×


Ալլա Վարդանյան. «Կյանքի այս փուլում Արմենին եւ ինձ հենց սերն է պահում»

Դերասանուհի Ալլա Վարդանյանի հետ հարցազրույցին շատ անհանգիստ էի գնում, դժվարությամբ էի համոզել խոսել եւ հասկանում էի, թե որքան բարդ է լինելու նրա համար: Բայց տիկին Ալլայի բարի աչքերը տեսնելուն պես հասկացա, որ ամեն ինչ լավ է լինելու, իսկ երբ մեր զրույցին միացավ նաեւ դերասան Արմեն Մարությանը, այն ավելի հետաքրքիր դարձավ:

BRAVO.am-ի համար խոսեցինք ընտանեկան արժեքներից, կորցնելու մեծ ու անդառնալի ցավից, սիրո բուժիչ հատկությունից ու դե, իհարկե, թատրոնից:

- Զրույցի համար պայմանավորվելիս միանգամից հրավիրեցիք Ձեր տուն, ինչո՞ւ այստեղ ցանկացաք հանդիպել:

Ալլա. Տունն ու ընտանիքն ինձ համար մեծ նշանակություն ունեն, դե, այստեղ ավելի ջերմ է խոսակցությունը ստացվում, ընտանեկան մթնոլորտում անցնում, ինչը շատ եմ սիրում, բացի այդ էլ, տանն ավելի հանգիստ եմ զգում:

- Կա՞ ինչ-որ անկյուն կամ հատված տանը, որտեղ ավելի շատ եք լինում:

Արմեն. Բակն է սիրում:

Ալլա. Այո, բակն իսկապես սիրում եմ, բայց տեսաք, որ Ձեզ միանգամից խոհանոց տարա, չգիտեմ էլ՝ ինչու, այնտեղ լինելն ամենաշատն եմ սիրում:

Արմեն. Ինչպե՞ս չգիտես. կինը ծնվում է խոհանոցում (ծիծաղում է,-հեղ.)

- Բայց Դուք էլ եք խոհանոցում սիրում լինել ու օգնել տիկին Ալլային:

Արմեն. Սիրում եմ այնքան, ինչքան տղամարդը դրանից հաճույք է ստանում: Առհասարակ, տղամարդ խոհարարը սիրում է ստեղծագործել եւ ահագին կերակուրներ փչացնել:

Ալլա. Միշտ վիճում ենք. ես նստում եմ, սուրճ խմում ու մի աչքով հետեւում, թե ինչ է անում:

Արմեն. Ուտելիքներ փչացնելու մասնագետ եմ, բնականաբար, իմ պատրաստելը շատ թանկ է նստում: Ալլան հաճախ է ասում. «Այդ բանը դիր այնտեղ», «Սխալ արեցիր» կամ «Աղը քիչ արեցիր»:

Ալլա Վարդանյանը


Ալլա. Մայրս մի քանի ամիս մեր տանն էր ապրում, մի օր նա ու Արմենը խոհանոցում էին, մեկ էլ մայրս շատ վրդովված եկավ ու ռուսերենով ասաց, դե, ուկրաինուհի էր. «Գիտե՞ս ինչ, Ալինկա, 2 տնտեսուհի մեկ խոհանոցում անհնար է՝ լինի» (ծիծաղում ենք,-հեղ.):

Արմեն. Որովհետեւ իրենց ընտանիքը մի քիչ տարօրինակ էր այդ առումով: Եթե Ալլայի հայրն ու եղբայրներն աշխատանքից գային, ու մայրը տանը չլիներ, շատ երկար՝ անգամ մինչեւ առավոտ կարող էին սոված մնալ: Ախր, ամեն ինչ խոհանոցում կա, ինքներդ կարող եք սեղանը գցել... Բայց նրա մորից այնքան բան եմ սովորել, օրինակ՝ թթու դնել: Մի անգամ տեսա սարքելիս ու հարցրի. «Տամարա Միխայլովնա, մերոնք աղը շատ են լցնում», պատասխանեց. «Դրա համար ձեր թթուն ուտել չի լինում»:

- Այսօր մեզ միասին պատրաստած չրերից եք հյուրասիրում:

Արմեն. Ես, երեւի միայն կեղեւը մաքրելիս եմ օգնում, մնացածն Ալլան է անում, նա է իսկական վարպետը:

- Տիկին Ալլա, ո՞րն է լավ չիր ստանալու գաղտնիքը:

Ալլա. (Ծիծաղում է,-հեղ.), բոլոր մրգերը մեր այգուց են, նախկինում ցուկատ էլ էի անում, բայց այս տարի որոշեցի առանց շաքարի պարզապես չորացնել արեւի տակ: Ամբողջ ամառ վազվզում էի ու արեւ ման գալիս. այնքան ծառ է տնկել Արմենը, որ արեւը քիչ է ընկնում: Մեծ հաճույքով ծառեր ենք աճեցրել, լիքը-լիքն ունենք, ու Արմենն ինքն է խնամում:

- Ծառերի ու բնության հետ աշխատանքն ինչպե՞ս է օգնում ու հանգստացնում:

Արմեն. Ալլան էլ է սիրում բնությունը, կարեւոր է, որ կողքիդ մարդն էլ նույն վերաբերմունքն ունենա: Բնություն սիրելն ամեն մարդու չէ տրված, մեր քաղաքում շատերը կան, որ ծառի տեսակներն իրարից չեն տարբերում, ես առանց տերեւի էլ կասեմ՝ որն է բալը, ծիրանն ու մյուսները: Հետները շփվելիս բոլորին էլ առանձին-առանձին ճանաչում ես: Ծառը կենդանի արարած է ու ամեն ինչով մեզ է նման, միակ խնդիրն այն է, որ չի կարողանում քայլել: Եթե կարողանա, կգնա ու ջուր կգտնի, բայց չորանում է, ու դու պիտի նրան օգնես:

Ալլա. Դա զգացինք, հենց որ այգի ունեցանք: Ծառերը նաեւ սեր են ուզում, ծաղիկների պես սիրում են, որ հետները խոսես:

Արմեն. Խնձորի ծառը, որ երկար ժամանակ բերք չի տալիս, կացինը վերցում ես ու ասում՝ եթե այս ծառը մյուս տարի էլ բերք չտա, կտրելու եմ, ու իսկապես մյուս տարի վախից տալիս է: Նման բաներ կան, չգիտեի՞ք:

Արմեն Մարությանը


- Տիկին Ալլա, Դուք նորից հեռուստատեսություն վերադարձաք, ինչո՞ւ համաձայնեցիք այդ աշխատանքին:

Ալլա. Երբ առաջարկեցին վարել Առաջին ալիքի «Մուլտերը խոսում են հայերեն» հաղորդումը, մեծ կասկածներ ունեի, չգիտեի՝ ինչ նախագիծ է ու ինչ է ինձ սպասվում:

Արմեն. Անկեղծ կլինեմ, չէի ուզում, որ Ալլան վերադառնա նույն հաղորդմանը, սովորաբար, անգամ ֆիլմերի շարունակությունը նույնքան լավը չի լինում, որքան նախորդը: Ալլային էլ ասացի, որ 20 տարի առաջ իր մոտ շատ լավ է ստացվել, մինչեւ հիմա էլ փողոցում տեսնելիս Ալլա մորաքույր են ասում, ու վախ կա, որ այդ ամենը կարող ենք փչացնել: Բայց պրոդյուսեր Մարիաննա Մանուչարյանը համառորեն պնդեց ու ի վերջո մեզ համոզեց, Ալլան նկարահանվեց, եւ բավական շատ ու լավ արձագանքներ եղան:

Ալլա. Թեեւ տրամադրություն չունեի ու չէի ուզում համաձայնել, բայց հասկանում էի, որ ինձ աշխատանք է պետք: Ելենա Արշակյանից էլ եմ շնորհակալ, որ մեծ դժվարությամբ ինձ համոզեց, ու նկարվեցի «Ծաղիկներ ձյան տակ» սերիալում, ռեժիսոր Քաջայր Հակոբյանի հետ աշխատեցինք: Այդ մարդկանց անունները չեմ կարող չնշել, որովհետեւ այն ժամանակ առավել եւս ծանր էր, դեպքից ընդամենը մի քանի ամիս էր անցել, բայց զբաղվածությունն ինձ օգնում էր, ինչ-որ տեղ դա ինձ փրկեց: Տեքստերն էի անընդհատ անգիր սովորում ու ցրվում:

Արմեն. «Ո՞նց ես» արտահայտությունն ամենաբարդն է դարձել մեզ համար, բոլորը ճանաչում են ու հարցնում: Ասում եմ. «Ուֆ, չնեղանաք, այդ հարցն էլ մեր մասին չէ»: Մենք ապրել ենք մինչ այդ դեպքը, հիմա ստիպված ուրիշ կյանք ենք ապրում:

- Իսկ ինչպե՞ս սովորեցիք այդ կյանքին:

Արմեն. Չենք սովորել, դե, մեծ աղջիկս ու թոռներս կան, իրենք ի՞նչ մեղք ունեն, այդքան հեշտ չի: Այդ հզոր դարդի մեջ էինք, երբ դեպքից 3 տարի անց մեր թոռնիկը պիտի ամուսնանար:

Ալլա. Երկու տարի:

Արմեն. 2,5 տարի. Անժելայի նշանադրությանը բոլորը մեզ էին նայում, մարդիկ եկել էին ուրախանալու, իսկ մենք հենց այնպես նստեինք, ո՞նց կլիներ: Ասացի. «Ալլա, վեր կաց», ու սկսեցինք պարել: Մեր թոռն է ամուսնանում, կյանքը ե՛ւ արցունք է, ե՛ւ ուրախություն, ինչքան էլ քո ցավը մեծ է, բայց այդ երեխան ի՞նչ մեղք ունի: Ու միանգամից ամեն ինչ փոխվեց, եղան ընկերներ, որ հետո մոտեցան եւ ասացին. «Դուք շատ ուժեղ մարդիկ եք, ապրեք»: Մենք ուժեղ չենք, ստիպված ենք այդպես անել:

Ալլա. Բացի այդ էլ, ինչքան կարող ես քո ցավն ուրիշի վզին փաթաթել: Լավ, վերադառնանք Մարիաննային: Նա էլ Հասմիկ ջան քեզ պես բավական համառեց, որ համաձայնեմ (ծիծաղում ենք,-հեղ.):

Արմեն. Ասեմ, որ դու էլ ես շատ համառ:

- Որովհետեւ զգում էի, թե որքան լավն ու դրական է լինելու մեր հանդիպումը:

Ալլա. Շարունակեմ պատմությունը, առավոտյան պետք է հեռուստատեսություն գնայի, երբ գիշերն Արմենն ասաց. «Չէ, Ալ, չես գնալու, պետք չի»: Շատ դժվար էր ինձ համար, այդ բոլոր հիշողությունները… Առավոտյան զանգեցի ու հրաժարվեցի, բայց խնդրեցին, որ գոնե մեկ անգամ փորձեմ: Ինքս էլ չգիտեմ՝ ինչու ուզեցի գնալ, թեեւ գիտեի, որ բարդ է լինելու, բայց ամեն ինչ լավ ստացվեց:

- Ի՞նչ զգացիք այդքան տարիներ անց նորից մանկական հաղորդում վերադառնալիս:

Ալլա. Ոնց որ տուն վերադառնայի:

Արմեն. Այս ինչ սիրուն բան ասացիր:

- Իսկ ինչպե՞ս էր ստացվել, որ բավական երիտասարդ տարիքում սկսեցիք վարել «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդումը:

Ալլա. 28 տարեկանում:

Արմեն. Այնպես չէ, որ Ալլայի նմանը չկա, շատերն են փորձել այդ հեքիաթը վարել, բայց բոլորի դեպքում չէ, որ հաջողվել է: Պիտի դիպչի երեխաներին, որովհետեւ նրանց խաբելն աշխարհի ամենաբարդ բանն է, իսկ Ալլայի դեպքում շատ լավ ստացվեց. մինչեւ այդ հաղորդավարներին մորաքույր չէին ասել:

Ալլա Վարդանյանը եւ Արմեն Մարությանը


- Ինչպե՞ս էր առաջին անգամ եթեր դուրս գալն ու շա՞տ էիք անհանգիստ:

Ալլա. Ահավոր, ինչքան դժվար էր: Այն ժամանակ հեռուստաթատրոնում ներկայացումներում էի խաղում, երբ մի օր նկարվելիս Արմենն ասաց, որ ինձ ուզում են փորձել «Բարի գիշեր»-ում: Համաձայնեցի, բայց բարդ էր նրանով, որ անմիջապես տիկնիկների հետ պետք է շփվեի, սովորաբար դերասանների հետ եմ աշխատել ու աչք տեսել, նրանց դեպքում սառած դեմք էր (ծիծաղում ենք,-հեղ.): Ու սկզբի շրջանում ոչ թե տիկնիկներին էի նայում, այլ նրանց խաղացնողներին:

Արմեն. Մեկ էլ գոռում էին. «Տիկնիկին նայիր»:

Ալլա. Իսկ ես անընդհատ ներքեւ էի նայում (ծիծաղում ենք,-հեղ.):

Արմեն. Մի լավ պատմություն կա. դե, սովորաբար ես էի Ալլային մեքենայով տանում նկարահանումներին, սպասում էի՝ ավարտի, հետ բերեմ: Հերթական օրերից մեկն էր, սպասում էի ու մտածում. «Այսքան զբաղված եմ, սրա հեքիաթն էլ այստեղ, գոնե շուտ գնայինք»: Մեկ էլ հայտնեցին, որ չեն կարող նկարել, քանի որ իշուկի դերակատարը չի եկել: Ստացվում էր՝ հաջորդ օրը նորից պիտի Ալլային տանեի հեռուստատեսություն, ասացի՝ ինքս իշուկի դերում կլինեմ, նրա տիկնիկը հագցրին, տեքստը տվեցին, ու սկսեցինք: Պիտի խոստովանեմ, որ շատ բարդ գործ է. 3 րոպե հետո ձեռքդ էլ չես զգում: Դե, ես լուրջ դերասան եմ ու ձայնս փոխեցի, մի կերպ ձայնագրեցինք, ու ամեն ինչ ստացվեց: Մի օր անց գնացի շուկա, ինձ տեսնելուն պես գոռացին. «Մարության, երեկ էշի դերը լավ էլ խաղում էիր» (ծիծաղում ենք,-հեղ.):

Ալլայի հետ շատ երիտասարդ տարիքից ենք հայտնի եղել, «Իմ տունը քո տունը չէ» էինք խաղում Արմեն Էլբակյանի բեմադրությամբ, շատ հետաքրքիքր կատակերգություն էր, պիեսի հեղինակը Ժիրայր Անանյանն էր: Նման բան չէի տեսել, որ գործն այդքան հայտնի դառնար:

-Ինչո՞ւմ էր յուրահատկությունը:

Արմեն. Ժիրայրը շատ համով էր գրել՝ մի բնակարանում 2 ընտանիք է գալիս բնակվելու, եւ կռիվը սկսվում է, ժողովուրդը կոտորվում էր ծիծաղից: Թատրոնը միշտ վերադառնում է դեպի կատակերգություն, «Օթելլո»-ի ու «Համլետ»-ի հեղինակ Շեքսպիրն իր հալով գրել է «Վենետիկի վաճառականը», «Երկու տիրոջ ծառան», որ տոմսերը վաճառվեն:

- Պարոն Մարության, Դուք Սունդուկյանում եք տեսել տիկին Ալլային, ինչպե՞ս է ամեն ինչ սկսվել:

Ալլա. Ինքն է ինձ տեսել, բայց ես չեմ էլ նկատել. եկել էի թատրոն, իսկ իրենք արձակուրդում էին:

Արմեն. Շատ սիրուն պատմություն է: Տեսել եմ, որ նման աղջիկ է ընդունվել թատրոնի ստուդիա ու մեկ էլ պատահաբար նրան նկատեցի Չերեմուշկայում (Աջափնյակ,-հեղ.) տրոլեյբուս նստելիս: Ինձ միայն իր սիրունությամբ չէր տպավորել, այն դեպքերից էր, երբ Աստծո մատը խառն է լինում: Չեմ ուզում ինքնատիպ երեւալ ու ասել, որ սերը դա է: Հենց տեսա Ալլային, միանգամից վատ զգացի, տարօրինակ բան էր հետս կատարվում... Մեկ էլ պատահաբար նկատեցի տրոլեյբուս նստելիս, դե հիմա դու շարունակիր (տիկին Ալլան ծիծաղում է,-հեղ.):

Ալլա. Տրոլեյբուսը երկար ժամանակ չէր շարժվում, մարդիկ էլ շրջված ինձ էին նայում:

Արմեն. Դե, մեքենայով դիմացը փակել էի, շատ համարձակն էի այն ժամանակ:

Ալլա. Եվ վարորդը վերջապես ասաց. «Ընկերուհի ջան, կարմիր շորով աղջիկ, Ձեզ սպասում են, իջեք տրոլեյբուսից»: Բոլորը շարունակում էին ուշադիր ինձ նայել, ես էլ շատ ամաչկոտ էի ու միանգամից իջա:

Արմեն. Ու եկավ տեղավորվեց մեքենայի հետեւի նստատեղին: Դա էլ եղավ սկիզբը, նստեց ու ավտոյիցս չիջավ (ծիծաղում ենք,-հեղ.):

Ալլա. Կանգառում էլի մարդիկ կային, նրանք էլ էին ուշադիր նայում, երբ մոտեցա Արմենի մեքենային, hարցրեց. «Թատրո՞ն ես գնում, նստիր, կտանեմ»: Վախենալով ասացի. «Հա»: Դրանից հետո էլ տրոլեյբուսը չէր գնում, ու բոլորն ուզում էին իմանալ, թե ինչ է լինելու, դրա համար էլ ամոթից նստեցի: Հետաքրքիրն այն էր, որ հենց ղեկի վրա իր ձեռքերը տեսա, միանգամից հասկացա՝ իմ ամուսինն է լինելու: Երբ Անժելա թոռնիկս մինչ ամուսնանալը հարցրեց. «Ալ, հնարավո՞ր է սեր առաջին հայացքից», պատասխանեցի. «Իհարկե, հնարավոր է»:

Ալլա Վարդանյանը


- Բա վախ չունեի՞ք, անծանոթ տղայի մեքենան էիք նստել:

Ալլա. Իհարկե, ունեի, կարմիր զգեստով էի, բայց ինքս էի լրիվ կարմրել, նույնիսկ երբ մոտեցանք թատրոնին, ինքն իջավ, ես չէի կարողանում, վախից այնքան էի լարվել, մի կերպ դուրս եկա մեքենայից:

Արմեն. Ու այդ դեպքից հետո անցավ քանի՞ տարի:

Ալլա. Դեկտեմբերին 46 եղավ:

Արմեն. Այդպիսի մազալու բաներ մեր կյաքնում:

Ալլա. Բայց մեր կյանքի երջանիկ էտապը անցավ, ու հիմա լրիվ ուրիշ կյանք ենք ապրում:

Ալլա Վարդանյանը եւ Արմեն Մարությանը


- Իսկ հիմա ձեր կյանքի այս փուլում սերն ինչպե՞ս է օգնում, որ դիմանաք:

Ալլա. Հենց այդ սերն է պահում մեզ:

Արմեն. Մի կարեւոր բան ասեմ, այդպիսի բան չկա, որ սերը փոխվում է ու դառնում հարգանք, որովհետեւ մարդը չի ծերանում, ո՞վ է հնարել նման բան: Այս տուփը մաշվում է (ցույց է տալիս ձեռքը,-հեղ.), չի դիմանում, բայց մենք նույնն ենք մնում, ուղղակի տարիների հետ փոխվում ենք, ձեռքը կամ մեկ այլ տեղը ցավում է, բայց հոգին նույն ջահելն է:

Ալլա. Հետաքրքիր է, երբ գնացի Առաջին ալիք, ինձ թվաց՝ էլի նույն աղջիկն եմ, այնքան տարօրինակ զգացում ունեի: Բայց հետո հեռուստատեսությամբ տեսա ու հասկացա, որ իհարկե, նույն աղջիկը չէ, հոգով էի նույնը:

Արմեն. Վատ է, որ հիմա չկա ընտանեկան ալբոմները նայելու մեր հին սովորությունը, ամեն ինչ միայն հեռախոսների կամ էլ համակարգչի մեջ են պահում: Երբ հեռուստացույցով ինձ տեսնում եմ երիտասարդ տարիքում, ապա նայում եմ հայելու մեջ, զարմանում եմ՝ մի՞թե այն տղան ու ես տարբեր մարդիկ ենք: Ստացվում է, որ մենք տարբեր կյանքեր ենք ապրում, այն դպրոցական Արմեն Մարությանը, որը ոտանավոր էր արտասանում, ու ես ի՞նչ կապ ունենք: Ապրումներ կան, որ ալբոմը թերթելիս ունենում ես ու վախենում՝ բազում հարցեր են առաջանում քո ապրած կյանքի մասին:

Հետո թատրոնում ես փոխվում տարբեր դերերի ու ռեժիսորների հետ աշխատանքի արդյունքում: Մեր առաջին փուլը եղել է աճեմյանական, հետո հաջորդել է ղազանչյանականը, ծատուրյանականը, ապա եկել է Արմեն Էլբակյանը, շատ հզոր է ստացվել Վահե Շահվերդյանի ու Տիգրան Գասպարյանի հետ աշխատանքը, շատ լավ գործեր ենք արել միասին: Ալլան իր լավագույն դերերից շատ-շատերը վերջինիս հետ է խաղացել:

- Տիկին Ալլա, թատրոնում Ձեր կայացման ու ձեւավորման փուլերն ինչպե՞ս են անցել, ի՞նչ հիշվող դերեր եք ունեցել:

- Բավական երիտասարդ տարիքում՝ 20-ում, «Հացավան»-ում Հասմիկ խաղացի, շատ լուրջ գլխավոր դեր էր, մեր Սունդուկյանի թատրոնի լավագույն բեմադրություններից էր: Արմենի նշած բոլոր ռեժիսորների մոտ էլ լավ դերեր եմ ունեցել, բոլորի հետ մեծ հաճույքով աշխատել ու փորձ ձեռք բերել, բայց լավագույնները եղել են Շահվերդյանի ու Գասպարյանի հետ: Տարիների ընթացքում փշուր-փշուր հավաքում ես կերպարներդ, պատասխանատու ես քո գործի ու ամեն դերի համար: Վերջին մեր ներկայացումը «Հարսնացուն հյուսիսից»-ն էր (պարոն Մարությանն ընթացքում հուշում է, որ որեւէ մեկին չմոռանա,-հեղ.):

Արմեն. Որ անընդհատ ասում է. «Այ տղա, դե լավ էլի», չգրեք (ծիծաղում ենք,-հեղ.): Անընդհատ մտածում եմ, որ ինչ-որ բան չպակասի:

- Միայն այս մեկն եմ թողնելու, որը Դուք եք ասում (ծիծաղում ենք,-հեղ.)

Ալլա. Այդ գեղեցիկ ստեղծագործական փուլում էր, որ «Գոյա»-ում Լեոկադիա խաղացի: Տիկոն իմ հասակակիցն է, միասին ենք ընդունվել ստուդիա, մյուս ռեժիսորների համեմատ երիտասարդ էր, նա էլ էր ուղղություն ցույց տալիս, բայց զգում էի, որ ինձ վստահում է:

- Իսկ հիմա թատրոնը երկուսիդ կյանքում ի՞նչ դեր է խաղում:

Ալլա. Էլի նույնը:

Արմեն. Նույն կերպ զբաղված ենք՝ ես «Պեպո»-ում Զիմզիմով եմ խաղում, Ալլան՝ «Հարսնացուն հյուսիս»-ում՝ Նատալյա Սեմյոնովնա, այդ ներկայացումը մարդիկ լավ են ընդունում: Պարզապես հիմա թատրոնն է փոխվել, այնպես չէ, որ երկուշաբթիից կիրակի ներկայցումներ կան, արտասահմանի պես է դարձել: Հեռախոսները մարդկանց կտրեցին թատրոնից, բայց կենդանի արվեստը նրանց նորից սկսել է ձգել, բոլոր թատրոններում էլ աճ կա: Մենք էլ ենք դա զգում եւ ուրախ ենք, որ մյուս հարյուրամյակում էլ թատրոնը կլինի:

Ալլա. Իսկ մենք շարունակում ենք կյանքի հետ կռիվ տալ, դժվար բան է, բայց… Այնպես չթվա, որ ամեն ինչ թողած միայն արվեստն է մեր կյանքում:

Արմեն. Անընդհատ փորձում եմ դրանից խուսանավել, բայց չես կարող:

- Գիտեմ, որ դեռ պատրաստ չեք այդ մասին խոսել, քիչ ժամանակ է անցել ու հիշողություններն ամեն օր են ձեզ հետ:

Ալլա. Ամեն վայրկյան:

Արմեն. Երեւի, կգա մի օր, որ կնստենք ու կխոսենք այդ մասին (տիկին Ալլան հուզվում է,-հեղ.), բայց հիմա շատ դժվար է: Անտանելի բան է, այդ չափի բեռ չի լինում, ծանր է:

Ալլա Վարդանյանը


- Դրա համար չեմ ուզում ձեր ցավը նորից վերապրեք ու այդ մասին շատ խոսեք:

Արմեն. Ընդհանրապես դրան չեմ անդրադառնում, բայց Ալլան կին է, չի դիմանում ու չի կարողանում չխոսել:

- Այս տարվա «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ ստացաք Ավետ Ավետիսյանի մրցանակը: Պարոն Մարության, շատ հուզված էիք բեմում, իսկ տիկին Ալլան՝ արտասվում էր դահլիճում:

Արմեն. Չէի ուզում գնալ միջոցառմանը, բայց պնդեցին: Դա իմ 3-րդ Արտավազդն էր, լավագույն դերասանի մրցանակ ունեմ «Պատվի համար»-ից ու «Գոյա»-ից, այդ մեկը Զիմզիմովի համար էր: Մրցանակն Ավետ Ավետիսյանին է նվիրված, իսկ ես նրա լավագույն դերերից մեկն եմ խաղում: Բեմում հուզվելն էլ ավելի շատ կապված էր այն հիշողությունների հետ, ոչ թե «Արտավազդ»-ի, քանի որ մեր տանը 5-ն ունենք, երկու անգամ էլ Ալլան է ստացել:

Մի բան կա, ինչին անպայման ուզում եմ անդրադառնալ, «Արտավազդ»-ն այսօր շատ կարեւոր մրցանակ է, եթե դրան մի քիչ էլ լուրջ մոտենան, ավելի լավ կլինի: Հիմա վաստակավոր կամ ժողովրդական կոչումները հանել են, եթե այդքան անհավասար պիտի տան, իսկապես ավելի լավ է՝ չլինի: Ընդհանրապես արվե՞ստ պետք չի ու խանգարո՞ւմ է, որ փողոցով անցնեն Պարույր Սեւակը, Հովհաննես Շիրազը, Շառլ Ազնավուրը, հանեք, մեզ էլ հանեք այս երկրից: Սիրուն չի, այդպես անազնիվ չեն ապրում: Բարի եղեք ուսուցչին, դերասանին ու մյուսներին գնահատեք, դա էլ հանեցիք: Այդ ո՞ւմ համարձակությունն է հերիքել, ո՞ր նախարարի, բա որ իրե՞ն հանեն, մեզ դեռ կհիշեն ու կասեն նման դերասան է եղել, իրեն չեն էլ հիշի:

Արմեն Մարությանը


- Տոներին շատ քիչ է մնացել, ինչպե՞ս եք նշելու:

Արմեն. Ավագ աղջիկս՝ Աիդաս, ամեն ինչ պիտի անի, նա այլ կերպ է մտածում այդ դեպքի մասին ու համարում, որ իր քույրն ու նրա ընտանիքը գնացել են որեւէ երկիր, օրինակ՝ Կանադա, եւ այդ օրը մեզ հետ չեն: Բոլորով պիտի նշենք, նրանց կենացը խմենք, Աիդան մեզ էլ է ստիպում, որ սեղանը գցենք, իրենք են պարտադիր մեզ հյուր գալիս:

Ալլա. Հետո թոռներ էլ ունենք: Նրանք էլ են գալիս՝ Անժելան, Ալլան: Բացի այդ էլ, անկախ ամեն ինչից՝ համարում ենք, որ բոլորն էլ մեզ հետ են:

- Տիկին Ալլա, Ձեր բարություն ու ջերմությունը հնարավոր չէ չնկատել, ո՞նց եք կարողացել այդքան լավը մնալ:

Ալլա. Հա՞, այդքան լա՞վն եմ: Ես էլ չգիտեմ, բնությունից եմ այդպիսին: Հիմա չեմ հասկանում, եթե ասում եք, որ այդքան լավն եմ, բա ինչո՞ւ ինձ հետ այդպիսի բաներ եղան: Շատ ու շատ հարցեր են առաջանում:

- Բայց զգացվում է, որ ներքուստ ընդհանրապես չեք չարացել:

Ալլա. Իհարկե, ոչ, այդ ցավի հետ գիտակցում եմ, որ պիտի հավաքենք մեզ, պինդ պահենք ու ստիպված ապրենք, քանի որ աղջիկ ունենք: Հիմա հասկացա, թե ինչ է նշանակում մայր լինել՝ չնայած միշտ եմ հոգատար ու նվիրված եղել երեխաներիս ու թոռներիս: Բոլորին էլ պահել ու մեծացրել եմ, երբեք չեմ մտածել միայն դերասանուհի եմ, տանը մայր եմ եղել, կին, տատիկ: Ամեն ինչ սիրով եմ արել, իսկ ինչ դուրս չի գալիս, սուտ է ստացվում: Ինձ երկար տարիներ որպես Ալլա մորաքույր են հիշել, որովհետեւ սիրել եմ այդ գործը, նույն կերպ էլ բեմ բարձրացել, հաղորդումներ վարել եւ սերիալներում նկարվել: Պիտի նվիրվես գործիդ:

- Ի՞նչ կուզեք մաղթել մարդանց:

Արմեն. Երկրում խաղաղություն լինի, ամեն ինչ իր ժամանակին տեղի ունենա, որովհետեւ միեւնույն է՝ ոչ մի բանից չես խուսափի: Միայն մեր ցավը չվերցնենք, այլ բոլորինը, մի ամբողջ սերունդ՝ 6000 երիտասարդ, հանկարծ աչքիդ առաջ գնաց, սարսափելի բան է: Այդ ամենի հետեւանքները դեռ հետո ենք զգալու, երբ պահը կգա ու կտեսնենք, որ ինչ-որ բան չի ստացվում, խախտվել է, որովհետեւ այդքան կորուստ ենք ունեցել: Վախենալու է, թող էլ երբեք չկրկնվի, երկիրը երկիր լինի, առաջ գնա, մշակույթը մշակույթով մնա, աստղագետն իր գործով զբաղվի, գրողն իր գիրքը գրի, ամեն ինչ ու ամեն մեկն իր տեղում լինի:

Ալլա. Կցանկանայի, որ էլ երբեք մայրերի աչքերը չլցվեն, կամ արտասվեն միայն ուրախությունից:

Արմեն. Տեսա՞ր՝ ինչ հարցազրույց գրեց աղջիկս:

Հասմիկ Բաբայանը


- Շնորհակալ եմ այսքան ջերմության ու լավ ընդունելու համար:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին