×


«Ֆողմիդաբլը Ազնավուր». լեգենդար շանսոնյեի երգերը հնչեցին Երեւանում եւ Գյումրիում

Ֆրանսիական երաժշտությունն ու ազնավուրյան մոտիվները դեկտեմբերի 19-ին լցրել էին Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահը։ «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի շրջանակում ցուցադրված «Ֆողմիդաբլը Ազնավուր» ներկայացումը հանդիսատեսին պատմում էր մեծն երաժշտի կյանքի տարբեր դրվագները։

50 երկրում 1 միլիոնից ավելի հանդիսատես արդեն դիտել է այս ներկայացումը, երեւանյան հանդիսատեսը նույնպես հնարավորություն ունեցավ վայելելու այն։ «La Bohème»-ից մինչեւ «Les Comediens»` ազնվարուրյան 25 երգերը հնչում էին ֆրանսիացի երգիչ Ժյուլ Գրիսոնի կատարմամբ եւ հանդիսատեսին տեղափոխում Փարիզի «բոհեմական» միջավայր։


Ժյուլ Գրիսոնի խոսքով՝ ներկայացման ընթացքում յուրաքանչյուր երկրում հանդես են գալիս տարբեր երգացանկով։ Հայաստանում պարտադիր երգում են «Քեզ համար, Հայաստան» երգը: Շառլ Ազնավուրի երգերը կատարելը միշտ պատասխանատու գործ է:

«Մանկուց լսել եմ Շառլ, որովհետեւ ծնողներս լսում էին նրան։ Ֆրանսիական երաժշտությունն առանձնահատուկ է, այս շոուն էլ Ազնավուրի կյանքի տարբեր դեպքերը պատկերող նկար է»,- ասում է Գրիսոնը։

Ժյուլ Գրիսոնը


Երաժշտական ներկայացման ժամանակ բեմում 1960-ականների փարիզյան մթնոլորտն էր, երբ արտիստներն ու երաժիշտները երեկոներ էին անցկացնում Մոնմարտրի բազմաթիվ սրճարաններում։ Գրիսոնի հետ բեմում ֆրանսիացի երաժիշտներ էին (դաշնամուր, ակորդեոն, կոնտրաբաս, հարվածային գործիքներ, ջութակ/ֆլեյտա):

«Ֆողմիդաբլը Ազնավուրը» պատմում է նաեւ շանսոնյեի եւ Հայաստանի ամուր կապի մասին: Կյանքի վերջին տարիներին Շառլ Ազնավուրը Շվեյցարիայում ՀՀ դեսպանն էր։


Ներկայացման ռեժիսոր Ժիլ Մարսալան նշում է՝ առիթ է ունեցել հանդիպել Ազնավուրի հետ եւ քննարկել ներկայցման կառուցվածքը. «Ես շատ երջանիկ եմ, որ մեկ անգամ չեմ հանդիպել Ազնավուրին։ 2017 թվականին Նյու Յորքում իր վերջին համերգի ժամանակ մենք միասին քննարկեցինք ներկայացման ընթացքը»:

Ժիլ Մարսալան


«Երեւանյան հեռանկարներ» փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանն էլ նշում է՝ ներկայացումը Հայաստանում ցուցադրելու առաջարկն արել է ներկայացման հեղինակ եւ պրոդյուսեր Ժիլ Մարսալան. «Խորհրդակցեցինք Ազնավուրի ընտանիքի անդամների հետ, եւ մեզ ասացին՝ երազել են, որ այս ներկայացումը Հայաստանում ցուցադրվի։ Ժիլ Մարսալան մեզ հայտնեց, որ Ազնավուրի ստեղծած 1200 երգերից 25 հատընտիրներն այսօր հնչելու են»:


Ազնավուրյան մթնոլորտը դեկտեմբերի 20-ին տեղափոխվել էր նաեւ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն։

Տեքստը՝ Մերի Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Հովհաննես Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին