«Մանկական Եվրատեսիլ 2011»-ի Հայաստանի պատվիրակ Դալիթային էր վստահված վարել այս տարի Երեւանում անցկացվող «Եվրատեսիլ»-ի բացման արարողությունը։ Տարիներ անց ունեցած զգացողությունների եւ այլ թեմաների շուրջ BRAVO.am-ը զրուցել է երգչուհու հետ։
«Հաճելի ու դրական հուշեր արթնացան։ Մի ուրիշ զգացողություն էր այսքան տարի անց նույն համալիրում ականատես լինել մրցույթին. ամբողջ ընթացքում հուշերի գիրկն էի ընկել։ Շատ ուրախ եմ, որ Հանրապետության հրապարակում բացման միջոցառումը վարելու պատասխանատու գործն ինձ ու Համլետին էր վստահված։ Նախորդ հունիսից հաղորդավարուհու համար քասթինգներ էին անցկացվել, մի քանի անգամ մասնակցել եմ լսումներին ու ի վերջո ընտրվել»,-պատմել է նա։
«Եվրատեսիլը» կարիերայի լավագույն շրջաններից մեկն է համարում. «Մրցույթին մասնակցել եմ 11 տարեկանում, այն ինձ մեծ ճանաչում բերեց Հայաստանում եւ արտերկրում: Համերգային հրավերներ ստացա, առաջին մենահամերգն ունեցա Լիբանանում։ Այլ մրցույթների մասնակցելու հրավերներ եղան Իտալիայից, Մալթայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից եւ այլ երկրներից»։
2022-ն իր համար լավ տարի էր. «22 տարեկանում ծրագրավորման ոլորտում ստացա մագիստրոսի կոչում, ինչն ինձ համար շատ կարեւոր էր։ Նկարահանվեցի «Հատուկ դասարան» սերիալում։ Նաեւ նոր ծանոթությունների տարի էր. հանդիպեցի շատ լավ մարդկանց, որոնց հետ ընկերացել ենք։ Կարճ ասած՝ ինձ այլ տեսանկյունից բացահայտեցի։ Շնորհակալ եմ տարվան այն ամենի համար, ինչ ինձ տվեց։ Հուսով եմ՝ գալիք տարին էլ նույնքան հաջող ու հագեցած կլինի»։
Ձմեռ պապիկին նամակ վաղուց չի գրում. «Մի շարք ցանկություններ ունեմ, որոնց մասին չեմ բարձրաձայնի։ Պետք է շատ աշխատենք, որ հասնենք մեր երազած արդյունքին»։
Նոր տարին դիմավորելու է ընտանիքի հետ. «Տարեմուտին միշտ հարազատներիս հետ եմ լինում, եղել են տարիներ, որ կեսգիշերին համերգի եմ մասնակցել։ Այս անգամ դեռ հստակ ծրագրեր չկան, միգուցե կեսգիշերին ընկերներիս հետ հավաքվենք, կամ էլ մյուս օրը տոնենք»:
Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Դալիթայի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: