Ալիս Մելիքսեթյանն այս տարի առաջին անգամ խախտել է ընտանեկան ավանդույթն ու տարեմուտը դիմավորել է աշխատավայրում։ Դրամատիկական թատրոնի դերասանուհու հետ ամփոփել ենք անցած տարին ու խոսել երազանքի մասին։
«Չեմ կարող ասել՝ հեշտ, խաղաղ ու հանգիստ տարի էր, այն լի էր դժվարություններով ու փորձություններով։ Նաեւ հիացմունքի տարի էր. իմ ընկերների մեջ կա մարդ, որին վաղուց ճանաչում եմ, բայց դեռ շարունակում է զարմացնել ինձ իր տեսակով։ Սովորաբար, շատերը տարիների ընթացքում մտերիմներից երբեմն հիասթափվում են, իմ դեպքում հակառակն է՝ ավելի եմ հպարտանում։ Հիմա էլ նրա հանդեպ իմ հիացմունքը կրկնապատկվել է, ինչի համար շատ ուրախ եմ ու շնորհակալ Աստծուն, որ կողքիս նման մարդ ունեմ: Եղան նաեւ սիրո եւ երջանկության ակնթարթներ։ Տարին շատ երջանիկ ավարտվեց»,- պատմել է Ալիսը։
Ալիս Մելիքսեթյանը
Նոր տարին առաջին անգամ տանը չի դիմավորել. «Հայկական ավանդական Նոր տարիները շատ եմ սիրում, այս տարի մի փոքր խախտել եմ մեր ընտանիքում ձեւավորված ավանդույթն ու Նոր տարին մայրիկիս հետ չեմ դիմավորել։ Աշխատանքի եմ եղել. տոնական հետաքրքիր նախագծ ունեինք երեւանյան ռեստորաններից մեկում։
Ալիս Մելիքսեթյանը
Ցուրտ ու մութ տարիներին, երբ դեռ փոքր էի, հիշում եմ՝ ճոխ ու առատ սեղան ունենալու հնարավորություններն այդքան մեծ չէին, մայրս մի քանի սիգ էր գնել ու ջեռոցում պատրաստել, մտածում էինք՝ լավ չի ստացվել, բայց հյուրերի արձագանքն այլ բան ցույց տվեց. կարճ ժամանակում ձուկը վերջացավ»։
Ալիս Մելիքսեթյանը
Հավատում է Ամանորի հրաշքին. «Իմ կյանքում հաճախ են երազանքներն իրականացել: Պետք է ողջ սրտով ու մտքով հավատալ դրանց, աղոթել Աստծուն ու ամեն բան անել իրականացման համար։ Այս պահին միայն մի բանի մասին եմ երազում, ինչ մինչ այս չեմ ունեցել՝ հայկական ավանդական երջանիկ ընտանիք եմ ուզում ունենալ։ Հուսով եմ՝ այս տարի վերջապես կկարողանամ հարազատ ու սիրելի մարդու հետ լինել»։
2023-ն իր տարին է. «Նապաստակի տարում եմ ծնվել ու հավատում եմ, որ այս տարի իմ բոլոր ցանկություններն ու ծրագրերն իրականանալու են։ Մի շարք նախագծեր կան, որ պետք է առաջիկայում կյանքի կոչվեն, առաջ Աստված»։
Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ալիս Մելիքսեթյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: