավորվել է, բարեբախտաբար, կողքին է եղել իր մանկության ընկերը, որը շատ երկար ժամանակ նրան ուսին դրած տարել եւ հասցրել է բժշկական կետ: Այնտեղ հրաժարվել են օգնություն ցուցաբերել, քանի որ անիմաստ են համարել՝ կարծելով, որ չի ապրի: Ընկերն այդ ժամանակ զենքը դրել է բժիշկի գլխին ու պահանջել ամեն գնով փրկել ընկերոջը: Կարելուց հետո պապիկին ուղարկել են Կիրովականի հոսպիտալ, որտեղ նույնպես չէին հավատում, որ կապրի: Հենց այնտեղ էլ բուժքույր էր տատիկս, որին անգամ լրիվ մոխրագույն ու համարյա մահացած վիճակում պապիկս գրավել է: Շատ բարձրահասակ ու գեղեցիկ տղամարդ էր: Տատիկը սիրահարվում է ու շատ լավ խնամում նրան՝ մինչեւ անգամ բամբակով ջուր տալիս՝ լրիվ սեր էր պատերազմի ժամանակ: Պապիկն Ուկրաինայում ընտանիք է ունեցել, բայց ինքն էլ սիրահարվել է ու մնացել այստեղ: Նրանք հաստատվել են Դիլիջանում, որտեղից էլ սկսվում է մեր ընտանիքի պատմությունը:

- Իսկ Ձեր ազգանվամբ շա՞տ են հետաքրքրվում, թե՞ արդեն սովորել են:

- Արդեն գիտեն, դպրոցում էի լարված լինում, որ հենց հասնեն ինձ, հաստատ սխալ են կարդալու, բայց եթերներից հետո շատ ճանաչելի է դարձել:

- Ինչպե՞ս ստացվեց, որ Դիլիջանից տեղափոխվեցիք Երեւան, ու հարմարվելու հետ կապված խնդիրներ եղա՞ն:

- Քույրս հասցրել էր Դիլիջանում առաջին դասարան գնալ, ես 6 տարեկան էի, երբ պապիկս մի օր որոշեց, որ պետք է տեղափոխվենք Երեւան: Այնտեղ սոցիալական շատ վատ պայմաններ էին: Ամենալուրջ բարդությունը շեշտադրումներիս հետ էր կապված ու ամաչում էի խոսել: Միշտ հումոր եմ անում, որ դպրոցում այնքան չէի խոսել, հետո հաղորդավար դարձա ու տեղը հանեցի (ծիծաղում ենք,-հեղ.):

- Դուք տարատեսակ աշխատանքներ եք կատարել նաեւ մինչեւ հեռուստաեթերում հայտնվելը: Ինչո՞վ էր պայմանավորված՝ կարիքի՞ց ելնելով, թե՞ աշխատասիրությունից:

- Իսկապես, ինչեր ասեք, որ չեմ արել, բայց հետաքրքրությունից դրդված: Երբ Դիլիջանից տեղափոխվում էինք, հոգուս խորքում շատ էի ուզում նոր տեղում հայտնվել ու շատ  բաներ իմանալ: Բջջային օպերատորներից մեկի քարտերն էի տնետուն բաժանում, բարեկամների մեքենաները լվանում, նկրտումս նոր բան փորձելն էր, ինքնուրույն դառնալ ու այդ տարիքից կյանք ձեւավորել: Դրա համար էլ հիմա ֆիզիկապես շատ հոգնած եմ ու նաեւ այդ պատճառով եմ աշխատանքից դուրս եկել, որովհետեւ 13-14 տարեկանից անդադար աշխատել եմ: Նկարահանումից հասնել թատրոն, այնտեղից՝ եթեր, գիշերն ուշ նոր տուն վերադառնալ:  

Դիանա Մալենկոն


- Իսկ այդ ընթացում հենց Ձեզ համար ապրել հասցնո՞ւմ էիք ու անել այն, ինչն իսկապես սիրում էիք:

- Հենց դա է պատճառը, որ հիմա որոշել եմ մի քիչ էլ ինձ համար ապրել, որովհետեւ այդ վազքի մեջ կորցրել էի ինքս ինձ: Տարիներ են անցնում, ու քեզ թվում է՝ ամեն ինչ հասկանում ես, բայց այդպես չէ: Անընդհատ վերցնում ու տալիս ես, բայց նաեւ լռություն ես ուզում քո մեջ, արթնանալ ու չմտածել ոչնչի մասին: Վաղ տարիքում մեծ կյանք մտնելն իր վատ կողմն ունի՝ կորցնում ես քո բնականոն զարգացման ձեւը, հիմա 27 տարեկան եմ, բայց մեկ-մեկ ցանկություն է լինում դպրոցական ու ուսանողական կյանք ունենալ: Չեմ վայելել, որովհետեւ ամբողջ միտքս զբաղված էր նրանով, որ մենակ դասախոսը երկար չպահի, ու հասցնեմ ուղիղ եթերին, դրանից հետո էլ տաքսին չուշանա՝ գնամ թատրոն, այնտեղից էլ շտապում էի մեկ ուրիշ աշխատանքի: Մեծ հաշվով այդ տարիները չեմ վայելել, թեեւ բավական հագեցած ու խիտ կյանքով եմ ապրել: Հիմա եմ հասկանում, որ այդ չապրելը խնդիրներ է առաջացնում մեծ տարիքում՝ էմոցիոնալ տարիքդ չի բռնում իրականի հետ: Բնությունը միեւնույն է՝ իրենն ասում է, դրա համար էլ դատարկություններ են լինում:  

- Ինչո՞վ եք դրանք փորձում լցնել:

- Դատարկությունների հետ կապված չեմ ասի, որ մեծ առաջընթաց ունեմ, բայց փորձում եմ լցնել եւ հույս ունեմ, որ կստացվի:

- Թատրոնն այդ հարցում օգնո՞ւմ է, քանի որ այնտեղ բավական ակտիվ եք հիմա:

- Նոր պիեսի վրա ենք աշխատում Հրաչյա Հարությունյանի հետ, շուտով պրեմիերան կլինի: Կա նաեւ Ամանորի ներկայացում, 3-րդն էլ նախատեսվում է, որին շատ եմ սպասում: Թատրոնում ու դերասանի մասնագիտության մեջ ինքդ քեզնից, քո խնդիրներից ու իրականությունից փախչելու տեղ ունես: Ուրիշ կերպարների կյանքով ես սկսում ապրել, քո մեջ նոր բաներ բացահայտում: Անկեղծ՝  բաներ կան, որ մտածել եմ՝ երբեք չեմ անի, բայց դերի ազդեցության տակ լրիվ ուրիշ եմ դառնում: Օրինակ՝ համարձակություն չես ունեցել որեւէ բան ասելու, բայց կերպարդ օգնում է արտահայտվել, կամ նրա խառնվածքից ելնելով որոշ առումներով ավելի զուսպ ես դառնում: Դա էլ է շփոթության մեջ գցում քեզ, հետաքրքիր, բայց եւ տանջալից մասնագիտություն է (ծիծաղում ենք,-հեղ.): Այնքան զգացմունքներ ես ունենում ու տարբեր վիճակներում հայտնվում: Ավելի կայֆ ճանապարհորդություն, քան բեմի վրա 2 ժամվա ընթացքում ես կատարում, հնարավոր չէ պատկերացնել:

- Եվ ի՞նչ է կատարվում Ձեզ հետ այդ ընթացքում, որ բոլոր դերասաններն այդքան հիացած են պատմում այդ վերապրման մասին:

- Ուրիշ ու տիեզերական մի այլ իրականության մեջ ես հայտնվում, անբացատրելի ադրենալին ունենում:

Դիանա Մալենկոն


- Ինչպիսի՞ն է Դրամատիկական թատրոնի թիմը, ինչպե՞ս են օգնում ու ոգեւորում իրար:

- Իմ աշխատանքը հիմնականում երիտասարդ սերնդի հետ է, բոլորս կերազենք ունենալ նման թիմ, ովքեր անում են մի բան, ինչից բացարձակ շահ չունեն: Շատերը գիշերային աշխատանք են անում, այլ գործով զբաղվում, ես էլ՝ այդ թվում, որ կարողանան մնալ թատրոնում: Ինձ թվում է՝ դա բոլոր թատրոնների մարդկանց է վերաբերում, չեմ ուզում մեզ առանձնացնել: Թատրոնում քո հոգին ես դնում, թեեւ մի քիչ պաթետիկ է հնչում, բայց քեզ ես բուժում այնտեղ, տալիս քո տեսակն ու վերցնում մյուսներինը, միաձուլվում ենք: Դժվար է միայնակ այդ ճանապարհորդությունն ապրել, իրար ձեռք բռնած ենք այդ 2 ժամն անցնում: Հանճարեղ է, երբ գտնում եք նույն բանը զգացող մարդիկ: Մեր իրականության մեջ թատրոնից ո՛չ գումար կարող ես ակնկալել, ո՛չ փառք, ո՛չ էլ անհավանական համագործակցություն: Մի անգամ զրուցում էինք ու մեզ էլ հետաքրքրեց, թե ինչու ենք այս ամենով զբաղվում, Էմմա Մանուկյանը հիանալի բան ասաց. «Մեզ համար ենք անում, որ ապրենք, չմեռնենք»: Լռություն տիրեց, բոլորս համաձայնեցինք այդ մտքի հետ:

- Այդ դեպքում մարդկանց ի՞նչ է տալիս Ձեր արածը:

- Հավատում եմ, որ կարող ենք թեկուզ ներկայացմանը ներկա 300 մարդու կյանքում մի լամպ վառել կամ լույսը կարգավորել: Ինձ հետ էլ է պատահում, որ չեմ հասկանում, որ կողմ գնալ ու ականջակալներում հնչող Մարիա Կալասի երգի շնորհիվ գտնում եմ լուծումը կամ խաղաղվում: Նույնն էլ մենք ենք անում մարդկանց կյանքում, իրենց խնդիրներով գալիս են թատրոն, ու վստահ եմ՝ որոշումների վրա որեւէ կերպ ազդում ենք: Կամ դատարկ են գալիս, իսկ մենք մտածելու նյութ ենք տալիս, դատարկությունը լցնելու որեւէ հաբ առաջարկում:

- Դիանա, ինչպե՞ս եք կերպար ստեղծում Դուք ու կարողանո՞ւմ եք անցում կատարել մեկից մյուսին:

- Երբ նոր էի այս մասնագիտությամբ զբաղվում, ինձ թվում էր, որ դերերն իրար կարող են խանգարել, ու անհնար է համատեղել: Բայց վերջերս հակառակն եմ մտածում, որովհետեւ ամեն դեր քո մեջ չակրա է բացում, ու ինչքան բաց են դրանք այս մասնագիտության մեջ, այդքան լավ: Դրա համար նույնիսկ դուրս գալիս է միաժամանակ մի քանի դերի վրա աշխատել: Նոր կերպար ստանալը դերասանի ու ռեժիսորի հավասար աշխատանքի արդյունք է, ես դեռեւս ռեժիսորից շատ օգտվող եմ, փորձում եմ ավելի մասնագիտանալ, որ նաեւ օգնողի դերում լինեմ: Թատրոնում դերասաններ ունենք, որոնց այդ տեսակով միշտ հիանում եմ: Եթե ռեժիսորն իմ ձեռքը չբռնի, շատ կորսված հոգի կլինեմ (ծիծաղում ենք,-հեղ.): Քույրս էլ ռեժիսոր է ու ինձ դրանում շատ է օգնում, երեկ գիշեր երկար խոսում էինք, ու խնդրում էի ինձ բանալիներ տալ, որոնք կուղղորդեն աշխատանքում: Կերպար ստեղծելու ամեն բառը քայլ է, եթե հեռախոսային ծրագրերի պես հաշվենք, թե ամեն դերի համար որքան քայլ ենք կատարում, շատ երկար ճանապարհորդություն կստացվի:

- Այ, հիմա հասկացա, թե ինչ նկատի ունեիք այդ ամենը ճանապարհորդություն անվանելիս:

- Ընթացքում անընդհատ քայլում ես ու միայն առաջ չէ, որ գնում ես, հետ քայլեր էլ ես կատարում: Շատ բարդ ընթացք է, բայց միաժամանակ չափազանց հետաքրքիր: Ես էլ այդ մասին չէի մտածել, խոսելու ընթացում նոր մտքեր ծնվեցին, որ ամեն ներկայացում ճանապարհորդություն է, բայց ոչ մեքենայով, այլ՝ ոտքով (ծիծաղում ենք,-հեղ.):

Դիանա Մալենկոն


- Շատ լավ վերնագիր կարող է լինել (ծիծաղում ենք,-հեղ.): Բա կինոն այդ դեպքում ի՞նչ ուղի է, այնտեղ մեքենայի՞ց էլ եք օգտվում:

- Հիմա մտածեմ ու ասեմ (լռություն,- հեղ.): Նախ թատրոնն ու կինոն իրար հետ կապ չունեն: Կինոն մի բանով է հեշտ, որ քայլեցիր, քայլեցիր, կանգնում ես, նկարվում, ու այդ պահը սիրուն է ստացվում, իսկ թատրոնի դեպքում ամեն անգամ այդ կադրը պիտի ստանաս, կենդանի ընթացք է: Մեր կինոն ավելի քիչ հաջողություն ունի, որովհետեւ այդ երկար քայլելու ժամանակը չի լինում ֆինանսական կամ այլ պատճառներով, ու չես կարողանում նույն կերպ երկար աշխատել դերիդ վրա: Բայց առավելություն էլ ունի, գեղեցիկ ու զգացմունքային տեսարան ստացար, եւ այն հավերժ մնում է պատմության ու քո մեջ:  

- Ձեր կինոդերերը բավական շատ են:

- Հաշվենք, մոտ 6-7-ն են լինում, շատ ավելին ունեմ, որ քասթինգը չեմ անցել: Հետո երբ դիտել եմ քասթինգը, ես էլ եմ մտածել, որ ինձ միանշանակ չէի ընտրի (ծիծաղում ենք,-հեղ.):

- Եղե՞լ են ֆիլմեր, որոնցում կուզեիք նկարված չլինել:

- Միանշանակ, եւ ավելի շատ են, քան հավանածներս:

- Դուք նաեւ ֆիլմեր դիտելու սիրահար եք, կա՞ն ռեժիսորներ, որոնց աշխատանքները Ձեզ հատկապես հոգեհարազատ են:  

- Այնքան շատ են, որ չգիտեմ էլ՝ ում թվարկեմ՝ Վոնգ Կար Վայ, Սինխ, Սորենտինո, Ալմոդովար, Նոե, Բերգման, Ֆելինի, Լինչ, Սկորսեզե:


- Ձեր հագեցած գրաֆիկի դեպքում ո՞նց էիք հասցնում ամեն դեպքում այդքան շատ ֆիլմեր դիտել:

- Դա որ չլիներ, կգժվեի: Երկու բան կա՝ կինո ու երաժշտությունը, առանց որոնց դժվար կապրեմ: Քայլելիս միշտ ականջակալներով եմ, իսկ կինո դիտելը գիշերային թեմա է, երբեմն կատակում եմ, որ «Բարի լույս»-ից դուրս եկա, որ գիշերները կինո նայեմ (ծիծաղում ենք,-հեղ.): Սիրում եմ այդ ժամերը, երբ բոլորը քնած են, համընդհանուր լռություն կա ամբողջ քաղաքում, դրա համար էլ գիշերն եմ սիրում օգտագործել ինձ համար:

- Այս սեպտեմբերին պետք է լիներ «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերան, բայց այն անորոշ ժամանակով հետաձգվեց:

- Դրանից ընդամենը 2 օր առաջ նորից ադրբեջանցիները հարձակվեցին: Համացանցում տեսանյութ էին տեղադրել, թե Երեւանը որքան աղտոտված է: Հիմա այդ պատկերն աչքիս առաջ եկավ, եւ եթե Հայաստանի ցավն այդ պատկերով լինի՝ մուգ կարմիր գույն կունենա: Այս պատերազմից հետո այն նորից շատ խտացավ: Բոլորս փորձում ենք սովորական առօրյային անցնել, մեկ էլ անկախ մեզնից մի մեծ տխրություն ու ցավ է գալիս, ու չես հասկանում, թե ինչից է: Իրականում դրանք այս ամբողջ ընթացքում կուտակված ցավերն են, որոնք միեւնույն է՝ հարվածում են: Նույն բանն էլ իմ ծանոթ մարդկանց ու ընկերների մոտ եմ նկատել: 2020-ից հետո փորձել էինք նորից բնականոն կյանքին վերադառնալ, վերջապես պրեմիերա էինք ունենալու, ու սեպտեմբերյան դեպքերն եղան: Միանգամից Գոռ Կիրակոսյանին զանգեցի, պարզ էր, որ պրեմիերան չի կայանալու: Մի քանի օր անց գնացինք միասին խմելու ու նշելու մեր չկայացած պրեմիերան:

- Դիանա, Դուք մեր եթերի գեղեցիկ ու նորաձեւ հաղորդավարներից եք, ինչպե՞ս կբնորոշեք սեփական ոճն ու ինչի՞ն եք կարեւորություն տալիս:

- Ինձ միշտ հետաքրքրել է մարդու անհատականությունը: Կարող է անգամ նորաձեւ չլինել, բայց որեւէ դետալ ունենալ՝ ակնոց, սանրվածք: Դեռ շատ փոքր տարիքից ամբոխի մեջ ֆիքսում էի այդպիսի մարդկանց: Դրա համար ինքս էլ միշտ այդպիսի որեւէ դետալ եմ փորձել ունենալ: Առաջին դասարանի հանդեսի համար մայրիկս ինձ համար դիմակ էր պատրաստել, որը սիրուն էր, բայց մի բան պակասում էր: Ու մայրիկս թղթից երկար թարթիչներ ավելացրեց, հիմա եմ հասկացել, որ այդ որակն իրենից է ինձ փոխանցվել:

- Հիմա ո՞րն է Ձեր այդ տարբերող դետալը:

- Հիմա ավելի ներքին դետալների փնտրտուքի մեջ եմ: Եվ եթե այդ մասին խոսեմ՝ ոտաբոբիկ լինելը, նկատի ունեմ ձգտումն իմ ամենաբնական ձեւին: Այլ բան է, երբ հողին կանգնած ես կոշիկներով, եւ մեկ այլ բան՝ լրիվ բոբիկ: 2 տարբեր մարդ ես դառնում: Դա նաեւ ոճիս վրա է անդրադարձել: 


- Շա՞տ եք ոտաբոբիկ քայլում կյանքում:

- Շատ-շատ, երբ օգոստոսին Սեւան եմ գնում, այդ ընթացքում գրեթե կոշիկ չեմ հագնում, անգամ փշերի միջով եմ քայլում: Երկու օր ոտքերդ ցավում են, բայց հետո սովորում ես, ու կոշիկը սկսում է խանգարել:

- Սերն ի՞նչ է Ձեզ համար:

- Հրաշք (ծիծաղում է,-հեղ.), մինչ օրս չբացահայտված երեւույթ: Ինչքան ապրում եմ, դրան եմ գալիս, որ սերն ընդհանուր բան է ու կապ չունի, թե ում կամ ինչին ես տալիս: Իմ սիրելի արտահայտություններից է. «Ինչ տվել ես, քոնն է», իրոք, այդպես է: Այդ տվածդ սերը կամ չսերն ես դու: Իմ անձնական սերն էլ մի ուրիշ թեմա է: Մեկ էլ հոպ, ու սիրահարվում ես: Չգիտես էլ՝ ինչու հենց նա, ինչու հենց նրա աչքերը կամ պատկերն է ներսդ տակնուվրա անում, բայց հենց դա էլ հրաշքն է:

- Դիանա, նշեք արվեստի 3 գործ, որոնք տպավորել են Ձեզ:

- Աբաս Քիառոստամի՝ «Խոշոր պլան» (ֆիլմ), Բորիս Էյֆման՝ «Ռոդեն» (բալետ), Յուկիո Միսիմա՝ «Հայրենասիրություն» (գիրք):

- Այս տարի ամենաշատը տպավորած 3 մարդիկ:

-Տաքսու վարորդը՝ ճանապարհս 25 րոպե էր, բայց մեկուկես ժամ ուղղակի երթեւեկեցինք, որ զրուցենք: Իմ ընկերներից Էդվարդը, իսկ երրորդին չեմ ասի (ծիծաղում է,-հեղ.):

Դիանա Մալենկոն


- 3 բացահայտում Ձեր մասին:

- Առավոտյան արթնանալիս չեմ սիրում խոսել, շատ եմ ծխում ու հաճախ խառնում եմ ներկայացման փորձի օրերն ու ժամերը (ծիծաղում է,-հեղ.):

- 3 բան, ինչից հրաժարվել եք այս տարի:

- Եթեր, շաքարով սուրճ ու ճանապարհորդություն:

- 3 կարեւոր բառ:

- Սեր, մամա, Աստված:

- 3 կարեւոր ապրում:

- Բաց թողնելու, անպատասխանատու քայլ անելու եւ սեփական ոտքերի վրա մենակ եւ ուժեղ կանգնելու:

- Ի՞նչ կա Ձեր անպայման անելու ցանկում ու ի՞նչն եք արդեն հասցրել կյանքի կոչել:

- Ուղղաթիռով եմ շրջել, իսկ հաջորդն արդեն իմ տունն ունենալն է:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Նկարահանման վայրը՝ «Art Kvartal»

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW