×


«Իմ ընտանիքի համար էլ բավական դժվար տարի էր». Յանա Դանիելյան

Յանա Դանիելյանը դստեր` Ադելի հետ տոնական նոր ֆոտոշարք ունի, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին՝ խոստովանելով, որ դժվար տարի է անցկացրել։

«Փառք Աստծո, այն ավարտին է մոտենում։ Ինչպես երեւի բոլորի, իմ ընտանիքի համար նույնպես բավական դժվար տարի էր. մեր երկրում տիրող իրավիճակին գումարվել էր նաեւ Ուկրաինայի պատերազմական իրավիճակը, իսկ մայրս ուկրաինուհի է, ու այնտեղ ապրող շատ բարեկամներ ունենք, որոնց համար մինչ օրս անհանգստանում ենք։ Աշխատանքի եւ ուսման առումով բավական արդյունավետ տարի էր, խոհանոցային նախագծում նկարահանումները շարունակել ենք։ Սովորում եմ նաեւ Ագրարային համալսարանի անասնաբուժության ֆակուլտետում, քննություններն էլ բարեհաջող հանձնել եմ։ Մի շարք ծրագրեր էլ ունեմ, որոնք 2023-ին պետք է հերթով կյանքի կոչել»,-ասել է Յանան։


Տարեմուտը դիմավորելու է տանը. «Նոր տարին ընտանեկան տոն է, եւ սիրում եմ Ամանորի գիշերը տանն անցկացնել ամենահարազատ մարդկանց հետ։ Իհարկե, եղել են տարիներ, որ արտերկրում ենք նշել, բայց ինձ համար նախընտրելի տարբերակը տանն անցկացնելն է։ Մեր ավանդական նոր տարիները սիրում եմ։ Մանկուց իմ տոները շատ հետաքրքիր են անցել ու տարբերվել են միմյանցից»։

Տոնածառն արդեն զարդարել են. «Դեկտեմբերի 10-ից դրել եմ եղեւնին, մի քանի օր այդ տեսքով մնաց, հետո աստիճանաբար սկսեցինք զարդարել ու ավելի գեղեցկացնել»։


Երազանքների փոխարեն ծրագրեր ունի. «Թե՛ տարեդարձիս օրը, թե՛ Ամանորին երազանքներ չեմ մտապահում, դրանք վաղուց ծրագրերի եմ վերածել։ Վերջին տարիներին դժվար է ապագայի հետ կապված ծրագրեր կազմելը, չգիտես՝ վաղն ինչ կլինի։ Ամեն առիթով շնորհակալ եմ լինում Աստծոն այն ամենի համար, ինչ ունեմ։ Ինձ երջանիկ մարդ եմ համարում, քանի որ հարուստ եմ ինձ սիրող  ու հարգող մարդկանցով»։

Տոնական նվերը թողել է Ձմեռ պապիկի հայեցողությանը. «Վերջին օրերին այս հարցն աղջիկս էլ է ինձ տալիս, բայց իսկապես չկա նյութական մի բան, որ կանցնի մտքովս ու կուզեմ։ Մի ցանկություն ունեմ, բայց չգիտեմ՝ դա Ձմեռ պապիկը կկարողանա իրականացնել. ուզում եմ խաղաղություն ու հանդարտություն լինի ոչ միայն մեր երկրում, այլ նաեւ ողջ աշխարհում, որ սեր ու համերաշխություն լինի բոլորիս ընտանիքներում»։

Տեքստը` Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Յանա Դանիելյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին