Prima Classic (ԱՄՆ) ձայնագրման ընկերությունը հայ երաժիշտներին եւ հայ երաժշտությունը միջազգային հարթակներում հանրահռչակելու նախագիծ է իրականացնում: Սկսնակ եւ կայացած երաժիշտներն այս օրերին հնարավորություն ունեն ձայնագրել եւ թողարկել թվային սինգլներ, մինի ալբոմներ (EP) եւ ալբոմներ՝ միջազգային հեռարձակման բոլոր հարթակներում հրապարակելու հնարավորությամբ:
Այս նպատակով առաջին անգամ Հայաստան է ժամանել Prima Classic ձայնագրման ընկերության համահիմնադիր, գլխավոր տնօրեն, հնչյունային ինժեներ Էդգարդո Վերթանեսյանը, որը ձայնագրել է ավելի քան 100 դասական երաժշտական ալբոմ, համագործակցել է Մադոննայի, Ռիհաննայի, Էմինեմի, Ջեյ-Զիի եւ հայտնի այլ արտիստների հետ։
«Մեր գլխավոր նպատակն է գտնել տաղանդավոր երաժիշտների: Նրանց համար շատ կարեւոր է ձայնագրվելը, ինչը բավական թանկ է, եւ մենք փորձում ենք տալ այդ հնարավորությունը. հոգսը վերցնում ենք մեզ վրա։ Հետագայում նրանք կարող են ամենուր ներկայացնել իրենց ձայնագրությունները, գտնել միջազգային մենեջերների կամ գործակալների, ովքեր կօգնեն կարիերայի ընթացքում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Վերթանեսյանը։
Նրա խոսքով՝ տեղացի արտիստները շնորհալի են, ինչը նշանակում է՝ ուսումնական համակարգը լավն է․ «Իհարկե, ծնողները նույնպես իրենց մեծ դերն ունեն, քանի որ դեռ վաղ տարիքից հետեւում են երեխաների մասնագիտական կրթությանը։ Որպես սոլո արտիստ հաջողության հասնելու համար պետք է երաժշտությամբ զբաղվել 4-6 տարեկանից։ Ավելի ուշ սկսելու դեպքում հնարավոր է՝ ոչինչ չստացվի։ Իսկ մեր արտիստները մեծ բեմերի հասնելու ներուժ ունեն»։
«Primavera» բարեգործական հիմնադրամի եւ Armenopole միջազգային առցանց հարթակի հետ համագործակցությամբ իրականացվող նախագծի շրջանակում երաժիշտներին կտրամադրվեն ֆինանսական միջոցներ, կապահովվեն ձայնագրման համար միջազգային ստանդարտներին համապատասխան բոլոր պայմանները, փոստ-փրոդաքշնը, թողարկումն ու մարքեթինգային բոլոր միջազգային գործիքները՝ ձայնագրության տարածում Spotify, Apple Music, YouTube եւ ավելի քան 80 միջազգային հարթակում, գովազդային աջակցություն եւ այլն:
Կարճ ցանկում ընդգրկված երաժիշտների համերգից հետո, որը հեռարձակվել է Armenopol միջազգային առցանց հարթակով, հայտարարվել էին հաղթողների անունները։ «Սկսնակ երաժիշտների» (18-28 տարեկան) ծրագրի հաղթող են դարձել դաշնակահարներ Գայանե Ասլանյանը, Սուրեն Բաբայանը, Ռուբեն Կոզինը, հոբոյահար Հայկ Հեկեկյանը եւ դասական կիթառահար Վահան Սարգսյանը։ Ընտրությունը կատարել է Էդգարդո Վերթանեսյանը։
Prima Classic ձայնագրման ընկերության եւ Primavera Foundation of Armenia-ի համագործակցությունն ունի նաեւ կրթական բաղադրիչ. հայ երաժիշտների եւ հնչյունային ինժեներների համար նախատեսված է ամենամյա սեմինար «Երաժշտության արտադրության եւ դասական երաժշտության ինդուստրիայի հիմնական դրույթները» թեմայով, որը կվարի Էդգարդո Վերթանեսյանը։
Prima Classic լեյբլի կողմից հասանելի կլինի նաեւ խորհրդատվական աջակցություն երաժշտական արտադրության, ալբոմի թողարկման պլանավորման եւ միջազգային առաջխաղացման վերաբերյալ: Հայաստանցի այն հնչյունային ինժեներներին, որոնք ցանկանում են զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները, կտրվի հնարավորություն Prima Classic լեյբլում անցնել վերապատրաստում եւ ստեղծել միջազգային մասնագիտական կապեր:
Primavera Foundation of Armenia-ի գլխավոր տնօրեն եւ համահիմնադիր Ելենա Յակովլեւան էլ իր հերթին հույս է հայտնել, որ նախագիծը կոգեշնչի երիտասարդ երաժիշտներին ավելի կատարելագործել եւ հանրահռչակել իրենց կատարողական արվեստը:
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: